Jump to content

Յունաստան

Յունաստան
Յունաստանի դրօշը Զինանշանը


Կը ներառնէ Արեւելեան Մակետոնիա եւ Թրակիա, Յունաստանի Կեդրոնական Մակետոնիոյ Շրջան․, Արեւմտեան Մակետոնիա, Իփիրոս, Թեսալիայի շրջան, Կեդրոնական Յունաստան, Յոնիական կղզիներ, Արեւմտեան Յունաստանի շրջան, Պելոպոնես, Ատիկէ, Հիւսիսային Էգէականի շրջան, Հարաւային Էգէականի շրջան, Կրետէի շրջան եւ Այիոս Օրոսի ինքնիշխան վանական համայնք
Պետական լեզու Յունարէն[1], Աշխարհաբար յունարէն[2] եւ յունարէն
Մայրաքաղաք Աթէնք
Օրէնսդիր մարմին Յունաստանի Խորհրդարան
Երկրի ղեկավար Քաթերինա Սաքելարոփուլու
Կառավարութեան ղեկավար Քիրիաքոս Միցոթաքիս
Ազգաբնակչութիւն 10 482 487 մարդ (2021)[3]
Խտութիւն 81 մարդ/կմ²
Օրհներգ
Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν"Ձօն Ազատութեան"

Կարգախօս Ազատութիւն կամ Մահ
Հիմնադրուած է 25 Մարտ 1821 (իսկ պաշտօնապէս՝ 15 Յունուար 1822) թ.
Արժոյթ Եւրο
Ազգային տօն Ամանոր, Յայտնութիւն, Փակեալ Խորան, Յունական Ապստամբութեան Տօն (1821), Աւագ Ուրբաթ, Սուրբ Զատիկ, Ս. Զատկուան Մեռելոց, Մայիս Մէկ, Աստուածածնի վերափոխման տօն, "Ոչ"ի Օր (28 Հոկտեմբեր, 1940) եւ Ս․ Ծնունդ
Ժամային համակարգ UTC+2
Հեռաձայնային համակարգ +30
Համացանցի յղում .gr
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,887[4]
government.gov.gr(յունարէն)

Յունաստան (յուն․՝ Ελλάδα  Լսել [էլլատա] ), պաշտօնապէս Յունաստանի Հանրապետութիւն (Ελληνική Δημοκρατία [էլլինիքի տիմոքրաթիա][5])․ կը գտնուի Եւրոպայի հարաւ-արեւելքը, Պալքանեան թերակղզիին հարաւի ծայրամասը։

Մայրաքաղաքը եւ մեծագոյն քաղաքը Աթէնքն է։

Յունաստանի բնակչութեան թիւը 10 482 487 մարդ (2021)[3]։ Հիւսիսէն սահմանակից է Ալպանիոյ, Հիւսիսային Մակետոնիոյ Հանրապետութեան, եւ Պուլկարիոյ, իսկ արեւելքէն՝ Թուրքիոյ։

Ընդհանուր տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանը հարուստ պատմական ժառանգութիւն ունի․ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան Ցանկին մէջ աշխարհի 13-րդն է, իսկ 7-րդը՝ Եւրոպայի մէջ, եւ կը ներկայացուի իր տարածքին մէջ գտնուող 18 յուշարձաններով[6]։ Հին Յունաստանին մէջ ծնան ժողովրդավարութիւնը, Ողիմպիական խաղերըը,[1] Archived 2021-02-28 at the Wayback Machine. պատմագրութիւնը, քաղաքագիտութիւնը, հիմնական գիտական ու ուսողական սկզբունքներն, արեւմտեան փիլիսոփայութիւնն, արեւմտեան գրականութիւնը եւ թատերագրութիւնը՝ ներառեալ ողբերգութեան եւ կատակերգութեան [2]։

Յունաստանը արեւմտեան քաղաքակրթութեան բնօրրանն է։

1830 թուականին կը ճանչցուի իբրեւ անկախ պետութիւն, անկախութեան համար ապստամբութիւն-պատերազմէն (սկիզբ՝ 1821 թուական) ետք։ 1981 թուականէն Յունաստանը Եւրոպական միութեան, իսկ 2001-էն Եւրոպական Միութեան դրամանիշ Եւրոյի գօտիի անդամ է։ 1952 թուականէն ՆԱԹՕ-ի (Հիւսիս Ադլանտեան Կազմակերպութիւն կամ՝ Դաշնակցութիւն) անդամ է եւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամներէն (1945

Միջերկրական ծովուն վրայ ծովեզրեր ունի։ Շրջապատուած է հետեւեալ ծովերէն․ արեւելքէն եւ հարաւ արեւելքէն՝ Եգէական ծով, արեւմուտքէն եւ հարաւ-արեւմուտքէն՝ Յոնիական ծով, իսկ հարաւէն՝ Լիպիոյ ծով։

Յունաստանը լեռնային երկիր է։ Լեռներն ու լեռնաշղթաները անոր տարածքին 80%-ը կը գրաւեն։ Լեռներէն ամենաբարձրը Ողիմպոսն է 2917 մ. (Όλυμπος, յունական դիցաբանութեան՝ 12 աստուածներուն նստավայրը)։

Յունական ցեղերու հաստատում՝ Յոնիա՝ արեւմտեան Փոքր Ասիա

Ք․Ա․ 8-րդ դարուն, յոյները կը կազմակերպուին հիմնելով անկախ քաղաք-պետութիւններ, ծանօթ իբր՝ πόλεις (πόλη = քաղաք)։ Այս քաղաք պետութիւնները կը տարածուին բացի ներկայ Յունաստանի տարածքին, նաեւ Միջերկրական Ծովուն եւ Սեւ Ծովուն ափերուն, կապ պահելով իրենց «մայր» քաղաքներուն հետ։ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն կը հիմնուին 12 զօրաւոր յունական քաղաք պետութիւններ որոնք կը կազմեն Յոնիան։ Այս անունէն հայերը երկիրը Յունաստան կ՛անուանեն․ հին ժամանակներէն հայերը յոյներուն անուանած են յոյն, (Ιωνία, հայերէն՝ Յոնիա, որմէ կ՛ առաջանայ՝ Ίωνες - յոյներ)։

Իսկ յոյները իրենց երկիրը կ՛անուանեն Հելլաս (Հելլատա), որ կը նշանակէ «հելլեններու երկիր»։ Ըստ յունական առասպելներուն՝ այն ծագում առած է յոյներու առասպելական նախահօր՝ Հելլենոսի անունէն։

Հռոմէացիները հին յոյներուն անուանած են «Կրեքներ»։ Սկիզբը այս անուանումը կը վերաբերի միայն հարաւային Իտալիոյ յունական գաղթօճախներուն, սակայն յետագային լայն տարածում կը գտնէ եւրոպական ժողովուրդներուն մօտ։ Յունաստանը լատիներէն կը կոչուի Graecia, ֆրանսերէն՝ Grèce, անգլերէն՝ Greece, գերմաներէն՝ Griechenland, ռուսերէն՝ Греция։[7][8]

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանի կլիման բարեխառն է, Միջերկրականի հիւսիսային աւազանի երկիրներուն նման։ Ձմեռները թեթեւ են, իսկ ամառները տաք ու չոր։

Ջրափնեայ երկիր, կղզիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յունաստանի կղզիները

Յունաստանը, ըստ իր ջրափնեայ գիծի երկարութեան (13.676 ք.մ.), աշխարհի 11-րդն է։ Ունի շատ մեծ թիւով կղզի-կղզիակներ (մօտ 2․500, որոնցմէ 165-ը կը բնակուին)․ նշենք կարեւորները՝

Լեռներ, լեռնաշղթաներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանի տարածքը գլխաւորաբար լեռնային է։ Անոր մեծ մասը չոր եւ ժայռոտ է, հետեւաբար տարածքին միայն 20,45% կը մշակուի։ Ամենաբարձր լեռներն են․-

Բուն արձանագրութիւն՝ Յունաստանի լեռներուն ցանկ

Լեռ Բարձրութիւն Վայրը
Ողիմպոս - Όλυμπος 2918 Թեսալիայի եւ Մակետոնիոյ սահմանները
Սմոլիքաս - Σμόλικας 2637 Իփիրոս
Վորաս - Βόρας 2524 Մակետոնիոյ եւ Հիւսիսային Մակետոնիոյ սահմանները
Ղրամոս - Γράμμος 2520 Մակետոնիոյ, Իփիրոսի եւ Ալպանիոյ սահմանները
Կիոնա - Γκιώνα 2510 Կեդրոնական Յունաստան
Թիմֆի - Τύμφη 2497 Իփիրոս
Վարդուսեա- Βαρδούσια 2495 Կեդր․ Յունաստանի Ֆոքիտա, Էթոլոաքարնանիա եւ Էվրիդանիա նահանգներուն միջեւ
Փարնասոս - Παρνασσός 2457 Կեդր․ Յունաստանի Ֆոքիտա, Վիոոիա եւ Ֆթիոթիտա նահանգներուն միջեւ
Փսիլորիթիս - Ψηλορείτης (Ίδη) 2456 Կրետէ, Ռեթիմնոյի եւ Իրաքլիոնի միջեւ
Լեֆքա օրի - Λευκά όρη (Μαδάρες) 2454 Կրետէ, Խանիա

Լեռնաշղթաներն են՝ Փինտոս, Քիլքիս, Ռոտոփիս, Սերրոն, Մեցովօ, Թայիղեթոս, Աթերաս (Իքարիա կղզի, փոքր է) եւ Քրուսեա (ցած է)։

Յունաստանի լիճերը, կը գտնուին երկրին ցամաքամասին։ Գլխաւորներն են․-

Բուն արձանագրութիւն՝ Յունաստանի լիճերուն ցանկ (Κατάλογος λιμνών της Ελλάδας)

Լիճ Տարածութիւնը՝ (քառ․ քլմ․) Վայրը (նահանգ)
Թրիխոնիտա - Τριχωνίδα 96,513 Կեդրոնական Յունաստան (Էթոլոաքարնանիա)
Վոլվի - Βόλβη 75,600 Մակետոնիա (Սելանիկ)
Քերքինի - Κερκίνη 68,532 Մակետոնիա (Սերես)
Փոլիֆիթու - Πολυφύτου 56,793 Մակետոնիա (Քոզանի)
Վեղորիթիտա - Βεγορίτιδα 54,310 Մակետոնիա (Ֆլորինա, Փելլա)
Վիսթոնիտա - Βιστονίδα 45,625 Թրակիա (Քսանթի)
Քորոնեա - Κορώνεια 42,823 Մակետոնիա (Սելանիկ)
Մեղալի Փրեսփա - Μεγάλη Πρέσπα 43,122 Մակետոնիա (Ֆլորինա), եւ երկիրներ՝ Ալպանիա եւ Հիւս․ Մակետոնիա
Միքրի Փրեսփա - Μικρή Πρέσπα 38,325 Մակետոնիա (Ֆլորինա), եւ երկիր՝ Ալպանիա
Քրեմասթոն - Κρεμαστών 37,688 Կեդրոնական Յունաստան (Էթոլոաքարնանիա, Էվրիթանիա)
Քաստորիաս - Καστοριάς 28,000 Արեւմտեան Մակետոնիա - Δυτική Μακεδονία

Յունաստանի գետերը նաւարկելի չեն։

Մեծ գետերէն մի քանին, ծով չթափած, խոնաւ տարածքներ կը կազմեն, օրինակ՝ Ալիաքմոնաս եւ Էվրոս գետերը։ Գետեր կան, ինչպէս Փինիոս, որոնք ջրանցքներու օգնութեամբ, ընթարձակ մշակելի տարածութիւններ կը ջրեն։ Իսկ շատերուն հոսքին, արուեստական լիճեր ստեղծուած են, որպէսզի ջրաելեկտրականութեան գործարանները բանին։

Բուն արձանագրութիւն՝ Յունաստանի գլխաւոր գետերուն ցանկը (Κατάλογος ποταμών της Ελλάδας)

Գետ Երկարութիւն (քլմ. Յունաստանի մէջ) փակագծի մէջ ընդհանուր երկարութիւնը Գլխաւոր աղբիւրներ Գետաբերան
1 Ալիաքմոնաս - Αλιάκμονας 297 Ղրամոս - Γράμμος Թերմայիքոս ծոց - Θερμαϊκός
2 Ախելոոս - Αχελώος 220 Հիւսիսային Փինտոս - Βόρεια Πίνδος Յոնիական Ծով - Ιόνιο
3 Փինիոս - Πηνειός (Թեսալիա շրջանինը - Θεσσαλικός) 205 Հիւսիսային Փինտոս - Βόρεια Πίνδος Թերմայիքոս Ծոց - Θερμαϊκός
4 Էվրոս - Έβρος 204 (480) Ռիլա, Պուլկարիա - Ρίλα, Βουλγαρία Թրակեան Ծոց - Θρακικό
5 Նեսդոս - Νέστος 130 (243) Ռիլա, Պուլկարիա - Ρίλα, Βουλγαρία Թրակեան Ծով - Θρακικό
6 Սդրիմոնաս - Στρυμόνας 118 (392) Վիտոշ, Պուլկարիա - Βιτόσα, Βουλγαρία Սթրիմոնիքոս Ծոց - Στρυμονικός Κόλπος
7 Թիամիս (Քալամաս) - Θύαμις (Καλαμάς) 115 Տուսքօ - Δούσκο Յոնիական Ծով - Ιόνιο
9 Ալֆիոս - Αλφειός 110 Արքատիա լեռ - Όρη Αρκαδίας Յոնիական Ծով - Ιόνιο
9 Արախթոս - Άραχθος 110 Հիւսիսային Փինտոս - Βόρεια Πίνδος Ամվրաքիքոս ծոց - Αμβρακικός
10 Էնիփէաս (Թեսալիա) - Ενιπέας (Θεσσαλικός) 84 Օթրիս-Όθρυς Փինիոս գետ, (Թեսալիքոս) - Πηνειός (Θεσσαλικός)
11 Էվրոթաս - Ευρώτας 82 Փարնոնաս, արեւլելեան Թայիղեթոս - Πάρνωνας, Αν.Ταΰγετος Լաքոնիքոս ծոց - Λακωνικός
12 Լուրոս-Λούρος 80 Թոմարոս - Τόμαρος Ամվրաքիքոս - Αμβρακικός
13 Սփերհիոս - Σπερχειός 80 Թիմֆրիսթոս - Τυμφρηστός Մալիաքոս ծոց - Μαλιακός
14 Էվինոս - Εύηνος 80 Վարտուսա - Βαρδούσια Փաթրայի Ծոց - Πατραϊκός
15 Թաւրոփօս (Մեղտովաս) Ταυρωπός (Μέγδοβας) 78 Աղրաֆա - Άγραφα Ախելո՜ս գետ - Αχελώος
16 Աքսիոս - Αξιός 76 (380) Սքարտոս, Հիւսիսային Մակետոնիա - Σκάρδος, Βόρεια Μακεδονία Թերմայիքոս Ծոց - Θερμαϊκός
17 Աո՜ս - Αώος 70 (260) Լիկոս, հիւսիսային Փինտոս - Λύγκος, Βόρεια Πίνδος Ատրիաթիք ծով - Αδριατική
18 Էհեդորոս - Εχέδωρος 70 Քրուսիա լեռնաշղթայ - Κρούσσια όρη Թերմայիքոս ծոց - Θερμαϊκός
19 Լատոնաս - Λάδωνας 70 Արոանիա - Αροάνια Ալֆիոս գետ - Αλφειός
20 Մորնոս - Μόρνος 70 Իթի - Οίτη Կորնթոսի Ծոց - Κορινθιακός
21 Փինիոս (Պելոպոնէս) - Πηνειός (Πελοπόννησος) 70 Էրիմանթոս - Ερύμανθος Յոնիական Ծով - Ιόνιο
22 Քոմսաթոս - Κομψάτος 68 Արեւմտեան Ռոտոփի - Δυτική Ροδόπη Վիսթոնիտա լիճ - Βιστονίδα
23 Լուտիաս - Λουδίας 60 Վորաս - Βόρας Թերմայիքոս Ծոց - Θερμαϊκός
24 Քիֆիսոս (Վիոթիա) - Κηφισός (Βοιωτικός) 60 Կիոնա - Γκιώνα Իլիքի լիճ - Υλίκη
25 Լիսոս (Ֆիլիուրիս) - Λίσσος (Φιλιούρης) 58 Արեւելեան Ռոտոփի - Αν. Ροδόπη (Μεγάλο Λιβάδι Βυρσίνης) Բաց Խորշիկ, Թրակեան Ծոց - Όρμος Ανοιχτό, Θρακικό
26 Ասոփոս - Ασωπός 57 Քիթերոնաս - Κιθαιρώνας Հարաւային Էվոյիքոս - Νότιος Ευβοϊκός
27 Քոսինթոս - Κόσυνθος 55 Քուլա - Κούλα (Χαϊντού) Վիսթոնիտա լիճ - Βιστονίδα

Յունաստանի բնակչութեան երկու երրորդը քաղաքային շրջաններ կ՛ապրի։ Աթէնք մայրաքաղաքէն ետք, երկրորդ գլխաւոր քաղաքը, եւ հիւսիսային Յունաստանի կեդրոնը Սելանիկն է։ Երկրին գլխաւոր եւ եւրոպային ամենաընդարձակ անցաւոր նաւահանգիստը՝ Փիրէան է։ Հետեւող տախտակին մէջ, ցանկագրուած են գլխաւոր քաղաքները (նեռարեալ իրենց արուարձանները), ըստ 2011 թուականի մարդահամարին։[3]

Շարք Անուն Շրջան Բնակիչ
1 Աթէնք - Αθήνα Ատիկէ - Αττική 3.218.218
2 Սելանիկ - Θεσσαλονίκη Կեդր․ Մակետոնիա - Κ. Μακεδονία 789.191
3 Փաթրա - Πάτρα Արեւմտեան Յունաստան - Δυτική Ελλάδα 167.446
4 Փիրէա - Πειραιάς Ատիկէ - Αττική 163.700
5 Իրաքլիօ - Ηράκλειο Կրետէ - Κρήτη 153.653
6 Լարիսա - Λάρισα Թեսսալիա - Θεσσαλία 144.651
7 Վոլոս - Βόλος Թեսսալիա - Θεσσαλία 118.707
8 Իոանինա - Ιωάνινα Իփիրոս - Ήπειρος 65.574
9 Թրիքալա - Τρίκαλα Թեսսալիա - Θεσσαλία 61.653
10 Հալքիտա - Χαλκίδα Կեդրոնական Յունաստան - Στερεά Ελλάδα 59.125
11 Սերես - Σέρρες Կեդրոնական Մակետոնիա - Κ. Μακεδονία 58.287
12 Ալեքսանտրուփոլի - Αλεξανδρούπολη Արեւելեան Մակետոնիա եւ Թրաքի - Αν. Μακεδονία και Θράκη 57.812
13 Քսանթի - Ξάνθη Արեւելեան Մակետոնիա եւ Թրաքի - Αν. Μακεδονία και Θράκη 56.122
14 Քաթերինի - Κατερίνη Կեդրոնական Մակետոնիա - Κ. Μακεδονία 55.997
15 Քալամաթա - Καλαμάτα Պելոպոնես - Πελοπόννησος 54.100
16 Քավալա - Καβάλα Արեւելեան Մակետոնիա եւ Թրաքի - Αν. Μακεδονία και Θράκη 54.027
17 Հանիա - Χανιά Կրետէ - Κρήτη 53.910
18 Աղրինիօ - Αγρίνιο Արեւմտեան Յունաստան - Δυτική Ελλάδα 53.433
19 Լամիա - Λαμία Կեդրոնական Յունաստան - Στερεά Ελλάδα 52.006
20 Քոմոթինի - Κομοτηνή Արեւելեան Մակետոնիա եւ Թրաքի - Αν. Μακεδονία και Θράκη 50.990
21 Ռոտոս - Ρόδος Հարաւային Էգէական Ծով - Νότιο Αιγαίο 49.541

Յունական պատմութեան գլխաւոր ժամանակաշրջանները մինչեւ Հելլենիստական ժամանակաշրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ք․Ա․ 1600 - Ք․Ա․ 1100 թուականներ՝ Պղինձի վերջին դարաշրջան։

Ք․Ա․ 1100 - Ք․Ա․ 800 թուականներ՝ Մութ դարեր կամ՝ Երկրաչաբական Շրջան։ Այս շրջանին համար կան ուսումնասիրուած արձանագրութիւններ, տուեալներ։

Ք․Ա․ 8-րդ դար - Ք․Ա․ 323 թուական՝ Հին Յունաստան․ կ՛ընդգրկէ Հնագոյն Շրջանը, ք․ա․ 8-րդ դար մինչեւ 6-րդ դար եւ Դասական Շրջանը՝ ք․ա․ 5-րդ դարասզկիբ - Մեծն Աղեքսանտրի մահը ք․ա․ 323 թուական։

Ք․Ա․ 323 թուական - Ք․Ա․ 30 թուական (Աքդէոնի ծովամարտ)՝ Հելլենիստական ժամանակրջան։

Յունաստանի կամ յունական պատմութեան զարգացման վաւերագրումը, հիմնուած է գրական վկայումներու եւ հնագիտական հաստատումներու ուսումնասիրութիւններուն վրայ։[4]

Մինչեւ Ք.Ա. 12-րդ դար

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քարտէս, որ ցոյց կու տայ Յունաստանն ու յունական գաղութները։

Պալքաններուն մէջ մարդիկ բնակած են մեզմէ մօտ 270․000 տարիներ առաջ եւ 700․000 տարի առաջ՝ նախամարդը։ Հիւսիսային Յունաստանի Մակետոնիոյ շրջանի Փեթրանոլա քարանձաւին մէջ գտնուած են հետքեր [5]։ Յունաստանի մէջ յայտնաբերուած Ք․Ա․ 7-րդ հազարամեակի` Նոր Քարէ Դար (նէոլիթեան) բնակավայրերը կը համարուին ամենահինը Եւրոպայի մէջ, եւ այդ հասկնալի է, քանի որ Յունաստանը կը գտնուի այն ուղեծիրին վրայ, ուր Մերձաւոր Արեւելքի գիւղատնտեսական քաղաքակրթութիւններն ու անոնց զարգացումը եւ մշակոյթը կը տարածուին Եւրոպա, Միջերկրականի աւազանը եւ Միջին Արեւելք։

Յունաստանը կը հանդիսանայ Եւրոպական առաջին քաղաքակրթութիւններուն բնօրրանը, որոնցմէ յայտնի են՝ Քիքլատեան քաղաքակրթութիւնը ( Եգէական ծովուն կեդրոնական շրջաբոլոր (κύκλος = շրջանակ) կղզիներուն ամբողջութիւնը, Ք.Ա. 3200), Մինոասեան քաղաքակրթութիւնը Կրետէի մէջ (Ք.Ա. 2700–1500 / հիմնադիր Մինոաս-ին անունէն), Միկինեան քաղաքակրթութիւնը մայր ցամաքին վրայ (Ք.Ա. 1900–1100)։

Առիւծներուն Մուտքը․ Դուռ․ Պեղոպոնեզ․ Միկինէական քաղաքակրթութեան շրջան
Մինոասեան պալատ, Քնոսոս, Կրետէ

Այս քաղաքակրթութիւնները կ՛ունենան իրենց գիրը, աւելին` մինոասեանները կը գրեն Գծային Ա տարբերակով, իսկ միկինէեանները՝ Գծային Բ տարբերակով, որ յետագային յունարէնի կը վերածու [6] [7]։

Քիքլատեան քաղաքակրթութիւն․ Յղի կնոջ արձանիկ[9]

Ք․Ա․ 1650 թուականներուն, զօրաւոր երկրաշարժի պատճառով, կը քանդուին Քիքլատեան քաղաքակրթութեան օրրան քաղաքները․ Քիքլատէսները կ՛իյնան Կրետէի Մինոասեան ազդեցութեան տակ [10], որ այդ շրջանին հասած է բարգաւաճութեան գագաթնակէտին։ Սակայն, մօտաւորապէս ք․ա․ 1450 թուականներուն, Մինոասեան արքունիքի (այս քաղաքակրթութեան շրջանին է որ կ՛առաջանան առաջին պալատները, որոնց շուրջը կը հիմնուին բնակարաններ, հաստատութիւններ) կործանումէն ետք, Յունաստանի ցամաքամասին մէջ աճած Միկինեան քաղաքակրթութիւնը կը գերիշխէ[11]։ Միկինեանները, իրենց մշակոյթին յատկանիշները՝ արուեստագիտութիւնը, արուեստը եւ կրօնը յունական կղզիներուն կը փոխանցեն։ Ամենայատկանշականը այս մշակոյթին, Պղինձէ դարաշրջանին ընթացքին, լուսաքարէ (մարմարիոն) արձանիկներն են։

Աթէնքի Աքրոփոլիսի Պարթենոնը դասական Յունաստանի խորհրդանիշը կը հանդիսանայ

Տորացիներու կամ «Յունական ցեղերու» արշաւանքով, ներխուժումով, Միկինէական քաղաքակրթութիւնը կը կործանի։ Ըստ յոյն պատմաբան եւ փիլիսոփայ Պղատոնին եւ նաեւ Սփարդացի (կամ՝ Սպարտացի) Մեկիլլոսին, անոնք յոյն Ախէյիներն (Αχαιοί - Achéens) են. անոնց բնօրրանն է Պեղոպոնեզի հիւսիս արեւմտեան շրջանը)։ Այս ժամանակին է որ երկիրը կը մտնէ «Յունական Մութ դարերու»ն որ «երկրաչաբական շրջան» ալ կը կոչուի։ Երկրաչաբական ժամանակաշրջան կը կոչուի, որովհետեւ անօթները, կարասները երկրաչափական ձեւերով կը զարդարուէին։

Առաջին գաղթօճախները, Ք․ա․ 11րդ - 9րդ դարաշրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս թուականներուն, յունական ցեղեր կը գաղթեն դէպի յունական կղզիները եւ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը։ Այսպէս, անոնք կապեր կը հաստատեն Արեւելքին հետ եւ նաեւ ներդրում կ՛ ունենան յունական այբուբենին (αλφαβήτα) ստեղծման, եւ՝ տաճարաշինութեան եւ քանդակագործութեան զարգացման։

Քոս կզղի․ Ասքլիփիոն The Asclepeion of Kos
Միջերկրականի աւազանին շուրջ գաղթօճախներ․ կարմիրով՝ յունական, դեղինով՝ փիւնիկեան
Հարաւային Իտալիոյ յունական գաղթօճախները

Օրինակուելով «փոլին» - (πόλιν) = քաղաք կազմութեան միաւորէն, յունական քաղաք-պետութիւններէն ք․ա․ 8-րդ, 7-րդ եւ 6-րդ դարերուն, Միջերկրականի աւազանին շուրջ (Սպանիա, Ֆրանսա, Իտալիա, հիւսիսային Ափրիկէ), Մարմարա Ծովուն (Προποντίδα) եւ Սեւ Ծովուն ափերուն, կը կազմակերպուի երկրորդ գաղթօճախներուն հիմնումը։ Այս ձեւով կը լուծուի Յունաստանի ցամաքամասին մէջ առաջացած ընկերային եւ տնտեսական տակնապը։

Սեւ Ծովուն յունական գաղթօճախները՝ կարմիրով
Մարսէյ․ (հարաւային Ֆրանսա) յունական գաղթօճախի դրամը
Սալամինա կղզին, ուր տեղի ունեցաւ յոյներուն եւ պարսիկներուն միջեւ ճակատագրական նաւամարտը
Ք.Ա. 490 թուականին տեղի ունեցած Մարաթոնայի ճակատամարտին վայրը այսօր
Յոնիական քաղաքներուն մշակոյթէն նմուշներ

Այս գաղթօճախները կը հասնին բարեկեցութեան բարձր մակարդակի, ինչ որ զարկ կու տայ աննախադէպ մշակութային թռիչքի մը դասական Յունաստանին մէջ. ճարտարապետութեան, թատրերգութեան, գիտութեան, թուաբանութեան եւ փիլիսոփայութեան ոլորտներուն մէջ։ Այս ժամանակաշրջանին է որ տեղի կ՛ունենան ընկերային եւ քաղաքական լուրջ փոփոխութիւններ․ Աթէնքին մէջ, ք.ա. 508 թուականին Քլիսթենիսի ղեկավարութեամբ, կը հաստատուի աշխարհի առաջին ժողովրդավարական համակարգը (նախապէս Փիլիսոփայ եւ օրէնսդիր (législateur) Սօլոնը ժողովրդավարութեան հիմերը պատրաստած էր )։

Տոտոնի․ հին յունական թատրոն

Յունապարսկական պատերազմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ք.Ա. 5-րդ դարուն սկիզբը՝ Մերձաւոր Արեւելքը ամբողջութեամբ, Պարսիկներուն վերահսկողութեան տակ է․ գրաւած են տարածաշրջանի բոլոր երկիրները՝ (Մարաստան, Բաբելոն, Լիդիա, Հայաստան, ԵգիպտոսՓոքր Ասիոյ քաղաք-պետութիւնները չեն կրնար կասեցնել անոնց յարձակումները եւ Ք․Ա․ 492 թուականին պարսիկները կը ներխուժեն մայր ցամաք՝ Յունաստան։ Յունական քաղաքները կը դաշնակցին, որպէսզի դիմադրեն Պարսկական Աքամենեան Կայսրութեան յարձակումին։

Միքալիս լեռ, Յոնիա

Ք.Ա. 490 թուականին Մարաթոնայի ճակատամարտին պարսիկները կը պարտուին եւ կը նահանջեն։ Իրենց երկրորդ ներխուժումը կը սկսի Ք․Ա․ 480 թուականին [8]։ Հակառակ Թերմոփիլեսի ճակատամարտի ընթացքին սպարտացիներուն եւ այլ յոյներու հերոսական դիմադրութեանը՝ Պարսկաստան կը յաջողի Աթէնքը գրաւել։ Ք.Ա. 480 եւ 479 թուականներուն՝ Սալամինայի, Փլաթէեսի եւ Միքալիի (Յոնիա) ճակատամարտերուն յոյներուն տարած հերոսական յաղթանակները պարսիկներուն դէմ, կրկին կը ստիպեն անոնց նահանջել եւ վերջնականապէս հեռանալ Յունաստանէն։ Այս ռազմական գործողութիւններուն ընթացքին, որոնք յայտնի են որպէս Յոյն-պարսկական պատերազմ, յոյներուն կ՝ առաջնորդեն Աթէնքն ու Սպարթան (կամ՝ Սփարթի, կը գտնուի Պելոպոնեսի հարաւ կեդրոնը․ յուն․՝ Σπάρτη) [9]։

Փոսիտոն աստուածին նուիրուած տաճառը, Սունիօ, Ատիկէ

Աթէնք՝ դերակատար

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տրուած պատերազմենրէն ետք, Աթէնքը կը գերիշխէ յունական քաղաքներուն եւ այդ շրջանին ձեւաւորուած մշակոյթը՝ որ եկող դարերուն «դասական» կը կոչուի, արեւմտեան քաղաքակրթութեան հիմերը կը դնէ [10]։ Սակայն, Աթէնքի եւ Սփարթիին (կամ՝ Սպարթա) քաղաք-պետութիւններուն միջեւ 30 տարի տեւող շարունակ հակամարտութիւնները, կը պառակտեն յունական աշխարհը․ կը վերջանան՝ Ք․Ա․ 404 թուականին, Աթէնքի եւ անոր դաշնակիցներուն պարտութեամբ։ Հետեւանքը ծանր կ՛ըլլայ․ քաղաք-երկիրները կը տկարանան եւ յաջորդաբար կը հպատակին Հիւսիսային Յունաստանի Մակետոնական թագաւորութեան, Փիլիպոս Բ․ թագաւորին օրով, Ք․Ա․ 4-րդ դարուն, 338 թուականին (Հերոնեայի վճռական ճակատամարտ, ուր կը պարտուին Աթենացիներուն եւ Թիվացիներուն Θήβα միացեալ ուժերը)։ Փիլիպոս կը միաւորէ յունական քաղաք-պետութիւնները, ստեղծելով Կորնթոսեան միութիւնը (յայտնի՝ որպէս Հելլենական լիկա կամ Յունական լիկա անունով) [11] [12][12]։

Փիլիպոս Բ․ թագաւորին դամբարանը, Վերղինա Մակետոնիա
Աղեքսանտրեան խճանկարի հատուած մը, որ կը պատկերացնէ Աղեքսանտր Մակետոնացին իր Վուքիվալաս ձիուն վրայ

Յունական քաղաք-պետութիւններու միաւորում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ք․Ա․ 336 թուականին, Փիլիպոս Բ․-ին կը յաջորդէ զաւակը՝ Աղեքսանտր, ծանօթ իբրեւ՝ Մեծն Աղեքսանտր Մակեդոնացին։ Ան կը միացնէ յունական քաղաք-պետութիւնները։ Փոքրաթիւ, սակայն նորարական ռազմավարական մեթոտներով զօրաւոր յունական բանակովը (որուն հիմերը հայրը արդէն դրած էր), կ՛արշաւէ յաջողութեամբ պարսկական Աքամենեան Կայսրութեան վրայ։Ղրանիքոսի (Γραννικός), Իսոսի (μάχη της Ισσούς) եւ Ղաւղամիլայի (μάχη των Γαυγαμήλων) մէջ տարած յաղթանակներէն ետք յոյները ք.ա. 330 թուականին կը գրաւեն նաեւ Շոշն ու Պերսեպոլիսը (Պարսիկ արքայի հիմնական աթոռանիստ քաղաքները)։

Աղեքսանտր կը հիմնէ հսկայ կայսրութիւն մը՝ Յունաստանէն մինչեւ Հինտու գետը (Հնդկաստան) եւ հարաւէն՝ Եգիպտոսը։ Ան կը ծրագրէ նաեւ նուաճել Արաբական թերակղզին եւ այլ նորայայտ տարածքներ արեւելքին մէջ, սակայն, անոր անակնկալ մահը Ք․Ա․ 323 թուականին, չի թոյլատրեր իրագործել այդ ծրագիրը, նաեւ պատճառ կ՛ ըլլայ հսկայական կայսրութեան տապալման ու ի վերջոյ, մահուան ն։

Մեծն Աղեքսատրի մահուան յաջորդող խառնաշփոթ ժամանակաշրջանէն ետքը, իր զօրավարները հսկայ կայսրութիւնը իրար միջեւ կը բաժնեն, հիմնելով թագաւորութիւններ․Եգիպտոսի, Սուրիոյ, Մակեդոնիոյ եւ Փերկամոյի (Πέργαμος) [13]։

Մակետոնիոյ եւ յունական քաղաք-պետութիւններու վերահսկողութիւնը կ՛անցնի Անտիղոնիտես (Δυνστεία των Αντιγονιδών) տոհմին, որուն հիմնադիրը Աղեքսանտրի զօրավար Անդիղոնոս Ա․ Միակնանին էր (Αντίγονος ο Μονόφθαλμος)։

Հռոմը կը սկսի աշխուժօրէն միջամտել յունական գործերուն եւ մակետոնացիներու դէմ պատերազմներու մէջ կը մխրճուի։

Փիդնայի վճռական ճակատամարտին (Ք․Ա․168) մակետոնացիներուն պարտութիւնը պատճառ կը դառնայ Անդիղոնոսեան տոհմի տկարացման եւ ի վերջոյ, Մակեդոնիան որպէս նահանգ՝ Հռոմին միացման (Ք.Ա. 146)։ Մնացեալ Յունաստանը կը դառնայ Հռոմի խնամապետութիւն (protectorate)։ Յունաստանի ամբողջ տարածքին միացման ընթացքը կ՛աւարտի Ք․Ա․ 27 թուականին, երբ Հռոմի կայսր Օգոստոսը կը միացնէ հելլենիստական վերջին պետութինը՝ Պտղոմէոսեան Եգիպտոսը, որպէս Հռոմին նահանգ։

Յաջորդող դարերուն ընթացքին յունական մշակոյթն ու լեզուն կը տարածուին վերոնշեալ թագաւորութիւններուն եւ նաեւ, Հռոմէական արշաւանքներէն եւ յաղթանակներէն ետք, վերջինիս զանազան շրջաններուն մէջ (յատկապէս Աքթէոնի ծովամարտի յաղթանակէն, Ναυμαχία του Ακτίου, Ք․Ա․ 30 թուականին)։ Կ՛առաջացուի Յունահռոմէական Քաղաքակրթութիւնը, որ հիմն է ներկայ արեւմտեան քաղաքակրթութեան։

Նորագոյն պատմութեան մէջ, Հին յոյներուն մշակոյթը մեծապէս ազդած է՝ լեզուի, քաղաքականութեան, փիլիսոփայութեան, գիտութեան եւ արուեստի զարգացման։ Մանաւանդ, Արեւմտեան Եւրոպայի Վերածնունդի շրջանին, նաեւ ԺԸ․ եւ ԺԹ․ Եւրոպայի ու Ա․Մ․Ն․ դասական ժամանակաշրջաններուն։

Համաշխարհային հմայք պատճառած գրական եւ մարզական եղելութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Իլիական» եւ «Ոդիսական» դիւցազներգութիւնները, որոնք կը համարուին Արեւմտեան գրականութեան հիմնական կամ էական գործերը, ստեղծուած են Ք.ա. 8-րդ կամ 7-րդ դարուն Հոմերոսին կողմէ։

Ք.Ա. 776 թուական, առաջին անգամ տեղի կ՛ունենան Ողիմպիական խաղերը։

Հելլենիստական Ժամանակաշրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մեծն Աղեքսանտր, իր այս նուաճումներուն ընթացքին կը տարածէ յունական քաղաքակրթութիւնը։ Յունական մշակոյթի հանդիպումը արեւելեան մշակոյթին հետ, կ՛առաջացնէ Հելլենիստական/Հելլենական քաղաքակրթութիւնը, որմէ նաեւ կ՛ազդուի Հայաստանը։

Հելլենիստական արեւելքի յունախօս համայնքները Քրիստոսին Ծնունդէն ետք յաջորդող 3 դարերուն ընթացքին, կարեւոր դեր կը խաղան քրիստոնէութեան տարածման գործին մէջ։ Առաջին քրիստոնեայ առաջնորդներն ու գրագիրները (նշանաւորներէն է Պօղոս առաքեալը), որպէս կանոն, յունարէն կը խօսին, հակառակ թէ, անոնցմէ ո՛չ մէկը յոյն է եւ՝ Յունաստանը վաղեմի քրիստոնէական ազդեցիկ կեդրոններէն մէկը չի հանդիսանար, քանի որ գիտական բարձր մակարդակի հասած յոյներուն մէջ դժուար է փիլիսոփայական ուղղութեան վերաձեւութեան մը՝ հաւատք սերմանել։ Եւ զարմանալի չէ, որ մինչեւ 4-րդ դար, Յունաստանի մէջ կը պահպանուի հեթանոսական (12 աստուածներուն պաշտամունքը) հաւատքը, իսկ որոշ վայրերու մէջ, մինչեւ 10-րդ դար, հեթանոսութիւնը կը պահպանուի․ օրինակ՝ հարաւ արեւելեան Պեղոպոնեզ [14]։

Հռոմէական Շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աթէնք․ Ողիմպիա Զէւս Տաճառը․ կառուցուած Ատրիանոս կայսրէն, Բ․ դարուն

Ք․Ա․ 146 թուականին, Հռոմէացիները Յունաստանը կը գրաւեն։ Հակառակ անոր թէ Յունաստանը Հռոմէական մարզերէն ամենաղքատն է՝ կ՛արտածէ միայն ձէթ եւ գինի ու թեթեւ ճարտարարուեստն ու առեւտուրը լճացած վիճակի մէջ են, հռոմէացիները կը հիանան յունական մշակոյթի հարստութեամբ․ կը սերտեն, կ՛ուսումնասիրեն զայն եւ կը դառնան գովաբանողն ու շարունակողը։ Կը պահպանեն ու կը փրկեն Հին Յունաստանի ժառանգութիւնները․ արձանագրութիւններն եւ քարտուղարութիւններուն մեծ մասը [15]։ Ըստ Օրադիոսին, հռոմէացիները կ՛որդեգրեն յունական քաղաքակրթութիւնը։ Ք․Ա․ 4-րդ դարուն առաջին տասնամեակին, Կալէրիոս կայսրի որոշումով, Հիւսիսային Յուաստանի Սելանիկ քաղաքը Հռոմէական Կայսրութեան վարչական մայրաքաղաքը կը դառնայ։

Յունաստանը, ըլլալով հանդերձ Հռոմէական Կայսրութեան մէկ բաժինը միայն, յունական մշակոյթը կը շարունակէ գերիշխել Միջերկրական Ծովուն արեւելքը։ Ու երբ Կայսրութիւնը երկուքի կը բաժնուի՝ Արեւմտեան եւ Արեւելեան (յետագային կը կոչուի Բիւզանդական Կայսրութիւն, Կոստանտինուպոլիսը մայրաքաղաք), վերջինին՝ յունական տառը կը տիրապետէ․ զգալիօրէն կը նպաստէ Հռոմի յետագայ զարգացմանն ու հզօրացման։ Օրադիոս այդ առումով ըսած է. «Graecia capta ferum victorem cepit» ("Գրաւուած Յունաստանը գրաւած է իր նուաճողները")։ Այս ժամանակաշրջանին, յունական գիտութիւնն ու արուեստագիտութիւնը զարգացման գագաթնակէտին կը հասնին։

Յունահռոմէական շրջան

Բիւզանդական Կայսրութեան շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հռոմէական Կայսրութեան Արեւելեան մասին կը հիմնուի Արեւելեան Հռոմէական Պետութիւնը, յետագային՝ Բիւզանդական Կայսրութիւն․ մայրաքաղաքը Կոստանտնուպոլիսն է[13]։ Կը կազմակերպուի ըստ Հռոմէական Պետութեան հիմերուն։ Սակայն, դարերուն ընթացքին, կը դառնայ մաքուր յունական կառոյցով պետութիւն․ լեզուն եւ մշակոթը՝ յունարէն, արձանագրելով բարդ ընթացք մը։ Բիւզանդիոն քաղաքը կը հիմնուի Ք․Ա․ 659 թուականին Մեղարցիներէն, որոնք կը գաղթեն Մեղարա քաղաքէն (Մեղարան կը գտնուի Աթէնքէն 40 ք․մ․ դէպի արեւմուտք, Սարոնիքոս Ծոցին հիւսիսը)․ անոնց առաջնորդն էր Վիզան։ Անոնք իրենց մայրաքաղաքը կ՛անուանեն Նոր Հռոմ (յետագային Կոստանտնուպոլիս) եւ զիրենք Հռոմէացի կը համարեն։

324-ին, երբ Մեծն Կոստանտին մենատէր կը դառնայ, կ՛որոշէ Հռոմէական կայսրութեան համար նոր մայրաքաղաք մը ստեղծել։ Վայրը կ՛ըլլայ Բիւզանդիոն քաղաքը, իր աշխարհագրական, ռազմավարական, առեւտրական դիրքին համար։

Քրիստոնէութիւնը (գլխաւորապէս ուղղափառ - Eastern Orthodox Christian) կայսրութեան պաշտօնական կրօնը կը դառնայ։

Յունաստանը կը շարունակէ 12 աստուածներու պաշտամունքի ամրոցը ըլլալ Արեւելեան Հռոմէական Պետութեան առաջին տարիներուն ընթացքին, սակայն կրօնական հարուածներ կը ստանայ։ Յուլիանոս կայսրը կը փորձէ վերակենդանացնել հին կրօնը, սակայն չի յաջողիր։

Մեծն Թէոտասիոս կը փակէ «Մանտիօ»նը (Μαντείο των Δελφών Յունաստանի 12 չաստուածներուն պաշտամունքի գլխաւոր կեդրոններէն), նաեւ կը հրամայէ քանդել հեթանոսական կրօնի բոլոր տաճառները։ Իր կայսրութեան օրով կը դադրին Ողիմպիական խաղերը, որոնք 1000 տարիէ աւելի անյապաղ՝ չորս տարին անգամ մը, կը կատարուէին։ Իսկ Յուստինիանոս կայսրը կը փակէ Հին Յունաստանի ուսման եւ մտաւորականութեան կեդրոն Պղատոնի կամ՝ (Փլադոն) կաճառը, կը քանդէ հին յուշարձաններ եւ շատերուն քարերը կը գործածէ, որպէսզի կառուցուի Սուրբ Սօֆիա Եկեղեցին եւ զարդարէ Նոր Հռոմը։

Այս շրջանէն՝ Ե․ դարէն (Արեւմտեան Հռոմէական կայսրութեան անկումէն ետք) մինչեւ ԺԵ․ դար (Կոստանտնուպոլսոյ գրաւում, 1453 թուական) երկարող ժամանակաշրջանը կը կոչուի Միջնադար։

Դ․ դարու վերջաւորութեան պալքանեան կայսրութեան տարածքները՝ ներառեալ Յունաստանը, կը տուժեն բարբարոս ցեղերու արշաւանքներէն։ Դ․ եւ Ե․ դարերուն Կոթերու եւ Հոներու արշաւանքներուն եւ գործած աւերներուն, նաեւ Է․ դարուն սլաւներուն Յունաստան ներխուժումը, էապէս կը տկարացնէ Բիւզանդական կայսրութեան իշխանութիւնը յունական թերակղզիին վրայ։ Սլաւներու ներխուժումէն ետք կայսրութիւնը իր վերահսկողութեան տակ պաշտօնապէս կը կարողանայ պահել միայն կղզիները եւ ծովափնիայ տարածքները՝ Աթէնքը, Կորնթոսը եւ Սելանիկը։

Աստուածամօր բիւզանդական մանրանկար. 12-րդ դարու Բիւզանդական արուեստի նմուշ

Ը․ դարուն սկզբը Բիւզանդական կայսրութիւնը կը վերականգնէ վերահսկողութիւնը իր նահանգներուն վրայ։ Թ․ դարուն յունական թերակղզիի զգալի մասը կրկին կ՛ անցնի կայսրութեան տիրապետութեան տակ։ Ասոր կը նպաստէ Սիկելիոյ կղզիէն եւ Փոքր Ասիայէն յոյներու մեծ հոսքը դէպի յունական թերակղզին։ Միեւնոյն ժամանակ, գերի բռնուած սլաւներէն շատեր կը վերաբնակեցուին Փոքր Ասիա, իսկ մնացեալները կը ձուլուին։

ԺԱ․ եւ ԺԲ․ դարերուն կայսրութեան մէջ տիրող կայունութիւնը կը նպաստէ յունական թերակղզիին տնտեսական զարգացման․ հոն աւելի զգալի է, քան թէ արեւելեան մնացեալ տարածաշրջաններուն մէջ։

Խաչակիրներուն Չորրորդ արշաւանքը (1202-1204 թուական), ծանր հետեւանքներ կ՛ունենայ Կայսրութեան վրայ․ Կոստանտնուպոլիսը կը քանդուի եւ կը կողոպտուի, Յունաստանի զգալի մասը կ՛ անցնի ֆրանքներու տիրապետութեան տակ[14] (Ֆրանքոքրաթիայի -Frankokratia- ժամանակաշրջան ԺԲ․ մինչեւ ԺԶ․ դար)։ Ֆրանքները փոքր պետութիւններ, իշխանութիւններ կը հիմնեն։ Որոշ կղզիներ կ՛ անցնին Վենետիկի տիրապետութեան տակ։ Պելոպոնեսը կը հանդիսանայ ֆրանքներու իշխանութեան ամենակարեւոր շրջանը, գլխաւորութեամբ Աքայեան Իշխանութեան (Frankish Principality of Achaea), Պեղոպոնեզի հիւսիս արեւմտեան շրջան։ Բազմաթիւ կղզիներ կը գտնուին Ճենովայի եւ Վենետիկի տիրապետութեան տակ։ 1261 թուականին Բիւզանդական Կայսրութիւնը կը վերատիրանայ Կոստանտնուպոլսոյ եւ աւելի ուշ, 1452-ին մասամբ՝ կղզիներուն:

ԺԴ․ դարասկիզբին, Բիւզանդական կայսրութիւնը Յունական թերակղզիէն բաւական տարածքներ կը կորսնցնէ Սերպերու եւ Օսմանեան թուրքերու յարձակման հետեւանքով։ Այնուհետեւ, 1460-ին Օսմանեան կայսրութիւնը կը գրաւէ Յունաստանի մայր ցամաքային տարածքը։ 1453-ին Կոստանտնուպոլսոյ անկումէն ետք Մորիասը (Պեղոպոնեզը), Բիւզանդական կայսրութեան միակ մնացորդն է, որ կը դիմադրէ Օսմանեան Կայսրութեան։ ԺԷ․ դարուն Օսմանեան Թուրքիոյ յարձակումներուն պատճառներով, Բիւզանդական կայսրութիւնը Յունաստանի տարածքին վրայ կը սահմանափակուի Պելոպոնեսի (կամ՝ Մորիաս) շրջանին մէջ «Մորիասի Բռնապետութիւն» կոչուած (Despotate of the Morea) իշխանութեամբ։

Թրքական նուաճումներուն պատճառներով, բազմաթիւ բիւզանդացի յոյն գիտնականներ, որոնք յունական դասական գիտելիքներուն պահպանման զիրենք պատասխանատու կը զգան, մեծ քանակութեամբ գրական գործեր վերցնելով կը փախչին Արեւմուտք, եւ յետագային մեծ ներդրումներ կը կատարեն Վերածնունդի դարաշրջանին։

Օսմանեան տիրապետութեան Ժամանակաշրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սելանիկի Սպիտակ Աշտարակը, Յունաստանի մէջ կանգուն մնացած Օսմանեան կառոյցներէն ամենայայտնին

Բուն արձանագրութիւն՝ Օսմանեան Յունաստանը

Մայրացամաք Յունաստանը եւ Եգէական ծովուն մէջ գտնուող կղզիներու մեծամասնութիւնը ԺԵ․ դարուն վերջը կը գտնուին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ, սակայն Կիպրոսը եւ Կրետէն կը գտնուին Վենետիկի տիրապետութեան տակ եւ հետեւաբար ի վիճակի կ՛ըլլան դիմադրել 1571 եւ 1670 թուականներուն օսմանեան կայսրութեան յարձակումներուն։ Իսկ Յոնիական Ծովուն կղզիները կը մնան Վենետիկի տիրապետութեան տակ մինչեւ 1797 թուականը, երբ Առաջին ֆրանսական հանրապետութիւնը կը գրաւէ եւ 1809 թուականին կը փոխանցէ Միացեալ Թագաւորութեան։ 1864 Մայիս 21-ին, երեք Մեծ Ուժերուն՝ Անգլիոյ (Միացեալ թագաւորութիւն), Ֆրանսայի ու Ռուսիոյ եւ Յունաստանի միջեւ կնքուած դաշինքով, 17/29 Մարտ, 1864, Յոնիական Ծովուն կղզիները վերջնանապէս Յունաստանին կը միանան։

Յոնիական կղզիներուն (Ionian Islands) եւ Կոստանդնուպոլսոյ յոյները բարեկեցութեան մէջ կ՝ ապրին, մինչեւ Օսմանցիներուն ներխուժումը։ Իսկ եւրոպական Յունաստանի բնակչութեան մեծամասնութիւնը կը տառապի տնտեսական վատ վիճակովը։ Օսմանեան Կայսրութիւնը յոյներուն վրայ մեծ հարկեր եւ տուրքեր կը պարտադրէ․ նաեւ ըստ կայսրութեան քաղաքականութեան, յունական գիւղական շատ բնակավայրեր կը վերածուին բերդաքաղաքներու:

Սուլթան Մեհմետ Ֆատիհ, Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող քրիստոնեաներուն իրաւունք կու տայ ապրիլ իրենց ներքին օրէնքներով․ անկախ թէ ինչ ազգութեան կը պատկանին․ յոյն են, թէ ո'չ։ Յունաստանի եւ Կոստանդնուպոլսոյ ուղղափառ եկեղեցիները, նաեւ Պոլսոյ հայկական Պատրիարքութիւնը, կը համարէ ղեկավարութիւն, որոնք կ'իշխեն իր տիրապետութեան տակ գտնուող քրիստոնեաներուն վրայ։ Սակայն, երկերես քաղաքականութիւն է․ մէկ կողմէն չի պարտադրեր իր կրօնը ո՛չ մուսուլման բնակչութեան վրայ, միւս կողմէն խտրականութեան քաղաքականութիւն կը վարէ անոնց նկատմամբ։

Օսմանեան կայսրութիւնը, իր տիրապետութեան շրջանին, դաժան վերաբերմունք ցոյց կու տայ քրիստոնեայ բնակչութեան հանդէպ, որուն իբրեւ հետեւանք՝ լուրջ թիւ մը դաւանափոխ կ՛ըլլայ։ Դաւանափոխները, իրենց իրական հաւատքը գաղտնի կը պահեն։ ԺԹ․ դարուն շատ "ծպտեալ քրիստոնեաներ" կը վերադառնան իրենց իրական հաւատքին։

Յունաստանի մէջ Օսմանեան վարչակազմի բնոյթը բազմազան է, սակայն միշտ՝ դաժան։ Որոշ քաղաքներու մէջ սուլթանը (կայսրութեան պետը, մենատէրը) ղեկավարներ կը նշանակէ, իսկ միեւնոյն ժամանակ կարգ մը քաղաքներ (օրինակ Աթէնքը), կ՛ունենան իրենց սեփական քաղաքապետարանը։ Երկար դարերու ընթացքին Յունաստանի լեռնային հատուածները եւ շատ կղզիներ կը պահպանեն իրենց ինքնավարութիւնը։

Օսմանեան կայսրութեան եւ այլ երկիրներուն միջեւ պատերազմներուն ընթացքին, յոյները գրեթէ միշտ կը պայքարին կայսրութեան դէմ։ Մինչեւ Յունական յեղափոխութեան ծագման, յոյները քանի մը անգամ կռուած են Օսմանեան կայսրութեան դէմ․ յիշարժան են 1571 թուականի Լեփանթոյի ճակատամարտը (Battle of Lepanto), 1600–1601 թուկաններուն Իփիրոսեան (Յունաստանի ցամաքամասին հիւսիս արեւմտեան շրջան) ապստամբութիւնները (Epirus peasants' revolts إبيروس البيزنطية), 1684–1699 թուականներուն Մորիասի (Պելոպոնես) ճակատամարտը (Morean War) եւ 1770 թուականին Ռուսաստանի օգնութեամբ կազմակերպուած Պելոպոնեսեան (Peloponnesian) ապստամբութիւնը, որուն նպատակն է քայքայել Օսմանեան կայսրութիւնը․ Օսմանեան կայսրութիւնը կը ճնշէ այդ ապստամբութիւնը մեծ արիւնահեղութեամբ։

Օսմանեան կայսրութիւնը Յունաստանը «կը կտրէ» նշանաւոր եւրոպական մտաւորական շարժումներէն, ինչպէս են՝ օրինակ Բարեկարգութեան եւ Լուսաւորութեան շարժումները (Reformation and the Enlightenment (عصرإصلاح عصر التنوير), սակայն Ֆրանսական յեղափոխութեան եւ ռոմանթիզմի՝ վիպապաշտութեան ազգայնականութեան գաղափարները առեւտրականներուն միջոցաւ Յունաստան կը թափանցեն։ ԺԸ․ դարուն յեղափոխականներ, ինչպէս Ռիղաս Ֆերէոսը (Rigas Feraios) Յունաստանը կը պատկերացնեն որպէս ազատ երկիր [16]։ Ռիղաս, կը պատրաստէ շարք մը փաստաթուղթեր, քարտէսներ Վիեննայի մէջ կը քարտէսագրէ Յունաստանի առաջին մանրամասն քարտէսը), որոնք կը վկայեն Յունաստանի դարաւոր պատմութիւնը եւ անկախութեան մասին տարած պայքարները։ Ռիղաս Ֆերէոս, կը գրէ յեղափոխական շունչով գրութիւններ, որոնք կը թափանցեն Յունաստանի զանազան շրջանները․ յատկանշական է «Թուրիոս» հայրենասիրական քայլերգը, որուն պատճառաւ ան կը համարուի յոյներուն «ազգային աշուղը»։ Ան կը սպանուի 1798 թուականին օսմանցի գործակալներու կողմէն։ Միաժամանակ, Ատամանտիոս Քորայիս մտաւորականը կարեւոր դերակատարութիւն կը բերէ ապստամբութեան գաղափարախօսութեան, օրինակ՝ «Պատերազմի Փողահար» «Σάλπισμα Πολεμιστήριον» բանաստեղծութեամբ․ նաեւ ապստամբութեան ընթացքին խորհրդատուական նամակներ կը գրէ։

Անկախութեան Համար Պատերազմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մեսսոլոնկիի կռիւը, Յունական անկախութեան պատերազմի ժամանակ, նկարիչ Թէոտորոս Վրիզաքիս։

[15] 1814 թուականին Յունաստանէն դուրս, Օտեսիային մէջ, Յունաստանի ազատագրման համար, կը հիմնուի գաղտնի կազմակերպութիւն մը, որ կը կոչուի Ֆիլիքի Էթերիա (Filiki Eteria), գլխաւորթւթեամբ Ալեքսանտրոս Իփսիլանտիսի (Alexandros Ypsilantis)։ Ֆիլիքի Էթերիան կը ծրագրէ սկսիլ յեղափոխութիւնը Պելոպոնեսի, Տանուպեան դքսութեան (Danubian Principalities) եւ Կոստանտնուպոլսոյ մէջ [17]։ Ապստամբութիւնը կը սկսի 1821 թուականի Փետրուարին Տանուպեան դքսութեան մէջ, եւ յաջորդ ամիսը Մակետոնիայէն մինչեւ Կրետէ կը ծագին տեղական ապստամբութիւններ, որոնք սակայն շուտով կը ճնշուին թուրքերուն կողմէն․ բնակչութեան ջարդերով, եւ քաղաքական եւ եկեղեցական ղեկավարներու մահապատիժով։ Նոյն ամսուան վերջը Պելոպոնեսի մէջ կը սկսին տեղական ապստամբութիւններ Օսմանեան կայսրութեան դէմ եւ 1821 թուականին, Հոկտեմբերին, ապստամբները Թէոտորոս Քոլոքոթրոնիսի գլխաւորութեամբ Թրիփոլիցա քաղաքը կը գրաւեն։ Պեղոպոնիզեան (Փելեփոնիսեան) ապստամբութեան կը յաջորդեն արագ յեղաշրջումներ Կրետէի, Մակետոնիոյ եւ Կեդրոնական Յունաստանի մէջ, որ շուտով սակայն կը ճնշուին։ Մինչ այդ, Եգէական ծովուն մէջ յունական ռազմածովային ուժերը կը գերակշռեն Օսմանեան նաւատորմին եւ կը կանխեն օսմանեան օգնական զօրքերու ժամանումը ծովու ճամբով։ Սակայն 1822 եւ 1824 թուականներուն թուրքերը եւ եգիպտացիները (այս շրջանին Եգիպտոսը Օսմանեան կայրութեան դաշնակից է) կը ներխուժեն կղզիները, մասնաւորապէս Հիոս եւ Փսարա (յունական ռազմածովուժի գլխաւոր կեդրոններէն), զանգուածային ջարդի ենթարկելով տեղի բնակչութիւնը։

1823-1825 թուականներուն, լարուածութիւն կը պայթի երկու յունական խմբակցութիւններու միջեւ (մասամբ արտերկրեայ դերակատարութեամբ) եւ կ՛առաջացնէ ներքին քաղաքացիական պատերազմ․ 1823-ին աշնան եւ 1824-ի ամրան։ Նոյն ժամանակ Օսմանեան կայրութեան սուլթանը բանակցութիւններու մէջ կը մտնէ Եգիպտոսի սուլթան Մուհամմէտ Ալիին հետ։ Ան ապստամբութիւնը ճնշելու համար, իր որդին՝ Իպրահիմ փաշան կ՛ուղարկէ, փոխադարձ՝ Սուլթանը իրեն կը խոստանայ տարածքներ։ 1825-ի Փետրուարին Իպրահիմ կը հասնի Պելոպոնես եւ անմիջապէս յաջողութիւններ կ՛ունենայ. 1825 թուականին վերջերը եգիպտացիներու հսկողութեան տակ կ՛անցնի Պելոպոնեսի մեծ մասը։ Հակառակ անոր, որ Իպրահիմը պարտութիւն կը կրէ Մանի թերակղզիին մէջ, սակայն կը յաջողի ճզմել ապստամբութեան մեծ մասը եւ կը վերանուաճէ Աթէնքը։

Երեք մեծ պետութիւնները (Ռուսաստան, Միացեալ Թագաւորթիւն եւ Ֆրանսա) մի քանի տարի բանակցելէ ետք, կ՛որոշեն միջամտել հակամարտութեան եւ Յունաստան կ՛ուղարկեն ռազմանաւեր։ Այս եղելութեան, օսման-եգիպտական ռազմածովային ուժերը կը հակադարձեն, յարձակելով յունական կղզիներուն վրայ։ Մէկ շաբաթ տեւող բախումներէ ետք օսման-եգիպտական ուժերը կը պարտուին։ Ֆրանսական զօրքերը, եգիպտական զօրքերուն կը ստիպեցին լքել Պելոպոնեսը, իսկ յունական ուժերը կ՛ազատագրեն կեդրոնական Յունաստանը՝ 1828-ին։

Երկարամեայ պայքարներուն իբրեւ հետեւանք, կը ստեղծուի Հելլենական Առաջին Հանրապետութիւնը, որ վերջնական ճանաչում կը ստանայ Լոնտոնի ատենագրութեամբ՝ 1830 թուականին (London Protocol of 3 February 1830)։

Նորագոյն շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էղինա կղզին․ հիւսիս արեւմտեան կողմը՝ համանուն քաղաք նաւահանգիստը

Հելլենական Առաջին Հանրապետութեան մայրաքաղաքն է Էղինան յունարէն՝ (Αίγινα, համանուն կղզիին մայրաքաղաքն ու նաւահանգիստը, Սարոնիքոս Ծոցին մէջ) [18]։ 1833-ին Յունաստանի մէջ թագաւորութիւն կը հաստատուի եւ մայրաքաղաքը կը տեղափոխուի Աթէնք։

Յունաստան կը փորձէ իրեն միացնել յունախօս կամ յունական բնակչութեամբ տարածքներ, կղզիներ, որոնք տակաւին կը գտնուին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ։ Այս ծրագիրը մասամբ կը յաջողի, Յունաստանի մասնակցութեամբ Պալքանեան Պատերազմներուն եւ Ա․ Համաշխարհային Պատերազմին (Յունաստան կը կռուի ԱՆՏԱՆԴ-ի երկիրներուն կողքին)։

Օսմանեան կայսրութեան երկերես քաղաքականութիւնը հպատակ քրիստոնեայ բնակչութեան հանդէպ կը շարունակուի, հակառակ տրուած խոստումներուն։ Պալքանեան երկիրները (Յունաստան, Պուլկարիա, Սերպիա եւ Մավրովունիօ) կը դաշնակցին եւ Հոկտեմբեր 1912-1913 Մայիս թուականներուն տեղի կ՛ունենան Պալքանեան Պատերազմները։ Պատերազմներուն աւարտին, Լոնտոնի դաշինքի ստորագրութեամբ, պարտուած Թուրքիան վերջնականապէս կը հեռանայ Պալքանեան թերակղզիէին եւ Կրետէ կղզիէն։ Եւրոպական Մեծ Ուժերը դէմ ըլլալով հանդերձ սահմաններուն փոփոխութեան, ստիպուած կ՛ընդունին եւ ի միջի այլոց, Յունաստանը կը կրկնապատկէ սահմանները․ ետ կ՛առնէ Իփիրոս, Մակետոնիա, Կրետէ շրջանները եւ արեւելեան Էգէականի կղզիները։ Մեծ Ուժերուն պնդումով, Յունաստանէն կը խլուի հիւսիսային Իփիրոսը եւ կը տրուի այս դաշինքին ընթացքին ստեղծուած նոր պետութեան՝ Ալպանիային։

Լոնտոնի դաշինքի կարգադրութենէն Պուլկարեան կը դժգոհի ու պատերազմ կը յայտարարէ Յունաստանին դէմ։ Պատերազմը կը վերջանայ Յունաստանի յաղթանակով։ [19]

Ա․ Համաշխարհային Պատերազմ եւ Միջպատերազմեան շրջան Μεσοπόλεμο

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ա․ Համաշխարհային Պատերազմի սկզբնական օրերուն, Յունաստան չի մասնակցիր․ չէզօք դիրքաւորում կը պահէ, հակառակ երկու հակառակորդ կողմերու հրաւէրներուն։ Սակայն, Անտանտի (Եռեակ Միութիւն) ուժերը, Հոկտեմբեր 1915-ին Սերպիոյ օգնութեան հասնելու պատճառաբանութեամբ Սելանիկ ցամաքահանում կը կատարեն։ Իրենց նպատակն է սպառնալիքով հարկադրել Յունաստանի մուտքը այս պատերազմին։

Պալքանեան Ճակատը (կամ՝ Մակետոնական Ճակատը Macedonian Front) կը կազմուի․ տասնեակ հազարներով մարդուժ կ՛ունենայ եւ նպատակն է Սերպիոյ եւ Ռուսիոյ դիկունք կանգնիլ։ Նոյն ժամանակ, 1916 թուականին, Յունաստանի վարչամեքենային մէջ, թագաւոր Կոստանտինոս Ա․ի եւ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսին միջեւ, երկճակատում կայ ինչ կը վերաբերի Յունաստանի մուտքը Ա․Համաշխարհային Պատերազմին եւ նաեւ թագաւորին մխրճումը երկրի արտաքին քաղաքականութեան․ յունական սահմանադրութեամբ, թագաւորին իրաւասութիւնները սահմանափակ են եւ արտաքին քաղաքականութիւնը կառավարութիւնը կը վարէ։ Այս Ազգային Պառակտում-ի (այդպէս կոչուեցաւ) հետեւանքը կ՛ըլլայ Յունաստանը բաժնուի երկու կառավարութիւններու միջեւ․ երկրորդ կառավարութիւնը՝ Ազգային Պաշտպանութեան Առժամեայ Կառավարութիւն, կեդրոն կ՛ունենայ Սելանիկը եւ կը ներառնէ՝ հիւսիսային Յունաստանի մեծամասնութիւնը, նոր կցուած յունական Մակետոնիան, հարաւային էգէականի կղզիներն ու Կրետէն․ վարչապետն է Էլեֆթերիոս Վենիզելոս։ Մայրաքաղաք Աթէնքին մէջ, կառավարութիւնը կը կառավարուի թագաւորէն։

Սակայն արագ կը միանան [20]։ Յունաստան կը կռուի ԱՆՏԱՆՏ-ի երկիրներուն կողքին եւ պատերազմի աւարտին կը գտնուի յաղթականներուն հետ։[21]

Ա․ Համաշխարհային Պատերազմին աւարտին, Յունաստանը կ՛անցընէ բարդ ժամանակաշրջան մը։ Թագաւոր Կոնստանտին Ա․-ի եւ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի միջեւ քաղաքական կրքերը կրկին կը խորանան։

Պատերազմի աւարտին, այլասիրութեան մտասեւեռումը, ռազմագիտական սխալները, Միջերկրականի աւազանին արեւելեան շրջանին կապակցութեամբ Մեծ Ուժերուն շահերու փոփոխութիւնը եւ, ի միջի այլոց, թրքական ազգայնամոլութեան վերելքը, կ՛ առաջացնեն Փոքր Ասիոյ Աղէտը եւ իբրեւ հետեւանք, 1․500․000 յոյն գաղթականներուն ժամանումը Յունաստան (անոնց մէջ՝ մօտ 100․000 հայ գաղթականներ եւ որբեր)։ [22][permanent dead link][23]

1922, Զմիւռնիոյ յունական եւ հայկական թաղերը կ՛այրին․նկարը իտալական նաւէ քաշուած

Այս ժամանակամիջոցին, 1914-1923, Փոքր Ասիոյ եւ արեւելեան Թրակիոյ (Թրակիա, յուն․՝ Θράκη) յունական բնակչութիւնը ջարդի եւ տեղահանութեան կ՛ենթարկուի թուրքերուն կողմէ։ Անոնք այս պատերազմին, առիթը կը գտնեն մէկ անգամ ընդ միշտ ազատիլ քրիստոնիայ բնակչութենէն եւ կ՛իրագործեն ծրագրուած ձեւով, հայ ժողովուրդին եւ Պոնտոսի յունական բնակչութեան Ցեղասպանութիւնը [24]։

Լոզանի Խաղաղութեան Դաշինքով, տեղի կ՛ունենայ բնակչութեան փոխանակում Թուրքիոյ եւ Յունաստանի միջեւ[16]։

Յոյն եւ հայ գաղթական փոքրիկներ, Յունաստան․ 1923

Յունաստան կ՛անցընէ տնտեսական եւ քաղաքական անկայուն վիճակ։ Յեղաշրջումները իրար կը յաջորդեն։

1924 թուականին Փոքր Ասիոյ աղէտալի դէպքերէն ետք հանրաքուէով կը հաստատուի Երկրորդ Յունական Հանրապետութիւնը։

1935 թուականին հանրաքուէով կը վերականգնուի թագաւորութիւնը [25]։

1936 թուականին տեղի կ՛ունենայ քաղաքական յեղաշրջում․ երկրին ղեկը Իոանիս Մեդաքսասի ազգայնամոլ կառավարութիւնը կը ստանցնէ։

Բ․ Համաշխարհային Պատերազմ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստան հարկադրաբար կը մասնակցի Բ․ Համաշխարհային պատերազմին։ 28 Հոկտեմբեր, 1940 թուականին, ազգայնամոլ Իտալիոյ ղեկավարութիւնը Յունաստանէն կը պահանջէ անձնատուր ըլլալ, բայց վարչապետ Իոանիս Մեդաքսաս կը մերժէ եւ յունական բանակը կը հակադարձէ Իտալիոյ յարձակումին եւ արագօրէն կը յաղթէ։ Սակայն կը յաջորդէ Գերմանական գրաւման դաժան շրջանը՝ 1941-1944 (յունական բանակը երկար ատեն կը դիմադրէ, սակայն ի վերջոյ կը պարտուի)։[17]

1944․Ազատագրում գերմանական դաժան գրաւումէն․ Սնունդի բաժանում սոված բնակչութեան

[26] Բ․ Համաշխարհային պատերազմին վերջաւորութեան, միջքաղաքացիական պատերազմ կը ծագի համայնավարական եւ հակահամայնավարական ուժերուն միջեւ։ Կը վերջանայ 1949-ին։ Այս միջքաղաքացիական պատերազմին պատճառով, երկրին տնտեսութիւնը կը քայքայուի։ Շնորհիւ «Մարշալ» նախագիծին, յաջորդ քսան տարիներուն ընթացքին Յունաստանը զարկ կու տայ տնտեսութեան եւ տնտեսութիւնը վերելք կ՛արձանագրէ։

Ժամանակակից շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1952-ին կ՛անդամակցի ՆԱԹՕ-ին (Հիւսիս Ադլանտեան Կազմակերպութիւն կամ՝ Դաշնակցութիւն)։ [27]

Յունաստանի թագաւորական ընտանիքը, իր հիմնումէն սկսեալ, շարունակ կը մխրճուի երկրի ղեկավարութեան աշխատանքներուն մէջ եւ դժգոհութիւն կ՛առաջացնէ քաղաքական գետնի վրայ։ 1965 Յուլիսին, օրուան վարչապետին հրաժարումով, կը սկսի խառնաշրջան մը, որ գագաթնակետին կը հասնի 21 Ապրիլ 1967-ին զինուորական վարչակարգի հաստատումով։ Թագաւորական համակարգը կը ջնջուի 1973-ին։

1973, 17 Նոյեմբեր-ին Աթէնքի Ճարտարագիտական Համալսարանի շէնքին մէջ, կ՛առաջանայ ուսանողներու ապստամբութիւնը զինուորական համակարգին դէմ։ Անոր դաժան ճնշումը մեծ հիասթափութիւն կը պատճառէ եւ վարչակարգի ղեկավարութիւնը կը փոխուի։

Այս շրջանին, սխալ ձեռնավարութիւններուն հետեւանքը ծանր կ՛ըլլայ․ Թուրքիան կը ներխուժէ Կիպրոս ու կը գրաւէ անոր հիւսիսային շրջանը։

1974 Յուլիսին, զինուորական վարչակարգը կը տապալի։ Յունաստան կը վերադառնան աքսորեալ քաղաքագէտները [28]։ 1974 8 Դեկտեմբերին հարցագրով, կը հաստատուի Հանրապետական Սահմանադրութիւնը եւ Յունաստանի վարչակարգը կը դառնայ Նախագահական խորհրդարանական Ժողովրդավարութիւն։ Երկիրը մինչեւ այսօր այսպէս կը կառավարուի։ 1 Յունուար, 1981-ին, Յունաստան մաս կը կազմէ Եւրոպական Միութեան եւ 2002-ին կ՛որդեգրէ Միութեան դրամը՝ Եւրօն[18]։

Յունաստանը զարգացած երկիր կը դառնայ, բարձր հասութաբեր տնտեսութեամբ ու կենսամակարդակով։ Համաշխարհային դրամատան 2010 թ. տուեալներով, կեանքի որակը զայն կը դասէ աշխարհին 21-րդը։

Սակայն, 2010-ի կէսերուն, Յունաստանի տնտեսութիւնը կտրուկ անկում կ՛արձանագրէ իր արտաքին պարտքերուն եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին պատճառաւ։ Մաս կազմելով Եւրօ դրամի գօտիին, չի կրնար դիմագրաւել այս տակնապը դրամը արժէքազրկելով, այսպէս կ՛ենթարկուի Համաշխարհային Դրամատան եւ Եւրոպական Միութեան խիստ հսկողութեան։ Հետեւեանքն է՝ անգործութիւն, երիտասարդներու մեծ թիւի արտագաղթ, ծանր հարկեր եւ տնտեսութեան անշարժութիւն։

2021, 25 Մարտին, Յունաստան փառահեղ կը տօնէ Օսմանեան լուծէն իր անկախութեան 200-ամեակը։ Թագավարակի պատճառով, հանդիսութիւնները կը սահմանափակուին։ Տօնակատարութիւնները, իրենց ներկայութեամբ կը պատուեն աշխարհի բոլոր կողմերէն պետական անձնաւորութիւններ՝ գահաժառանգներ, վարչապետներ, դեսպաններ, զինուորական կցորդներ, եւայլն (տեսերիզ 25 Մարտ, 2021-ի տողանցքէն․ Նախագահական Պահակագունդի շքերթը[19]

Գործող սահմանադրութիւնը ուժի մէջ մտած է 1975 Յունիս 11-ին: Յունաստանին Կառավարման վարչաձեւը Նախագահական խորհրդարանական Ժողովրդավարութիւնն է[20]։

Պետութեան ղեկավարը նախագահն է։ Ան կ'ընտրուի խորհրդարանին կողմէ հինգ (5) տարուան համար, անգամ մը եւս վերընտրուելու իրաւունքով։ Նախագահը երկրի օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններուն հսկողն է, սակայն այժմ, սահմանադրութեան բարեփոխումներով, իր պաշտօնը աւելի հանդիսական կամ՝ ծիսական է։

1975-ին Սահմանադրութիւնը լայնօրէն կ՛երաշխաւորէ քաղաքացիին ազատութիւնն ու իրաւունքները, որոնք կը զօրանան 2001 թուականին սահմանադրութեան վերաքննութեամբ Խորհրդարանին կողմէն[20]։ Այս վերաքննութեան ընթացքին, առաջին անգամ ըլլալով սահմանադրութեան մէջ կ՛արտօնագրուին հինգ անկախ իշխանութիւններ, որոնցմէ երեքը (Քաղաքացիին Փաստաբանը, Անձնական Տուեալներու Պաշտպանման Սկզբունք, Հաղորդակցութեան գաղտնապահութեան Պաշտպանման Սկզբունք) կը պաշտպանեն եւ կը պահպանեն անհատական իրաւունքները։ Յունաստան, կ՛անդամակցի նաեւ Քաղաքացիին Իրաւունքներուն Եւրոպական Դաշինքին։

Պետական եւ կազմակերչական գետնի վրայ, Սահմանադրութիւնը կը ճանչնայ երեք իշխանութիւններ․ օրէնսդիր, գործադիր եւ դատական։ Օրէնսդիր իշխանութեան մաս կը կազմեն՝ Խորհրդարանը եւ Հանրապետութեան Նահագահը։ Գործադիր իշխանութեան՝ Հանրապետութեան Նահագահը եւ Կառավարութիւնը։ Դատական իշխանութիւնը կը կատարուի դատարաններէն յոյն ժողովուրդին անունով։

Սահմանադրութեան կողմէ նախագահին լիազորութիւնները սահմմանափակ են։ Ան, միայն սահմանեալ արարողութիւններ կը կատարէ։ Վարչապետ կը նշանակէ եւ վերջինիս խորհուրդով՝ կը նշանակէ կամ ետ կը կանչէ կառավարութեան մնացեալ անդամները։ Կրնայ ցրել կառավարութիւնը՝ եթէ այն չի վայելեր խորհրդարանի վստահութիւնը։ Գրեթէ իր բոլոր գործողութիւնները պարտաւոր են ունենալ Վարչապետին ստորագրութիւնը եւ կամ Նախարարի մը, ինչպէս օրինակ՝ նախագահական հրամանագրերը։

Օրէնսդիր իշխանութիւնը խորհրդարանը կը գործադրէ։ Անոր անդամները ընհանրական գաղտնի քուէարկութեամբ ընտրութիւններուն միջոցաւ կ՛ ընտրուին չորս տարին անգամ մը։

Մինչեւ 1877 թուականին, քուէարկելու իրաւունք կ՛ունենան 25 տարեկանը լրացնողները։ Հետագային տարիքը կ՛իջնէ 21 տարեկանին, 1981-ին՝ 18 տարեկանին, իսկ 2019-ին քուէարկելու իրաւունքի նուազագոյն տարիքը կ՛որոշուի 17-ն։

Գործադիր իշխանութիւնը Կառավարութիւնը կը գործադրէ։ Անոր գլուխը Վարչապետն է․ յունական քաղաքական վարչաձեւին ամենահզօր անձը։ Կառավարութիւնն է որ կ՛ որոշէ, կը կիրարկէ եւ կը վարէ Խորհրդարանին կողմէն վաւերացուած Երկրին ընդհանուր քաղաքականութիւնը, սակայն միաժամանակ կը մասնակցի օրէնքներուն նախապատրաստական աշխատանքին՝ օրէնսդիր նախաձեռնութեամբ։ Կառավարութիւնը, ըստ սկզբունքի, պէտք է Խորհրդարանին վստահութիւնը ունենայ, այսիքն վստահութեան քուէ առնէ խորհրդարանի անդամներուն մեծամասնութենէն․ ինչ որ կը պատահի, քանի Կառավարութիւնը առաջ եկած է կուսակցութենէն որ Խորհրդարանին մէջ մեծամասնութիւն է։

Վարչական բաժանում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1 Յունուար, 2011-էն, Յունաստան բաժնուած է 7 Ապակեդրոն Թեմերու, 13 Շրջաններու - Մարզերու եւ 325 քաղաքներ։ Առաւել, Աղիօ Օրօսը կամ՝ Աթոս լեռը (Άγιο Όρος - Սուրբ Լեռը) յունական Պետութեան մէջ ինքնիշխան հատուած մըն է։

Բուն արձանագրութիւն՝ Յունաստանի վարչական բաժանումը, 2011[20]

Յունաստանի վարչական բաժանում
7 Թեմ 13 Շրջաններ Մայրաքաղաք
1 Ատիկէ Ատիկէ Աթէնք
2 Մակետոնիա - Թրակիա Կեդրոնական Մակետոնիա եւ Արեւելեան Մակետոնիա Եւ Թրակիա Սելանիկ
3 Իփիրոս - Արեւմտեան Մակետոնիա Իփիրոս եւ Արեւմտեան Մակետոնիա Իոաննինա
4 Թեսալիա - Կեդրոնական Յունաստան Թեսալիա եւ Կեդրոնական Յունաստան Լարիսա
5 Պելոպոնես - Արեւմտեան Յունաստան - Յոնիական Կղզիներ Պելոպոնես, Արեւմտեան Յունաստան եւ Յոնիական Կղզիներ Փաթրա
6 Էգեական Ծով Հիւսիսային Եգէականի Կղզիներ եւ Հարաւային Եգէականի Կղզիներ Փիրէա
7 Կրետէ Կրետէ Իրաքլիոն
Ինքնավար Տարածք Մայրաքաղաք
Աթոս Լեռ (կամ Սուրբ Լեռ) Քարիես

Ապահովութեան Մարմիններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանի ապահովութեան Մարմիներն են՝ Յունական Ոստիկանութիւնը, Հրշէջի Մարմինը եւ Նաւային Մարմին-Յունական Ծովափնիայ Պահակագունդը։

Յունաստան կը գտնուի Պալքանեան Թերակղզիին արեւելեան ծայրամասին։ Արեւելքէն սահմանակից է դարաւոր թշնամիին՝ Թուրքիոյ։ Այս իսկ պատճառով, մեծ գումարներ կը ծախսէ երկրին պաշտպանութեան համար․ կանխելու «դրացիին» յարձակողական ախորժակները։ Յունական բանակը կը բաղկանայ՝ Ցամաքազօրքէն, Նաւատորմիղէն եւ Օդային զօրուժէն։

Քաղաքական Կեանք եւ կուսակցութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1974 թուականին Ժողովրդավարութեան վերականգնումէն ետք, գլխաւոր կուսակցութիւններն էին՝ «Նէա Տիմոքրաթիա» (պահպանողական) եւ «Փասոք» (կեդրոնական թեքումով, այժմ կազմալուծուած եւ երկուքի բաժնուած)։ Տարիներուն ընթացքին եւ յատկապէս 2010 թուականէն ետք, առաջ եկած է նոր ուժ մը՝ «Սիրիզան» (ձախակողմեան), որ 2015-ի ընտրութիւններուն յաղթականն էր։ 2019 Յուլիսի ընտրութիւններուն, կը յաղթէ «Նէա Տիմոքրաթիա» կուսակցութիւնը։

Միջազգային յարաբերութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստան անդամ է բազմաթիւ կազմակերպութիւններու։ Իր աշխարհագրական դիրքին պատճառաւ քաղաքական, դիւանագիտական եւ առեւտրական գետնի վրայ կ՛ունենայ մեծ առաւելութիւններ։

Գիտութիւն եւ Արուեստագիտութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանի աշխարհագրական դիրքին, ինչպէս նաեւ քաղաքական եւ տնտեսական կայունութեան պատճառաւ, բազմաթիւ մեծ միջազգային ընկերութիւններ՝ ուսումնասիրութեան եւ զարգացման տեղական կեդրոններ կը հաստատեն։

Յունաստանը ունի մեծ հնարաւորութիւններ օգտագործելու արեգակնային եւ հովային ուժը (solar & wind energy)։ Սակայն տակաւին լի ու լի չեն օգտագործուիր, բացի ջրաբաշխական ուժէն։

Սանթորինի, Քալտերա․ Քիքլատես, Էգէական Ծով

Յունաստանը հին ժամանակներէն նաւային երկիր եղած է։ Այսօր, Յունաստանի ծովազօրքը երկրին գլխաւոր ճարտարարուեստներէն է։

1960 թուականներուն, երկրին նաւային ուժը կը կրկնապատկուի շնորհիւ Արիստոթելիս Օնասիս եւ Սդաւրոս Նիարխոս նաւատէրերուն կատարած տնտեսական ներդրումներուն։ Անոնցմէ կ՛օրինակուին բազմաթիւ յոյն՝ հետագային, նաւատէրեր։

Ըստ BTS-ի (Փոխադրութեան Վիճակագրական Գրասենեակ), յունական նաւատորմիղը աշխարհի ամենամեծն է․ 3․079 նաւերով համաշխարհային նաւատորմիղի 18% կը կազմէ [29]։

Յունաստանի Նաւային եւ էգէականի Նախարարութիւնը, յունական նաւատորմիղին վարչական հաղորդիչն է։

Քորֆու/Քերքիրա․ հիւսիսային Յոնիական Ծով
Լեֆքատա, Յոնիական կզղիներ

Փոխադրական միջոցներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մայր ցամաքի երթեւեկութեան ցանցը 117․422 քիլոմեթրէ աւելի է, ըստ 2010-ի տուեալներուն։ Կղզիներուն բնակիչներուն փոխադրամիջոցները կանոնաւոր կերպով կը կատարուին․ մեծ կղզիներուն՝ ամենօրեայ 1-3 հերթականութեամբ, իսկ փոքր կղզիներուն շաբաթը 3 - 7 անգամ (ըստ եղանակին)։

Զբօսաշրջութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ողիմպիա - Տեսարան հին Ողիմպիական խաղերու մարզադաշտէն
Մեդէորա, Քալամպաքա․- վանքեր
Միլիսանի լիճ-քարայրը․ Քեֆալոնիա կղզի, Յոնիական Ծով
Փիլիոնի լեռնաշղթան

Զբօսաշրջութիւնը Յունաստանի տնտեսութեան եւ զարգացման կարեւոր ազդակներէն մէկն է։ Աշխարհի չորս ծագերէն, տարեկան 30 միլիոնէ աւելի օտարերկրացիներ կ՛այցելեն տարուան բոլոր եղանակներուն ընթացքին, երկրին կլիմային, հնագիտական հարստութեան, տեսարժան վայրերուն, կղզիներուն, ծովուն եւ վերջին տասնամեակին թափ առած գիւղական զբօսաշրջութեան համար[21]։

Հանքային հարստութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստան հարուստ է իր հանքերով։ Ունի փայտաքարի, նիքելի, թափչակաւի, հունտիդի, մագնիսաքարի, լուսաքարի մեծ պահեստներ [30]։ Նաեւ՝ ոսկիի, պղինձի եւ այլ կարեւոր մետաղներու եւ հանքաքարերու պահեստներ։

Հիւսիսային Յունաստանի Քաւալա (հիւսիս արեւելեան ծովեզերեայ քաղաք) - Թասոս (կղզի Յունաստանի հիւսիսը, Քաւալային դիմացը) շրջանէն քարիւղ կը ջրհանեն։ Այժմ, քարիւղ ջրհանելու կարելիութիւնները կը քննուին Յոնիական Ծովուն մէջ, Փաթրասի Ծոցին մէջ, Կրետէ կղզիին հարաւը։ Նաեւ կ՛ենթադրուի թէ մեծ քանակութեամբ քարիւղի պահեստ կայ Էգէական Ծովուն մէջ, սակայն դեռ անհնարին է քննուի, քանի այս ուղղութեամբ դրացի Թուրքիոյ հետ վէճեր կան։

Բնակչութիւն, ընկերութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երկրին պաշտօնական կրօնը Ուղղափառ Քրիստոնէութիւնն է [31] Archived 2020-03-31 at the Wayback Machine.։ Ոչ յունահպատակ եւ գաղթական բնակչութեան մեծամասնութիւնը ուղղափառ կամ քրիստոնիայ չէ։[32]

Կան նաեւ ուղղափառ եւ իսլամ յունահպատակներ։ Իսլամ յունահպատակներուն ջախջախիչ մեծամասնութիւնը կը բնակի Թրակիոյ շրջանը, եւ պաշտօնապէս ճանցուած է Լոզանի Դաշնագրով, 1923 թուական։ Կան նաեւ 300․000-է աւելի բնակութիւն հաստատած օտար գաղթականներ՝ Հարաւային Եւրոպայէն, Հարաւային Ասիայէն, Միջին Արեւելքէն եւ Հիւսիսային Ափրիկէէն։ Բնակչութեան 5%-էն նուազ է թիւը քրիստոնէական այլ դաւանանքներու եւ կամ ալ յունական հեթանոսական կրօնի (երկոտասան (տասներկու) աստուածներուն Δωδεκάθεο) հաւատացեալներուն։

Նշենք որ մօտաւորապէս 30․000 հաշուող Յունաստանի հայ համայնքը (2018-ի տուեալներով) պաշտօնապէս ճանցուած է իբրեւ՝ Հայ Առաքելական եկեղեցւոյ Յունահայոց Թեմ։

Մինոասեան եւ Միքինէական ժամանակաշրջաններուն կրօները, կը կեդրոնանան համաշխարհային բնական աստուածուհիի մը պաշտամունքին, իսկ անոր արականը կը ներկայացնէ բնական բուսականութեան օրացոյցային շրջանը։

Հին Յունաստանի շրջանին, պաշտամունքի բացօթիայ վայրեր կը յատնուին, միաժամանակ Միքինէական շրջանին չաստուածներուն պաշտամունքը կը միաւորուի յունական չաստուածներուն հետ։ Այս պաշտամունքը, երկոտասան (տասներկու) աստուածներուն Δωδεκάθεο, կը զօրանայ քաղաք-պետութիւններուն հիմնումին ժամանակ եւ վերջիններուն ընկերային եւ հասարակութեան բարգաւաճման գլխաւոր ազդակն է։[22]

Քրիստոնէութեան մուտքը Յունաստան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունաստանի տարածքին քրիստոնէութեան առաջին քարոզիչը Պօղոս Առաքեալը եղաւ։ Հիւսիսային Յունաստանէն կը սկսի․ կը քարոզէ Ֆիլիփուս Φιλίππους, Սելանիկ, Վէրիա Βέροια, Աթէնք եւ Կորնթոս։ Արձանագրութիւններոը կը խօսին նաեւ Առաքեալ Ափոլոնի քարոզներուն մասին Կորնթոս քաղաքին մէջ։

Յայտնութիւնը (Ս. Յովհաննու) Փաթմոս կղզին գրուեցաւ։ Մինչեւ Բ․ դարուն վերջերը, Յունաստանի մեծ մասը քրիստոնէութիւնը արդէն ընդունած է։[22][23]

Գաղթականներ եւ Փախստականներ կամ՝ պատսպարեալներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ի․ դարասկիզբին, յոյները միլիոններով կ՛արտագաղթեն Ամերիկայի ցամաքամասի զարգացած երկիրները, մասնաւորաբար Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Քանատա, ինչպէս նաեւ Արժանթին, Աւստրալիա, Մեծն Բրիտանիա, Գերմանիա։ Կը ստեղծեն յունական սփիւռքը։[33]

1922-1924 թուականներուն, Փոքր Ասիոյ Աղէտին իբրեւ հետեւանք (յունական բանակին նահանջ), Յունաստան կ՛ընդունի 1 500 000 յոյն գաղթականներ, որոնց մէջ մօտաւորապէս 100 000 հայեր։[34][35]

Բ. Համաշխարհային պատերազմի աւարտին մինչեւ 1960-ական թուականները, Յունաստանի մէջ տիրող անորոշ վիճակին եւ համատարած անգործութեան եւ աղքատութեան պատճառաւ, տասնեակ հազարներով յոյներ (նաեւ քանի մը հազար հայեր) կ'արտագաղթեն դէպի Ա.Մ.Ն., Քանատա, Արժանթին, Գերմանիա, Աւստրալիա եւ այլ երկիրներ։

Նոյն ժամանակներուն եւ միեւնոյն պատճառներով, հազարաւոր հայեր Հայաստան կը ներգաղթեն[24] եւ կ՛արտագաղթեն մանաւանդ դէպի Ամերիկայի ցամաքամասի զարգացած երկիրները։[36]

1970-ի տասնամեակին կէսերէն մինչեւ 1990 թուականներուն Պոնտոսցիներ եւ քաղաքական պատճառներով երկրէն մեկնած յոյներ եւ այլ, Ռուսիայէն, Վրաստանէն, Չեխիայէն, Ղազաքստանէն եւ նախկին Խորհրդային Միութեան այլ երկիրներէն, նաեւ՝ Թուրքիայէն, Յունաստան կը ներգաղթեն։[37]

Սուրիոյ պատերազմէն փախստականներ․ հիւսիս արեւելեան էգէականի Լեզվօ կղզի

Վերջին տանսամեակներուն, Յունաստան կ՛ընդունի մեծ թիւով փախստական գաղթականներ։ Ըստ FRONTEX-ին, անոնց թիւը 2012-ին կը թուի ըլլալ 1.300.000-1.500.000 (օրինաւոր կամ ապօրինի)։ Ասոնցմէ (ըստ հպատակութեան) 52,7%՝ Ալպանացի (որոնցմէ 189.000 արձանագրուած են իբրեւ յոյն․ հարաւային Ալպանիոյ շրջանէն, որ յոյները կը կոչեն՝ հիւսիսային Իփիրոս), 8,3%՝ Ռումանացի, 3,7%՝ Փաքիստանցի, 3,0%՝ Վրացի։ Նաեւ, 199.101 հոգի Եւրոպայի այլ երկիրներէն, իսկ 4.825՝ անորոշ[25]։

Նաեւ, 1990 - 2011 Հայաստանի Հանրապետութենէն տնտեսական պատճառներով, լուրջ թիւ մը Յունաստան կ'արտագաղթէ։ Այս արտագաղթը օր ըստ օրէն նուազելով, մինչեւ օրս մը շարունակուի։

Սակայն, Սուրիոյ խառնաշփոթ վիճակէն եւ մանաւանդ ռմբակոծումներուն պատճառաւ, 2014-2015 թուականներէն կը սկսի հարիւր հազարներով գաղթականներու հոսքը դէպի Յունաստան (անոնց միացած են գաղթականներ Իրաքէն եւ Աֆղանիստանէն)․ հոսքը դեռ կը շարունակուի։ Անոնց թիւը՝ 500․000 կտ գերազանցէ։ Այս գաղթականները Յունաստանը կը գործածեն իբրեւ մուտք՝ Եւրոպա, սակայն Եւրոպական մնացեալ երկիրները, շատ դանդաղօրէն եւ քիչ թիւով անոնց կ՛ընդունին։

Յունաստանի 2010-էն սկսած տնտեսական տակնապը, պատճառն է մինչեւ օրս, մօտ 500.000 յոյներու, մասնաւորաբար երիտասարդներու, արտագաղթին։[38]

Յունական խոհանոցը Միջերկրականի աւազանի խոհանոցի բնորոշ օրինակ մըն է։ Փաստուած է, թէ յունական խոհանոցը կը գերազանցէ Միջերկրականի աւազանին այլ երկիրներու խոհանոցներուն․ իր պարզութեամբ ու միաժամանակ ուտեստեղէնի տեսակի հարստութեամբ ու որակով։ Ձէթը, բանջարեղէնները, ընդեղէնները, պտուղները, չոր միրգերը, ձկնեղէնը, կանանչեղէնները եւ համեմունքը՝ շաբաթական հերթականութեամբ կ'օգտագործուին սննդականոնին մէջ։

Յունական խոհանոցին թագաւորը ձէթն է։ Ճաշասեղանի անբաժանելի տարրը։

Յունական խոհանոցի ուտեստեղէններ

Յոյներու հպարտութիւնն է նաեւ պանիրը։ Յունաստանին մէջ կը պատրաստուի մօտ 50 պանիրի տեսակ։ Յոյներն աշխարհին մէջ ամենաշատ պանիր օգտագործողներն են՝ իւրաքանչիւր յոյն տարեկան մօտ 25 քիլօ պանիր մը սպառէ։

Շատ տարածուած է նաեւ միսը։ Նախապատւութիւնը կը տրուի խոզի, ոչխարի եւ այծի միսին։

Ճաշատեսակները բազմաթիւ են։ Հանրածանօթ են՝ փասթիցիոն, մուսաքան, խորովածը եւ ամէն տեսակի խմորափլիթները։

Քոքինիոյ հայկական գաղութ

Աթէնք

Փիրէա

Սելանիկ

Լատինական կայսրութիւն

Պոնտոս

  • Spices and Seasonings:A Food Technology Handbook - Donna R. Tainter, Anthony T. Grenis, p. 223 Միջերկրականի խոհանոցը (անգլերէն)
  • Chrissa Paradissis, Le Meilleur Livre de cuisine grecque, Efstathiadis, coll. « grecque » (no 1). Յունական Խոհանոցը (ֆր.)
  • The Religion of Greece in Prehistoric Times, στο («Sather Classical Lectures», Vol. XVII.) University of California Press, Berkeley and Los Angeles - Յունաստանի Կրօնը նախնադարեան շրջաններուն
  • Πράξεις των Αποστόλων, κεφάλαια 16, 17, 18 - κείμενο Αντωνιάδη 1904 - Առաքեալներուն արձանագրութիւններ, Անտոնիատիս - գլուխներ 16, 17, 18 - 1904

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. http://europa.eu/about-eu/countries/member-countries/greece/index_en.html
  2. http://europa.eu/about-eu/countries/greece/index_en.html
  3. 3,0 3,1 https://www.statistics.gr/el/2021-census-res-pop-results
  4. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  5. «World Factbook – Greece: Government»։ Central Intelligence Agency։ 15 March 2007։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 25 August 2016-ին։ արտագրուած է՝ 7 April 2007 
  6. Ποια ελληνικά μνημεία περιλαμβάνονται στη λίστα Παγκόσμιας Κληρονομιάς / ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան Ցանկին Յունաստանի 18 յուշարձանները (անգլերէն)
  7. Յունական եւ Հռոմէական արձանագրութիւն եւ աւանդութիւն, Dictionary of Greek and Roman Biography and Mythology: Earinus-Nyx William Smith, էջ 299 (անգլերէն)
  8. Բառարան Յունական եւ Հռոմէական Աշխարհագրութան - Dictionary of Greek and Roman Geography: Abacaenum-Hytanis. 1854- Sir William Smith, էջ 1011 (անգլերէն)
  9. Early Cycladic Art and Culture / Քիքլատեան քաղաքակրթութիւն (անգլերէն)
  10. Ancient Crete / Հին Կրետէն (անգլերէն)
  11. Genetic origins of the Minoans and Mycenaeans/ Մինոասեան եւ Միկինէեան քաղաքակրթութիւնները (անգլերէն)
  12. Μιχανή του Χρόνου - Հերոնիայի ճակատամարտը (յունարէն)
  13. Byzantine Empire / Բիւզանտական կայսրութիւնը, Պրիդանիքա (անգլերէն)
  14. [Չորրորդ խաչակրաց արշավանքի արդիւնքները «Յունաստանը Բիւզանդական դարաշրջանում։»]։ Բրիտանիքա համա/ց հանրագիտարան։ արտագրուած է՝ 28 Ապրիլ 2012 
  15. Յունաստանի կրթ․ Նախարարութիւն․ Զ․ դասարանի Պատմութեան գիրք (յունարէն)
  16. 24 Յուլիս 1923. Լօզանի Դաշնագիր, Ազատ օր, 24 Հուլիս 2017
  17. Գերմանիոյ ներխուժումը Պալքանեան թերակղզին (անգլերէն)
  18. Greece’s course in the EU / Յունաստան անդամ Եւրոպական Միութեան (անգլերէն)
  19. Յունաստանի Անկախութեան 200-ամեակին առթիւ տողանցքին ընթացքին Նախագահական Պահակագունդին շքերթը
  20. 20,0 20,1 20,2 Σύνταγμα της Ελλάδας / Յունաստանի 1975-ի Սահամանադրութիւնը եւ 2008-ի փսփսխութիւնները (անգլերէն)
  21. SETE: Tourism Supported Greek Economy by €125 Billion Since Crisis / Զբօսաշրջութիւնը Յունաստանի տնտեսութեան եւ զարգացման կարեւոր ազդակ (անգլերէն)
  22. 22,0 22,1 Κιβωτός της Ορθοδοξίας - Ուղղափառ Եկեղեցւոյ Տապանը Πώς φτάσαμε από το Δωδεκάθεο στον Χριστιανισμό - 12 չաստուածներէն՝ քրիստոնէութիւն (յունարէն)
  23. The Historic Centre (Chorá) with the Monastery of Saint-John the Theologian and the Cave of the Apocalypse on the Island of Pátmos - Փադմոս կղզիին Պատմական վանական Կեդրոնը եւ Յայտնութեան Քարայրը (անգլերէն)
  24. Մեծ հայրենադարձութիւնը. հիմնահարցեր եւ խնդիրներ 1946-1948
  25. ΟΗΕ για πρόσφυγες: Η Ελλάδα έγινε χώρα προορισμού αντί διέλευσης / Յունաստան, գաղթականներու ընդունման երկիր (յունարէն)

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]