Յունարէն
Յունարէն (ελληνική γλώσσα էլլենիքի ղլոսա), կը պատկանի հնդեւրոպական լեզուաընտանիքին։ Ներկայիս լեզուն կը գործածուի 15 միլիոն մարդոց կողմէ։ Յունաստանի եւ Կիպրոսի պաշտօնական լեզուն յունարէնն է։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման յունարէնը կը գրաւէ 74-րդ դիրքը։
Յունարէնը կարեւոր դեր ունեցած է Եւրոպայի պատմութեան մէջ, յատկապէս՝ Արեւմուտքի եւ Քրիստոնէութեան համար: Հին յունական գրականութիւնը ազդած է արեւմտեան գրականութեան վրայ, յատկապէս Պղատոնի երկխօսութիւնները եւ Արիստոտելի աշխատութիւնները։
Յունահռոմէական դասական ժամանակաշրջանին յունարէնը իբրեւ միջբարբառային լեզու (lingua franca) լայնօրէն տարածուած է միջերկրածովեան երկիրներուն մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունարէնի զարգացման շրջաններ[1].
- Նախնայունարէն.≈ Ք.ա. 17-րդ դարէն սկսեալ:
- Միքէնական յունարէն, գործածուած եւ զարգացած Հոմերական Երկերու շրջանին:
- Դասական (Հին յունարէն) (Ք․ա. 14-րդ — Ք․ա․ 4-րդ դար),
- Հելլենիստական շրջան (Ք․ա. 4-րդ — 8-րդ դար)
- Միջնադարեան յունարէն, 700 - 1700):
- Արդի յունարէն (1700-էն մինչեւ մեր օրերը):
Հին յունարէնը բաժնուած էր բազմաթիւ բարբառներու։ Ընդունուած է առանձնացնել բարբառներու չորս խումբ՝ արեւելեան (հոնիական, ատտիկեան բարբառներ), արեւմտեան (դորիական), արկդոկիպրոսեան (հարաւախէյան) եւ էոլեան (հիւսիսախէյան)։ Ատտիկեան բարբառի հիման վրայ ալ հետագային (Ալեքսանդր Մակետոնացիին արշաւանքներէն ետք) ձեւաւորուած է համայունական լեզուն՝ այսպէս կոչուած կոյնեն (κοινή), որ դարձաւ պաշտօնական ու խօսակցական լեզու Միջերկրական Ծովու արեւելեան ափին ձգուող հսկայական տարածքներուն։ Կոյնէէն առաջացած են ժամանակակէն յունարէնի գրեթէ բոլոր բարբառները։ Բացառութիւն կը կազմէ մէկուսացած ցակոնեան բարբառը կամ լեզուն (յուն.՝ τσακωνικά), որ աւանդաբար առաջացած կը համարուի դորիական բարբառէն[2]։
Հին յունարէնի քերականական կառուցուածքը բաւական բարդ էր. գոյականը ունէր հոլովման երեք տիպ, հինգ հոլով, բայը ունէր խոնարհման մի քանի տիպ, բազմաթիւ էին դերանունները, նախդիրներն ու մասնիկները։
XIX-XX դարերուն, Յունաստանի մէջ գոյութիւն ունէր լեզուի երկու տարբերակ՝ քաթարեւուսա (καθαρεύουσα), որ կը բխէր յունական գրականութեան աւանդութիւններէն եւ կը հետեւէր գիրի հին յունական նորմերուն, բայց ժամանակակէն արտասանութեամբ, եւ XIX դարուն առաջացած դիմոտիկան (δημοτική)։ 1976 թուականէն Յունաստանի պաշտօնական լեզուն դիմոտիկան է (քաթարեւուսայի որոշ տարրերով)[2]։
Մինչեւ 1982 թուականը գրութեան մէջ կ'օգտագործուէր դիակրիտիկ նշաններու հարուստ համակարգ, սակայն բանաւոր խօսքին մէջ այդ նշաններով արտայայտուող տարբերութիւնները այլեւս չէին նկատուէր, ուստի 1982 թուականէն պաշտօնապէս կը գործածուի միաբնոյթ համակարգ։
Քերականական Համակարգը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոյական Անուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոյականը ունէ քերականական երեք սեռ (արական, իգական, չեզոք), երկու թիւ (եզակի, յոգնակի)։ Հոլովները չորսն են՝ ուղղական, սեռական-տրական, հայցական, կոչական։ Ինչպէս Պալքանեան տարածաշրջանի շատ լեզուներուն մէջ, այնպէս ալ նոր յունարէնին մէջ, սեռականի ու տրականի իմաստները խառնուած են (կ'արտայայտուի հին սեռականի ձեւով)։ Այսինքն՝ հին յունարէնի տրականի փոխարէն կը գործածուի սեռական հոլովաձեւը կամ հայցական հոլովաձեւը σε նախդիրի հետ։
Գոյականներու հոլովման օրինակներ՝
Արական սեռ.
Եզակի թիւ | |||
Ուղղական | ο πατέρας | ο μαθητής | ο ώμος |
Սեռական | του πατέρα | του μαθητή | του ώμου |
Հայցական | τον πατέρα | τον μαθητή | τον ώμο |
Կոչական | πατέρα! | μαθητή/-ά! | ώμε! |
Յոգնակի թիւ | |||
Ուղղական | οι πατέρες | οι μαθητές | οι ώμοι |
Սեռական | των πατέρων | των μαθητών | των ώμων |
Հայցական | τους πατέρες | τους μαθητές | τους ώμους |
Կոչական | πατέρες! | μαθητές! | ώμοι! |
Իգական սեռ.
Եզակի թիւ | |||
Ուղղական | η ώρα | η κόρη | η οδός |
Սեռական | της ώρας | της κόρης | της οδού |
Հայցական | την ώρα | την κόρη | την οδό |
Կոչական | ώρα! | κόρη! | οδό! |
Յոգնակի թիւ | |||
Ուղղական | οι ώρες | οι κόρες | οι οδοί |
Սեռական | των ωρών | των κορών | των οδών |
Հայցական | τις ώρες | τις κόρες | τους οδούς |
Կոչական | ώρες! | κόρες! | οδοί! |
Չեզոք սեռ.
Եզակի թիւ | |||
Ուղղական, Հայցական | το ρούχο | το παιδί | το σώμα |
Սեռական | του ρούχου | του παιδιού | του σώματος |
Կոչական | ρούχο! | παιδί! | σώμα! |
'Յոգնակի թիւ | |||
Ուղղական, Հայցական | τα ρούχα | τα παιδιά | τα σώματα |
Սեռական | των ρούχων | των παιδιών | των σωμάτων |
Կոչական | ρούχα! | παιδιά! | σώματα! |
Ժամանակէն յունարէնի մէջ, սեռական հոլովաձեւը, ինչպէս նշուեցաւ վերը, կը կատարէ ինչպէս սեռականի, այնպէս ալ տրականի գործառոյթ։ Օրինակ՝ ես գիրքը կու տամ աղջկան արտայայտութիւնը յունարէն կ'ըլլայ՝ δίνω το βιβλίο της κοπέλας (←'η κοπέλα), թէեւ աւելի տարածուած է այս դէպքին մէջ գործածել σε նախդիրն ու հայցական հոլովը δίνω το βιβλίο στην κοπέλα (στην = σε + την)։
Հայ-յունական Լեզուական Առնչութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ-յունական լեզուական առնչութիւնները սկսած են հայերէնի նախագրային շրջանէն (մ.թ.ա. VI-IV դդ.), ատոնք աւելի խորացած են Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքներով, այնուհետև յունական մշակութային եւ կրօնադաւանաբանական ազդեցութեամբ։ Հայաստանի մէջ, մնացած են դրամներ յունարէն մակագրութիւններով։ Հայաստանի մէջ, յունարէնէն փոխառեալ բառերը բաւական շատ են. ատոնց մէջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գէորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղեւոնդ, Պետրոս եւ այլն, եւ հայերէնի բառապաշարի տարբեր շերտերուն վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բէմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս եւ այլն։ Յունարէնէն փոխառութիւններու թիւը հայերէնում աւելի մեծցած է, երբ հայերը սկսած են յունարէնէն թարգմանել գիտութեան այլևայլ բնագաւառներուն վերաբերող երկեր, որմով եւ սկիզբ դրուած է յունաբան հայերէնին։ Յունարէնէն փոխառեալ շատ բառեր եւ քերականական մասնիկներ գործածական են ժամանակէն հայերէնին մէջ։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Եւրամիութեան պաշտօնական լեզուներ
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |