Հայերէն
Հայերէն, Հայաստանի եւ Արցախի պետական լեզուն։ Կը պատկանի հնդեւրոպական լեզուաընտանիքին։
Իր շուրջ հինգ հազար տարուան գոյութեան ընթացքին, հայերէնը հաղորդակցութեան մէջ մտած է տարբեր ժողովուրդներու եւ բազմաթիւ լեզուներու հետ, սակայն պահպանած է իր ինքնուրոյնութիւնը, քերականական կառուցուածքն ու բառապաշարի (բառային հիմքին կամ հիմնապաշարին) ինքնատպութիւնը։
Հայոց լեզուով ստեղծուած է մեծ գրականութիւն։ Գրաբարով աւանդուած է հայ հին պատմագրութիւնը, գիտափիլիսոփայական, մաթեմաթիկական, բժշկագիտական, աստուածաբանական-դաւանաբանական գրականութիւնը։ Միջին գրական հայերէնով մեզի հասած են միջնադարեան հայ քնարերգութեան գլուխ գործոցները, բժշկագիտական, իրաւագիտական նշանակալից աշխատութիւններ։ Գրական նոր հայերէնի արեւելահայերէն եւ արեւմտահայերէն գրական տարբերակներով ստեղծուած է գեղարուեստական, հրապարակախօսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնոյթ հարուստ գրականութիւն։
Հայերէնը լայնօրէն կ'օգտագործուի պատմական Հայաստանի տարածքին՝ (Ջաւախք, Պարսկահայք, Արեւմտեան Հայաստանի որոշ շրջաններ) եւ Հայկական սփիւռքի մէջ։ Առաւել կիրառական է Եւրոպայի մէջ (Ֆրանսա, Գերմանիա, Սպանիա, Պելճիքա, Զուիցերիա, Իտալիա, Յունաստան, Պուլկարիա եւ այլն), Մերձաւոր Արեւելքի մէջ (հիմնականօրէն՝ Իրան, Սուրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայէլ, Եգիպտոս, Յորդանան, մասամբ՝ Թուրքիա) եւ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններուն՝ Ռուսաստանի Դաշնութեան մէջ՝ (Հարաւային դաշնային տարածաշրջան, Մոսկուա եւ խոշոր քաղաքներ), Վրաստան, Ուքրանիա եւ այլուր։
Արեւմտեան կիսագունդին մէջ հայերէն կը խօսին ԱՄՆ-ի, Քանատայի, Լատին Ամերիկայի (Ուրուկուէյ, Արժանթին, Պրազիլ) մէջ։ Հայկական համայնքներ կան նաեւ Ափրիկէ, Աւստրալիա եւ այլուր։
Հայերէն խօսողներուն թիւը կը կազմէ 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչութիւնը տարբեր տուեալներով 10-12 միլիոն մարդ կը հաշուէ։[1][2][3]։
Հայերէնը՝ Հնդեւրոպական Լեզուաընտանիքի Ինքնուրոյն Ճիւղ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19-րդ դարու երկրորդ կիսուն, երբ լեզուաբանութիւնն ու լեզուագիտութիւնը նոր թափով առաջ կ'ընթանային, գերմանացի լեզուաբան Հէնրիկ Հիւպշման՝ 1875 թուականին հրատարակուած «Հայերէնի դիրքը հնդեւրոպական լեզուներու շարքին» յօդուածին մէջ կ'ապացուցէ, որ հայերէնը հնդեւրոպական լեզուներու մէջ ինքնուրոյն լեզուաճիւղ է, իսկ պարսկերէնի եւ հնագոյն այլ լեզուներու հետ ունեցած ընդհանրութիւնները (հիմնականօրէն բառապաշարային) ո՛չ թէ ծագումով պայմանաւորուած են, այլեւ յետագայ շրջանի փոխառութիւններ են։ Մինչեւ այսօր այս տեսակէտը կը համարուի ճիշդ եւ հայերէնը կը շարունակէ իր ուրոյն տեղը զբաղեցնել այդ լեզուաընտանիքին մէջ։
Հայերէնի առաջին պատմահամեմատական մեթոտի հեղինակները՝ Հ. Փեթերմանն ու Ֆ. Վինտշմանը առաջ բերած էին այն դրոյթը, ըստ որուն հայերէնը կը պատկանի հնդիրանեան/արիական/ լեզուախումբին։ Այդ եզրակացութիւնը հիմնուած էր մօտաւորապէս 1400 բառերու առկայութեան, որոնք պարսկերենէն փոխառութիւններ էին։ Սակայն այս տեսակէտը յետագային մերժուեցաւ։
Գրական հայերէնի զարգացման փուլեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնը անցած է զարգացման երկարատեւ ուղի, սակայն հիմնական տեղեկութիւնները մեզի յայտնի են 5-րդ դարէն (405 թուականէն)՝ գիրերու գիւտէն սկսած։
Նախքան ժամանակակից հայերէն այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցին կողմէ, անշու՛շտ, հայերէնն ու հայերէն գիրերը գոյութիւն ունեցած են, քանի որ անիկա հանդիսացած է անցեալին ձեւաւորուած հայկական թագաւորութիւններուն եւ պետական կազմակերպութիւններուն պաշտօնական լեզուն։ Որպէս ապացոյց կը ներկայացուի նաեւ հայ թագաւոր Աբգար Ե․–ի եւ Յիսուս Քրիստոսի միջեւ եղած նամակագրութիւնը, որ եղած է հայերէն[4]։ Սակայն հայերէնի նախամաշտոցեան շրջանի մասին տեղեկութիւնները քիչ են կամ ալ գուցէ չեն յայտնաբերուած, այդ իսկ պատճառով այս տեսակէտին մասին քիչ խօսակցութիւն կայ։
405 թուականին Մեսրոպ Մաշտոց կը ստեղծէ հայոց գիրերը, սկիզբ դնելով հայերէնի գրային ժամանակակից փուլին, որ իր կարգին կը բաժնուի քանի մը ենթափուլերու։
Գրաբար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրային հայերէնի առաջին փուլը հին հայերէնն է կամ, ինչպէս ընդունուած է կոչուիլ, գրաբարը։ Գրաբարը հայերէնի հին շրջանի գրական մշակուած տարբերակի անուանումն է։ Այս մէկը կ'օգտագործուէր գրիչներու մատեաններուն մէջ, եկեղեցական ծիսակատարութիւններու ժամանակ եւ առօրեայ կեանքի մէջ, սակայն ժամանակի ընթացքին խօսակցական լեզուն այնքան կը հեռանայ գրական լեզուէն, որ հասարակ շինականը չէր հասկնար զայն։ Այնուամենայնիւ գրաբարը լայնօրէն կը գործածուէր մինչեւ11-րդ դար։ Առաջին նախադասութիւնը, որ գրուած է գրաբարով, գրուած է Մեսրոպ Մաշտոցին կողմէ եւ այն է՝
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ |
Վերջինս կը նշանակէ ճանաչիր իմաստութիւնը եւ խրատը, իմացիր հանճարի խօօսքերը։
Այս շրջանին ստեղծագործած են Մովսէս Խորենացին, Կորիւնը, Ագաթանգեղոսը եւ այլք։
-
Երկաթագիր, 13-րդ դար
-
Գրիչ Խաչատուր դպիրի ընդօրինակած հայերեն ձեռագիր, 1795 թ.
Միջին հայերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջին հայերէնը կամ Կիլիկեան հայերէնը գործածուած է 11-րդ դարէն մինչեւ 16-րդ դար։ Ան իր բարդութեամբ ի հարկ է կը զիջէր գրաբարին, սակայն մտցուած փոփոխութիւնները բաւարար չէին, որ ան դառնար հանրութեան մատչելի լեզու։
Այս շրջանին ստեղծագործած են Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին եւ այլք։
Աշխարհաբար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհաբարը կամ նոր հայերէնը գործածուած է 17-րդ դարէն եւ վերջնականապէս ձեւաւորուած է 19-րդ դարուն։ Այսօր աշխարհաբարը կը համարուի հայ ժողովուրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ բանաստեղծ եւ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանն է։
Արդի հայերէնը՝ աշխարհաբարը, հանրութեան կը ներկայանանայ երկու ճիւղով՝ Արեւմտահայերէն եւ Արեւելահայերէն։
Արեւմտահայերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գործածուի սփիւռքահայերու, բացառութեամբ՝ Ռուսաբնակ, Իրանաբնակ եւ Ջաւախքի, ինչպէս նաեւ Ազրպէյճանական ԽՍՀ-էն (Գանձակ, Նախիջեւան, Շակաշէն, Պաքու, Սումկայիթ) բռնագաղթուած հայութեան կողմէ։ Այս ճիւղը առաջացած է Կոստանդնուպոլսոյ եւ Տրապիզոնի բարբառներու միախառնումէն։
Արեւելահայերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գործածուի Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններու, ինչպէս նաեւ վերոյիշեալ երեք երկիրներուն մէջ ապրող հայերուն կողմէ, որպէս գրական լեզու։ Այս ճիւղը առաջացած է Վանի, Խոյի եւ մեծապէս Այրարատեան բարբառի միախառնումէն։ Այսօր Հայաստանի եւ Արցախի տարածքին տիրապետող գրական լեզուն արեւելահայերէնն է։
Այբուբէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնի այբուբենը ստեղծուած է Մեսրոպ Մաշտոցի կողմէ 5-րդ դարու սկզբը։ «Օ» եւ «Ֆ» տառերը աւելացուած են XII դարուն։
Աա այբ | Բբ բեն | Գգ գիմ | Դդ դա | Եե եչ | Զզ զա | Էէ է | Ըը ըթ | Թթ թօ |
Ժժ ժէ | Իի ինի | Լլ լիւն | Խխ խէ | Ծծ ծա | Կկ կեն | Հհ հօ | Ձձ ձա | Ղղ ղատ |
Ճճ ճէ | Մմ մեն | Յյ յի | Նն նու | Շշ շա | Ոո ո | Չչ չա | Պպ պէ | Ջջ ջէ |
Ռռ ռա | Սս սէ | Վվ վեւ | Տտ տիւն | Րր րէ | Ցց ցօ | Ււ ւիւն | Փփ փիւր | Քք քէ |
Օօ օ | Ֆֆ ֆէ |
Հայերէնը Տարբեր Լեզուներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ազրպէյճաներէն՝ erməni dili
- ալպաներէն՝ gjuha armene
- անգլերէն՝ armenian language ա:մինիըն լենկուիճ
- արաբերէն՝ لغة أرمنية
- գերմաներէն՝ Armenische Sprache
- եբրայերէն՝ ארמנית
- չեչէներէն՝ эрмелойн мотт
- թրքերէն՝ ermenice
- ճափոներէն՝ アルメニア語 արումենիա-կօ
- ռուսերէն՝ армянский язык արմեանսքիյ յըզիք
- իտալերէն՝ lingua armena
- սպաներէն՝ idioma armenio
- Ուքրաներէն՝ вірменська мова
- էսթոներէն՝ armeenia keel
- Հունգարերէն՝ Örmény nyelv
- յունարէն՝ Αρμενική γλώσσα արմէնիքի ղլոսա"
- վրացերէն՝ სომხური ენა սոմխուրի էնա
- լեհերէն՝ język ormiański
- պարսկերէն՝ زبان ارمنی
- պուլկարերէն՝ арменски език
- ուզպեքերէն՝ arman tili
- քորէայերէն՝ 아르메니아어
- ֆրանսերէն՝ arménien
Քերականական Առանձնայատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնը նման է այլ հնդեւրոպական լեզուներուն իր կառուցուածքով, սակայն հնչիւններով եւ քերականական առանձնայատկութիւններով կը պարունակէ նմանութիւններ, աշխարհագրութեամբ մօտիկ Կովկասի շրջանի լեզուներուն հետ։
Հնչիւնաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնը ունի 36 հնչիւն՝ վեց ձայնաւոր եւ երեսուն բաղաձայն։
Հայերէնը ունի եռաշարք բաղաձայնական համակարգ՝ ձայնեղ բաղաձայններ, խուլեր ու շնչեղ խուլեր։
Բառապաշար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնի բառապաշարը, ըստ ծագման, կը բաժնուի քանի մը շերտերու։ Գլխաւոր շերտը բնիկ հայերէն բառերն են։ Բնիկ հայերէն կը համարուին այն բառերը, որոնք սկիզբէն եղած են հայերէնին մէջ, որպէս ժառանգութիւն ստացած են մայր լեզուէն՝ հնդեւրոպական նախալեզուէն եւ հայերէնին ձուլուած լեզուներէն կամ անոնց հիման վրայ, ժամանակ մը առաջացած են նոյն հայոց լեզուի մէջ։
Ծագումնաբանական տեսակետէն ժամանակակից հայերէնի բառապաշարը կը բաժնուի հետեւեալ խումբերու.- բնիկ հայերէն բառեր եւ փոխառեալ բառեր։
Բնիկ հայերէն բառերը (930) կը կազմեն հնդեւրոպական բառապաշարը կամ կերտուած են յետագային հայերէնի բառապաշարային նիւթի հիման վրայ։
Հայերէն | Անգլերէն | Լատիներէն | Պարսկերէն | Յունարէն | Սանսկրիտ | Ռուսերէն | Հնդեւրոպական նախալեզու |
---|---|---|---|---|---|---|---|
մայր | mother | māter | مادر [mādar] | μήτηρ [mētēr] | मातृ [mātṛ] | мать [mat’] | *máH₂ter- |
հայր | father | pater | پدر [pedar] | πατήρ [patēr] | पितृ [pitṛ] | *pH₂tér- | |
եղբայր | brother | frāter | برادر [barādaṛ] | φράτηρ [phrātēr] | भ्रातृ [bhrātṛ] | брат brat] | *bʱráH₂ter- |
դուստր | daughter | دختر [doxtar] | θυγάτηρ [thugatēr] | दुहितृ [duhitṛ] | дочь [doč’] | *dʱugH₂-tér- | |
կին | queen | հին պարսկ.՝ کیانه [kiana] | γυνή [gunē] | ग्ना/ जनि [gnā/jani] | жена [žena] | *gʷén-eH₂- | |
իմ | my, mine | mei | من/ـم [man/am] | ἐμός [emos] | नन [mama] | мой [moy] | *mene- |
անուն[5] | name | nōmen | نام [nām] | ὄνομα [onoma] | नामन् [nāman] | имя [im’a] | *H₁noH₃m-n̥- |
ութ | eight | octō | هشت [(h)aşt] | ὀκτώ [oktō] | अष्ट [aṣṭa] | во́семь [vosem’] | *H₁oḱtō(u) |
ինը | nine | novem | نه [noh] | ἐννέα [ennea] | नवन् [nava] | *(H₁)néwn̥ | |
տասը | ten | decem | ده [dæh] | δέκα [deka] | दश [daśa] | де́сять [des’at’] | *déḱm̥ |
աչք | eye | oculus | چشم [čæşm] | ὀφθαλμός [ophthalmos] | अक्षि [akṣan] | око [oko] | *H₃okʷ- "տեսնել" |
արմունկ | arm | armus "ուս" | آرنج [arendj] | ἄρθρον [arthron] "միացեալ" | ईर्म [īrma] "բազուկ" | рамо [ramo] "ուս" (հնացած) | *H₁ar-mo- "յօդ, միացում" |
ծունկ[6] | knee | genū, | زانو [zānu] | γόνυ [gonu] | जानु [jānu] | *ǵénu- | |
ոտ(ք) | foot | pedis | پا، پای [pā, paj] | πούς [pous] | पद् [pāda] | *pod-, *ped- | |
սիրտ | heart | cor | دل [del] | καρδία [kardia] | हृदय [hṛdaya] | се́рдце [serdtse] | *ḱerd- |
կաշի | hide | cutis մաշկ | پوست [pust] մաշկ | κεύθω [keuthō] "կը ծածկեմ" | कुटइर [kuṭīra] "խրճիթ" | кожа [koža] | *keu- "ծածկել" |
մուկ | mouse | mūs | موش [muş] | μῦς [mūs] | मूष् [mūṣ] | мышь [myš’] | *muH₁s- "մուկ, մանր կրծող" |
կով | cow | گاو [gāv] | गो [gauḥ] | говядина [gov’adina] "տաւարի միս" | *gʷou- | ||
շուն | hound | canis | سگ [sæg] | κύων [kuōn] | श्वन् [śvā́] | сука [suka] "բիճ" | *ḱwon- |
տարի | year | hōrnus "այս տարուայ" | یاره، سال [jare, sal][7] "տարի" | ὥρα [hōra] "ժամանակ, տարի" | यरे [yare][7] "տարի" | яра [jara] "գարուն" (հնացած) | *yeH₁r- |
ամիս | moon, month | mēnsis | ماه [māh] "լուսին, ամիս" | μήν [mēn] "լուսին, ամիս" | मास [māsa] "լուսին, ամիս" | месяц [mes’ats] | *meH₁ns- "լուսին, ամիս" |
ամառ | summer | समा [samā] "տարուայ եղանակ" | *sem- "տարուայ տաք եղանակը" | ||||
ջերմ | warm | formus "տաք" | گرم [gærm] "տաք" | θερμός [thermos] "տաք" | घर्म [gharma] "տաք" | жара [žara] "տոթ" | *gʷʰerm- "ջերմ" |
լոյս | light | lucere, lux, lucidus "շողալ, փայլել, մաքուր" | روز [ruz] "օր" | λευκός [leukos] "պայծառ, փայլուն, սպիտակ" | लोक [roca] "փայլուն" | луч [luč’] "ճառագայթ" | *leuk- "լոյս, պայծառութիւն" |
ուտել | eat | edō "կ'ուտէմ" | ἔδω [edō] "կ'ուտեմ" | अद्मि [admi] "կ'ուտեմ" | есть [jest’] | *ed- "ուտել" | |
գետ | water | utur "ջուր" | رود [rōd] "գետ" | ὕδωρ [hudōr] "ջուր" | उदन् [udan] "ջուր" | вода [voda] "ջուր" | (*wodor, *wedor, *uder-) from *wed- "ջուր" |
մեռած | murder | mors "մահ", mortalis "մահկանացու" | مرگ [mærg] "մահ" / مرده [morde] "մեռած" | βροτός [brotos] "մահկանացու" | मृत [mṛta] "մեռած" | мертвый [mertvyj] "մեռած" | *mrtro-, (*mor-, *mr-) "մեռնիլ" |
միջին | mid, middle | medius "միջին" | میان [meyān] "միջին" | μέσος [mesos] "միջին" | मध्य [madhya] "middle" | между [meždu] "միջեւ" | *medʱyo-, *me- "մեջ, միջին" |
այլ | else | alius, alienus "այլ, ուրիշ" | ἄλλος [allos] "այլ, ուրիշ" | अन्य [anya] "այլ" | *al- "այլ" | ||
նոր | new | novus | نو [nô] | νέος [neos] | नव [nava] | новый [novyj] | *néwo- |
դուռ | door | fores | در [dær] | θύρα [thura] | द्वार [dvāra] | дверь [dver’] | *dʱwer- "դուռ, շեմ, դարբաս" |
տուն | timber [8] | domus | مان، [khune] | δόμος [domos] | दम [dama] | дом [dom] | *domo-, *domu- "տուն" |
բերրի, բերել | bear | ferre, fertilis "կրել" | بردن، برـ [bordæn, bær-] "կրել" | φέρειν [pherein] "բերել, կրել" | भरति [bharati] "կը տանէ" | брать [brat’] "վերցնել" | *bʱer- "կրել, տանիլ" |
Փոխառեալ բառեր, որոնք հայերէնը իր զարգացման ընթացքին փոխառած է, ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներէն է։ Անոնք են՝ իրանական փոխառութիւններ (1411), լատինական, յունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական եւ այլն։
Հայերէնի բառապաշարը կը զարգանայ լեզուին մէջ առկայ բառերէն նոր բառեր կազմելով, ինչպէս նաեւ փոխառութիւններ կատարելով, կարելի եղածին չափ զերծ մնալով անհարկի օտարաբանութիւններու ներմուծումէն։
Ձեւաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնի խօսքի մասերը տաս են՝ գոյական, ածական, թուական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկութիւն։
Հայերէնին մէջ գոյական ունի երկու թիւ՝ եզակի եւ յոգնակի եւ եոթ հոլով՝ ուղղական, հայցական, սեռական, տրական, բացառական, գործիական եւ ներգոյական։ Արդի հայերէնի որոշ մասնագէտներ կը միացնեն հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով յանգելով հայերէնի հինգ հոլովի։ Գոյականը կը գործածոգի երկու ձեւով՝ արտաքին հոլովում, եւ ներքին հոլովում, քանի մը բառեր ալ կ'ենդարկուին այլաձեւ հոլովման։
Ըստ առարկայի յատկանիշի արտայայտման ձեւին (ուղղակիօրէն կամ միջնորդաւորուած)՝ հայերէնին մէջ ածականները կ'ըլլան որակական ու յարաբերական։ Որակական ածականները ունին համեմատութեան երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։
Բայը հայերէնին մէջ ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դէմքի (առաջին, երկրորդ եւ երրորդ), որուն լրացուցիչ կերպով կը միանայ թիւի կարգը (եզակի եւ բազմակի) եւ սեռի (ներգործական, կրաւորական եւ չեզոք), որոնցմէ իւրաքանչիւրը կը խոնարհուի ըստ կերպի (անկատար, կատարեալ, վաղակատար ու նաեւ գործողութեան կրկնութիւնը, բազմակիութիւնը, տեւականութիւնը եւ այլն ցոյց տուող ձեւերը), ժամանակի (անցեալ, ներկայ եւ ապառնի) եւ եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) եւ այլն։
Կետադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնի կետադրական նշանները կը բաժնուին երեք խումբի՝ տրոհութեան, առոգանութեան եւ բացայայտութեան։ Ժամանակակից հայերէնը ունի 15 կետադրական նշաններ, որոնք են.
տրոհութեան՝ բացատը () վերջակէտը (:), միջակէտը (.), ստորակէտը (, ) եւ բութը (՝),
առոգանութեան՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) եւ բացագանչական նշանը (՜),
ու բացայայտութեան՝ չակերտը («»), փակագիծերը (()), կը գործածուին նաեւ ({}), ([]), կախման կետերը (...), բազմակէտերը (....), միութեան գծիկը (-), անջատման գծիկը (―), ենթամնան (-) եւ ապաթարցը ('):
Ասոնց հետ մէկտեղ հայերէնի մէջ կարելի է հանդիպիլ այլ կետադրական նշաններու, որոնք կա՛մ այլեւս չեն գործածուիր, կա՛մ ալ կարելի է հանդիպիլ մասնագիտական հատուածներու մէջ։ Այս յաւելեալ նշաններէն են պատիւը (՟), որ կը գործածուի յապաւումներ եւ փակագիրեր նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մէկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) եւ այլն։
Բարբառներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնը ունի երկու ճիւղեր՝ Արեւելահայերէն եւ Արեւմտահայերէն, որոնցմէ իւրաքանչիւրը ունի իր բարբառները։ Արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի հիմնական տարբերութիւնը որոշ գրատառերու մօտ, հայերէնի հնչիւններուն համապատասխանութեան տարբերութեան մէջ է։
Ըստ Հրաչեայ Աճառեանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձեւաբանական դասակարգման՝ կ'ընդունուին բարբառներու երեք խումբ՝ ում ճիւղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկայ ժամանակաձեւը կը կազմուի ում, ամ, իմ տարրերով), կը ճիւղ (անկատար ներկան կը կազմուի կը, կու, գը, գու, գա, գի, գօ տարրերով), ել ճիւղ (ներկան կը կազմուի ել, իլ, ալ տարրերով)։
Հայերէնը համակարգչային դարուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական յօդուածներ՝ Վիքիպեդիա։ Ինչպէս գրել հայերէն եւ Յունիգոտ
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (անգլերէն)Ethnologue.org - Հայեր Archived 2007-10-09 at the Wayback Machine.
- ↑ Իրաքի Քուրդիստանում հայերէնը պետական լեզու է ճանաչվել
- ↑ В Иракском Курдистане армянский язык признан официальным (ռուս.)
- ↑ Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երեւան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Archived 2015-04-26 at the Wayback Machine. Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ անգլերէնից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
- ↑ [1]
- ↑ Ծ հնչիւնը կը համապատասխանէ հնդեւրոպական *ǵ- հնչիւնին։
- ↑ 7,0 7,1 "yare" (տարի) բառը պարսկերէնին ու սանսկրիտին անցած է Հնդիրանական քոյր լեզուէն՝ աւեստայէն։
- ↑ ( ← հին անգլ.՝ timber "շինարարութեան օգտագործուող ծառեր")
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արեւմտահայերէն
- Արեւելահայերէն
- Նախաքրիստոնէական հայկական գրային համակարգեր
- Հնդեւրոպական լեզուներ
- Ուրարտական սեպագիր արձանագրութիւններ
- Աշխարհի լեզուներ
- Հայկական գիր
- Մեսրոպ Մաշտոց
- Հայերէնի քերականութիւն
- Մատենադարանի ձեռագրերը քերականութեան մասին
- Հայերէնի բարբառներ
- Հայ միջնադարեան քերականներ
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայերէն այբուբենը
- ՀԲԸՄ - Հայկական վիրտուալ համալսարան - առաջին առցանց համալսարանը հայերէն սորվելու համար (ՀԲԸՄ)
- Հայերէնի դասեր
- Սորվի՛նք Հայերէն
- Էթնոլոգ կայքի զեկոյցը հայերէնի մասին
- Հայերէնի հետ կապուած առցանց ռեսուրսների ցանկ
- «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի Հայոց լեզուի ուսումասիրութեան համար նախատեսուած էջը
Առցանց բառարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նայիրի (Հայերէն բառարաններու ելեկտրոնային գրադարան) Բառգիրք հայերէն լեզուի, Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ (մօտ 18, 000 գլխաբառ, Արեւմտահայերէն)
- Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց, Երեւան, 1944։ (մօտ 130, 000 գլխաբառ)
- Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1926։ (5, 062 ստուգաբանուած արմատներ)
- Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան, Հրաչեայ Աճառեանի Անուան Լեզուի Ինստիտուտ, Երեւան, 1969-1980։ (մօտ 125, 000 գլխաբառ)
- Արդի հայերէնի բացատրական բառարան, Էտուարտ Բագրատի Աղաեան, Երեւան, 1976։ (մօտ 135, 600 գլխաբառ)
- Հայոց լեզուի հոմանիշներու բառարան, Աշոտ Մուրատի Սուքիասեան, Երեւան, 1967։ (մօտ 83, 000 բառ եւ դարձուածաբանական միաւոր)
- Հայոց լեզուի նոր բառարան, Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Պէյրութ, 1992։ (մօտ 56, 000 բառ, Արեւմտահայերէն)
- Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան, Պէյրութ, 1970։ (մօտ 70, 000 մուտքի բառեր)
- Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան, Պէյրութ, 1981։ (մօտ 96, 000 գլխաբառ)
- Գործնական Բառարան Հայերէն-Ֆրանսերէն, Գրիգոր Շահինեան, Պէյրութ, 1997։ (մօտ 18, 000 գլխաբառ)
- Գործնական Բառարան Ֆրանսերէնէ Հայերէն, Յարութիւն Քիւրքճեան, Պէյրութ, 1988։ (մօտ 20, 000 գլխաբառ)
- Բառարան ԻՍՄԱ (Translator.am) թարգմանչի մէջ
- Հայերէն-Անգլերէն, Անգլերէն-Հայերէն բառարան
- Հայ-անգլերէն բառարան եւ թարգմանութիւն
- Հայերէն օնլայն բառարան, կը պարունակէ բառի բացատրութիւնը, հոմանիշները, ռուսերէն թարգմանութիւնը։
- ԱրմԴիքթ, անվճար, բազմալեզու, առցանց բառարան։
- Հայերէն լեզուի համացանցի բառարան։
- Վիքիբառարան, անվճար, բազմալեզու, առցանց բառարան։
Հետազօտական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տեխասի համալսարանի գրաբար հայերէնի հետազօտական շարք (անգլերէն)
Հայերէնը Համակարգիչի Պաստառին Վրայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայերէն Ստեղնաշար, Փոխարկիչ, Բառարան, Գիրքեր, Տառատեսակներ, Ծրագրեր…
- Հայերէն կայքերու կատալոգ