Jump to content

Կովկաս

Կովկասի էթնիկ խումբերը

Կովկասը[1], տարածաշրջան է Եւրասիայի մէջ։ Անիկա կ'ընդգրկէ Կովկասեան լեռները եւ հարթավայրերը։ Կը գտնուի արեւելաեւրոպական հարթավայրին հարաւը՝ Եւրոպայի ու Ասիայի սահմանին։ Կովկասը կ'ընդգրկէ Ռուսաստանէն, Հայաստանէն, Վրաստանէն ու Ազրպէյճանէն տարածքներ[2]։ Արեւմուտքէն կը հասնի մինչեւ Սեւ ծով, արեւելքէն՝ մինչեւ Կասպից ծով։ Հիւսիսի կողմը Կովկասի սահմանները կը հասնին մինչեւ Կումա-Մանիչի իջուածքը, Ազովի ծովը ու Կերչի նեղուցը[3]։

Անուան ստուգաբանութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Կովկաս» անուանումը (հին յուն․՝ Καύκασος) առաջին անգամ կը հանդիպի հին յոյն հեղինակներու Էսքիլեսի (ՔԱ 6-5-րդ դարերու ժամանակ) «Պրոմեթեւսը շղթայուած» ու Հերոտոտոսի (ՔԱ 5-րդ դարու ժամանակ) աշխատութիւններուն մէջ։ Աշխարհագրագէտ Ստրապոնի վկայութեամբ՝ (յղումով Էրաթոսֆենին (հելլէնիզմի ժամանակաշրջանին այս մեծ գիտնականի անունը ԷՐԱՏՈՍԹԵՆ է) (ՔԱ 3-րդ դարու ժամանակ)՝ տեղաբնակները Կովկասը կ'անուանէին Կասպի[4], որ կը վկայէ, թէ Կովկաս անուանումը, այդ տարածաշրջանին չէր տրուած տեղաբնակներու կողմէ։

Յունարէն Καύκασος բառին ծագումը սովորական չէր, եւ լեզուաբաններու բացատրութիւններն ալ տարաբնոյթ են։

Հին հայկական աղբիւրներուն մէջ յայտնի է որպէս Կապկոհ[5]։

Ֆիզիքա-աշխարհագրական բնութագիր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[խմբագրել | խմբագրել կոդը] Հիւսիսային Կովկասը հարթավայրային է, արեւմուտքը կը գտնուին Մերձազովեան դաշտավայրը եւ Մերձկուբանի թեք հարթավայրը, կեդրոնական մասը՝ Ստավրոպոլեան բարձրութիւնը (400-600 մ), արեւելքը՝ Թերեք-Կումայի (Նողայական) հարթավայրը, Ստավրոպոլեան բարձրութեան հարաւ-արեւելքը՝ Միներալնիէ վոտիի լակոլիթնեու շրջանը։

Մեծ Կովկասը հզօր լեռնային համակարգ է, կ'երկարի Թամանի թերակղզիէն մինչեւ Ապշերոնեան թերակղզին (1100 կմ), որու միջին գծով կ'անցնի Ջրբաժան, իսկ հիւսիսէն իրեն զուգահեռ՝ Կողքային լեռնաշղթան։ Դէպի հիւսիս Մեծ Կովկասին զուգահեռ կ'անցնի Ժայռոտ լեռնաշղթան, իսկ Դաղստանի լեռնային երկրի սահմաններով՝ Անդեան, Բոգոսեան, Գիմրինեան, Սամուրի եւ այլ լեռնաշղթաներ։ Մեծ Կովկասը կը բաժնուի 3 մասի՝

  1. Արեւմտեան Կովկաս,կը տարածուի Անապայէն մինչեւ Էլբրուս. բարձր գագաթներէն են Դոմբայ-Ուլղենը (4046 մ), Ղվանդրան,
  2. Կեդրոնական Կովկաս, կը տարածուի Էլբրուս (5642 մ) եւ Կազբեկ (5033 մ) գագաթներու միջով։ Կազմուած է բիւրեղային ապարներէ։ Այստեղ 15 գագաթ (Շխարա, Դիխ-Տաու, Կոշտան-Տաու եւ այլն) կը գերազանցեն Ալպերի ամէնաբարձր գագաթ՝ Մոնբլանը (4807 մ),
  3. Արեւելեան Կովկաս, կը տարածուի Կազբեկէն մինչեւ Ապշերոնեան թերակղզի։ Բարձր գագաթներէն են Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բազարդյուզյուն (4466 մ), Բաբադաղը (3629 մ)։

Հարաւային Կովկասի մակերեւույթը կազմուած է Մեծ Կովկասի հարաւային շղթաներէն, միջին իջոյթային լայնատարած մարզէն, հարաւը տարածուած հայկական լեռնաշխարհի՝ ՀՀ պատկանող հատուածէն եւ հարաւ-արեւելքը՝ Թալիշ-Լենքորանէն։ Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքէն դէպի հարաւ կը ճիւղաւորուին Բզիբի, Կոդորի, Սվանեթեան, Ռաճայի, Լեչխումի, Սուրամի (Լիխի), Կախեթի, Քարթալինեան լեռնաշղթաները։ Հարաւային Կովկասի իջուածքը Սուրամի լեռնաշղթայով կը բաժնուի երկու մասի՝ Կոլխիդայի եւ Կուրի իջուածքներու։ Վերջինս իր հերթին կազմուած է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Սուղանի, Միլի, Մալեանի հարթավայրերէն։ Կուր եւ Արաքս գետերու ստորին հոսանքներու աւազանին մէջ կը գտնուի Կուր-Արաքսեան դաշտավայրը։ Հայկական լեռնաշխարհի հիւսիսարեւելեան մասը կ'առաջացնէ լեռնաշղթաներու, սարաւանդներու ու միջլեռնային հովիտներու համակարգ մը։ Եզրային լեռները կը կոչուին Փոքր Կովկաս։ Այս համակարգին կը պատկանին Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Արեգունիի, Սեւանի, Մռաւտաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները։ Լեռնաշխարհի կազմին մէջ են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռիի, Արագածի, Գեղամայ, Վարդենիսի, Սիւնիքի (Ղարաբաղի), ինչպէս նաեւ ծալքաբեկորաւոր՝ Ուրծի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի եւ Մեղրիի լեռնաշղթաները։ Հայկական լեռնաշխարհի սովետական հատուածի ամէնաբարձր գագաթը Արագածն է (4090 մ)։ Հարաւային Կովկասի ծայր հարաւարեւելեան մասը՝ Կասպից ծովի ափին կը գտնուի Թալիշ-Լենքորանի շրջանը։ Ծովափի երկարութեամբ կը ձգուի Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ ազրպէյճանա-իրանական սահմանով՝ Թալիշի լեռնաշղթան[6]:

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան
  • Ազրպէյճան
  • Ռուսաստան
  • Վրաստան

Չճանչցուած կամ մասամբ ճանչցուած երկիրներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախ
  • Հարաւային Օսիայի Հանրապետութիւն
  • Աբխազիայի Հանրապետութիւն
  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. Caucasus // Encyclopedia Britannica
  3. Frederik Coene. The Caucasus: An Introduction. 2010
  4. Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, 497
  5. «Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում — Գրապահարան»։ grapaharan.org։ արտագրուած է՝ 2025-05-22 
  6. (հայերեն) Կովկաս, 2025-01-09, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BE%D5%AF%D5%A1%D5%BD#cite_ref-7, վերցված է 2025-05-22