Խաչատուր Աբովեան
| Խաչատուր Աբովեան | |
|---|---|
![]() Աբովեան 1831-ին | |
| Ծնած է | 15 Հոկտեմբեր 1809[1][2][3][…] |
| Ծննդավայր | Քանաքեռ[1][2][4] |
| Մահացած է | 14 Ապրիլ 1848[1][5][6] (38 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
Երևանի խանություն և |
| Ազգութիւն | Հայ[2][3] |
| Ուսումնավայր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[2], Ներսիսեան դպրոց[2] և Դորպատի կայսերական համալսարան?[2][4] |
| Ազդուած է | Եոհան Վոլֆկանկ վոն Կէօթէ |
| Երկեր/Գլխաւոր գործ | Վէրք Հայաստանի[2][3] |
| Տեսակ | արձակ |
| Մասնագիտութիւն | գրագէտ, վիպասան, ուսուցիչ, բանաստեղծ, թատերագիր, արձակագիր, լուսավորիչ և ազգագրագետ |
| Աշխատավայր | Վանական Համալիր Սանահին[2] և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
| Երեխաներ | Վարդան Աբովյան? |
Խաչատուր Աբովեան (15 Հոկտեմբեր 1809[1][2][3][…], Քանաքեռ[1][2][4] - 14 Ապրիլ 1848[1][5][6], Երեւան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1]), արեւելահայ աշխարհաբար գրականութեան հիմնադիր։
Ծնած է Երեւանի Քանաքեռ գիւղը։ Աւարտած է Թիֆլիս Ներսիսեան դպրոցը։ Աբովեանի ստեղծագործութեամբ սկիզբ կ՛առնէ հայ գրականութեան զարգացման նոր փուլը, որ նախորդէն կը տարբերի՝ իր թեմայով, լեզուով, հերոսի ընտրութեամբ եւ այլն։ 1829-ին, որպէս թարգմանիչ՝ կ'ընկերակցի Դորպատի համալսարանի դասախօս Ֆրիտրիք Պարրոտին եւ անոր հետ կը բարձրանայ Արարատի գագաթը։ Յաջորդ տարի Պարրոտի միջնորդութեանբ կ'ընդունուի Դորպատի համալսարանը, ուր կ'ուսանի վեց տարի։ Վերադարձին տեսչական պաշտօններ կը վարէ Թիֆլիսի եւ Երեւանի մէջ։ 1848-ի Ապրիլին կը մեկնի տունէն ու այլեւս չի վերադառնար։ Իր մահուան պատճառները առ այսօր կը մնան անյայտ։
Խաչատուր Աբովեանը բնակած է տանը մէջ հօրենական մեծ հօրը` Աբովին: Ան եղած է բարեկեցիկ ու բարեգործ, այլեւ յանդուգն անձ մը, որ կարեւոր դերակատարութիւն ունեցած է իր ժամանակին, պարսկական տիրապետութեան օրով, Քանաքեռի պաշտպանութեան մէջ` ընդդէմ թուրք ու այլ պատահական աւազակներու: Աբովի մէկ շառաւիղն է Աղասին՝ «Վէրք Հայաստանի» վէպին գլխաւոր հերոսը:
Գլխաւոր գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աբովեանի գլխաւոր գործն է «Վէրք Հայաստանի, Ողբ Հայրենասէրի» վէպը, որ իր հայրենասիրական ջերմ շունչով եւ ազգային ազատագրական գաղափարներով՝ մեծ ազդեցութիւն գործած է հետագայ սերունդներուն վրայ։ Իր միւս գործերէն են՝ «Պարապ Վախտի Խաղալիկ», «Ովսաննա», «Թուրքի Աղջիկը», որոնց մէջ պարզ ու հասկնալի լեզուով պատկերացուցած է հայ ժողովուրդի կեանքն ու ազգային աւանդութիւնները։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆէոտորա կամ որդիական սէրը, Տփղիս, 1841, 137 էջ:
- Վէրք Հայաստանի, Տփղիս, 1858, 276 էջ:
- Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից, Տփղիս, 1862, 104 էջ:
- Պարապ վախտի խաղալիք, Տփղիս, 1864, 138 էջ:
- Երկերը, Մոսկուա, 1897, 536 էջ:
- Վէրք Հայաստանի, Մոսկուա, 1897:
- Վէրք Հայաստանի, Տփղիս, 1908, 304 էջ:
- Ողբ հայրենասիրի, Կ. Պոլիս, 1931, 316 էջ:
- Պարապ վախտի խաղալիք, Մոսկուա, 1932, 344 էջ:
Շրջան մը, Աբովեանի երկերը Խորհրդային Հայաստանի մէջ կը հրատարակուին տասը հատորով: Ասոնց մէկ մասը գրուած է շատ ընտիր գրաբարով, ուրիշներ, ինչպէս` «Վէրք Հայաստանի»ն եւ «Պարապ վախտի խաղալիք»ը, գրուած են Քանաքեռի բարբառով:
Ձգած է գերմաներէն գրութիւններ եւս: Իր ողջութեան Աբովեան ոչ մէկ գործ կրցած է հրատարակել, ենթադրելի է` խոր աղքատութեան պատճառով, որովհետեւ ան շատ աղքատ էր: Միայն մէկ վտիտ գրքոյկ` մանկավարժական բովանդակութեամբ, կրցած է լոյս ընծայել Կովկասի փոխարքային մանկավարժական հիմնադրամին օժանդակութեամբ, ան ալ շուտով ետ կը հաւաքուի ու կը փճացուի: Իսկ «Վէրք Հայաստանի»ն, առաջին գեղարուեստական երկը` կարգ մը յապաւումներով (գրաքննութեան բերումով) կը հրատարակուի գրելէն շուրջ քսան, իսկ մահէն տասը տարի ետք միայն: Հետագայ հրատարակութեանց մէջ կամաց-կամաց կը նուազին ու իսպառ կը չքանան յապաւումները: Խորհրդային կարգերու ամբողջ տեւողութեան յամառօրէն կը շրջի շշուկ մը, որ «Վէրք Հայաստանի»ին հրատարակութիւններէն զեղչուած են հակառուս տողերը. այս ենթադրութեան աննկուն քարոզիչը կը դառնայ Կարէն Սիմոնեան` յատկապէս Ֆրանսա հաստատուելէն ետք ու կեղծ այլախոհի իր դիրքերէն, մինչեւ որ 2004-ին, Գուրգէն Գասպարեան վէպը կը հրատարակէ Աբովեանի ինքնագիրին հիմամբ, յորում, ինչպէս օրին կը վկայեն աբովեանագէտներ, ոչ մէկ հակառուս տող կը գտնուի[7]:
Աբովեանի Հայրենասիրութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրենասէր Աբովեանին հիասթափութիւնը եւ յուսահատութիւնը շատ յստակ է իր հետեւեալ տողերուն մէջ.
| Էս ա տասնը հինգ տարի ա, որ տանից, տեղից, սիրելուց, բարեկամից, պատուից, փառքից ձեռք եմ վերցրել, հեռացել, աշխարքէ աշխարք ընկել, գլուխս քարէ քար տուել, որ իմ ազգին պէտքը գամ, մէկ հարիր աղքատ երեխայի ձեռքից բռնեմ, ինչ գիտեմ, նրան սովորեցնեմ, նրանց սիրտն ու հոգին բանամ, իմ սրտիս տարտերը բոլոր մէջն ածեմ, ազգին ինչ է հարկաւոր, նրանց տամ, գեղեր, քաղաքներ ուղարկեմ, որ գնան, իրանց բարի սերմը մեր բարի ազգի բարի երեխանց սրտում ցանեն, նրանց էրուած սիրտը հովացնեն, բերանները լեզու դնեն, սրտներումը ղվաթ (ուժ), որ հասնողը նրանց գլխին չտայ, ինչպէս մինչեւ էս օր տուել են, ու յետոյ, ախ` յետոյ գերեզման մտնեմ, յետոյ աչքս խփեմ, հոգիս հովանայ, մարմինս դինջանայ: էս ա իմ մուրազը էս օր էլ որ միտք եմ անում, թէ ես հաց ուտելիս, տաք տեղ նստելիս, հազարաւոր հայ ո՛չ հաց ունին, որ ուտեն, ոչ շոր ունին, որ տաքանան, սիրտս պատռւում ա, օրս խաւարում: - [8]
|
Գրաքննադատական հայացքներ[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աբովեանի գրական հայացքներուն մէջ առանձնայատուկ ընդգծում ունի ազգային գոյութեան տեսանկիւնէն ճակատագրական հարց մը, թէ արդեօ՞ք հայերը գեղարուեստասէր են։ Եւրոպացիները կը զարմանան, քանի որ ունենալով հարիւրամեակներու պատմութիւն, մշակոյթ, չունինք «Օրինաւոր բանաստեղծութիւն»։ Իսկ Աբովեանը կը պատասխանէ, որ հայերու պատմութիւնը, մշակոյթը, ավանդոյթները, առօրեան առանձին պատմութիւններ են, որոնք կրնան բանաստեղծութեան վերին թռիչք տալ։
Աբովեանի ապրած դարաշրջանը կը յատկանշուի պարսկական եւ թրքական բռնապետական լուծի դէմ հայ ժողովուրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանաւորութեան տակ անցնելու յոյսերու իրականացմամբ եւ լուսաւորական շարժմամբ, որու նպատակն էր փրկել հայրենիքը հոգեւոր ստրկութենէն եւ մտաւոր խաւարէն։ Աբովեանը դարձած է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Աբովեանը հայ եւ ռուս ժողովուրդներու եղբայրական բարեկամութեան, հայերու ռուսական կողմնորոշման ջատագովն էր։
Գնահատելով ժողովրդական բանահիւսութեան դերը գրականութեան զարգացման գործին մէջ՝ Աբովեանը հաւաքած ու մշակած է առակներ, առածներ, աւանդութիւններ, երգեր եւ սկզբնաւորած՝ հայ բանագիտութիւնը։ Աբովեանը թարգմանած է Հոմերոսի, Կէօթէի, Ֆրիտրիխ Շիլլէրի, Ն. Գարամզինի որոշ գործեր։ Աբովեանը ճիշդ ըմբռնած է լեզուի, որպէս ազգապահպանման կարեւոր գործօնի, հասարակական դերն ու նշանակութիւնը։ Ան ծանօթ էր նոյն շրջանին ձեւաւորուող պատմահամեմատական լեզուաբանութեան, որու դիրքերէն ալ քննած է լեզուի ծագման, զարգացման ու փոփոխութեան հարցերը, ծաւալած՝ աշխարհաբարը ժամանակի պահանջներուն համապատասխան մշակելու մեծ աշխատանք։
Աբովեանը զբաղած է նաեւ քերականութեան հարցերով. «Նախաշաւիղ»–ի երկրորդ մասին մէջ շարադրած է աշխարհաբարի քերականութիւնը, բաղդատած՝ գրաբարի եւ աշխարհաբարի լեզուաքերականական իրողութիւնները, մատնանշած անոնց տարբերութիւնները։ Աբովեանը Դաբբէի «Ռուս-գերմանական քերականութեան» օրինակով կազմած է «Նոր տեսական եւ գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838-1839) ձեռնարկը։ Ստեղծած է ռուս-հայերէն առաջին զուգադրական քերականութիւնը։
Աբովեանի ստեղծագործութիւնն արժէքաւոր ներդրում է հայ նոր պատմագրութեան մեջ («Մէկ երկու խօսք Էլ հայոց վրայ», «Ուղեւորութիւն դեպի Անիի աւերակները»)։ Աբովեանը քննադատած է ժամանակի եւրոպական պատմագրութիւնը, զայն որակած՝ աշխարհակալ տէրութիւններու պատմութիւն, որմէ վտարուած են փոքր ժողովուրդներն ու աշխատաւոր խաւերը։ Ան կը կարծէր, որ պատմական անցեալը պէտք է դառնայ ազատագրական պայքարի, արդիական հարցեր լուծելու ազդակ։ Աբովեանը ձաղկած է իր ժամանակի հոգեւորականութեան ներկայացուցիչները, թէեւ չէ յանգած կրօնի եւ անոր սպասաւորներու ժխտման։ Իր ըմբռնումով աշխարհն արարչագործութեան ծնունդ է, բնութիւնը՝ աստուածայինի դրսեւորում, զարգացումն ու փոփոխութիւնները՝ ամէնատեսի կամքի արտայայտութիւնը։ Աբովեանն ուսումնասիրած է հայերու ընտանեկան սովորոյթներն ու կենցաղը («Գիւղական տուներու կառուցուածքը» (1835), «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի ու յատկապէս նրանց հարսանեկան սովորութիւնների մասին» (1840)) եւ սկզբնաւորած հայ ազգագրութիւնը։ «Քրդեր» եւ «Եզդիներ» (1846) ակնարկներով հիմք դրած է քրտագիտութեան՝ Հայաստանի մէջ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 7. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127–168. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Педагоги и психологи мира — 2012.
- ↑ Աբովեանի Գործերը
- ↑ Աբովեանի Հայրենասիրութիւնը
- ↑ (հայերեն) Խաչատուր Աբովյան, 2025-10-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10478218, վերցված է 2025-11-16
| ||||||||||
- 15 Հոկտեմբերի ծնունդներ
- 1809 ծնունդներ
- Երեւան ծնածներ
- 14 Ապրիլի մահեր
- 1848 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրողներ
- 19-րդ դարու արեւելահայ արձակագիրներ
- Անյայտ կորած անձինք
- Անձինք նամականիշերու վրայ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ մանկավարժներ
- Հայ գիտնականներ
- Գրողներ այբբենական կարգով
