Մինաս Աւետիսեան (գեղանկարիչ)
Մինաս Աւետիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Յուլիս 1928 |
Ծննդավայր | Ջաջուռ |
Մահացած է | 23 Փետրուար 1975 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[2] Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի[2] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
Ամուսին | Գայեանէ Մամաջանեան |
Երեխաներ | Նարեկ Աւետիսեան |
Մինաս Կարապետ Աւետիսեան (20 Յուլիս 1928[5][6][7][…], Ջաջուռ, Ախուրեանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][1] - 23 Փետրուար 1975[3][4], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ նշանաւոր գեղանկարիչ։ Հայ կերպարուեստի ամէնէն կարկառուն ներկայացուցիչներէն մէկը Ի. դարու երկրորդ կէսին։
Ծնած է 20 Յուլիս 1928-ին, Ջաջուռ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզին մէջ)։ Պատանի հասակին տարուած է Մարտիրոս Սարեանի արուեստով։ Առաջին անգամ նկարիչին հետ ծանօթացած է 18 տարեկանին (վերջինիս կենդանութեան)[8]։
Մինասին գեղարուեստական եւ գեղագիտական զարգացման գործին վրայ մեծ ազդեցութիւն ունեցած են հայկական մանրանկարչութիւնը եւ իտալական Վերածնունդի նկարչութիւնը, որուն ծանօթացած է ուսանողութեան տարիներուն Լենինկրատի մէջ[8]։
Մինաս ստեղծած է հայկական գիւղաշխարհը արտացոլող համադրութիւններ, բնանկարներ, ինչպէս նաեւ դիմանկարներ եւ որմնանկարներ։ Մինասի ստեղծագործութիւնները իւրայատուկ են իրենց գունային ուժեղ հակադրութիւններով, որոնք կ'արտայայտեն լուսաւոր, քնարական տրամադրութիւններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձած է նկարչութեան բոլոր ոլորտներուն՝ գեղանկարչութիւն, գծանկարչութիւն, որմնանկարչութիւն, բեմանկարչութիւն եւ այլն։ Մինասի նկարները նշանաւոր են իրենց գունային կտրուկ հակադրութիւններով։
Անոր նկարներէն քանի մը հատը կապուած են հայ ժողովուրդի անցեալին, յատկապէս 1915-ի Հայոց ցեղասպանութեան հետ, որմէ մազապուրծ եղած են նաեւ նկարիչին ծնողները։ Այդ ժամանակաշրջանին կը պատկանին 1965-1967 թուականներու ստեղծուած «Ճանապարհ. ծնողներուս յիշողութիւնները» եւ «Տէր-Զօրի ճանապարհին» (1964) կտաւները։
Մինասին ստեղծագործական բեղուն կեանքը տեւած է 15 տարի՝ 1960-1975 թուականներուն, որոնց ընթացքին նկարիչը ստեղծած է շուրջ հինգ հարիւր մեծ ու փոքր կտաւ, մօտաւորապէս նոյնքան գծանկար, քսան մեծածաւալ որմնանկար, մէկ տասնեակէ աւելի պալեթային ու թատերական ձեւաւորումներ։
16 Փետրուար 1975-ին, Մինաս Երեւանի մէջ կ'ենթարկուի ինքնաշարժի արկածի։ Կը մահանայ շաբաթ մը ետք՝ 23 Փետրուարին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի մը դուստրը։[9]
Պատերազմի տարիներուն, պատանի Մինաս պատահականօրէն կը հանդիպի նկարիչ Յակոբ Անանիկեանին, ինչ որ բախտորոշ կը դառնայ Մինասին համար։
- 1947-1952 գեղարուեստական կրթութիւնը կը ստանայ Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանէն ներս:
- 1952-ին կ'ընդունուի Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։
- 1953-1960 կ'ուսանի Լենինկրատի Ի. Ռեպինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկին, ինչպէս նաեւ Ա. Զայցեւի եւ Լ. Խուտեաքովի արուեստանոցին մէջ։ Ուսումնական աշխատանքին ղեկավարը կ'ըլլայ Պորիս Եոհանսընը։
- 1960-ին կը վերադառնայ Երեւան։
1960-1970
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1962-ին կը մասնակցի «Հինգի ցուցահանդէսին» (Լաւինիա Բաժբէուկ-Մելիքեան, Ալեքսանդր Գրիգորեան, Արփենիկ Ղափանցեան եւ Հենրիկ Սիրաւեան)։[10] Կը դառնայ ՍՍՀՄ նկարիչներու միութեան անդամ։
- 1968-ին առաջին անգամ կը նկարահանուի. Միքայէլ Վարդանովի «Հայկական հողին գոյնը» շարժանկարին մէջ
[11]:
- 1968-ին կ'արժանանայ ՀՍՍՀ վաստակաւոր նկարիչի կոչման։
- 1970-ին Մոսկուայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչութիւնը լոյս կ'ընծայէ Հենրիկ Իգիթեանի «Մինաս Աւետիսեան» մենագրութիւնը։
- 1 Յունուար 1972-ի առտուան 2:00-ին հրդեհ մը կը բռնկի նկարիչին արուեստանոցէն ներս, եւ կ'այրին հոն հաւաքուած բոլոր գործերը, անոնց կարգին նաեւ Փարիզի մէջ կազմակերպուելիք անհատական ցուցահանդէսին համար հաւաքած աշխատանքները (շուրջ 300, որոնցմէ 120-ը՝ գեղանկարներ) եւ անձնական արխիւը (նամակներ եւ այլն)։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1964-ին Մինաս կ'ամուսնանայ նկարչուհի Գայեանէ Մամաջանեանի հետ։ 1966-ին կը ծնի առաջնեկը՝ Արմանը։ 1969-ին կը ծնի կրտսեր որդին՝ Նարեկ Աւետիսեանը, որ նոյնպէս նկարիչ է։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նկարիչը 16 Փետրուար 1975-ին, Երեւանի մէջ վարորդ Ժորա Յովսէփեանի կողմէ ինքնաշարժի արկածի կ՚ենթարկուի, եւ իր մահկանացուն կը կնքէ 23 Փետրուարին։
Մինաս Աւետիսեանին մահուան հանգամանքները մինչեւ օրս կը մնան անյայտ։
Ստեղծագործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր բնութագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինաս համեմատաբար ուշ սկսած է գեղանկարչութեամբ զբաղիլ։ 1960-ի անհատական ցուցահանդէսէն ետք, կարծիքները հակասական էին։ Կարգ մը արուեստաբաններ թերահաւատութեամբ կը նայէին Մինասին աշխատանքներուն։
Նկարիչի հիմնական նիւթերէն մէկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, ուր ծնած է նկարիչը, մայրը՝ դրան շեմին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարան), հայրենի լեռները եւ բնաշխարհը։
Մօր հանդէպ յատուկ սէր տածած ըլլալով եւ զինք կանուխ կորսնցնելով, Մինաս մօր թեմային անդրադարձած է իր բոլոր աշխատանքներուն մէջ՝ ե՛ւ գեղանկարներուն, ե՛ւ որմնանկարներուն, ե՛ւ գծանկարներուն մէջ։
Երանգապնակին մէջ կը գերակշռեն կարմիրը, կապոյտը, նարնջագոյնը եւ դեղինը:
Մանկութեան օրերուն գիւղին մէջ ստացած տպաւորութիւններէն կը բխին նկարիչին ամէնէն վառ ու գունեղ ներդաշնակ կտաւները. («Գորգ կը գործեն», «Խնոցի», «Գիւղը», «Քնացածը» եւ այլն)։ Եզակի հետաքրքրութիւն կը ներկայացնէ ջաջուռեան պատկերաշարը։ «Ջաջուռ» բնանկարը (1960 Կտաւ, իւղաներկ, Ժամանակակից արուեստի թանգարան, Երեւան)։
Վկայութիւններ՝ Մինասի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինասի խառնուածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արուեստագէտ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչութեան մէջ փոխադրեց իր հզօր սիմֆոնիզմը։ |
Աշխարհի մէջ անոր պէս նկարիչ քիչ կայ, եթէ ըսեմ` չկայ, հաւատացէ՛ք: Ի՜նչ զօրաւոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է… |
Մինասը նկարչական աշխարհում երեւոյթ է, նրա նկարները զրնգուն հնչեղութիւն կ՛ունենան Փարիզի նման նկարչութեան արուեստի կենտրոնում` արուեստների մայրաքաղաքում: |
Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդաւոր նկարիչ է: Իր գոյներուն մէջ հզօր բան մը կայ, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է եւ շատ հայկական: Մինասի նկարներուն մէջ ուժեղ կերպով Հայաստանը կը զգամ: - Գառզու
|
Յետմահու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1977-ին Երեւանի մէջ կը բացուի Մինաս Աւետիսեանի արուեստանոց-թանգարանը:
- 1980-ին, յետմահու իրեն կը շնորհուի Մարտիրոս Սարեանի անուան մրցանակը։
- 21 Յուլիս 1982-ին, Ջաջուռի մէջ կը բացուի Մինաս Աւետիսեանի տուն-թանգարանը:
- 1986-ին Երեւանի մէջ կը բացուի Մինաս Աւետիսեանի յուշատախտակը:
- 1987-ին Մոսկուայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչութիւնը լոյս կ'ընծայէ Մինաս Աւետիսեանի աշխատանքներուն պատկերագիրքը:
- 1988-ին երկրաշարժէն կը քանդուի Ջաջուռի տուն-թանգարանը:
- 1989-ին «Հայֆիլմ» կը նկարահանէ Մինաս Աւետիսեանի նուիրուած «Մինաս. Ռեքուիեմ» ֆիլմը:
- 1990-ին Ջաջուռի տուն-թանգարանը գտնուող աշխատանքները կը տեղափոխուին Հայաստանի Ազգային պատկերասրահ։
- 2019-ին Ս. Սարգիս եկեղեցւոյ մէջ տեղի կ՚ունենայ հոգեհանգիստ-պատարագ ի յիշատակ Մինաս Աւետիսեանի, «Որդան կարմիր» ցուցահանդէսին։
- 2019-ին Մինաս Աւետիսեանի «Ամառը Ջաջուռում» խորագիրով ցուցահանդէս, Երեւանի պատմութեան թանգարան[13]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է
- ↑ 4,0 4,1 Խորհրդային տարիների գրաքննության հետևանքով Մինաս Ավետիսյանի մահվան օրը նշվել է այսօր
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Sokolov M. N. Avetisyan, Minas // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005305
- ↑ Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 8,0 8,1 «Յուշեր Մինասի մասին», Յակոբ Զաքարեան
- ↑ Մինաս Աւետիսեան, Կենսամատենագիտութիւն
- ↑ «Ռեւիզոր, արուեստի պատմութեան հանդէս»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-05-ին։ արտագրուած է՝ 2015-12-20
- ↑ «Parajanov.com | Minas Avetisian in the Color of Armenian Land»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-30-ին։ արտագրուած է՝ 2015-12-20
- ↑ Վկայութիւններ
- ↑ «Յետմահու ցուցահանդէսներ եւ մրցանակներ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-20-ին։ արտագրուած է՝ 2021-12-20