Էտկար Մանաս
Էտկար Մանաս | |
---|---|
Պատկեր:Էդգար Մանաս.gif երաժշտագէտ, յօրինող եւ խմբավար | |
Ծննդեան անուն | Էտկար Մանաս |
Ծնած է | 12 Ապրիլ, 1875 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 9 Մարտ, 1964 |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա[1] |
Քաղաքացիութիւն | հայ |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար |
Աշխատավայր | Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա?[1] |
Էտկար Մանաս, (12 Ապրիլ 1875, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն – 9 Մարտ 1964, Պոլիս, Թուրքիա)․ միջազգային գնահատանքի արժանացած հայազգի երաժշտագէտ, յօրինող եւ խմբավար։ Թուրքիոյ Ազգային Օրհներգի երեք հեղինակներէն մէկն է։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտկար Մանաս ծնած է Պոլիս, 12 Ապրիլ 1875-ին։ Զաւակն է Ալեքսանտր Մանասին՝ Օսմանեան Կայսրութեան Պետական Պարտքի Վարչութեան աւագ թարգմանիչ։ 13 տարեկանին կը ղրկուի Վենետիկի Մուրատ – Ռափայէլեան վարժարանը, որուն ընթացքը կ՛ աւարտէ 19 տարեկանին (1894)։
Միաժամանակ երաժշտութեան դասերու կը հետեւի․ իբրեւ դաշնակահար բացառիկ յառաջդիմութիւն կը ցուցնէ։ 1894-ին Պոլիս կը վերադառնայ, սակայն կարճ ժամանակ ետք, ետ՝ Իտալիա։ Փատովա կը հաստատուի, ուր երաժշտական մասնագիտական դասընթացքներու կը հետեւի․ կը գործակցի Լուիճի Պոթածոյին հետ Luigi Bottazzo։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1899-ին Պոլիս կը վերադառնայ։ Երաժշտութեան դասաւանդութեամբ, նուագահանդէսներու եւ երգահանդէսներու ղեկավարութեամբ զուգահեռ, ստեղծագրծական աշխատանքի կը լծուի։ Պոլսոյ Եսայեան վարժարանի մէջ երաժշտութիւն կը դասաւանդէ։
1905-էն սկսեալ (մինչեւ 1957) կը ղեկավարէ Պոլսոյ «Գողթան երգչախումբ»ը, որ հանդէս կու գայ զանազան համերգներով եւ կ՛ արժանանայ ֆրանսական կառավարութեան «Կաճառի Պսակաւոր» տիտղոսին։ Կը ղեկավարէ «Քնար» երգչախումբը եւ «Արուեստասէր» (1920-1922) նուագախումբը, որուն վերջին ելոյթին՝ 20 Յունուար 1922 կը ներկայացնէ «Իմ մահը» գործը (խօսք՝ Պետրոս Դուրեան)։
1923-ին անոր կը վստահուի Պոլսոյ Համալսարանի Երաժշտանոցի երգչախումբի ղեկավարութիւնը։ Էտկար Մանաս կը հիմնէ Թուրքիոյ կիներու առաջին երգչախումբը։ 28 Մայիս 1924-ին Պոլսոյ Ղալաթասարայ Երկրորդական վարժարանին մէջ ան կու տայ իր առաջին ելոյթը։ Նոյն տարին, «Համել» հրատարակչատունը կը հրատարակէ Մանասի հայկական բանաստեղծութիւններու երգագրումի հաւաքածոն․ բանաստեղծութիւնները հայերէնէ ֆրանսերէնի թարգմանուած են Եդուարտ Գոլանճեանին կողմէն։
Փետրուար 1926-ին, «Սալապեռ» հրատարակչատունը կը հրատարակէ Էտկար Մանասին «Իշխանաց Կղզիները» դաշնակի գործը (ձօնուած Մարմարայի կղզիներուն)։
1932-ին նուագախումբի կը յարմարցնէ Թուրքիոյ Ազգային Օրհներգը եւ կը հանդիսանայ վերջինին երեք հեղինակներէն մէկը։
Կը շարունակէ ստեղծագործել երաժշտական գործեր եւ հայերէն ու թրքերէն բառերով կը յօրինէ բազմաթիւ երգեր եւ ժողովրդական պարեր, որոնց մեծ մասը սակայն անտիպ մնացած են։
Ժառանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտկար Մանասին աշակերտները եղած են Օսմանեան Պալատի անդամներ, թուրք երաժիշտներ Սատեթին Արել Hüseyin Sadeddin Arel եւ Մեհմետ Սուֆի Եզկի Dr. Suphi Ezgi եւ հայազգի յօրինողներ, ինչպէս օրինակ՝ Արա Պարթեւեան եւ Գոհարիկ Ղազարոսեան։
Մանասի անտիպ գործերը եւ ձեռագիրները յանձնուած են Հայաստանի Հանրապետութեան Եղիշէ Չարենցի Անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին։
Գլխաւոր գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Երգեցողութիւն Ս․ Պատարագի»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1912-ին կը սկսի դաշնաւորել «Երգեցողութիւն Ս․ Պատարագի» հսկայ գործը. մեներգի, երգչախումբի եւ երգեհոնի յօրինումներ (Խորհուրդ Խորին, Հրեշտակային, Ի Բարութեանց, Յայս յարկ, Ամէն եւ ընդ հոգւոյդ քում, Օրհնեցից զՏէր, Նշանաւ, Ի յամուլ երկրէ, Մայր Լուսոյն, Տէր Թագաւորեաց, Ով երանելիդ, Հինգ հոգեւոր երգեր․․․)։ Գործը կը հրապարակուի տարիներ ետք՝ 1948-ին, իսկ 1961-ին կը ներկայացուի Պոլիս եւ 1962-ին Վիեննա` կը հրատարակուի։
Աշխարհիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտկար Մանաս կը ստեղծագործէ բազմաթիւ յօրինումներ, ինչպէս նաեւ հայ բանաստեղծներու գործերը երգի կը վերածէ։
խմբերգային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աղբիւրին առջեւ (Գուրգէն Դրենց)
- Որսկան աղբեր, Գութանի երգը (Յովհաննէս Թումանեան)
- Իմ մահը (Պետրոս Դուրեան)
- Le livre de la vie (Ալֆոնս Լամարթին)
- Լոյսդ տեսայ (Թորոս Ազատեան)
- Հինգ խմբերգ՝ Վարդերգ, Գարուններ, Գարնան անձրեւ, Կեանքը, Բաղձանք․ (Գուրգէն Դրենց)
- Աշնանային
- Altın Yüzük (Havuz Başı) թրք․
- İndim Dere Beklerim, (Şahin) թրք․
Թատերաբեմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձիւնափայլին վախճանը․ մանկական օփերեթա
Դաշնակի երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտկար Մանաս հայ բանաստեղծներու գործեր երգի կը վերածէ։
- Անցեալին (Թորոս Ազատեան)
- Դարդըս լացէք (Աւետիք Իսահակեան)
- Երեք երգեր - Հրաւէր, Գիշերային, Գարնանային (Թորոս Ազատեան)
- Ըղձանք (Գուրգէն Դրենց)
- Թրքական հինգ ժողովրդային երգեր
- Հին մեղեդին, Երգ (Մալվինէ Մալիվետեան)
- Preghiera dell'alba (Ա․ Նեկրի)
- Սիրերգ (Միսաք Մեծարենց)
- Հծծիւններ (Գուգէն Դրենց)
- Պեպօ (Արամ Խաչատրեան)
Սենեակի եւ Դաշնակի երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դաշնակի հնգեակ
- Լարաւոր քառանուագ
- Հատանուագ (vn եւ pf)
- Յանկարծատաղ
- Մինուէ – Վալս Minuet-Valse
- Անտանթէ համանուագ
- Ջութակ – դաշնակի Մի մաժոր հատանուագ (սոնաթ)
- Արեւելքի հագներգ
- Ալեկրօ Սենֆոնիք
- Երեք մասերէ բաղկացած սուիթ
- Երկու նախերգանք եւ երաժշտական կտոր, C, f
- Իշխանաց կղզիները
- Փոքր սուիթ
- Թրքական ժողովրդային պարեր
- Ժողովրդային մեղեդի
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտկար Մանաս կը մահանայ 9 Մարտ 1964, Պոլիս։ Կը թաղուի Փանկլաթի (Շիշլի) Կաթոլիկներու Գերեզմանատունը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ամենուն Տարեգիրքը», Կարօ Գէորգեան, 1966 տարի
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Jump up to: 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Էտկար Մանաս, 4-8-2012 թրք.՝
- ↑ «musicofarmenia - Էտկար Մանաս(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-03-ին։ արտագրուած է՝ 2021-05-30
- ↑ Էտկար Մանաս․ Երգեցողութիւն Ս․ Պատարագի
- ↑ Էտկար Մանաս․ յօրինումներ(անգլերէն)
- ↑ Հեղինակ եւ թարգմանիչ Եդուարտ Գոլանճեան
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուիճի Պոթածօ (իտալ.)
- «Համել» հրատարակչատուն(անգլերէն)
- Եդուարտ Գոլանճեան
- Սալապեռ հրատարակչատուն(անգլերէն)
- Սատեթին Արել{{ref-tr}
- Թուրք յօրինողներ․ Մեհմետ Սուֆի Եզկի Archived 2021-06-02 at the Wayback Machine.(անգլերէն)