Իտալիոյ Հայերը

Jump to navigation Jump to search

Հայերը Իտալիա մուտք գործած են շատ կանուխէն։ Տակաւին Զ-Է դարերուն գերմանական ցեղերու դէմ պատերազմներուն մէջ, բիւզանդական-հռոմէական զօրքին մէջ կռուած են հայկական զօրամասեր, իսկ Իտալիոյ փոխարքայի պաշտօնը վառած են հայազգի զօրահրամանատարներ (Ներսէս Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ)։ Այդ ժամանակներուն կը վերաբերի նաև հայ առևտրականներու և վանականներու մուտքը Հռավեննա, Վենետիկ, Ֆլորենսա, Նափոլի, Հռոմ և այլն, ուր անոնք կազմակերպած են համայնքներ, հիմնած առևտրական տուներ ու կառուցած են եկեղեցիներ։ Արդէն 12-րդ դարուն իտալական 9 քաղաքներուն մէջ գործած են 10-էն աւելի հայկական եկեղեցիներ, որոնց թիւը ԺԵ դարուն հասած է 40-ի։ Ներկայիս Իտալիոյ մէջ գործած է Հայ Առաքելական 4 և Հայ Կաթոլիկ 3 եկեղեցիներ։ 1512 թ.-ին Յակոբ Մեղապարտը Վենետիկի մէջ տպեր Է հայերէն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրութիւնը։ Իտալիոյ մէջ գործած են նաեւ հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Յովհաննէս Տերզնցին, Յովհաննյս Անկիւրացին։ Հայերէն գիրքեր տպագրուած են նաեւ Հռոմի, Միլանի, Լիվոռնոյի, Փատուայի մէջ։ 1717 թ.-ին Մխիթար աբբահօր գլխաւորութեամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզիին մէջ հաստատուեցաւ Մխիթարեան միաբանութիւնը, որ 2000 թ.-ին միացաւ Վիեննայի Մխիթարեաններու միաբանութեան հետ։ 18-րդ դարու 2-րդ կէսէն միաբանութիւնը վերելք ապրած է հայ մշակոյթի և գիտութեան առաջնակարգ գործիչներ Միքայել Չամչեանի, Գաբրիէլ Աւետիքեանի, Ղուկաս Ինճիճեանի, Եղիա Թովմաճեանի, Արսէն Բագրատունիի, Ղեւոնդ Ալիշանի և այլոց գործունէութեան շնորհիւ։ Առաջին հայկական վարժարանը 1732 թ.-ին հիմնած է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզիին մէջ։ 1834 թ.-ին վարժարան հիմնուեցաւ Փատուայի մէջ, 1836 թ.-ին՝ Վենետիկի մէջ, որոնք 1870 թ.-ին միացած են և կոչոած է [[Մուրատ-Ռափայէլեան վարժարան։ 1883 թ.-ից Հռոմի մէջ կը գործէ Լեւոնեան հայկական վարժարանը։ Իտալիոյ մէջ ապրած եւ աշխատած է հայազգի յայտնի քիմիաբան Լուիճի Յակոբ Չամիչեանը։ Պոլոնիայի մէջ կանգնեցուած է անոր յուշարձանը, իսկ քիմիական հիմնարքն անուանուած է «Ջակոմի Չամիչեանի հիմնարք»։

Ժամանակակից հայ-իտալական յարաբերութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ներկայիս Իտալիոյ մէջ կը բնակի շուրջ 4.002 հայ. որոնք կը բնակին Հռոմ (502), Միլան (1.000), Վենետիկ (300) և Ջենովա քաղաքներուն մէջ[փա՞ստ]։ Կը զբաղին ազատ արհեստներով ու արուեստներով, կան ձեռնարկատէրեր, առեւտրականներ, մտաւորականներ։ Իտալահայ համայնքի ձեւաւորման զուգընթաց՝ հիմնուած են ազգային կեանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիւ միութիւններ ու ընկերութիւններ, որոնց գործունէութեան գլխաւոր նպատակը հայապահպանութիւնն է և հայ-իտալական յարաբերութիւններու զարգացումը։ Միլանի մէջ կը գործեն Իտալիոյ հայոց միութիւնը և Իտալիոյ հայ մշակութային միութիւնը, Վենետիկի մէջ՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերութիւնը և Հայ մշակոյթի ուսումնասիրման ու պաշտօնագրման կեդրոնը, Հռոմի մէջ՝ «Զատիկ» ընկերակցութիւնը։ Հայկական ճարտարապետութիւն կ'ուսումնասիրեն Հռոմի համալսարանի մէջ, իսկ Պոլոնիայի և Վենետիկի համալսարաններուն մէջ կը գործեն հայագիտական լսարաններ։ Այստեղ կը գործեն շարք մը յայտնի հայեր. գեղանկարիչներ Գ. Շլդեանը, Ժ. Օրագեանը, քանդակագործներ Հ. Վահրամեանը, Նուարդ Զարեանը, ճարտարապետ Ա. Մանուկեանը, շարժապատկերի բեմադրիՃ Ե. Ջանիկեանը եւ ուրիշներ։ Գրող, Փատուայի համալսարանի փրոֆ. Անտոնիա Արսլանի (Ասլանեան) «Արտոյտներու ագարակը» վէպի հիման վրայ իտալացի յայտնի բեմադրիչ Պ. եւ Վ. Տաւեանի եղբայրները 2007 թ.-ին նկարահանած են նոյն անունը ունեցող ֆիլմ (արժանացած է ՀՀ նախագահի մրցանակի)։ 2008 թ.-ի Փետրուարին Հռոմի հրապարակներէն մեկը կոչուած է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի անունով։ Քիչ չեն Հայաստանի և Իտալիոյ քոյր քաղաքները ինչպիսիք են Կարրարան ու Երեւանը, Նարտօն ու Կիւմրին, Նոալէն և Դիլիճանը։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ալիշան Ղեւոնդ, Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1896։
  • Հ. Ղ. Ալիշան, Հայերը Իտալիոյ մէջ (անտիպ, Ս. Ղազար, Ալիշանի անձնական դիւան, անտիպ)։
  • L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia), - Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803–946;
  • Claudia Bonardi, Le colonie armene in Italia (Milano, Ancona, Genoa, Venezia), - Roma-Armenia, a cura di Claude Mutafian, Roma։De Luca, 1999, pp. 222–227.
  • Mesrop vardapet Owl’owrlean, Storia della colonia armena di Livorno e della construzione della sua chiesa (con appendici), Presentazione, traduzione e note Alessandro Orengo, Livorno, 1990։
  • Gli armeni lungo le strade d’Italia. Atti del Convegno internazionale (Torino, Genova, Livorno, 8-11 marzo 1997). Giornata di studi a Livorno. Pisa-Roma, 1998.
  • Մերուժան Կարապետեան, Հայերը Վենետիկի մէջ 1750 թուին (Ա), - «Հանդէս Ամսօրեայ», 2008, էջ 211-226։
  • Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա, - «Հայ գաղթաշխարհի պատմութիւն», հտ. 3, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարք, 2013, էջ 4-82։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայ Սփյուռք» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png

Կատեգորիա:Հայերը Իտալիայի մէջ