Խոսրովի Անտառ

Jump to navigation Jump to search
Խոսրովի անտառ պետական արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաեւ Խոսրովի անտառ), պետութեան կողմէ պահպանուող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզին[1]: Պահպանուող տարածքը ստեղծուած է 330-338-ականներուն Խոսրով Բ. Կոտակ թագաւորի կողմէ ստեղծուած անտառի տարածքի մէկ մասին վրայ։ Այն ունի շուրջ 1700 տարուան պատմութիւն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցեալին գտնուած է Մեծ Հայքի Այրարատ նահանգում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնուած է 1958-ին Խորհրդային Հայաստանի կեդրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային եւ կիսաանապատային բնակավայրերու, բուսական եւ կենդանական եզակի համարուող համակեցութիւններու պահպանութեան նպատակով: Արգելոցը տեղակայուած է Հայաստանի Արարատի մարզի հիւսիսարեւելեան մասը, Գեղամայ լեռնավահանի եւ Մերձարաքսեան ծալքաբեկորաւոր լեռնաշղթաներու միջեւ։ Արգելոցը ունի հարաւարեւելեան ձգուածութիւն, կը զբաղեցնէ 23,213․5 հա տարածք եւ կազմուած է Գառնի (4253 հա), Կաքաւաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերէն[2]: Խոսրովի անտառ պետական արգելոցը կը գտնուի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայութեան տակ։ 266 Օգոստոս 2013-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհուած է Պահպանուող տարածքներու Եւրոպական դիպլոմ[3]:

Հիմնադրում ու անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Խոսրովի անտառ» անուանումը արգելոցը ստացած է Խոսրով Գ. Կոտակ թագաւորի պատուին։ Խոսրովի անտառը հիմնուած է 334-338-ականերուն:

Ըստ Խորենացիի` Խոսրովի գահակալութեան ժամանակ Գառնիի ամրոցէն մինչեւ Դուին կատարուած են անտառատնկումներ: Անտառի մէկ մասը կոչուած է ‹‹Տաճար մայրի›› , իսկ միւսը՝ ‹‹Խոսրովակերտ›› , որ մինչեւ Երասխ կը հասնի: Հարիւրաւոր տարիներու ընթացքին անտառի ‹‹Խոսրովակերտ›› հատուածը վերացած է: ‹‹Տաճար մայրուց›› պահպանուած են առանձին հատուածներ, որոնք ձուլուած են բնական անտառին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրուած է 1958-ին: Արգելոցը ունի շուրջ 1700 տարուան պատմութիւն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցեալին գտնուած է Մեծ Հայք Այրարատ նահանգին մէջ։

Արգելոցին մէջ կը պահպանուի 3-րդ դարաշրջանէն մեզ հասած գիհիի եւ կաղնիի անտառները, կիսաանապատային եւ ֆրիգանային դաշտավայրերու չորասէր համակեցութիւնները  եւ այլ միջերկրածովեան մնացորդներու բուսականութեան էկոհամակարգերը, ինչպէս նաեւ այդ միջավայրերուն յարմարուած հազուագիւտ կենդանիններու ու բոյսերու գենոֆոնդը:

Արգելոցի գիտական, գործնական եւ կազմակերպչական աշխատանքները 2002-էն կ՛իրականացուին ՀՀ բնապահպանութեան նախարարութեան «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպութեան կողմէ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպութեան ենթակայութեան տակ կը գտնուին՝

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որ կազմուած է 4 տեղամասերէ՝ Գառնի (4253 հա), Կաքաւաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերէն[2]:
  • «Գոռաւանի աւազուտներ» պետական արգելավայր՝ 95,99 հա
  • «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ 50,28 հա

26 Օգոստոս 2013-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհուած է Պահպանուող տարածքներու Եւրոպական տիպլոմ[3]:

Աշխարհագրական դիրքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը կը գտնուի Արարատի մարզին մէջ, Գեղամայ լեռնավահանի հարաւային հատուածի բարձրադիր լեռնաբազուկներու Ուղտուպար, Տասանորդ (Դահնակ), Խոսրովասար եւ լեռնային համեմատաբար ցածրադիր համակարգի Արարատեան դաշտի արեւելեան կողմէ երիզող Երանոսի եւ Երախի լեռներու եւ անոնց լեռնաբազուկներու վրայ։ Լեռնագագաթները, որոնք կը գտնուին համանուն լեռնաբազուկներու եւ լեռնաշղթաներու վրայ, հետեւեալն են. Ուղտուսար (3170 մ), Մանկունք (2927 մ), Տասանորդ (Դահնակ 2535 մ),Կոտուց (2061 մ), Խոսրովասար (1988 մ), Երանոս (1824 մ), Իլկասար (1462 մ), Երախ (1419 մ):

Արգելոցը ունի հարաւարեւելեան ձգուածութիւն: Կը զբաղեցնէ 23213.5 հա տարածք եւ կը տարածուի ծովու մակերեսէն700-2800մ բարձրութիւններու վրայ:

Արգելոցի տարածքի մակերեւոյթը լեռնային է եւ գետային ցանցի շնորհիւ մասնատուած խոր ձորերու, որ երկրաբանական անցեալի աշխոյժ գործունէութեան արդիւնք է: Ներկայիս կը շարունակուին լաւ արտայայտուած քայքայումի գործընթացները։Արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխուած է թեք լեռնալանջերու վրայ:

Արգելոցի տարածքի 15%-ը կը կազմեն մինչեւ 20˚ թեքութիւնները, 19%-ը` 20-30˚, 66%-ը` 30˚եւ բարձր:

Արգելոցի տարածքի մօտ 50%-ը կը զբաղեցնէ միջին լեռնային գօտին (1500-2300 մ)։

Կլիման[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արգելոցի կլիման չոր ցամաքային է, ամառնային բարձր ջերմաստիճաններով եւ ցուրտ ձմեռներով։ Արգելոցի տարածքին կը ձեւաւորուի կլիմայի հետեւեալ տեսակները՝ չոր ցամաքային, չափաւոր տաք չոր, բարեխառն եւ չափաւոր ցուրտ կլիման:

Չոր ցամաքային կլիման կ՛ընդգրկէ նախալեռնային գօտին՝  900 մ-էն մինչեւ 1300 մ բարձրութիւնները: Կլիմայի այս տեսակը կը բնութագրուի մեղմ ձմեռներով, անկայուն ձնածածկոյթով: Ամառը շոգ է,  յաճախակի են երաշտները: Գարունը եւ աշունը կարճատեւ են եւ խոնաւ: Տեղումներու տարեկան միջին քանակը 350-450 մմ.:

Ծովի մակերեւոյթէն 1400-էն մինչեւ 2000 մ բարձրութիւնները կը տարածուի չափաւոր տաք՝ չոր եւ բարեխառն կլիմայական գօտին:

Ձմեռը ցուրտ է, կը գոյանայ կայուն ձիւնածածկոյթ: Գարունը խոնաւ է, յաճախակի ցրտայարութիւններով: Աշունը տաք է, երկրորդ կէսէն բաւական խոնաւ։

Տարեկան տեղումներու միջին քանակը 500-600 մմ է: Անսառնամանիք օրերու քանակը 200 օր։

2000-էն մինչեւ 2500 մ բարձրութիւններու վրայ կը տարածուի չափաւոր ցուրտ կլիմայական գօտին: Ձմեռը ցուրտ է, բացարձակ նուազագոյն ջերմաստիճանը -42˚C:

Գարունը  ցուրտ է, ցրտայարութիւնները կ՛աւարտին Մայիսի վերջերը։ Ամառը զով է եւ խոնաւ։Աշունը կարճատեւ է: Տարեկան տեղումներու միջին քանակը մինչեւ 800 մմ[4]: Անսառնամանիք օրերու քանակը 90-120 օր[5]:

Ջրագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վահագնի ջրվէժ

Արգելոցի տարածքով կը հոսին Արաքս գետի ձախակողմեան երկու խոշոր վտակներ՝ Ազատ եւ Վեդի գետերը:

Ազատ գետը սկիզբ կ՛առնէ Գեղամայ լեռնաշղթայի հարաւարեւմտեան լանջերէն։ Ունի մեծ անկում, քարքարոտ հուն: Երկարութիւնը 55 կմ , ջրհաւաք աւազանի մակերեսը 550 կմ²: Գառնի գիւղի մօտ կ՛առաջացնէ համանուն խորը կիրճը, ստորին հոսանքին մէջ դուրս կու գայ Արարատեան դաշտ: Ունի խառ սնուցում, հիմնականին կը սնուի ստորերկրեայ ջուրերով, յորդացումը Ապրիլ Յունիս ամիսներուն: Աջէն կ՛ընդունի Գողթ վտակը՝ երկարութիւնը 16 քմ: Սկիզբ կ՛առնէ Գեղամայ լեռներու կեդրոնական մասի արեւմտեան լանջերէն:

Քաջառիի գետը ունի 15 քմ երկարութիւն։ Սկիզբ կ՛առնէ Գեղամայ լեռներու հարաւ-արեւմտեան լանջերէն։ Ջրհաւաք աւազանի մակերեսը 25 քմ²։

2000-ին Ազատ գետը ներառուած է Միաւորուած ազգերու Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԵՈՒՆԵՍԿՕ-ի) Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ:

Աստղիկի ջրժէդ

Վեդի գետը սկիզբ կ՛առնէ Մանկունք լեռնագագաթի հարաւ-արեւելեան լանջէն՝մօտ 2700 մ բարձրութենէն։ Վեդի գետի վտակներոէն արգելոցի տարածքով կը հոսին Խոսրովը ( երկարութիւնը 18 քմ) , Սպիտակաջուրը ( երկարութիւնը 16 քմ) , Մանկուկը (երկարութիւնը 16 քմ): Արգելոցի տարածքին կան մեծ քանակութեամբ քաղցրահամ եւ հանքային աղբիւրներ, որոնք կ՛առանձնանան ռեժիմի կայունութեամբ[6]:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին կը գտնուին 4 ջրվէժներ , որոնցմէ 2-ին ժողովուրդը կ՛անուանէ հին հեթանոսական աստուածներու անուններով՝ Վահագնի եւ Աստղիկի:

Հողային ծածկոյթը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին կ՛առանձնացուի  հողերու հետեւեալ տեսակները՝

  • Կիսաանապատային գորշ հողեր
  • Լեռնատափաստանային շագանակագոյն հողեր
  • Լեռնանտառային դարչնագոյն հողեր
  • Գորշ անտառային հողեր
  • Լեռնամարգագետնային սեւահողեր

Կիսաանապատային գորշ հողերը կը տարածուին ծովու մակերեսէն մինչեւ 1250 մ բարձրութիւնները: Կիսաանապատային գորշ հողերը կը ձեւաւորուին հիմքերով հարուստ հրաբխային ապարներու վրայ, չոր ցամաքային կլիմայի եւ կիսաանապատային բուսականութեան պայմաններով: Այս հողերուն վրայ բուսահողի պարունակութիւնը 1-2%  է, ունին սակաւ հզօրութիւն, բնածխատներու մեծ պարունակութիւն: Մեքենական կազմը կաւաւազային է:

Լեռնատափաստանային շագանակագոյն հողերը կը տարածուին ծովու մակերեւոյթէն 1250 մ-էն մինչեւ 1500-1600 մ բարձրութիւնները: Այս հողերը կը ձեւաւորուին չափաւոր տաք եւ չոր կլիմայական պայմաններով, չոր տափաստանային բուսականութեան տակ: Բուսահողի պարունակութիւնը այս հողերուն վրայ 2-3.5% է: Այս հողերը ունին կաւաւազային մեքենակն կազմ:

Լեռնանտառային դարչնագոյն  եւ  գորշ անտառային  հողերը կը տարածուին ծովու մակերեսէն1600-2200 մ բարձրութիւնները:

Լեռնանտառային դարչնագոյն  հողերը կը ձեւաւորուին չափաւոր տաք եւ ոչ կայուն խոնաւութեան  պայմաններու մէջ, թփուտներով հարուստ կաղնիի, բոխիի անտառներու մէջ։ Բուսահողի պարունակութիւնը 4-10% է: Այս հողերը գլխաւորապէս ունին կաւաւազային մեքենական կազմ:

Անտառային գորշ հողերը կը ձեւաւորուին տաք եւ  խոնաւ  կլիմայական  պայմաններու մէջ, ստուերահայաց լանջերուն լայնատերեւ ծառատեսակներու տակ: Այս հողերուն վրայ բուսահողի պարունակութիւնը 5-12% է:

2200-2600 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին լեռնամարգագետնային սեւահողերը: Անոնք կը ձեւաւորուին ցուրտ եւ խոնաւ կլիմայական պայմաններու մէջ։ Բուսահողի պարունակութիւնը 10-15% է, ունին կաւային եւ կաւաւազային մեխանիկական կազմ[7]:

Բուսական աշխարհ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խոսրովի անտառ
Սզնի պոնտական /Crataegus pontica/
Կակաչ վարդագոյն/ Papaver roseolum/

Տարածաշրջանին մէջ արգելոցը առանձնայատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստութեամբ եւ տեսակներու մեծ խտութեամբ: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքին կ՛աճի բոյսերու1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի աւելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մօտ 1/3), որոնք ներկայացուած են 588 ցեղերով եւ 107 ընտանիքներով:

Բոյսերէն 80 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:Արգելոցի տարածքին աճող բուսատեսակներէն 24 indimmic են:

Հայաստանի Կարմիր գիրքին գրանցուած տեսակներէն են՝

  • Ատիանտում Վեներայի վարս (Adiantum capillus-veneris),
  • Վարդատերեփուկ Սոսնովսկի (Amberboa sosnovskyi)
  • Տերեփուկ Երեւանեան (Centaurea erivanensis
  • Խինձ Շովիցի   (Scorzonera szowitzii)
  • Սթեփթորամֆուս պարսկական (Steptorhamphus persicus)
  • Սապնարմատ արեցանման(Gypsophila aretioides)
  • Մինուարցիա կոշտածաղիկ (Minuartia  screlantha)
  • Ծվծվուկ աւազուտային(Silene arenosa)
  • Ծվծվուկ Մէյէրի (Silene meyeri )
  • Օշան Թամամշեանի (Salsola tamamschjanae)
  • Գազ բթաթեփուկ(Astragalus amblolepis )
  • Գազ բասիանիական (Astragalus Basianicus)
  • Գազ խզմզաբաժակ (Astragalus  grammocalyx)
  • Սզնի պոնտական (Crataegus pontica)
  • Քարբեկ  Երմատնանի (Saxifrag atridactylites)
  • Երեքօրնիկ պարսկական(Hesperis persica)
  • Պոկ Օլիվյէի (Gentiana olivieri) եւ այլ տեսակներ:

indimmic տեսակներէն են՝

  • Աննշմարակող անհարթապտուղ (Aphanopleura trachysperma)
  • Տերեփուկ Վավիլովի (Centaurea vavilovii)
  • Սթեփթորամֆուս Չերեպանովի (Steptorhamphus czerepanovii )
  • Տոմանթիա Դարեղեգիսի (Tomanthea daralaghezica)
  • Ծովակաղամբ հայկական (Crambe armena),
  • Երուկաստրում Թախտաջեանի (Erucastrum takhtajanii),
  • Գազ ամբողջատերեւ (Astragalus holophyllus)
  • Գազ Մասսալսկի (Astragalus Massalskyi)
  • Չմէնի հայկական (Cotoneaster armena ),
  • Տանձենի  Ֆյօտորովի  (Pyrus fedorovii ),
  • Տանձենի խոսրովեան (Pyrus chosrivica) եւ այլ տեսակներ: Տարածքի մօտ 64%-ը կը զբաղեցնեն լեռնային չորասէր համակեցութիւնները, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։
Գազ ասեղնակերպ /Astragalus pycnophyllus/

Արգելոցի տարածքին ծովու մակարդակէն 800մ մինչեւ 1200-1300 մ, երբեմն նոյնիսկ 1400 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին կիսաանապատային բուսականութիւնը՝  օշինտր բուրաւէտ (Artemisia fragrans  ), օշան ծառանման (Salsola dendroides), աղածաղիկ նոսրատերեւ (Halanthium rarifolium), բորբոսատեսուկ գորշ (Eurotia ceratoides), տերեփուկ երեւանեան (Centaurea erevanensis), դաշտաւլուկ սոխուկային (Poa bulbosa), եղեսպակի (Salvia), կապարի (Capparis), դժնիկի (Rhamnus), փշամանդիկի (Acantholepis ),  գազերու (Astragalus), իշակաթնուկի (Euphorbia), կակաչի (Papaver) եւ այլ ցեղերու տեսակներ:

Կիսաանապատային գոտիէն վեր՝ 1400-1700 մ բարձրութիւններու վրայ կը տարածուի Արմէնա-իրանական  ֆրիգանան (յունարէն չորցած) իր բազմաթիւ տեսակներով:

Ֆրիգանան կը բնութագրուի բրեւ չորասէր, ցածրահասակ, խիտ ճիւղաւորուած, յաճախ փշոտ թփերու ու թփիկներու համակեցութիւն: Այն արգելոցին մէջ ներկայացուած է  Ֆենցլի նշէնիի (Amygdalus fenzliana), մահալեբեան եւ ալեհեր բալենիներու (Cerasus  incana, mahlebi), Պալլասի դժնիկի (Rhamnus   pallasii), ասպիրակի (Spiraea), տանձենիի (Pyrus) աւելի յաճախ ուռատերեւ տեսակով: Նշուած տեսակներուն տեղ-տեղ կը զուգակցուին մերկատերեւ փռշնին (Celtis glabrata), բթատերեւ պիստակէնին (խնկէնի (Pistacia mutica), դաբաղային աղտորը (սմախ Rhus coriaria) , թալատերեւ զուգատէրեւը (Zygophyllum atriplicoides ), լեռնաչամիչը  (Ephedraceae) եւ այլ տեսակներ: Թփերը կ՛աճին ցաք ու ցրիւ, երբեք չեն առաջացներ համատարած ծածկոց:

Արգելոցի մէջ 1400-2200 մ.ծ.մ. բարձրութեան վրայ ներկայացուած են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները եւ կաղնիի անտառները:

Արգելոցի զարդը կը հանդիսանան երրորդական դարաշրջանի ռելիկտներ գիհիի եւ կաղնիի կղզիացած անտառները, որոնք բաւականին խիտ են յատկապէս Խոսրով եւ Խաչաձոր տեղամասերը:

Գիհի բազմապտուղ /Juniperus polycarpos/

Արգելոցին մէջ կ՛աճի գիհիի 3 տեսակ՝ գիհի բազմապտուղ (Juniperus polycarpos C. Koch), գիհի երկարատեւ (Juniperus oblonga Bied) եւ գիհի ցածրաճ (Juniperus depressa Stev): Գիհիի նոսրանտառներուն մէջ իբրեւ գերիշխող տեսակ հանդէս կու գայ բազմապտուղ գիհին (Juniperus polycarpos), հազուադէպ անոր կը խառնուին գիհի երկարատերեւ (Juniperus oblonga), գիհի ցածրաճ (Juniperus depressa) տեսակները: Սովորաբար գիհիին կ՛ուղեկցին թխկի վրացականը (Acer ibericum), փռշնի մերկը (Celtis glabrata), Ֆենցլի նշէնին (Amygdalus fenzliana), Պալլասի դժնիկը (Rhamnus pallasii), ցախակեռաս վրացականը (Lonicera iberica), բռնչին (գէրիմաստի) (Viburnum lantana), պիստակէնի բթատէրեւը (Pistaca mutica) եւ այլն: Առանձին հատուածներու վրայ առատօրէն ներկայացուած են տանձենիի (Pyrus) եւ արոսենիի (Sorbus) տեսակները:Գիհիի նոսրանտառները կը տարածուին հարաւային դիրքադրութեան արեւկող, թեք եւ չոր լեռնալանջերուն:

Արգելոցի տարածքին խոշորառէջ կաղնիի անտառները կը տարածուին 1600-2300 մ բարձրութիւններու վրայ, որոնք առաւել խիտ են Խոսրով տեղամասի «Թռչնաբերդ» տեղանունով յայտնի լեռնալանջին:

Մասրենի /Rosa/

Կաղնիի անտառներուն մէջ իբրեւուղեկցող տեսակներ հանդէս կու գան սովորական եւ կլորատերեւ հացենին (  Fraxinus excelsior, Fraxinus   rotundifolia), սովորական արոսենին (ծիտի խնձոր, Sorbus aucuparia ), թխկէնու (Acer) եւ տանձենիի (Pyrus) տարբեր տեսակներ եւ այլն: Անտառին մէջ շատ են նաեւ թուփերը` գերիմաստին (Viburnum lantana), ցախակեռասը ( Lonicera), մասրենիի (Rosa), սզնի (ալոճենի, Crataegus) տարբեր տեսակները, իսկ խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով:

Արգելոցի տարածքին լեռնատափաստանները կը զբաղեցնեն ընդարձակ տարածք եւ ներկայացուած են տարբեր տեղեկութիւններով:

Ազատ եւ Խոսրով գետերու կիրճերուն մէջ 1450-2200 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին փետրախոտային տափաստանները: Փետրախոտային տափաստաններուն մէջ գերակշռող են՝ փետրախոտի տխուր, գեղեցիկ, մազոտ, Լեսսինգի, կովկասեան Հոհէնակերի տեսակները:

Խոսրով եւ Մանկուկ գետերու կիրճերուն մէջ 2200-2400 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին  հացազգա-տարախոտային տափաստանները: Հացազգա-տարախոտային տափաստաններուն մէջ կը գերակշռեն՝  բարակոտնուկ սանրանման, սիզախոտի 2 տեսակ,  սեգ սանրային, մակարդախոտ գարնանային, սաղաւարտուկ արեւելեան, ուրց Կոչիի, կղմուխ եւ այլն:

Շիւղախոտային տափաստաններուն մէջ կը գերակշռեն շիւղախոտի տարբեր տեսակներ՝ շեօղախոտ կոշտատերեւ, ոչխարի եւ այլն:

Տարախոտային տափաստաններուն մէջ իշխող է  կատուադաղձի (Nepeta), առվոյտի (Medicago), երեքնուկի (Trifolium) տարբեր տեսակներ:

Տրագականտային տափաստաններուն մէջ կը գերակշռեն գազերը (Astragalus microcephalus, Astragalus lagurus), կորնգան եղջիւրաւորը (Onobrychis cornuta), պրանգօս նարդեսանմանը եւ այլ տեսակներ:

Մարգագետնային բուսականութիւնը կը հանդիպի 2100-2200 մ-էն սկսած եւ կը տարածուի դէպի վեր՝ մինչեւ 2600-2800 մ բարձրութիւնները:

Արգելոցի տարածքին նեղ շերտով գետերու հուներու երկարութեամբ կը տարածուի տուգայանման բուսականութիւնը, որ կազմուած է հացենիի ( Fraxinus), բարդիի ( Populus), ուռենիի (Salix), փշատենիի (Elaeagnus), կարմրանի (Tamarix) եւ այլ տեսակներէ[8]։

Կենդանական աշխարհ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խոսրովի արգելոցին նուիրուած ՀՀ 1999-ի փոստային նամականիշ

Արգելոցին մէջ կը հանդիպին 283 տեսակ ողնաշարաւոր կենդանիներ, որոնցմէ

  • թռչուններ - 192 տեսակ  
  • կաթնասուններ - 44 տեսակ
  • սողուններ- - 33 տեսակ
  • ձուկեր - 9
  • երկկենցաղներ - 5 տեսակ:

Ողնաշարաւոր կենդանիներէն 58 տեսակ  գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ, իսկ 51 տեսակ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:

Կաթնասուններէն կը հանդիպի կովկասեան ընձառիւծը, լուսանը, գորշ արջը, աղուէսը, անտառային կատուն,հնդկական մացառախոզը, աքիսը, քարակզաքիսը, գորշուկը, նապաստակը, գայլը, բեզոարեան այծը, վայրի խոզը եւ այլ տեսակներ:

Կովկասեան ընձառիւծը գրանցուած Է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ։ Արգելոցի տարածքին կը հանդիպի չորասէր գիհուտներով ծածկուած դարաւանդներուն մէջ։ Իբրեւ բոյն կ՛օգտագործեն քարանձաւները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

Լուսանը կը նախընտրէ կերով հարուստ գիհիի նոսրանտառները: Տաք ժամանակաշրջանին կը բարձրանայ նաեւ ենթալպեան եւ ալպեան մարգագետիններ:Լուսանները կը սնուին կրծողներով, նապաստակներով, թռչուններով, կրնան նաեւ որ­սալ երիտասարդ բեզոարեան այծեր եւ վայրի խոզի ձագեր: Կը վարէ գիշէ­րա­յին եւ մթնշաղային գաղտնի կեանք:

Արգելոցի ամենամեծ գիշատիչը գորշ արջն է: Անոր նախընտրած կենսամիջավայրերն են տերեւաթափ եւ խառը ան­տառները, մշտադալար գիհուտները, քարանձաւները եւ ժայռոտ վայրերը: Արեալը զգալի չափով կը նե­րա­ռէ այն վայրերը, ուր կ՛աճին պտղատու ծառեր, հատապտուղներ եւ ընկու­զե­­նիներ, որոնցմով արջը կը սնուի: Գրանցուած է Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ Կարմիր գիրքերուն, ինչպէս նաեւ ԲՊՄՄ Կարմիր ցուցակին մէջ:

Բեզոարեան այծը (Capra aegagrus) արգելոցի բնիկներէն Է: Իր անուանումը  ստացած է շնորհիւ ստամոքսին մէջ կերի հանքային խտանիւթերէն առաջացած գունդերու՝ բեզոարներու , որոնք ժամանակին լայնօրէն օգտագործած էին ժողովրդական բժշկութեան մէջ:Կեանքի տեւողութիւնը 10-17 տարի է, կշիռքը՝ 60-100 քկ: Կը սնուին չոր եւ կոշտ բուսատեսակներով: Կը նախընտրէ տեղանքի ժայռաշատ, քարքարոտ, յաճախ հողմահարուած ու խոր ձորերով մասնատուած անմատչելի զառիթափերը: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքերուն, ինչպէս նաեւ Բնութեան Պահպնութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:

Վայրի խոզը (Sus scrofa) կը հանդիպի լայնատերեւ անտառին մէջ։ Լեռնատափաստանային եւ մերձալպեան տարածքները անոնք կ՛օգտագործեն մէկ լանջէն միւսը անցնելու ժամանակ[9]:

Կաթնասուններէն 13 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:

Արգելոցի տարածքին կը հանդիպի 192 տեսակի թռչուններ, որոնք կը պատկանին 44 ընտանիքի, որ ալ կը կազմէ Հայաստանի թռչնատեսակներու ընդհանուր քանակի 56 տոկոսը: Գիշատիչ թռչուններէն արգելոցի տարածքին կը հանդիպին մօրուքաւոր անգղը (Gypaetus barbatus), գիշանգղը (Neophron percnopterus), սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), սեւ անգղը (Aegypius monachus), տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), սապսանը ( Falco peregrinus) , միջերկրածովեան  բազէն  (Falco biarmicus), դաշտային մկնաճուռակը (Circus cianeus), մեծ ճուռակը ( Buteo buteo), ցախաքլորաորսը (Accipiter gentilis), քարարծիւը (Aquila rapax) եւ այլ տեսակներ:

Արգելոցը միակ տարածքն է Հա­­յա­­­ս­­­­­տա­­նի մէջ, ուր կը բնադրի սեւ անգղը: Բոյնը կը կառուցէ գիհիի ծառերու կատարին: Սեւ անգղի թեւերու բացուածքը կրնայ հասնել մօտ 3 մ, իսկ կշիռքը մինչեւ 12,5 քկ: Միւս անգղներու համեմատ, կը գերադասէ սնուած կենդանիներու մկանային հիւսուածքներով, աւելի քիչ քանակութեամբ՝ մաշկով եւ ոսկորներով: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:

Հաւազգիները արգելոցին մէջ ներկայացուած են չորս տեսակներով: Կասպիական ուլար  (Tetraogallus caspius ) կը բնակի ժայռային ելքերով եւ քարքարոտ զառիվայրերով  ենթալպեան մարգագետիններուն մէջ։ Մոխրագոյն կաքաւը (Perdix perdix) կը հանդիպի անտառային տափաստաններուն, թփուտներուն մէջ, իսկ քարակաքաւները (Alectoris chukar) կը հանդիպին կիսաանապատներու, լեռնային տափաստաններու եւ մարգագետիններու ժայռոտ բիոտոպներուն մէջ:Բարձրախոտ մարգագետիններուն մէջ բոյն կը դնէ լորը (Coturnix coturnix):

Կիսաանապատներուն եւ արիդային բիոտոպերուն մէջ կ՛ապրին երկբծաւոր արտոյտը (Melanocorypha bimaculata), փոքր արտոյտը (Calandrella  brachydactyla), փուփուլաւոր արտոյտը (Galerida cristata), կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), մոնղոլական եւ անապատային խածկտիկը (Bucanetes  mongolicus, Bucanetes   githagineus), կարմրաթեւ ոսպնուկը (Rhodopechys    sanguineus), պարող, սեւավիզ քարաթռչնակները (Oenanthe isabellina, Oenanthe finschii), շիկապոչ սոխակը (Cercotrichas galactotes): Այստեղ չորասէր թփուտներուն մէջ կը հանդիպին անապատային մօրեհաւը (Hippolais languida), սպիտակաբեղ շահրիկը (Sylvia mystacea), սեւափոր դոլոնը (Pterocles  orientalis), սովորական այծկիթը  (Caprimulgus europaeus), տնային բուիկը ( Little owl), ներկարարը (Coracias garrulus), հոպոպը, (Upupa epops) ոսկեգոյն մեղուակերը (Merops apiaster), չուի  ընթացքին հազուադէպ կը հանդիպի նաեւ կանաչ մեղուակերը ( Merops persicus):

Անտառային տարածքները կը բնակեցուին կրետակերը (Pernis apivorus), սեւ ցինը  (Milvus migrans), օձակեր արծիւը  (Circaetus gallicus),  սովորական ճուռակը (Buteo buteo), լորաճուռակը (Accipiter nisus) եւ մեծ լորաճուռակը (Accipiter gentilis), գաճաճ արծիւը (Hieraaetus pennatus),  անտառային արտոյտը (Lullula arborea), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus),  մօրիի շահրիկը (Sylvia curruca), կարմրաճակատ սէրինոսը (Serinus pusillus), լեռնային դրախտապանը (Emberiza cia), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), անտառային ձիուկը (Anthus trivialis), անտառային նրբագեղիկը (Prunella modularis), սովորական կարմրատուտը (Phoenicurus phoenicurus), երգող կեռնեխը (Turdus philomelos), դեղնափոր գեղգեղիկը (Phylloscopus trochiloides), սեւ երաշտահաւը (Parus ater), երկնագոյն երաշտահաւը (Parus coeruleus), մեծ երաշտահաւը (Parus major), սովորական խածկտիկը (Pyrrhula pyrrhula), հատբեկիչը (Coccothraustes coccothraustes), անտառային կաչաղակը (Garrulus glandarius), ամուրիկը (Fringilla coelebs), կանաչ սէրինոսը (Carduelis Chloris), ձմրան այստեղ  կը հանդիպին ազնուասարեկը (Carduelis spinus), սովորական սէրինոսը (Fringilla mantifringilla), դեղնագլուխ արքայիկը (Regulus regulus):    

Անտառաթփուտներուն մէջ կը բնակին սեւ կեռնեխը (Turdus merula), մոխրագոյն եւ այգիի շահրիկները (Sylvia communis, Sylvia borin), եղնջաթռչնակը (Troglodytes troglodytes) եւ այլ տեսակներ:

Լեռնային տափաստաններուն մէջ լայն տարածում ունի հայկական չքչքանը (Saxicola maurus), կանեփնուկը (Carduelis cannabina), այգիի դրախտապանը (Emberiza hortulana), սովորական տատրակը (Streptopelia   turtur):

Բարձրլեռնային գօտիներուն մէջ կը բնակին ժայռային ծիծեռնակները (Ptyonoprogne rupestris), ալպիական նրբագեղիկը (Prunella  collaris), սեւուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), խայտաբղետ քարակեռնեխը (Monticola saxatilis), փոքր ժայռային սիտեղը (Sitta  neumayer), կարմրաթեւ սիտեղը (Tichodroma muraria), ձիան ճնճղուկը (Montifringilla nivalis) եւ կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax):

Գարնանային եւ աշնանային չուերու ժամանակ արգելոցի բոլոր բաց դաշտավայրերուն կը հանդիպին ճահճային  մկնաճուռակը (Circus aeruginosus), դաշտային մկնաճուռակը (Circus cyaneus) տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), մարգագէտնային մկնաճուռակը (Circus pygargus), տափաստանային  արծիւը (Aquila nipalensis), տափաստանային հողմաւար բազէն (Falco naumanni):

Արգելոցի չուող թռչուններուց յատկանշական են մոխրագոյն կռունկը (Grus grus), գեղանի կռունկը (Anthropoides virgo), ճնճղուկ աւազակտցարը (calidris minuta), մօրակտցարը  (Gallinago gallinago)[12]:

Թռչուններէն 37 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:

Արգելոցին մէջ սողունները ներկայացուած են 33 տեսակներով:

Կիսաանապատային գօտիին մէջ հանդիպող տեսակներէն են՝ Կովկասեան Լեռնային Ագամա ( Laudakia caucasia), Ռադդէի ժայռային մողէս ( Darevskia raddei), բարեկազմ օձագլուխ (Ophisops elegans), բծաւոր մողէս (Lacerta  strigata), արեւմտեան վիշապիկ (Eryx jaculus), զոլաւոր մերկաչք (Ablepharus bivittatus) եւ այլ տեսակներ:

Անտառային գօտիին մէջ կը հանդիպի որդանման կոյր օձը (Typhlops vermicularis), վզնոցաւոր էիրենիսը ( Eirenis collaris), Հայկական էիրենիսը ( Eirenis punctatolineatus), կարմրափոր (Շմիդտի)  սահնօձը (Hidrophis schmidti), կովկասեան գիւրզան (Vipera lebetina), անդրկովկասեան մողէսիկը (Eremias pleskei), Շտրաուխի մողէսիկը (Eremias strauchi), ջարդուող իլիկամողէսը (Anguis fragilis) եւ այլ տեսակներ:

Լեռնատափաստանային գօտիին մէջ կը հանդիպին միջին մողէսը (Lacerta media), բազմագոյն եւ կապարագոյն սահնօձերը ( Coluber ravergieri, Columber  nummifer), քառաշերտ սահնօձը (Elaphe sauromates) եւ այլ տեսակներ:

Հայաստանի Կարմիր գիրքին մէջ գրանցուած տեսակներէն են՝

  • Միջերկրածովային կրիայ   (Testudo graeca)
  • Անդրկովկասեան տակիրային կլորագլուխ (Phrynoephalus horvathi)
  • Առաջաւորասիական մաբուիա (Trachylepis septemtaeniata)
  • Երկարաոտ սցինկ (Eumeces schneideri)
  • Անդրկովկասեան մողէսիկ (Eremias  pleskei)
  • Անդրկովկասեան սահնօձ   (Elaphe hohenackeri)
  • Սատունինի սեւագլուխ ռինխոկալամուս (Rhynchocalamus melaibis)
  • Կովկասեան կատուաօձ (Telescopus fallax)
  • Հայկական կամ Ռադէի իժ (Vipera (Montivipera) leucorodia)
  • Հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis)

Հայկական լեռնատափաստանային իժը (Vipera (Pelias) eriwanensis) Հայկական բարձրաւանդակի էնդէմիկ տեսակ է: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ։ Արգելոցի տարածքին կը հանդիպի 1800-2500 մ.ծ.մ. բարձրութիւններու վրայ։ Կը սնուին մողէսներով, մանր կրծողներով, թռչուններու ձագերով:

Հայկական կամ Ռադէի իժ (Vipera (Montivipera) leucorodia) Հայկական բարձրաւանդակի էնդէմիկ:  Արգելոցի տարածքին կը հանդիպի լեռնային չորասէր համակեցութիւններու, կաղնիի անտառին, գիհիի նոսրանտառներուն, լեռնային տափաստաններուն մէջ ծ.մ. 1300–1800 մ բարձրութեան վրայ։ Կը սնուին մանր կրծողներով, թռչուններով, մողէսներով, յօդուածոտանիներով: Հայկական իժը գրանցուած է Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին եւ Հայաստանի Կարմիր գիրքին մէջ։ Արգելոցի տարածքին նոսր թփուտային եւ խոտածածկուած լեռներու եւ կիրճերու քարքարոտ լանջերուն մինչեւ ծ.մ. 1500-2000 մ բարձրութեան վրայ կը հանդիպի Կովկասեան գիւրզան (Macrovipera  lebetina): Գիւրզաները կը սնուին կրծողներով, թռչուններով, մողէսներով:

Արգելոցի երկկենցաղներու աշխարհը ներկայացուած է 5 տեսակներով՝ լճագորտը, փոքրասիական գորտը, կանաչ դօդօշը, սուրիական սխտորագորտը,փոքրասիական ծառագորտ :Սուրիական սխտորագորտը գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:

Ձկնայտէ­սակները ինն են. կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի կողակ, Քուռի սպիտակաձուկ, անդր­կովկասեան սպիտակաձուկ, հայկական տառեխիկ, ոսկեգոյն ծական, անգորական լերկաձուկ եւ կովկասեան լերկաձուկ[10]:

Անողնաշարաւոր կենդանիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին մէջ անողնաշարաւոր կենդանիներու աշխարհը ներկայացուած է աւելի քան 1500 տեսակներով, որոնցմէ փափկամարմիններ՝ 62 տեսակ, կարիճներ՝ 3  եւ 1427-ը միջատներ: Միջատներու աշարհը արգելոցին մէջ ներկայացուած է կարգաբանական 11 կարգերու ներկայացուցիչներէ, անոնցմէ են՝ ճպուռներու, աղոթարարներու, ականջմտնուկներու, ուղղաթեւերու, կարծրաթեւերու, թեփուկաթեւերու, թաղանթաթեւերու եւ այլ կարգերու տեսակներէ:

Համեմատաբար հարուստ է կիսաանապատային գօտիի տեսակային կազմը, ուր շատ են միայն արգելոցին մէջ տարածուած են՝ Հայկական սեւամարմին (Armenohelops armeniacus), Վեդիական Մելիթիա (Melitaea vedica), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), Գեղարդեան ոսկեբզէզ (Sphenoptera geghardica), Արաքսեան տէրեւակեր (Cryptocephalus araxicola) եւ այլն:

Լեռնատափաստանային գօտիին մէջ Հայաստանի Կարմիր գիրքին մէջ գրանցած տեսակներէն կը հանդիպի սիմպեկմայ ճպուռը (Sympecma paedisca), կեղծ խոտային չրխկանը (Cardiophorus pseudo gramineus), կոռոստելիովի երկարաբեղիկ (Agapanthia korostelevi), մնեմոզինայ կամ սեւ ապոլոն (Parnassius mnemosyne), Աւրորինա դեղնաթիթեռ (Colias aurorina), կանաչաւուն դեղնաթիթեռ (Colias chlorocoma), ափրիկեան փրոթերեբիա (Proterebia afra hyrcana), հուպերտի կապտաթիթեռ (Agrodiaetus huberti), սուռակովի կապտաթիթեռ (Agrodiaetus surakovi), Մոմախոտի մեղու (Osmia cerinthides), իշամեղու հայկական (Bombus armeniacus), իշամեղու ձնափայլ (Bombus niveatus):

Անտառային գօտիին մէջ հանդիպող տեսակներէն են՝ Ալեքսանոր առագաստաթիթեռ (Papilio alexanor orientalis), Արիոն կապտաթիթեռ (Maculinea arion zara), Կպչուկի իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), պրոզերպինա իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), Աւետեանի երկարաչափ թիթեռ (Cidaria avetianae), կաղնիի մեծ երկարաբեղիկ (Cerambyx cerdo acu minatus) եւ այլ տեսակներ:

Անողնաշարաւոր կենդանիներէն 44 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:

Պատմամշակութային յուշարձաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խոսրովի անտառ պետական արգելոցը հարուստ է պատմամշակութային յուշարձաններով: Այստեղ հաշովառուած է 312 յուշարձան, որոնցմէ 29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնոյթի միջնադարեան յուշարձաններ, որոնք կը գտնուին կիսաւեր վիճակով:

Հաւուց Թառ վանական համալիր

Հաւուց Թառ վանական համալիրը (10-13-րդ) կը գտնուի Գառնիէն արեւելք, Ազատ գետի ձախ, բարձրադիր ափին: Այս վանական համալիրը յայտնի է նաեւ Ամենափրկիչ, Դարունից վանք, Կարմիր վանք անուններով: 1013-ին այս վանական համալիրին մէջ Գրիգոր Մագիստրոսը կառուցած է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հաւուց Թառը վերելք կ՛ապրի 12-14-րդ դարերուն, աւերուած է 1679-ի երկրաշարժին։ 18-րդ դարուն վանքը վերանորոգած է Աստուածատուր կաթողիկոսը։ Վանական համալիրը բաղկացած է  երկու յուշարձանախումբէ։ Արեւմտեան յուշարձանախումբի գլխաւոր եկեղեցին (13-րդ դար) ներքուստ խաչաձեւ, արտաքուստ ուղղանկիւն, չորս անկիւններուն աւանդատներով յօրինուածք ունի։ Բազմագունութեան սկզբունքով շարուած պատերը (սրբատաշ կարմրաւուն տուֆ) հարուստ են արձանագրութիւններով։ Քանդուած են եկեղեցիի գմբէթն ու ծածկը։ Անոր հարաւէն կից են երկու միանաւ մատուռներ (այժմ՝ կիսաւեր)։ Արեւելեան խումբը հիմնովին վերակառուցուած է 18-րդ դարու 1-ին կիսուն, օգտագործուած են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցիի եւ վանքի քառամոյթ գաւիթի քարերը։ Վերջինիս աւերակի հիւսիսային մասի վրայ 1721-ին Աստուածատուր կաթողիկոսը հիմնած է Ս. Կարապետ եկեղեցին ։ Պարիսպներուն հիւսիսէն կից են բնակելի սենեակներ, իսկ հարաւ-արեւմուտքէն՝ թաղածածկ հիւրատունը։ Հաւուց Թառը միջնադարեան Հայաստանի մէջ գիտական խոշոր կեդրոն եղած է, ուր բազում գիրքեր գրուած ու նկարազարդուած են:

Աղջոց վանք

Աղջոց վանք համալիրը կը գտնուի Գեղարդէն 7 քմ հարաւարեւելք , լերան լանջին: Ըստ աւանդութեան` հիմնադրած է Գրիգոր Լուսաւորիչը 4-րդ դարու սկիզբը` որպէս կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցուած է 13-րդ դարու: Եղած է կրօնական եւ մշակութային կեդրոն: Պարսպապատերով շրջապատուած վանական համալիրը բաղկացած է գլխաւոր` Ս. Ստեփանոս եկեղեցիէն, գաւիթէն, Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիէն, բնակելի եւ տնտեսական շինութիւններէ:

Աղջոց վանք համալիր

Ս. Ստեփանոս եկեղեցի -գլխաւոր եկեղեցին է` կառուցուած 1212-1217-ականներուն: Ունի ներքուստ խաչաձեւ, 4 անկիւններ ու մէկյարկ աւանդատներով, գմբէթաւոր յօրինուածք: Աչքի կ՛իյնայ ներքին եւ արտաքին պարզ ճարտարապետութեամբ:

Գաւիթ-կից է գլխաւոր եկեղեցիին արեւմտեան կողմէն: Կառուցուած է 1217-1234-ականներուն: Կը պատկանի քառասիւն գաւիթներու տեսակին, որու ծածկը իրականացուած է երկու զոյգ փոխհատուող կամարներով: Պահպանուած է միայն արեւելեան պատերու մէկ մասը:

Ս.Պողոս-Պետրոս եկեղեցի -համալիրի առաւել ուշագրաւ յուշարձաններէն է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցիին հիւսիսային կողմէն:  Արեւմտեան դրան ճակատակալ քարի վրայ պահպանուած է 1270-ին եղած շինարարական արձանագրութիւնը: Պարզ յատակագիծով, արեւելեան կողմէն կիսաշրջան աւագ խորանով, երկու կողմերէն աւանդատներ ունեցող թաղածածկ կառոյց է: Եկեղեցին ուշագրաւ է արեւմտեան մուտքի երկու կողմերուն եղած` Ս. Պօղոս եւ Ս. Պետրոս առաքեալներու բարձրաքանդակներով, որոնք միջնադարեան Հայաստանի քանդակագործական արուեստի բացառիկ նմուշներէն են: Վանական համալիրի շրջակայքը խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է: Վանքը կործանուած է 1679-ի երկրաշարժին:

Գեղմահովիտ գիւղատեղին եւ համանուն եկեղեցին կը գտնուի պետական արգելոցի Գառնի տեղամասը: Գիւղի կեդրոնական մասը կը գտնուի եկեղեցին, որ  5-7-րդ դարերու կառոյց է: Միակ մուտքը կը բացուի հարաւային ճակատէն: Յուշարձանի ուսումնասիրութեան ժամանակ յայտնաբերուած է յունարէն արձանագրութիւնով քար մը, որ շրջուած տառերով հայերէն կը նշանակէ «Առողջութիւն» եւ «Երանութիւն»:

Աւանիկ կամ Փոքր Շէն գիւղատեղին կը գտնուի Կաքաւաբերդ տեղամասը՝ Ազատ գետի ափին : Գիւղատեղիի արեւելեան մասը կիսաւեր եկեղեցին է, որ կառուցուածէ 6-7-րդ դարերուն:

Կաքաւաբերդ

Կաքաւաբերդը/ Գեղի բերդ, Քեղի բերդ, Թաթուլի բերդ/  կը գտնուէր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գաւառին մէջ, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ կը յիշատակէ Յովհաննէս Դրասխանակերտցին (9-10-րդ դարերոկն) իբրեւ Բագրատունիներու տոհմական տիրոյթ։ 11-րդ դարուն Կաքաւաբերդ ամրոցը անցած է Պահլաւունիներու, իսկ12-13-րդ դարերուն` Պռոշեաններու տոհմին: Դրասխանակերտցին կը հաղորդէ, որ 924-ին Գեղիի վրայ յարձակած արաբ զօրաւար Պեշիրը եւ պարտուած է Գէորգ Մարզպետունիէն։ Գեղին վերջին անգամ կը յիշատակուի 1224-ին, երբ Գառնիի մօտ մարտին պարտուած Իվանէ Զաքարեանը պատսպարուած է այնտեղ։

Կաքաւաբերրդ

Ամրոցն այժմ կանգուն է, լաւ պահպանուած։ Այն կառուցուած է բարձր լերան գագաթին, որ երեք կողմէ անմատչելի է։ Դէպի հիւսիս-արեւելք կը ձգուին պարիսպները, որոնք ունին 2-2,5 մ հաստութիւն, 8-10 մ բարձրութիւն եւ աշտարակներ։ Բերդի ներսը պահպանուած են եկեղեցին, այլ շէնքերու աւերակներ[11]:

Բերդատակ գիւղատեղին կը գտնուի Ազատ գետի աջ ափին՝ Կաքաւաբերդի ստորոտը, ուրկէ ալ ծագած է անուանումը: Բերդատակէն կը բացուի հիասքանչ համայնապատկեր դէպի Հազարաձոր, Կաքաւաբերդի քարափներ եւ Քաջառուի կիրճ:

Խոսրով գիւղատեղին կը գտնուի պետական արգելոցի Խոսրով տեղամասին մէջ, Խոսրով գետի աջ ափին:Գիւղատեղին հիմնադրուած է13-րդ դարուն:

Կիսաւեր վիճակի մէջ պահպանուած է եկեղեցին, գերեզմանատունը, ժայռափոր մատուռը (11-13-րդ դար ): Խոսրով գիւղատեղիի եկեղեցին կեդրոնագմբէթ է , չորս անկիւններուն՝ ուղղանկիւնաձեւ աւանդատներով: Եկեղեցիէն պահպանուած է միայն հիւսիսային հատուածի պատերը: Տարածքին կան նաեւ բազմաթիւ արձանագիր խաչքարեր, անկիւնաքարեր ու քիւեր: Թուագրուած խաչքարերը ունին 1501-ի եւ 1530-ի արձանագրութիւններ:

Սպիտակ Վանք գիւղատեղին կը գտնուի Խաչաձոր տեղամասին մէջ։ Եկեղեցին կառուցուած է 1301-ին, այն ուղղանկիւնաձեւ միանաւ բազիլիկ է` կառուցուած սպիտակ սրբատաշ աւազաքարով: Այստեղէն ալ հաւանաբար ծագած է անունը՝ Սպիտակ վանք: Եկեղեցիէն պահպանուած են հիւսիսային եւ արեւելեան պատերը, միւս երկու պատերէն մնացել են միայն հիմքերը: Եկեղեցիի մուտքի ձախ կողմը պատի մէջ տեղադրուած է գեղեցիկ նախշազարդերով խաչքար: Խաչքարի ներքեւի հատուածին մէջ պահպանուած է անոր վերագրուող շինարարական բնոյթի արձանագրութիւն, իսկ վեց արձանագրութիւններ ալ կան «Սպիտակ Վանք» եկեղեցիի կանգուն պատերուն: Գիւղատեղին ենթադրաբար գոյատեւած է մինչեւ Շահ Ապասի կազմակերպած բնակչութեան զանգուածային տեղահանութիւնը (1604): Սպիտակ Վանք եկեղեցին քանդուած է 1679-ի աւերիչ երկրաշարժի ժամանակ:

Մանկուկ գետի հովիտին մէջ կը գտնուի «Մանկուք» յուշարձանախումբը (5-17-րդ դարեր): Խոսրով գետէն ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայուած է ամրոցը (5-8-րդ դարեր), որ այժմ հիմնովին աւերուած է: Ստորոտին գիւղատեղին է` բնակելի եւ կենցաղային շինութիւններով, ինչպէս նաեւ գերեզմանոցը` նրբաքանդակ խաչքարերով: Գիւղատեղիի հարաւարեւմտեան մասը` անտառոտ լանջին կը գտնուի 10-13-րդ դարերու եկեղեցի, իսկ հիւսիսարեւմտեան մասին մէջ` ժայռի լանջին, 13-րդ դարու մէկ այլ եկեղեցի, որու պատերուն վերին շարքերը քանդուած են: Մանկուկը, որպէս բնակավայր, գոյատեւած է մինչեւ 1950-ականները:

Խոսրովասար լերան ստորոտին կը գտնուի Սագրաբերդ գիւղատեղին: Գիւղատեղիին մէջ պահպանուած են երկու եկեղեցիներ, որոնցմէ մէկը ( կառուցուած 5-6րդ դարերուն), աւերուած է. պահպանուած են միայն հիմքերը, իսկ երկրորդը` կիսաւեր է, պահպանուած են արեւելեան պատը, հիւսիսային եւ հարաւային պատերը` մասամբ:

Վտանգներ եւ արգելոցային պահպանութեան իրաւակարգի խախտումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Որսագողություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաձայն բնապահպաններու՝ բնապահպանական կազմակերպութիւններու յայտարարութիւններու եւ լրատուամիջոցներու հրապարակումներու՝ Խոսրովի անտառ պետական արգելոցը տարբեր տարիներուն եղած է որսագողերու, ինչպէս՝ նաեւ Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաներու ու մեծահարուստներու սիրուած վայր[12][13][14][15][16][17]:

Հրդեհներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

12 Օգոստոս 2017-ին Խոսրովի պետական արգելոցին մէջ տեղի ունեցած են մասշտաբային հրդեհներ, որոնք հանգեցրած են էկոլոգիական խոշոր աղետի[18]: Հրդեհի առաջացման ստոյգ պատճառը յայտնի չէ, եւ կըշրջանառուին հակասական կարծիքներ: Կ՛ըսեն, որ հրդեհը տեղի ունեցած է մարդոց կողմէ։ Հրդեհը հանգցնողները կը պատմեն,որ ծառերը 5 վայրկեանի մէջ կ՛այրուէին եւ հրդեհը կը տարածուէր։ Ըստ ներկաներու հրդեհը շատ աղետի հանգեցուցած է եւ շատ կենդանիներ եւս հրդեհէն սատկած են։

Պատմամշակութային յուշարձաններու պահպանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքին կը գտնուին բազմաթիւ պատմամշակութային յուշարձաններ, որոնք պարբերաբար կ՛ենթարկուին վանդալիզմի: Այդպիսի յուշարձաններ են 11-րդ դարուն հիմնադրուած Հաւուց Թառի վանքը, 13-րդ դարուն հիմնադրուած Աղջոց վանքը եւ այլն[19][20]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հայաստանի Հանրապետութեան Ֆիզիկաաշխարհագրական արժէքներու համառօտ տեղեկատու-բառարան, Երեւան, «Գեոդէզիայի եւ քարտէսագրութեան կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ
  2. 2,0 2,1 Խանջեան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ էջ 12
  3. 3,0 3,1 «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհուած է Պահպանուող տարածքների Եւրոպական տիպլոմ
  4. «Խոսրովի անտառ» պետական արգելոց 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 16
  5. «Խոսրովի անտառ » պետական արգելոց» 2010-2014 կառավարման ծրագիր
  6. Խանջեան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ «Վարդ Հրատ» ՍՊԸ։ էջ 12
  7. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր էջ 17,18
  8. «"Khosrov Forest" State Reserve» 
  9. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 34,35
  10. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 42,43,44
  11. Բայբուրդ գիւղատեղի, «Պատմամշակութային արգելոց-թանգարաններու եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ
  12. «Ոստիկանութիւնը կոծկո՞ւմ է. Բնապահպաններու նոր աղմկայարոյց տեսանիւթը` Խոսրովի արգելոցէն - MediaLab Newsroom-Laboratory» 
  13. «Խոսրովի անտառ» արգելոցին մէվ տեղի ունեցած է որսագողութիւն:
  14. «Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրին մէջ որսագողութեան դէպքեր արձանագրուած են:
  15. Ինչպէս կը մեկնաբանէ բնապահպանութեան նախարարը:
  16. Սպանութիւն Խոսրովի անտառին մէջ:
  17. Ապօրինի որս եւ խրախճանք Խոսրովի արգելոցին մէջ:
  18. «Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մէջ - Հետք - Լուրեր, յօդուածներ, հետաքննութիւններ» 
  19. «Վանդալիզմ դարձող ուխտագնացութիւն - Հետք - Լուրեր, յօդվածներ, հետաքննութիւններ» 
  20. «Հաւուց Թառի վանքը, երկրաշարժն ու սեղաններու փոխարէն օգտագործուող խաչքարերը»։ panarmenian.net