Գէորգի Եակուլով
| Գէորգի Եակուլով | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 (14) Յունուար 1884[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 28 Դեկտեմբեր 1928[1][2][3] (44 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լազարեան Ճեմարան և Մոսկուայի նկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարան |
| Տեսակ | Բնանկար |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ և բեմանկարիչ |
Գէորգի Եակուլով (բուն անունով Գէորգ Եակուլեան, 2 (14) Յունուար 1884[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 28 Դեկտեմբեր 1928[1][2][3], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ արուեստագէտ, նկարիչ եւ արուեստի տեսաբան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: Կրթութիւնը ստացած է Մոսկուայի Լազարեան ճեմարանէն, ուրկէ շրջանաւարտ եղած է 1901 թուականին, ապա ընդունուած՝ գեղանկարչութեան, քանդակագործութեան ու ճարտարապետութեան ուսումնարան:
Ուսումը աւարտելէ ետք՝ 1903 թուականին կամաւոր անդամագրուած է կովկասեան գունդին եւ մասնակցած է 1904-1905 թուականներու ռուս-ճաբոնական պատերազմին:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եակուլով երիտասարդ տարիքին իր աշխատութիւններով՝ հիմնականին մէջ բեմանկարներ, մասնակցութիւն ունեցած է Մոսկուայի տարբեր ցուցահանդէսներու։
1910 թուականին մեկնած է Իտալիա, Ֆրանսա եւ Գերմանիա եւ ծանօթացած այդ ժամանակուան մեծ արուեստագէտներու, ուսումնասիրած է անոնց գործերը եւ իր տեսական հետեւութիւնները ամփոփած է «Երկնագոյն արեգակը» յօդուածին մէջ:
Փարիզի մէջ բարձր գնահատանքի արժանացած է Եակուլովի ձեւաւորած «Փոխանակութիւն», «Արքայադուստր Բրամբիլլա» եւ այլ ներկայացումներու բեմադրութիւնները:
1914 թուականին, հայ քաղաքական ու հասարակական գործիչ Ալեքսանտր Միասնիկեանի հետ միասին Մոսկուայի մէջ հայ մշակոյթի վանտալութեան դէմ աշխատանք ծաւալած է:
Եակուլով 1918 թուականին մասնակցած է Մոսկուայի մէջ հայ թատրոնի հիմնադրման եւ ձեւաւորած է Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկաններ»ը, Սունդուկեանի «Պէպօ»ն եւ այլ ներկայացումներ:
Հայաստանի Առաջին Պետական թատրոնին մէջ ձեւաւորած է Շիրվանզատէի «Մորգանի խնամի»ն, Շէյքսփիրի «Վենետիկի վաճառականը» եւ այլ ներկայացումներ:
Անհատական ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արուեստագէտը անհատական ցուցահանդէսներ ունեցած է Երեւանի (1959, 1967, 1975, 1984), Մոսկուայի (1975) եւ Փարիզի (1964) մէջ:
Անոր գործերէն շատեր ցայսօր կը պահուին Հայաստանի Ազգային պատկերասրահին, Մոսկուայի Թրէտեաքովեան պատկերասրահին եւ Պախրուշինի անուան թատերական թանգարանին մէջ[4][5]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 RKDartists
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 V. Rakitin Yakulov, Georgy // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T092618
- ↑ «Ով ով է։ Հայեր», հանրագիտարան, Բ․ հատոր, Հայկական հանրագիտարան հրատ., Երեւան, 2007, էջ 183-184։
- ↑ «ԳԷՈՐԳԻ ԵԱԿՈՒԼՈՎ (1884-1928)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-25