Աղբիւր (ամսագիր, Թիֆլիս)
Աղբիւր Աղբյուր | |
---|---|
Տեսակ | մանկական ամսագիր?[1] եւ պատկերազարդ ամսագիր?[1] |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Տիգրան Նազարյան?[1] |
Հիմնադրուած է | 1883[1] |
Գրասենեակ | Թիֆլիս, Թիֆլիսի գաւառ[1] |
«Աղբիւր»[2], առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը Արեւելեան Հայաստանի մէջ։ Լոյս տեսած է Թիֆլիսի մէջ 1883–1918 թուականներուն, հրապարակախօս–մանկագիր Տիգրան Նազարեանի խմբագրութեամբ[3]։
Ուղղուածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամսագիրը ձգտած է մանուկներուն մէջ արթնցնել պատուասիրութիւն, սէր դէպի մարդը, վսեմն ու ազնիւը։ Տպագրած է գրական–գեղարուեստական, բնագիտական, աշխարհագրական նիւթեր, կենսագրական ակնարկներ նշանաւոր մարդոց մասին, նաեւ թարգմանութիւններ Անդերսենի, Հոֆմանի, Հիւկոյի, Կէօթէի, Պուշկինի, Իւան Թուրկենեւ, Նեկրասովի եւ այլ գրողներու մանկական երկերէն։
Մեծ տեղ տուած է ժողովրդական բանահիւսութեան։ Ունեցած է ոչ պարբերաբար լոյս տեսնող երկրորդ բաժին, ուր տպագրուած են մանկավարժական տեսական յօդուածներ, ուսումնասիրութիւններ, խորհուրդներ ծնողներուն եւ դաստիարակներուն։
Իբրեւ «Աղբիւր»ի յաւելուած հրատարակուած են ժողովածուներ, գրքոյկներ, նկարներ, «Մանկական աշխարհ» պարբերաթերթը՝ երեխաներու գրուածքներով եւ թարգմանական նիւթերով։
Ամսագրի էջերուն մէջ հանդէս եկած են հայ անուանի գրողներ Րաֆֆին, Պ. Պռօշեանը, Ղ. Աղայեանը, Յ. Յովհաննիսեանը, Յ. Թումանեանը, Ա. Ծատուրեանը, Ա. Իսահակեանը, Լէօն եւ ուրիշները։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քսան եւ հինգ ամեակ «Աղբիւր» մանկական ամսագրի (1883-1908), կազմեց Նար-Դոս, Թ., 1908։
- Յակոբեան Մ. Ն., «Աղբիւր» ամսագիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1959, №2։
- Գիւլնազարեան Ի. Ս., Ակնարկներ հայ մանկական գրականութեան պատմութեան, Ե., 1961, էջեր 63–73։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Վիեննայի Մենաստանին Մամուլին Շտեմարանը- ԱՂԲԻՒՐ»։ արտագրուած է՝ 2022-12-13
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»