Ղազարոս Աղայեան
| Ղազարոս Աղայեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 4 (16) Ապրիլ 1840[1][2][3] կամ 16 Ապրիլ 1840[3] |
| Ծննդավայր | Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2][3] (71 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, ուսուցիչ, հրապարակախօս և հանրային գործիչ |
| Աշխատավայր | Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[1], Փորձ[1] և Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց?[1] |
| Երեխաներ | Մուշեղ Աղայեան |
Ղազարոս Աղայեան (4 (16) Ապրիլ 1840[1][2][3] կամ 16 Ապրիլ 1840[3], Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Ռուսական Կայսրութիւն[1] - 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2][3], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), մանկագիր, բանաստեղծ, վիպասան, մանկավարժ եւ հրապարակախօս։
Կենսագրութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղազարոս Աղայեանը ծնած է 4 Ապրիլ 1840-ին, Բոլնիս-Խաչէն (այժմ՝ Վրաստանի մէջ) հայաբնակ գիւղը։
Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին եւ Շամշուլտա գիւղին մէջ՝ քահանայ Տէր Պետրոսի քով։ 1853 թուականին ընդունուած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, սակայն տարի մը ետք ինքնակամ հեռացած է։ Այնուհետեւ իր գիտելիքները հարստացուցած է ինքնակրթութեամբ։
Աշխատած է որպէս գրաշար Թիֆլիսի, Մոսկուայի եւ Սանքթ Փեթերսպուրկի մէջ։ 1867 թուականին վերադարձած է Հարաւային Կովկաս, եղած է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրած է «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասաւանդած է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գիւմրի), Երեւանի եւ Շուշիի դպրոցներուն մէջ (1870–1882)։ Եղած է Վրաստանի եւ Իմերեթիոյ հայկական դպրոցներու թեմական տեսուչ։ Աշխատած է «Փորձ» հանդէսի խմբագրութեան մէջ որպէս քարտուղար, գործօն մասնակցութիւն ունեցած է «Աղբիւր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրման աշխատանքներուն։
1853 թուականին Աղայեան ընդունուած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի նախավերջին դասարանը։ Քաղաքային կեանքն ու յառաջադէմ գաղափարները վճռական նշանակութիւն կ'ունենան անոր մտաւոր զարգացման գործին մէջ։ Շուտով ապագայ գրողը կը վերադառնայ գիւղ եւ կը փորձէ իր ստացած գիտելիքներով զարգացնել շրջապատը։
1862 թուականին, ուսումը շարունակելու եւ արհեստին մէջ կատարելագործուելու մտադրութեամբ, ընկերոջ մը հետ կը մեկնի Մոսկուա, ուր կը հանդիպին մեծ դժուարութիւններու։ 1862-1867 թուականներուն կ'աշխատի որպէս գրաշար Մոսկուայի եւ Փեթերսպուրկի մէջ:
1895 թուականին ձերբակալուած է Հնչակեան կուսակցութեան պատկանելու մեղադրանքով, աքսորուած է Նոր Նախիջեւան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետեւ, մինչեւ կեանքին վերջը, մնացած է ցարական ժանդարմերիայի (ոստիկանութեան) հսկողութեան տակ։ 1902 թուականի Մայիսին տօնուած է Աղայեանի գրական գործունէութեան 40-ամեակը։ 1905 թուականին մասնակցած է Թիֆլիսի Հոկտեմբերեան ցոյցին՝ կոչ ուղղելով տապալելու ցարը։
Մահացած է 20 Յունիս 1911-ին, Թիֆլիս։
Գրական Գործունէութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղայեանը բազմաժանր գրող է: Անոր առաջին տպագիր գործը եղած է «Հարկաւոր է օգնել չքաւորներուն» բանաստեղծութիւնը, որ լոյս տեսած է «Մեղու Հայաստանի» լրագրին մէջ՝ 1862 թուականին: «Արութիւն եւ Մանուէլ» (1867) երկով Աղայեանը հիմքը դրած է ինքնակենսագրական վէպի ժանրին՝ հայ նոր գրականութեան մէջ: Վէպին մէջ ան անողոք պայքար յայտարարած է խաւարին ու յետամնացութեան դէմ՝ ընթանալով Աբովեանի բացած ճամբով:
«Երկու քոյր» վիպակին մէջ ան արտացոլած է յետ-բարեփոխումներու շրջանի հայ գիւղին սոցիալական տեղաշարժերը եւ գիւղացիին պայքարը հողի համար, ինչ որ նորութիւն էր հայ գրականութեան մէջ: Վիպակին մէջ շօշափուած են նաեւ կնոջ հասարակական աշխոյժութեան եւ ազատ սիրոյ հարցերը: Աղայեանը հասարակական չարիքի նախապատճառը համարած է ընկերային անհաւասարութիւնը եւ յառաջ քաշած է սեփականութեան արդար բաժանման խնդիրը («Բաժանութիւն», 1890):
Աղայեանի գեղարուեստական արձակի ուշագրաւ նմուշներէն է «Սէրը արտաքսուած» ստեղծագործութիւնը (1889), ուր ժողովրդավարութեան դիրքերէն տուած է իրականութեան իրապաշտ պատկերը: Մշակած է «Քէօրօղլի» վիպերգութենէն երեք դրուագ: Մարդկային յարաբերութիւններու մասին Աղայեանի իտէալը աւելի ամբողջականօրէն արտայայտուած է «Տորք Անգեղ» պոէմին մէջ (1888), որուն հիմքը Մ. Խորենացիի «Հայոց Պատմութեան» մէջ եղած Տորք Անգեղի մասին առասպելն է:
Աղայեանը մեծ ժողովրդականութիւն ձեռք բերած է մանկական գրականութեան ասպարէզին մէջ: Մանկական բանաստեղծութիւններու առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովուականը», լոյս տեսած է 1882 թուականին, իսկ յաջորդը՝ «Բանաստեղծութիւնները»՝ 1890-ին: Հեքիաթները Աղայեանի ստեղծագործութեան մէջ մեծ կշիռ ունին: Ան հեքիաթը համարած է իրական աշխարհի ու կեանքի ճշմարտացի պատկերման եւ մանուկներու դաստիարակութեան կարեւոր միջոց՝ հետեւողականօրէն պաշտպանելով չարը պայքարով ոչնչացնելու սկզբունքը: Անոր հեքիաթներուն հերոսները անձնական բարօրութիւնը կը ստորադասեն հանրային երջանկութեան գաղափարին: «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրութեան լաւագոյն նմուշներէն է:
Աղայեանը հարստացուցած է մեր թարգմանական գրականութիւնը՝ ռուս եւ արեւմտաեւրոպական դասական գրողներէն կատարած թարգմանութիւններով ու փոխադրութիւններով: Ան թարգմանած է Իւան Կռիլովի, Ֆրիտրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնէի, Լեւ Թոլսթոյի եւ Ուիլիամ Շէյքսփիրի գործերը: Առանձնապէս յիշատակութեան արժանի է Ալեքսանտր Փուշկինի «Ոսկի ձկնիկը» հեքիաթի փոխադրութիւնը:
Ան օգտագործած է Ա., Ղ. Աղ., Թոմաս, Հաբաշ, Ղ., Ղ. Ա., Վիգէն, Փրէյտում, Փրէյտուն ծածկանունները[6]:
Վերնատուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղազարոս Աղայեանը նաեւ Թիֆլիսի մէջ Յովհաննէս Թումանեանի կողմէ ստեղծուած «Վերնատուն» գրական խմբակի մշտական անդամներէն էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մէկ-երկու անգամ կը հաւաքուէին Յովհաննէս Թումանեանի տան մէջ՝ զիրար տեսնելու եւ զրուցելու համար։ Այս հանդիպումներու ընթացքին, մեծ գրողները կը կարդային ու կը քննարկէին համաշխարհային գրականութեան դասական եւ նոր հեղինակներու գործերը, ինչպէս նաեւ իրենց սեփական գործերը կը ներկայացնէին ընդհանուր քննադատութեան։
Մանկավարժական Գործունէութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղայեանը գրած է մանկավարժական-մեթոտական բազմաթիւ աշխատութիւններ։ Առանձնակի կարեւորութիւն ունին անոր «Ուսումն մայրենի լեզուի» Ա., Բ., Գ. եւ Դ. տարիներու դասագիրքերը, որոնցմէ առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղած է հայկական դպրոցներու ամէնատարածուած այբբենարանը։ 1869 թուականին «Արարատ» ամսագրի առաջին համարներուն մէջ հրապարակած է «Խորհրդածութիւն դաստիարակութեան վերաբերեալ» յօդուածաշարքը։
Աղայեանը մասնաւորապէս զբաղած է տարրական ուսուցման հարցերով եւ մշակած է մայրենի լեզուի ուսուցման ու գրագիտութեան մեթոտիկա (եղանակ)։ Հենց այս սկզբունքներով կազմուած են անոր «Արեւիկ» այբբենարանը եւ տարրական դպրոցի չորս տարիներու «Ուսումն մայրենի լեզուի» դասագիրքերը։ Իսկ «Ուսումն մայրենի լեզուի, պատկերաւոր, այբբենարան եւ առաջին ընթերցարան»-ը 1875–1916 թուականներու միջոցին լոյս տեսած է 33 անգամ՝ գրեթէ ամէն տարի վերահրատարակուելով։ Այս գիրքերուն մէջ ներկայացուած են բանաստեղծութիւններ, պատմուածքներ, առակներ, հեքիաթներ եւ այլն։
1869-ի Մայիսէն ստանձնելով «Արարատ» հանդէսի խմբագրի պաշտօնը՝ առաջին իսկ համարին մէջ զետեղած է «Մի քանի խօսք մեր սիրելի ազգակիցներուն» առաջնորդող յօդուածը, որ նուիրուած էր աշխատանքի գովքին։ Յօդուածներ գրած է ժամանակի գրեթէ բոլոր պարբերականներուն մէջ։ Երիտասարդ տարիներուն աշխատած է որպէս գրաշար, իսկ հետագային ինքը ղեկավարած է տպարաններ։
Աշխատած է Ախալցխայի մէջ որպէս ուսուցիչ, ապա հրաւիրուած է Ալեքսանդրապոլ (Գիւմրի), ուր հիմնովին վերափոխած ու բարելաւած է ուսուցումը։ Այս տարիներուն, ընկերներուն հետ միասին, հիմնած է Ալեքսանդրապոլի Սահականուշեան օրիորդաց դպրոցը։
Ստեղծագործութիւններ[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոէմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տորք Անգեղ եւ Հայկանուշ Գեղեցիկ
Մանկական Բանաստեղծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ամիսներ եւ չորս եղանակ
- Արեգակ
- Արեւ
- Ճախարակ
- Յիշողութիւն
Հեքիաթներ եւ Զրոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օձամանուկ եւ Արեւահատ
- Անտառի մանուկը
- Վաճառականի խիղճը
- Զանգի-Զրանգի
- Եղեգնուհի
- Խիզախը կամ Աներկիւղը
- Այծատուր
- Հնարագէտ ջուլհակը
- Մանուկ-խան
- Ասլան-Բալա
- Քի՜չ ալ, քի՜չ ալ
- Անահիտ
- Արեգնազան կամ Կախարդական աշխարհ
- Վիշապին յաղթողը
- Հազարան Պուլպուլ
- Արեւամանուկ
- Մանկական աշխարհայեացք կամ Լոյս ու մութ աշխարհները
- Կախարդական պատկեր
Քէօրօղլի (Արկածներ Քէօրօղլիի կեանքէն)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քէօրօղլին՝ կալանաւոր
- Քէօրօղլին՝ ջրաղացպան
- Քէօրօղլիի թուրը
Շարժանկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղազարոս Աղայեանի ստեղծագործութիւններու հիման վրայ նկարահանուած են հետեւեալ ժապաւէնները.
- Անահիտ, բեմադրիչ՝ Համօ Բեկնազարեան (ԽՍՀՄ, 1947 թ.)։
Մուլտֆիլմեր (Գծաշարժական ժապաւէններ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անահիտ, բեմադրիչներ՝ Դաւիթ Սահակեանց, Լիւլիայ Սահակեանց (Հայաստան, 2014 թ.)
Յիշատակ[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի Կեդրոն վարչական շրջանի փողոցներէն մէկը, ինչպէս նաեւ Երեւանի թիւ 63 հիմնական դպրոցը կը կրեն Ղազարոս Աղայեանի անունը։ Դպրոցի բակին մէջ զետեղուած է գրողին կիսանդրին։
- Բոլնիս-Խաչէնի մէջ կը գործէ գրողին տուն-թանգարանը։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայր՝ Ստեփան Աղայեան (1806/1807-4 Հոկտեմբեր 1882)
- Մայր՝ Հռիփսիմէ Յովհաննիսեան (1815/1816-1 Յունիս 1876)
- Դուստր՝ Լուսիկ Սարեան (Աղայեան) (3 Յունիս 1893-1974), նկարիչ Մարտիրոս Սարեանի (1880-1972) կինը
- Որդի՝ Մուշեղ Աղայեան (5 Նոյեմբեր 1883 կամ 1888-11 Սեպտեմբեր 1966), յայտնի երգահան, երգիչ։
Աղայեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականութեան մէջ քայլող մի զօրապետ իշխան լինէր, լեռների քաջ որսկան, աշխարհէ աշխարհ կտրող կարաւանապետ։ |
Մատենագիտութիւն[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արութիւն եւ Մանուէլ, հատ. 1–3, Թիֆլիս, 1867–1882:
- Երկու քոյր, Տփղիս, 1872, 108 էջ։
- Արութիւն եւ Մանուէլ, հատ. 1–3, Թիֆլիս, 1888–1901:
- Տորք-Անգեղ եւ Հայկանուշ-Գեղեցիկ (Հին զրոյց), տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1888, 41 էջ։
- Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1890, 153 էջ։
- Երկու քոյր, Թիֆլիս, 1892, 139 էջ։
- Իմ կեանքի գլխաւոր դէպքերը, Թիֆլիս, 1893, 170 էջ։
- Երկու քոյր, Թիֆլիս, 1916, 98 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1937, 302 էջ։
- Ընտիր երկեր, Երեւան, 1939, 297 էջ։
- Երկերու ժողովածու, հատ. 1–4, Երեւան, 1939–1950:
- Նուէր մանուկներուն, Երեւան, 1941, 98 էջ։
- Երկեր (4 հատորով). Բանաստեղծութիւններ, Պատմուածքներ, Հեքիաթներ եւ զրոյցներ, Հ. 1, Պետհրատ, 1947, 437 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1948, 107 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1952, 152 էջ։
- Ընտիր երկեր, Երեւան, 1956, 692 էջ։
- Անահիտ։ Երկու քոյր, Երեւան, 1958, 115 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1960, 192 էջ։
- Երկու քոյր։ Անահիտ, Երեւան, 1962, 103 էջ։
- Երկերու ժողովածու, հատ. 1–4, Երեւան, 1962–1963:
- Հեքիաթներ, Երեւան, 1968, 208 էջ։
- Երկերու ժողովածու, հատ. 1–3, Երեւան, 1973–1974:
- Երկեր, Երեւան, 1979, 656 էջ։
- Երկեր, Երեւան, 1981, 336 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1992, 191 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 1998, 264 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 2004, 246 էջ։
- Արեգնազան (Հեքիաթ), Նայիրի, 2005, 52 էջ։
- Երկեր, Երեւան, 2007, 298 էջ։
- Ստեղծագործութիւններու ժողովածու, Երեւան, 2012, 400 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 2013:
- Հեքիաթներ, Երեւան, 2015, 248 էջ։
- Հեքիաթներ, Երեւան, 2015, 280 էջ։
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կռիլով Իւան, Առակներ / Թարգմ.՝ Ղ. Աղայեան, Ա. Խնկոյեան.- Երեւան: Անտարես, 2009.- 128 էջ:
- Փուշկին Ալեքսանտր, Հեքիաթներ / Թարգմ.՝ Ա. Խնկոյեան, Ղ. Աղայեան.- Երեւան: Հայպետհրատ, 1959.- 146 էջ:
- Փուշկին Ալեքսանտր, Հեքիաթներ, բանաստեղծութիւններ, արձակ էջեր: Միհատորեակ մանուկներու եւ պատանիներու համար.- Երեւան: Պետհրատ, 1937.- 209 էջ:
Գրականութիւն (Օժանդակ աղբիւրներ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ասատուր Ասատրյան, Ղազարոս Աղայան (կեանքն ու գործունեութիւնը), 1940, 128 էջ։
- Հրայր Մուրադյան, Ղազարոս Աղայան (կեանքը եւ գործը), Երեւան, Հայպետհրատ, 1941, 114 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը եւ ժողովրդական հերոսութիւնը), Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1942, 140 էջ։
- Հայ նոր գրականության պատմութիւն, հատոր 3 (հատորին մէջ զետեղուած է «Ղազարոս Աղայան» գլուխը, որ գրած է Ասատուր Ասատրյանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, էջ 270-326։
- Աստվածատրյան Վ., Աղայանը մանկավարժ, Երեւան, 1947։
- Ավթանդիլյան Ա., Ղազարոս Աղայանի աշխարհայացքը, Երեւան, 1983։
- Ղազարոս Աղայան (1840-1911) (Մատենագիտութիւն), Երեւան, 1972։
- Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, Երեւան, 1967։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 123.
- 1 2 3 4 5 6 Педагоги и психологи мира — 2012.
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 554։
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
- ↑ (հայերեն) Ղազարոս Աղայան, 2026-03-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10699260, վերցված է 2026-04-09
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ղազարոս Աղայեան (1840¬1911).Հայ ժողովուրդի անզուգական մանկագիրն ու մեծարժէք Ուսուցիչը։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Յիշողութիւն։[permanent dead link]
- ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ: ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԵԱՆ ԷԼ. ԳԻՐՔ (դասական ուղղագրութիւն)։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
| ||||||
- 16 Ապրիլի ծնունդներ
- 1840 ծնունդներ
- 3 Յուլիսի մահեր
- 1911 մահեր
- Թիֆլիս մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from May 2025
- 5 Ապրիլի ծնունդներ
- 20 Յունիսի մահեր
- Հայ բանաստեղծներ
- Հայ մանկավարժներ
- Հայ մանկագիրներ
- Խոջիվանքի գերեզմանատան մէջ թաղուածներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ հրապարակախօսներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ գրողներ
- Գրողներ այբբենական կարգով