Քազապլանքա (ժապաւէն)
Քազապլանքա | |
---|---|
Casablanca | |
Բեմադրիչ | Մայքլ Քըրթիզ |
Արտադրիչ | (Հալ Պ․ Ուալիս) |
Երաժշտութիւն | Մաքս Սթայնըր |
Մոնտաժ | Օուըն Մարքս |
Արտադրող ընկերութիւններ |
Warner Bros |
Թողարկման թուական | (առաջին) 26 Նոյեմբեր 1942 եւ ընդհանուր՝ 23 Յունուար 1943 |
Տեւողութիւն | 102 վայրկեան |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերէն |
Պիւտճէ | $878,000 |
«Քազապլանքա» (անգլերէն՝ Casablanca), Օսքարի մրցանակիր շարժարուեստի ամերիկեան ժապաւէն, նկարահանուած 1942-ին: Բեմադրիչն է՝ Մայքլ Քըրթիզ (Michael Curtiz), իսկ գլխաւոր դերակատարները՝ Համֆրէյ Պոկարտ (Humphrey Bogart) , Ինկրիտ Պերկման (Ingrid Bergman) եւ Փօլ Հենրիտ (Paul Henreid)։
Նախքան հանրութեան ներկայացուիլը, ժապաւէնը ծանօթ էր «Ամէն մարդ Ռիքին քով կու գայ» (Everybody Comes To Rick's) անունով։ Ժապաւէնը ամբողջութեամբ կը նկարահանուի Պըրպանքի (Burbank) Ուորնըր Պրոս արուեստանոցին (Warner Bros. Studios) մէջ, որ ծանօթ է նաեւ իբրեւ Եօթը Արուեստներու Աշխատանոց (Warner Bros.-Seven Arts Studios) կամ՝ Պըրպանքի Արուեստանոցները (The Burbank Studios)։ Ժապաւէնը առաջին անգամ մեծ յաջողութեամբ կը ցուցադրուի Նիու Եորքի մէջ, 26 Նոյեմբեր 1942-ին։ Ժապաւէնին ցուցադրութիւնը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներուն մէջ կը կատարուի երբ դաշնակից ուժերը հիւսիսային Ափրիկէ ոտք կը դնեն, 23 Յունուար 1943-ին։
Ժողովուրդին մօտ լայն ընդունելութիւն գտած «Քազապլանքա» ժապաւէնը մինչեւ օրս կը շարունակէ աշխարհի լաւագոյն ժապաւէններու ցանկին առաջին տեղերը գրաւել։
Ժապաւէնին մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիւթը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժապաւէնը (ֆիլմը) կ'անդրադառնայ Բ․ Համաշխարհային Պատերազմի ընթացքին Քազապլանքայի մէջ կատարուած եղելութիւններուն։ Կը ներկայացնէ երկսայրի մէջ գտնուող ամերիկացի մը․ օգնե՞լ իր սիրուհիին ամուսինին՝ չեխ ընդդիմադիրին, փախչելու ֆրանսայի ուժերուն կողմէ գրաւուած Մարոքէն, որպէսզի շարունակէ պայքարը Նացիստական Գերմանիոյ (Երրորդ Ռայխ) դէմ։
Բ. Համաշխարհային Պատերազմին ընթացքին, Գերմանիոյ ֆաշիստ ուժերուն բռնագրաւման տակ գտնուող Ֆրանսայի տարբեր քաղաքներէն շատեր կը յաջողին փախչիլ դէպի հարաւ ու անցնիլ հիւսիսային Ափրիկէ, այն յոյսով՝ որ պիտի ճամբորդեն Լիզպոն ու անկէ՝ Ամերիկա։ Սակայն, պատկառելի թիւ մը չի յաջողիր ու ֆրանսական գերիշխանութեան տակ գտնուող Քազապլանքա քաղաքը կը մնայ։
Դեկտեմբեր 1941-ին, հայրենիքէն հեռացած Ամերիկացի Ռիք Պլէյն, սեփականատէր է գիշերային զբօսավայրի մը՝ «Rick's Café Américain», որ կը ներգրաւէ տարբեր յաճախորդներ․ «Վիշի» ֆրանսական ֆաշիստական վարչակարգի եւ Գերմանացի պաշտօնեաներ, ամերիկա գաղթել փափաքող գաղթականներ, եւ այլն։ Սակայն Ռիք բոլորին հանդէպ չէզոք դիրք կը բռնէ, ան կը հետաքրքրուի միմիայն իր գործերով՝ զինամթերք հասցնել Եթովպիա (Բ․ Պատերազմ Իտալիոյ եւ Եթովպիոյ միջեւ) եւ Սպանիոյ Հանրապետականներուն, որոնք Սպանիոյ քաղաքացիական Պատերազմին ընթացքին կը պայքարին Ազգայնականներուն դէմ։
Քաղաքին մէջ կը սպաննուին երկու գերմանացի սուրհանդակներ։ Այդ իրիկունը, Ուկարթէ (փոքր տարողութեամբ յանցագործ մը) Ռիքին կը մօտենայ եւ անոր կը յայտնէ, թէ իր մօտ ունի Տը Կոլէն ստորագրուած երկու նամակ (օդանաւամուտքի արտօնագիրեր) եւ թէ կը մտադրէ սուղ գինով վաճառել զանոնք։ Սակայն կը վախնայ քովը պահելու եւ Ռիքին կը յանձնէ․ այս երկու արտօնագիրերը սպաննուած երկու գերմանացիներուն ձեռքն էին։ Տեղ կը հասնի գերմանացի հազարապետ մը՝ Սթրասեր, եւ ոստիկանութիւնը Ուկարթէն կը ձերբակալէ։ Սթրասերը գոհացնելու համար, ֆրանսական ոստիկանութեան պետը՝ Ռենօ, կը խոստանայ յանձնել նաեւ, համբաւ շահած չեխ ընդդիմադիրը՝ Վիքթոր Լազլօն։ Ուկարթէ կը մեռնի բանտին մէջ, առանց սակայն խոստովանելու, թէ արտօնագիրերը Ռիքին յանձնած է։
Նոյն իրիկունը, կեդրոն կը մտնեն Ռիքին նախկին սիրուհին՝ Իլսա Լանտը, իր ամուսինին՝ չեխ ընդդիմադիր Վիքթոր Լազլոյին հետ։ Իլսա կը մօտենայ դաշնակահար Սեմին, եւ անկէ կը խնդրէ նուագել As Time Goes By երգը։ Ռիք կը զայրանայ երգը լսելով, որովհետեւ դաշնակահարին արգիլած էր այդ երգը նուագել, սակայն երբ Իլսան կը տեսնէ, այն ատեն Սեմին ի'նք կ'առաջարկէ, որ նուագէ։ Այս միջոցին ժապաւէնը յետահայեաց կը պատմէ, թէ ինչ պատահած է Փարիզ (1940), հոն ուր պատերազմի ստուերին տակ Ռիք եւ Իլսան կը սիրահարին։ Ու երբ Փարիզը կ'իյնայ գերմանացիներուն ձեռքը, Ռիք քաղաքը լքել կ'ուզէ եւ կ'առաջարկէ Իլսային, որ նախ հետը ամուսնանայ ապա միասին մեկնին։
Մինչ այդ, կեդրոնին մէջ, Լազլօ հարց ու փորձերէ ետք, կը կասկածի թէ տոմսերը Ռիքին մօտն են: Այս ուղղութեամբ կը մօտենայ Ռիքին, սակայն ան կը մերժէ ծախել որեւէ գինի, ու երբ Լազլօ կ'ուզէ պատճառը իմանալ, Ռիք կ'ըսէ, որ կնոջը հարցնէ։ Անոնց վէճը կ'ընդմիջեն Սթրասեր եւ հետեւորդները, որոնք կ'երգեն «Die Wacht am Rhein» գերմանական հայրենասիրական երգը։ Լազլօ կը հակադարձէ երգելով ֆրանսայի ոգերգը՝ Լա Մարսէյէզ («La Marseillaise»)։ Ներկաները անոր կը միանան եւ գերմանացիները դժգոհ, կեդրոնէն դուրս կ'ելլեն։ Սթրասեր Ռենոյէն կը պահանջէ կեդրոնը փակել։ Այդպէս ալ կ'ըլլայ։
Ամայի կեդրոնին մէջ, Իլսա, զէնքը ձեռքին, Ռիքէն նամակները կը պահանջէ, սակայն Ռիք կը մերժէ տալ։ Իլսան միաժամանակ կը խոստովանի, թէ տակաւին սիրահարած է իրեն եւ կը բացատրէ, թէ ինչ պատճառներով իրեն չէ հետեւած․ Փարիզէն մեկնելու նախօրեակին, կ'իմանայ, թէ մեռած կարծած ամուսինը՝ Լազլօն, ողջ է ու քաղաքը կը պահուըտի։ Ռիք կը խոստանայ օգնել, հաւատալով, թէ Իլսան քովը պիտի մնայ երբ Լազլօն մեկնի։ Լազլօ վիրաւոր վիճակի մէջ կեդրոն կը մտնէ եւ Ռիքէն կը խնդրէ, արտօնագիրերը Իլսային տալ, որպէսզի ան քաղաքէն մեկնի ու ինք Քազապլանքա մնայ։
Ռիք ոստիկանապետ Ռենոյին կը յայտնէ, թէ ինք ունի արտօնագիրերը եւ թէ մտադիր է Լազլօն յանձնել գերմանացիներուն եւ Իլսային հետ մեկնիլ Ամերիկա։ Ռենոյին հետ կը ծրագրեն Լազլոյին ձերբակալումը, սակայն իրականութեան մէջ Ռիքին նպատակը տարբեր է։ Երբ բոլորը կեդրոն կը հաւաքուին եւ Ռենօ կը պատրաստուի Լազլօն ձերբակալել, Ռիք զէնքի ուժով Ռենոյին կը ստիպէ հեռաձայնել օդակայան, որպէսզի արտօնեն Լազլոյին մեկնումը։ Սակայն Ռենօ օդակայան չի հեռաձայներ, այլ՝ Սթրասերին։
Վերջաբան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժապաւէնին վերջաբանը կը կատարուի օդակայանին մէջ։ Ռիք կը համոզէ Իլսային օդանաւ մտնել, անոր ըսելով ժապաւէնին ամէնէն նշանաւոր նախադասութիւնը. «Մենք միշտ Փարիզը պիտի ունենանք (We'll always have Paris)։ Մինչ այդ, օդակայան կը հասնի Սթրասեր ու կը հրամայէ թռիչքը ջնջել։ Ռիք հրազէնը կ'արձակէ անոր վրայ։ Ռէնօ զայն չի ձերբակալեր, այլ միասին, բարեկամի նման կը մեկնին, մինչ օդանաւը դէպի Լիզպոն կը թռչի։
Մշուշին մէջէն Ռիք եւ Ռէնօ կը քալեն, Ռիք անոր ըսելով․ «Լուի, կը կարծեմ թէ գեղեցիկ բարեկամութեան մը սկիզբն է («Louis, I think this is the beginning of a beautiful friendship»)։
Դերակատարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր դերակատարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Համֆրէյ Պոկարտ (Humphrey Bogart), իբրեւ Ռիք Պլէյն (Rick Blaine),
- Ինկրիտ Պերկման (Ingrid Bergman), իբրեւ Իլսա Լանտ (Ilsa Lund),
- Փոլ Հենրիտ (Paul Henreid), իբրեւ Վիքթոր Լազլօ (Victor Laszlo)։
Երկրորդական դերակատարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քլոտ Ռէնս (Claude Rains), իբրեւ ոստիկանապետ Լուի Ռենօ (Louis Rains),
- Քոնրատ Վէյտ (Conrad Veidt), իբրեւ հազարապետ Հենրիխ Սթրասեր (Heinrich Strasser),
- Սիտնի Կրինսթրիթ (Sydney Greenstreet), իբրեւ Սինյոր Ֆերարի (Signor Ferrari),
- Փիթըր Լոր (Peter Lorre), իբրեւ Սինիոր Ուկարթէ (Signor Ugarte),
- Քըրթ Պուա (Curt Bois), իբրեւ գրպանախոյզ,
- Լէոնիտ Քինսքէյ (Leonid Kinskey), իբրեւ Սաշա՝ յաճախորդներուն ըմպելի սպասարկողը,
- Մատլէն Լէօպօ (Madeleine Lebeau), իբրեւ Իվոն՝ Ռիքիէն մերժուած ընկերուհի,
- Ճոյ Փէյճ (Joy Page), իբրեւ պուլկարացի երիտասարդ գաղթական,
- Ճոյ Քուալեն (John Qualen), իբրեւ Պերժէ՝ Լազլոյին կապը ընդդիմադիրներուն հետ,
- Սաքալ (S. Z. Sakall), իբրեւ Քարլ՝ սպասարկողը,
- Արթուր Տուլէյ Ուիլսոն (Arthur "Dooley" Wilson), իբրեւ դաշնակահար Սամ (Sam),
եւ շատ ուրիշներ։
Նուագակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քազապլանքա ժապաւէնին երաժշտութիւնը յօրինած է Մաքս Սթէյնըր (Max Steiner)։ Կը լսուին նաեւ հետեւեալ յօրինումները․
- «As Time Goes By»,
- «It Had to Be You»,
- «Shine, Avalon, Perfidia»,
- «The Very Thought of You»,
- «Knock on Wood»:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օսքար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարտ 1944-ին Օսքար Մրցանակի (Ամերիկայի Ակատեմկիոյ Կաճառի 16-րդ մրցանակներ) բաշխման Քազապլանքա ժապաւէնը կը ներկայանայ 8 թեկնածութեամբ եւ կ'արժանանայ անոնցմէ երեքին՝ Լաւագոյն Ժապաւէն Outstanding Motion Picture, Լաւագոյն Բեմադրիչ Best Director եւ Լաւագոյն Պատշաճուած Սենարիօ (ֆիլմի հիմ ծառայող գրութիւն) Academy Award for Best Adapted Screenplay։ Ստորեւ ցուցակը․
Մրցանակ | Տեսակ | Անուանեալ | Արդիւնք |
---|---|---|---|
Օսքար
16th Academy Awards |
Լաւագոյն Ժապաւէն (Outstanding Motion Picture) | Ուորնըր Պրոս (Warner Bros). (Հալ Ուոլիս Hal B. Wallis, Ֆիլմ արդադրիչ Producer) | Յաղթած |
Լաւագոյն Բեմադրիչ (Best Director) | Մայքլ Քըրթիզ (Michael Curtiz) | Յաղթած | |
Տղամարդու Ա․ դեր (Best Actor) | Համֆրէյ Պոկարտ (Humphrey Bogart) | Առաջադրուած | |
Տղամարդու Բ․ դեր (Best Supporting Actor) | Քլոտ Ռէնս (Claude Rains) | Առաջադրուած | |
Լաւագոյն Պատշաճուած Սենարիօ (ֆիլմի հիմ ծառայող գրութիւն) (Best Writing, Screenplay) | Ժիւլիւս Էփսթէյն (Julius J. Epstein), Ֆիլիփ Էփսթէյն (Philip G. Epstein) եւ Հաուըրտ Քոշ (գրող) (Howard Koch) | Յաղթած | |
Լաւագոյն շարժանկարչութիւն (Best Cinematography) | Արթուր Էտըսոն (Arthur Edeson) | Առաջադրուած | |
Ժապաւէնի շարադրում (Best Film Editing) | Օուն Մարքս (Owen Marks) | Առաջադրուած | |
Երաժշտութեան յօրինում (Best Music, Score of a Dramatic or Comedy Picture) | Մաքս Սթէյնըր (Max Steiner) | Առաջադրուած |
Շնորհումներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1989-ին, «Քազապլանքա» ժապաւէնը կ'արձանագրուի իբրեւ Ա․Մ․Ն․ Ազգային արձանագրութեան 25 լաւագոյն ժապաւէններէն մէկը՝ մշակութային, պատմական եւ զգացական իմաստով։
- 2005-ին, Թայմ պարբերաթերթը Time magazine, ժապաւէնը կը դասէ իբրեւ վերջին 80 տարիներու 100 լաւագոյն ժապաւէններէն մէկը։
- Նոյն տարին, ժապաւէնը Էմբայրս (Empire's 100) լաւագոյն Ժապաւէններու ցուցակին մէջ կը գրաւէ 28-րդ տեղը։
- 2006-ին, Ա․Մ․Ն․ Գրողներուն Արուեստակցութիւնը, տեղի ունեցած քուէարկութեամբ ժապաւէնը առաջինը կը դասէ՝ 101 Լաւագոյն Պատշաճուած Սենարիօ (ֆիլմի հիմք ծառայող գրութիւն) «Best Writing, Screenplay» ցուցակի շարքին։
- Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկը American Film Institute (AFI) «Քազապլանքա» ժապաւէնը յաճախ ընտրած է իբրեւ Ամերիկեան կարեւոր ժապաւէններու ցուցակին համար․
Տարի | Տեսակ | Շարք |
---|---|---|
1998 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ամենալաւ 100 ժապաւէնները (AFI's 100 Years...100 Movies) | 2 |
2001 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․ 100 Սարսուռներ (AFI's 100 Years...100 Thrills) | 37 |
2002 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ (100 կիրքեր AFI's 100 Years...100 Passions) | 1 |
2003 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ 100 Հերոսներ (AFI's 100 Years...100 Heroes and Villains) | 4՝ Ռիք Պլէյն, հերոս (Rick Blaine, hero) |
2004 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ 100 երգեր (AFI's 100 Years...100 Songs) | 2՝ «As Time Goes By» |
2005 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ 100 ժապաւէնի վերջաբառեր կամ ըսուած խօսքեր AFI's 100 Years...100 Movie Quotes | 5՝ «Here's looking at you, kid». 20՝ «Louis, I think this is the beginning of a beautiful friendship». 28՝ «Play it, Sam. Play 'As Time Goes By'». 32՝ «Round up the usual suspects». 43՝«We'll always have Paris». 67՝ «Of all the gin joints in all the towns in all the world, she walks into mine». Նաեւ առաջադրուած է հետեւեալ խօսքի համար՝ «Ilsa, I'm no good at being noble, but it doesn't take much to see that the problems of three little people don't amount to a hill of beans in this crazy world».[1] |
2006 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ 100 ներշնչող ժապաւէններ (AFI's 100 Years...100 Cheers) | 32 |
2007 | Ամերիկայի Շարժապատկերի Հիմնարկ․ 100 տարուան ․․․․․ 100 ժապաւէններ Հրատարակութեան 10-րդ տարեդարձ AFI's 100 Years...100 Movies (10th Anniversary Edition) | 3 |
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «AFI's 100 Years...100 Movie Quotes – List of the 400 nominated movie quotes»։ American Film Institute։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 28, 2011-ին։ արտագրուած է՝ September 17, 2014
- ↑ [http://www.vincasa.com/indexkoch.html Հարցազրոյց, 1995 Մայիս, Էլիոթ Սթէյն "Howard Koch, Julius Epstein, Frank Miller Interview" May, 1995 By Eliot Stein of "STEIN ONLINE" (անգլերէն)]
- ↑ Ամենամեծ ժապաւէնները, Roger Ebert 15-9- 1996 (անգլերէն)
- ↑ Քազապլանքա․ լաւագոյն ըսուած խօսքերը․ Ո՞րքան քաջածանօթ էք ժապաւէնին, Emma Jones, 13-2-2012 (անգլերէն)
- ↑ Քազապլանքա․ անյուսալիդասական ժապաւէնը․ Ronald Haver, 11-1-1989 (անգլերէն)
- ↑ [https://www.indiewire.com/2012/11/5-things-you-might-not-know-about-casablanca-on-its-70th-anniversary-103675/ «Քազապլանքայի» 70-րդ տարեդարձը, Oliver Lyttelton, 26-11-2012 (անգլերէն)]
- ↑ Երկու եղբայրները որ գրեցին «Քազապլանքա»ն, Adam Chandler, 22-8-2012(անգլերէն)
- ↑ Ազգային արձանագրութեան 25 լաւագոյն ժապաւէնները, Irvin Molotsky, 20-9-1989 (անգլերէն)
- ↑ Լէօնիտ Քինսքի, «Քազապլանքայի» ըմպելի մատակարարողը
- ↑ Տէյլի Մէյլ – 27-11-2012 Քազապլանքա․ կրնաք ձեր տունը դիտել You CAN play it again (in your own living room)․․․
- ↑ Քազապլանքայի մարդը․ Մայքլ Քըրթզ, Robertson, James C. 1930 (անգլերէն)
- ↑ 1942․ նուագակցութիւնները (անգլերէն)
- ↑ Քազապլանքա՝ Մայքլ Քըրթիզին ժապաւէնը 1942, ․․․Casablanca: Michael Curtiz's 1942 film is a classic love story - with excellent hats(անգլերէն)
- ↑ - Քազապլանքա․ Դասական ժապաւէններ, Գաղտնիքներ եւ Սուտեր, Mark Salisbury, Simon Rose․ Օգոստոս 1992 (անգլերէն)[permanent dead link]
- ↑ «Մենք միշտ Փարիզը պիտի ունենանք (We'll always have Paris)», Քազապլանքա ժապաւէնին վերջաբանը (անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լաւագոյն ֆիլմերու ցուցակ(անգլերէն)
- Օսքար մրցանակին արժանացած ժապաւէններու ցուցակ(ֆր.)
- Շարժապատկերի Հիմնարկ, 100 տարուան ․․․․․ 100 ժապաւէններ․ Հրատարակութեան 10-րդ տարեդարձ(անգլերէն)
- Համֆրէյ Պոկարտ(անգլերէն)
- Ինկրիտ Պերկման(անգլերէն)
- "As Time Goes By"երգը(անգլերէն)
- "As Time Goes By" կ'երգէ Քազապլանքայի Սամը (Dooley Wilson)
- (1942): Play it Sam, Play As Time Goes By. Ingrid Bergman, Humphrey Bogart, կ'երգեն Սամ (Dooley Wilson) եւ Սինաթրա
- «It Had to Be You» երգը(ֆր.)
- «It Had to Be You». Կ'երգէ Ֆրանք Սինաթրա
- «Shine» երգը(անգլերէն)
- "Avalon" երգը(անգլերէն)
- Perfidia երգը(ֆր.)
- «Perfidia», կ'երգէ Ալպերթօ Տոմինկէզ
- "The Very Thought of You" երգը(իտալ.)
- «Very Thought Of You» –կ'երգէ Րէյ Նոպլէ
- "Knock on Wood" երգը(անգլերէն)