Ցոլակ Ամերիկեան
Ցոլակ Ամերիկեան | |
---|---|
Ծննդեան անուն | Գալուստ Սուլուլիկեան |
Ծնած է | 23 Սեպտեմբեր (5 Հոկտեմբեր) 1887[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 17 Սեպտեմբեր 1964[1] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մայրենի լեզու | հայերէն |
Մասնագիտութիւն | դերասան |
Աշխատավայր | Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն[1] |
Ցոլակ Ամերիկեան (բուն անունով՝ Գալուստ Սուլուլիկեան, 23 Սեպտեմբեր (5 Հոկտեմբեր) 1887[1], Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն[1] - 17 Սեպտեմբեր 1964[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ դերասան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տրապիզոն: Փոքր տարիքին հօրեղբօր հետ տեղափոխուած է Պաթում, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը: Այնուհետեւ մեկնած է Վենետիկի Մխիթարեան վարժարան՝ շարունակելու իր միջնակարգ ուսումը, սակայն երկար չմնալով վերադարձած է Պաթում, ուր սկսած է մաս կազմել սիրողական ներկայացումներու, որոնցմէ են «Արշակ Բ.», «Վարդան Մամիկոնեան», «Ղարաբաղի աստղագէտը», «Խաչագողի յիշատակարանը» եւ ուրիշներ:
Ցոլակ հակառակ նիւթական դժուարութիւններու, կրցած է մեկնիլ Փարիզ, Մարսէյլ, Յունաստան եւ Եգիպտոս, դիտելու եւ ուսումնասիրելու ժամանակի անուանի դերասաններու ներկայացումները:
Շրջագայութենէն ետք վերադարձած է Կովկաս եւ անդամակցած՝ Ամօ Խարազեանի թատերախումբին:
Որոշ ժամանակ ետք՝ 1910 թուականին մեկնած է Էրզրում, ուր հիմնած է թատերական խումբ մը, հանդէս գալով Շիրվանզատէի «Չար ոգին», «Պատուի համար», «Նամուսը», Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», «Պաղտասար աղբարը» եւ բազմաթիւ այլ ներկայացումներով:
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ցոլակ կարեւոր դերեր ստանձնած է, բեմակից ըլլալով Սիրանոյշի, Վահրամ Փափազեանի, Սեւումեանի եւ ժամանակուան անուանի դերասաններուն եւ դուրս գալով Կովկասի սահմաններէն բազմաթիւ հայահոծ շրջաններու մէջ ունեցած է ներկայացումներ:
Թատրոնի կողքին Ցոլակ դերեր ստանձնած է նաեւ ժապաւէններու մէջ, որոնցմէ կարեւորագոյններէն են․
- «Տժվժիկը»,
- «Մօր սիրտը»,
- «Ո՞ւմ է ժպտում կեանքը»,
- «Փառքի օղակներ» եւ ուրիշներ[2]:
Կոչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1947 թուականին արժանացած է Խորհրդային Հայաստանի Ժողովրդական արուեստագէտի կոչման:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — է. 316.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-12