Վահան Թէքէեան
Վահան Թէքէեան | |
---|---|
| |
Ծնած է | 21 Յունուար 1878[1][2] |
Ծննդավայր | Օրթաքէօյ, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 4 Ապրիլ 1945[1][2] (67 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[1][2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Եգիպտոսի թագավորություն |
Ազգութիւն | հայ |
Կրօնք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ուսումնավայր |
Պէրպէրեան Վարժարան[1] Ազգային Կեդրոնական Վարժարան[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, հրապարակախօս, հանրային գործիչ, գրագէտ |
Աշխատավայր |
Շիրակ (հանդէս)[1][2] Զարթօնք Արեւ |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Ծնողներ | Գալուստ (հայրը), Եղիսաբէթ (մայրը), Նուրիցա (քոյրը), Տիգրան, Ճիւան, Արթաքի (եղբայրները) |
Վահան Թէքէեան (21 Յունուար 1878[1][2], Օրթաքէօյ, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 4 Ապրիլ 1945[1][2], Գահիրէ, Եգիպտոս[1][2]), բանաստեղծ, հրապարակագիր, արձակագիր, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր եւ հասարակական գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս, բնիկ կեսարացի ծնողներէ, ուր անցուցած է պատանեկութիւնը, ուսանելով Պէրպէրեան եւ Կեդրոնական վարժարաններուն մէջ։ 1894-ին ուսումը կիսատ ձգելով, իր մօրեղբօրը՝ Մանուկ Արզըեանի բարեխօսութեամբ իբրեւ անվճար պաշտօնեայ կը սկսի աշխատիլ «Նորթ Պրիթիշ» ապահովագրական ընկերութեան մէջ։ 1896-ին կ'անդամակցի Հնչակեան կուսակցութեան եւ կ'ուզէ ինքզինք նուիրել հայկական իրաւունքներու պաշտպանութեան։ Նոյն տարուան մայիսին կ'անցնի Լիվըրփուլ, իբրեւ պաշտօնեայ իր եղբօրը առեւտրական հաստատութեան մէջ, իսկ աւելի ուշ՝ 1897-ին Մարսէյլ, իբրեւ առեւտրային պաշտօնեայ իր հօրեղբօրորդւոյն՝ Միհրան Թէքէեանի։ 1902-ին Մարսէյլէն կը փորձէ վերադառնալ ծննդավայրը՝ Պոլիս, սակայն նաւէն հազիւ իջած, կը ձերբակալուի անցագիրին հետ կապուած խնդիրի մը պատճառով եւ, շուրջ 15 օր բանտ մնալէ ետք, կ'արտաքսուի երկիրէն։ Կը վերադառնայ Մարսէյլ, ուրկէ ալ Համպուրկ։ Կարճ ժամանակ մը հոն մնալէ ետք, կը վերադառնայ Մարսէյլ եւ հոնկէ ալ 1904-ին՝ Աղեքսանտրիա, ուր հօրեղբօր թոռան՝ Բարսեղ Օհանեանի ազդեցութեամբ կը դառնայ վերակազմեալ-հնչակեան։ 1906-ին կ'անցնի Գահիրէ, ուր պաշտօնի կը կոչուի Մելքոնեան գործատան մէջ։ Կը դառնայ Գահիրէի Գալուստեան Ազգ․ վարժարանին հոգաբարձուն եւ երկրորդ ատենադպիրը՝ Լսարան-Ընթերցարան ընկերակցութեան։ Կը սկսի պաշտօնավարել նաեւ Արտաշէս Ճիւանեանի մօտ։ Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք, 9 օգոստոս 1908-ին կը վերադառնայ Պոլիս։
1908-ին, Պոլիս դարձած՝ աւելի ամբողջական ձեւով կը նուիրուի հրապարակագրութեան։ Գաղափարակից գրագէտներու հետ կը վարէ «Շիրակ» գրական-հասարակական պարբերաթերթը։ Միաժամանակ շարունակած ըլլալով բանաստեղծական արտադրութիւնը։ 1914-ին լոյս կ'ընծայէ երկրորդ ժողավածու մը՝ «Հրաշալի Յարութիւն»ը, որ զինք կը դասէ արեւմտահայ առաջնակարգ բանաստեղծներու շարքին։
Նոյն տարին, հանրային գործով Երուսաղէմ եւ Գահիրէ ղրկուած՝ կը փրկուի 1915-ին գործադրութեան դրուած ցեղասպանական ոճիրէն։
Պատերազմի ընթացքին ու անկէ ետք, Թէքէեան հանրային-հրապարակագրական գործունէութեան կը միացնէ որբահաւաքի գործը եւ ուսուցչութիւնը։ Նախ՝ ուսուցիչ է Պոլիս, իսկ քեմալական վերագրաւումէն ետք՝ Պուլկարիա, Յունաստան, Կիպրոս, Սուրիա եւ Եգիպտոս:
Լուռ եւ անժպիտ մարդու, մենաւոր ու անանձնական գործիչի երկարամեայ թափառումներէն ետք, Թէքէեան ի վերջոյ կայք կը հաստատէ այս վերջին երկիրին մէջ եւ կը նուիրուի հրապարակագրութեան՝ միշտ շարունակելով բանաստեղծական արտադրութիւնը։ Արդէն՝ 1919-ին, կը հրատարակէ իր արժէքը նուիրագործող «Կէս Գիշերէն Մինչեւ Արշալոյս» ժողովածուն։
Թէքէեան Եգիպտոսի մէջ կը կնքէ իր մահկանացուն եւ կը թաղուի Գահիրէի հայոց գերեզմանատունը 1945-ին:[3]
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հոգեր, Փարիզ, 1901, 116 էջ:
- Հրաշալի յարութիւն, Կ. Պոլիս, 1914, 199 էջ:
- Կէս գիշերէն մինչեւ արշալոյս, Փարիզ, 1919, 96 էջ:
- Սէր, Փարիզ, 1933, 131 էջ:
- Հայերգութիւն եւ այլ քերթուածներ, Գահիրէ, 1943, 199 էջ:
- Տաղարան, Գահիրէ, 1944, 64 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 1, Գահիրէ, 1949:
- Ամբողջական երկեր, հատ. 2, Գահիրէ, 1949:
- Ամբողջական երկեր, հատ. 3. Բանաստեղծութիւններ, Գահիրէ, 1949, 164 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 4. Բանաստեղծութիւններ, Գահիրէ, 1949, 160 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 5. Ոտանաւոր թարգմանութիւններ, Գահիրէ, 1949, 148 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 6, Գահիրէ, 1949:
- Ամբողջական երկեր, հատ. 7. Եթէ տէրը կամենայ, Գահիրէ, 1949, 144 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 8. Հովահար հոգւոյ, Արձակ եւ ոտանաւոր երգիծանք, Գահիրէ, 1950, 160 էջ:
- Ամբողջական երկեր, հատ. 9. Պատմուածքներ եւ թատերգութիւններ, Գահիրէ, 1950, 168 էջ:
- Հատընտիր, Պէյրութ, 1954, 141 էջ:
- Երկեր, Երեւան, 1958, 496 էջ:
- Հայերգութիւն եւ հատընտիր քերթուածներ, Պէյրութ, 1958, 244 էջ:
- Հատընտիր, Երեւան, 1970, 178 էջ:
- Իրիկվան խորհուրդներ, Երեւան, 1978, 213 էջ:
- Հատընտիր, Պէյրութ, 1978, 239 էջ:
- Նամակներ, Լոս Անջելոս, 1983, 709 էջ:
- Մամուլի մէջ տպուած եւ անտիպ երկեր ու նամակներ, Պէյրութ, 1987, 386 էջ:
- Քերթուածներ, Վենետիկ, 1996, 84 էջ:
- Գաղտնի պարտեզ (հատընտիր քերթուածներ), Պէյրութ, 2003, 248 էջ:
- Ես սիրեցի…, Երեւան, 2003, 100 էջ:
- Հատընտիր (բանաստեղծութիւններ), Երեւան, 2012, 246 էջ:
- Բանաստեղծություններ, Երեւան, 2014, 200 էջ:
- Կեսարիա: Երթուդարձի եւ բնակութեան օրագիր մը (1913 թ. սեպտեմբեր – 1914 թ. յունուար), Իսթանպուլ, 2016, 176 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 136:
- Ժամանակագրութիւն Վահան Թէքէեանի, դոկտ. Վաչէ Ղազարեան, «Շիրակ», 1982, թիւ 9:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Առաջին Այրեր, Վահան Թէքէեան [1]