Jump to content

Հենրիկ Էտոյեան

Հենրիկ Էտոյեան
Ծնած է 1940, Օգոստոս 31
Ծննդավայր Երեւան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք
Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ
Կոչում փրոֆէսոր
Մասնագիտութիւն գրականագէտ, թարգմանիչ, բանաստեղծ, դասախօս
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան
Հայկազեան Համալսարան
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն

Հենրիկ Էտոյեան, ( ծն.՝ 31 Օգոստոս 1940), հայ բանաստեղծ։

Էտոյեան ծնած է 1940–ին, Երեւան։ 1957 թուականին աւարտած է Երեւանի թիւ 39 միջնակարգ դպրոցը։

1959-1962 թուականներուն ծառայած է խորհրդային բանակին մէջ։

1967 թուականին աւարտած է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թուականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկուայի Մ. Կորգիի անուան համաշխարհային գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրան (գրականութեան տեսութեան գծով)։ 1971 թուականէն կ'աշխատի ԵՊՀ-էն ներս որպէս գիտաշխատող, 1973 թուականէն՝ դասախօս եւ ամպիոնի վարիչ (Արտասահմանեան գրկ. եւ Գրկ. տեսութեան)։

1974 թուականին «Ռէալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատութեան եւ գեղագիտութեան մէջ» թեմայով դիսերտացիա պաշտպանած է եւ ստացած՝ բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան, 1990 թուականին՝ դոցենտի աստիճան, 1991 թուականին՝ փրոֆեսէօրի կոչում։

1986-2008 թուականներուն եղած է ԵՊՀ արտասահմանեան գրականութեան եւ գրականութեան տեսութեան ամպիոնի վարիչ։

Մասնակցած է միջազգային շարք մը գիտաժողովներու, դասախօսութիւններ տոած՝ ԱՄՆ-ու, Ֆրանսայի, Գերմանիոյ մէջ։

1995-1996 թուականներուն դասաւանդած է Պէյրութի Հայագիտական հիմնարկին եւ Հայկազյան համալսարանին մէջ։

Հենրիկ Էտոյեանի ստեղծագործութիւնները թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, իտալերէն, սպաներէն եւ այլն։ Ռուսերէն լոյս տեսած է անոր «Խօսքի ուղղութեամբ» գիրքը (Մոսկուա, 1985

Տարուայ լաւագոյն գիրքի համար 2002 թուականին արժանացած է ՀԳՄ ոսկի մետալի:

Արժանացած է Թէքէեան Մշակութային Միութեան Հայկաշէն Ուզունեան մրցանակի (2004)[1][2][3]։

Կ'ապրի Երեւան։

Քերթուածներու յաջորդական ժողովածուներ՝ 1977–Էն։ Խիտ, յղկուած, ինքնուրոյն բանաստեղծական լեզու եւ գգայնութիւն․

  • «Անդրադարձումներ» (բանաստեղծութիւններ,1977)
  • «Պատկեր եւ Կէսօր» (բանաստեղծութիւններ, 1980)
  • «Երկրային Ժամանակ» (բանաստեղծութիւններ, 1983)
  • «Քայլեր եւ Ստուերներ» (Պէյրութ, 1996)
  • «Այժմ եւ Միշտ» (բանաստեղծութիւններ, 1987)

Գրական-վերլուծական

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դա Կը Լինի Մի Ուրիշ Անգամ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հենրիկ էտոյեանի « Դա կը լինի մի Ուրիշ Անգամ»ը սիրոյ քերթուած է, որ ջերմ եւ խոհուն զգացումէ մը կը ստանայ իր քնարական լիցքը։ Բայց անիկա միանգամայն ժամանակի հոսքով յափշտակուած, մագնիսացած փիլիսոփայի մը երգող մտածումն Է, բռնուած՝ անցեալէն ապագայ նետուած այն անտեսանելի եւ անըմբռնելի թելի շարժուն հանգոյցին վրայ, որ գոյութեան պահն է...

Էտոյեանի նախադասաթիւնները, իրենց իմաստային եւ կշռութային կառոյցով, հարազատօրէն կը թարգմանեն «գոյութեան ժամանակի» այս յաճախանքը։ Հայրենի քերթողական լեզուի պատմութեան մէջ, անոնք կր մտցնեն յեղափոխական բեկում մը, կը կազմեն դարձակէտ մր, որ անկարելի է ՝ ստորագնահատել...

Մենք շրջում էինք միասին փողոցով, արեւից պաշտպանւում

ծառերի ստուերի տակ (երիտասարդ օրերի ոսկին էր
շողշողում մեր քայլերի մէջ, մեր մատների վրայ),
մենք անցեալ չունէինք (դեռ առջեւում էր անցեալը),
դու խօսում էիր իմ բառերով, իսկ ես լռում էի
քո լոութեամբ. դու հայելի էիր իմ առջեւ, որի մէջ
ես կրկնւում էի իմ բոլոր ձեւերով, ինչպէս տանիքների
վառ թիթեղներին մոռցուած մի արեւ։
(Ո՞ւր է այդ հայելին հիմա, որն աւելի խորն էր,
քան գիշերն ու ցերեկը. աւելի անեզր, քան մոռացումը)։
Երբ ես լռում էի, դու խօսում էիր (այդ ես էի).
երբ ես ծիծաղում էի, դու արտասւում էիր,
երբ ես երեխայ էի, դու իմաստուն էիր, ես իմաստուն էի,
դու երեխայ էիր - կիսով չափ այդ ես էի;
Մենք շրջում էինք միասին, իրար հետ, ամռան տաք մի օր,
երբ լայն տերեւները փողոցում կանգնած ծառերի
ծածկում էին մեզ իրենց ստուերներով, բայց ահա
Հրապարակը, պատկերասրահը ուր մենք ապրում էինք
մի նկարի մէջ (այդ նկարը դեռ ոչ ոք չի նկարել),
իսկ ժամանակը գնում էր մեր աոջեւից, տանելով իր հետ
անցեալի ուրախութիւնը, երբ չկար անցեալ դեռեւս

ամռանը, յուլիսին, փայլուն շրջանակների մէջ սիրոյ։
- Դա կը լինի մի Ուրիշ Անգամ

Ստեղծագործութեան բնութագիրը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հենրիկ Էտոյեանի ստեղծագործութիւններուն բնորոշ են յաւերժականի եւ առօրեայի, վերացականի եւ կոնկրետի, մտքի եւ պատկերի անբաժանելի միասնութիւնը՝ կապուած հոգեւորի եւ իրականի ներքին որոնումներու հետ։

Գրաքննադատական աշխատանքներուն մէջ մեկնաբանած է դասական, ինչպէս նաեւ նորագոյն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզուիմաստային կառուցուածքները[5]։

Երկերու մատենագիտութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Անդրադարձումներ (բանաստեղծութիւններ), Երեւան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
  • Պատկեր եւ կէսօր, Երեւան, 1980, 156 էջ։
  • Երկրային ժամանակ, Երեւան, 1983, 144 էջ։
  • Այժմ եւ միշտ, Երեւան, 1987, 256 էջ։
  • Եղիշե Չարենցի պոետիկան, Երեւան, 1986, 452 էջ։
  • Հարիւր սոնետ, Երեւան, 1993, 106 էջ։
  • Քայլեր եւ ստուերներ, Պէյրութ, 1996, 117 էջ։
  • Կեանքը. Իմ ուղին (հատընտիր), Երեւան, 1999, 264 էջ։
  • Հետգրութիւն, Երեւան, 2001, 396 էջ։
  • Երեք օր առանց ժամանակի, Երեւան, 2005, 136 էջ։
  • Երկու կեանք, Հալէպ, 2006, 207 էջ։
  • Փողոցի բաժանուող մասում, Երեւան, 2006, 112 էջ։
  • Համատեքստ – 2007, Երեւան, 2008, 392 էջ։
  • Շարժում դեպի հավասարակշռութիւն (յօդուածներ, էսսեներ), Երեւան, 2009, 500 էջ։
  • Համատեքստ – 2008 (յօդվածներու ժողովածու), Երեւան, 2009, 206 էջ։
  • Բանաստեղծութիւններ, հատ. 1, Երեւան, 2010, 384 էջ։
  • Բանաստեղծութիւններ, հատ. 2, Երեւան, 2010, 368 էջ։
  • Համատեքստ – 2008 (յօդուածներու ժողովածու), Երեւան, 2010, 279 էջ։
  • Եղիշե Չարենցի պոետիկան, Երեւան, 2011, 432 էջ։
  • Կանգ առ, ես այստեղ եմ, Երեւան, 2012, 128 էջ։
  • Յենման կէտ, Երեւան, 2015, 112 էջ։
  • Ընտրանի, Երեւան, 2016, 794 էջ։
  • Լոյսը ձախ կողմից, Երեւան, 2018, 150 էջ։
  • Պոեզիայի երկակի տեսողութիւնը, Երեւան, 2020, 368 էջ
  • Բանաստեղծութիւններ, «Գարուն», 1967, № 2
  • Բանաստեղծութիւններ, «Գարուն», 1992, № 3

Թարգմանութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Նիկոլայ Տիխոնով, Կավ եւ կրակ։ Բանաստեղծութիւններ, պոեմներ, վիպակներ (գիրքի մեջ մտնող գործերու մէկ մասը թարգմանած է Հ. Էտոյեանը), Երեւան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
  • Ոսկի Լոտոս։ Հին Արեւելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան, Երեւան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
  • XX դարասկզբի ռուսական գրականութիւն (ժողովածուի մէկ մասը թարգմանած է Հ. Էտոյեանը), Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1982, 536 էջ։
  • Հին արեւելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները եւ «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժիններու առանձին գործեր թարգմանած է Հ. Էտոյեանը), Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1982, 616 էջ։
  • Մեռեալների գիրք, Երեւան, 2004։
  • Աստուածների ժամանակը, Երեւան, 2007։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 178-179։
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 237-238։
  3. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 407։
  4. «Հենրիկ Էդոյան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021 թ․ հունվարի 11-ին։ արտագրուած է՝ 2021 թ․ հունվարի 9 
  5. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 407։