Հրանդ Մարգարեան
Հրանդ Մարգարեան | |
---|---|
Ծնած է | 6 Հոկտեմբեր 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Պասրա, Իրաք |
Ուսումնավայր | Արհեստագիտութեան Սթիվընս Հիմնարկ |
Կոչում | փրոֆէսոր |
Մասնագիտութիւն | բեմադրիչ, բանաստեղծ, քիմիկոս |
Աշխատավայր | Քոլումպիա Համալսարան |
Հրանդ Մանուկի Մարգարեան (6 Հոկտեմբեր 1938, Պասրա, Իրաք), հայ թատերագիր, բեմադրիչ, բանաստեղծ, քիմիագէտ: Քիմիական գիտութիւններու դոկտոր (1971), փրոֆէսօր (1994):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրանդ Մարգարեան ծնած է 1938-ին, Իրաքի Պասրա քաղաքը: Նախնական ուսումը ստացած է Մարկիլի Հայ Ազգային Վարժարանին մէջ, ապա յաճախած պետական երկրորդական վարժարան: Աւարտած է Պաղտատի Գիտութեանց Քոլէճը եւ 1962-ին անցած է Ամերիկա, ուր ստացած է Մագիստրոսի ապա դոկտորայի վկայականները տարրաբանութեան մէջ եւ Մագիստրոս վկայականը «Management of Technology» ճիւղին մէջ։ 1966-ին աւարտած է Սթիվենս հիմնարկի (ԱՄՆ) արհեստագիտական ճեմարանը: 1971 -1972-ականներուն եղած է Քոլոմպիա համալսարանի գիտաշխատող, 1994-2005-ականներուն՝ Նիւ Եորքի նահանգային համալսարանի դասախօս, 1967-էն՝ Նիւ Եորքի Համազգային թատերախումբի հիմնադիր-ղեկավար:
Եղած է գիտական հետազօտող ապա՝ տարրաբանութեան Փրոֆեսըր Նիւ Եորք Նահանգի պետական համալսարանին մէջ։ Տոքթորայի ուսման զուգահեռ, թատերական դաստիարակութիւն ստացած է յաճախելով «Circle in the Square», Նիւ Եորք Համալսարան եւ Schrieber Studio թատերական նշանաւոր դպրոցները:
Թատերական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թատերգութիւնները նուիրուած են ամերիկահայ ժամանակակից կեանքի ազգային եւ հոգեբանական խնդիրներուն[1]:
Առաջին անգամ բեմ բաձրացած է 1956-ին, Իրաք Պասրա, Մարկիլ (Մարճիլ), Յակոբ Պարոնեանի՝ Մեծապատիւ Մուրացկաններու մէջ «բանաստեղծի»ն դերով: Առաջին բեմադրութիւնը կատարած է 1958-ին Պաղտատի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միութեան մէջ, իր հեղինակած բարեկենդանի «սքէչ»ներով յունական կեդրոնական ձեւաւորումով:
Մարգարեանի թատերական գործունէութիւնը ծաւալած է Միացեալ Նահանգներու մէջ։ 1967-ին հիմնադրած է «Մասիս» թատերախումբը, որ հետագային վերակոչուած է Համազգայինի Թատերախումբ: 2005-ին հիմնած է Նիւ-Ճըրզիի «Համազգայինի պատանեկան թատերախումբը»: 1967-էն մինչեւ օրս, 43 տարի շարունակ, ղեկավարն է Համազգայինի Նիւ Եորքի թատերախումբին:
Հեղինակ է 27 թատերախաղերու՝ 24 հայերէն, 2 անգլերէն, 1 հայերէն-անգլերէն: Ղեկավարած է 55 թատերական եյոյթներ: Կատարած է 55 տիպարներու դերեր, որոնցմէ մէկը Assignment Berlin շարժանկարին մէջ։ Հրատարակած է 7 թատերախաղեր, բանաստեղծական հատոր մը՝ «Ենթաեսէն Փշրուած» եւ «Քարաձայն Պատարագ» Արեւմտեան Հայաստան կատարած ուխտագնացութեան առթիւ: Իր թատերախաղերը ներկայացուած են ԱՄՆ, Քանատա, Հայաստան, Լիբանան, Սուրիա, Յունաստան եւ Անգլիա:
2006-ին Հայաստանի Գրողներու Միութեան հրաւէրով, խմբագրած է «Հայաստանի թատերագիրներ» անգլերէն գիրքը:
Մամուլի աշխատակից
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դոկտոր Հրանդ Մարգարեան 1985-1995 վարած է «Վարագ» պարբերաթերթի խմբագիրի պաշտօնը:
2006-էն ի վեր ան անդամ է Համազգայինի «Բագին» պարբերաթերթի խմբագրական կազմին:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]16 Մայիս 2015-ին, հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած ձեռնարկներու ծիրին մէջ, Քալիֆորնիոյ Հայ երիտասարդաց միութեան կազմակերպութեամբ, Հրանդ Մարգարեան կը ներկայացնէ՝ անգլերէն լեզուով հեղինակած, «Նահատակուած հայ գրողները» գիրքը:[2]
Բեմադրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրութիւն | Տարեթիւ |
---|---|
«Շրջանը» | 1975 |
«Բեւեռները» | 1977 |
«Վարդանանք» | 1979 |
«Հայրիկ, լոյսի առաքեալը» | 1989 |
«Ուղեւորը» | 1989 |
«Եւ երկինքէն երեք աթոռ ինկաւ» | 1991 |
«Հեթում արքայ» | 1993 |
«Հայելիներ» | անգլերէն, 1996 |
Լ. Շանթի «Հին աստուածները» | |
«Դերասանուհին» |
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թատերգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Վազեմ... չուշանամ» («Բագին», 1994)
- «Ուղեւորը» (2004)
- «Երբ արեւը կը լռէ» (2005)
Բանաստեղծութիւններու ժողովածու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ենթաեսէն փշռուած» (2004)
Ճամբորդական յուշագրութիւններու ժողովածու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Քարաձայն պատարագ» (անգլերէն, հայերէն, 1997)
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Համազգայինի «Ոսկեայ շքանշան» (1980)
- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1987)
- Հայաստանի Հանրապետութեան Մովսէս Խորենացիի անուան մշակութային բարձրագոյն մետալ 21 Մայիս 2012-ին[3]
- Հայաստանի գրողներու միութեան «Լաւագոյն դրամատուրք» մրցանակ (1992)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ Նահատակուած Հայ Գրողներուն Նուիրուած Հատորին Ներկայացումը
- ↑ Հրանդ Մարգարեան Պարգեւատրուեցաւ «Մովսէս Խորենացի» Շքանշանով[permanent dead link]
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուր Մեր Բարքերը Կը Ներկայացուին» Կը Յայտնէ Հրանդ Մարգարեան
- Դոկտոր Հրանդ Մարգարեան - «Կամուրջ»
- ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՈՒԹՍՈՒՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՇԻՏԱԿ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ