Գէորգ Չմշկեան
Գէորգ Չմշկեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Գևորգ Չմշկյան |
Ծնած է | 7 Մարտ 1837 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 10 Յունուար 1915 (77 տարեկանին) |
Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց |
Մասնագիտութիւն | դերասան, բեմադրիչ, թատերական ռեժիսոր, թատերագիր |
Ամուսին | Սաթենիկ Չմշկեան |
Գէորգ Չմշկեան (7 Մարտ 1837, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 10 Յունուար 1915, Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն), հայ դերասան, բեմադրիչ եւ թատերական գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցէն եւ ապա ընդունուած է Ռուսական երկրաչափական ուսումնարան:
Թատերական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չմշկեանի թատերական գործունէութիւնը սկիզբ առած է 1863 թուականին։ 1864 թուականին ստեղծած է հայկական առաջին անկախ դերասանական ընկերութիւնը։
Եղած է «Մշակ» թերթի եւ Թիֆլիսի թատերական ընկերութեան հիմնադիրներէն մին եւ որոշ ժամանակ վարած է վերջինին քարտուղարի պաշտօնը։
1908 թուականին Չմշկեան դարձած է Հայոց Տրամաթիքական ընկերութեան պատուաւոր անդամ: 1864-1890 թուականներուն յաջողած է իր մօտ խմբել ժամանակուան լաւագոյն դերասանները, որոնցմէ են դերասան, բանաստեղծ եւ աշխարհի մեծագոյն ողբերգակ դերասան Պետրոս Ադամեանն ու հայ բեմի տաղանդաւոր դէմքերէն Սիրանոյշը[1]: Բեմադրիչը իր կազմած խումբով ներկայացումներ ունեցած է Երեւանի, Կիւմրիի, Պաքուի, Շուշիի եւ Վրաստանի տարբեր քաղաքներէն ներս:
Չմշկեան ունեցած է աշակերտներ, որոնց սորվեցուած է դերասանական ասպարէզը. անոնցմէ շատեր դարձած են ապագայի յայտնի դերասաններ: Չմշկեան առաւելաբար յայտնի դարձած է Սունդուկեանի թատրերգութեան ներկայացումներով. ան եղած է Սունդուկեանի գործերը ներկայացնող առաջին թատերական գործիչը:
Թարգմանական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմական գործունէութեան կողքին Չմշկեան զբաղած է նաեւ օտար թատրերգութիւններու թարգմանութեամբ։ Թարգմանած, բեմադրած եւ հանրութեան ներկայացուցած է աւելի քան քսան օտար թատերական գործեր, որոնցմէ են․
- Շէյքսփիրի «Թիմոն Աթենացին»,
- «Վենետիկի վաճառականը»,
- «Օթելլօ»ն, Վիքթոր Հիւկոյի եւ այլ մեծերու գործեր[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, Բ․ հատոր, գլխաւոր խմբագիր՝ Յովհաննէս Այվազեան, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, Երեւան, 2007, էջ 291։
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-10