Վախթանգ Անանեան
| Վախթանգ Անանեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Օգոստոս 1905[1][2] |
| Ծննդավայր | Շամախյան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[3] |
| Մահացած է | 4 Մարտ 1980[1][2] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3][1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ և լրագրող |
| Աշխատավայր | Մաճկալ[3], Սոցիալիստական Գիւղատնտեսութիւն (Պարբերական)[3] և Կոլխոզնիկ[3] |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[3] |
| Երեխաներ | Նելլի Անանեան |
Վախթանգ Անանեան (8 Օգոստոս 1905[1][2], Շամախյան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[3] - 4 Մարտ 1980[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրող եւ խմբագիր։ ՀԽՍՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (1968 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործութիւններու համար), Հայաստանի լենինեան քոմերիտմիութեան դափնեկիր (1974), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Որսորդական պատմուածքի սկզբնաւորողն է հայ գրականութեան մէջ[4]։
Կենսագրութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վախթանգ Անանեան ծնած է 8 Օգոստոս 1905-ին, Դիլիջանի գաւառի Պօղոսքիլիսա (յետագային՝ Շամախեան) գիւղը (այժմ՝ Դիլիջան քաղաքի տարածքին մէջ)։ Մանկութիւնը անցուցած է հայրենի գիւղին մէջ։ Սկզբնական կրթութիւնը ստացած է տեղւոյն գիւղական դպրոցին մէջ։ 1915-ին ընդունուած է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձքը չկարենալով վճարել՝ երկու տարի ետք դուրս մնացած է դպրոցէն։ Յետագային գրողը ցաւով կը յիշէ.
«Աւարտեցաւ իմ ուսման ժամանակաշրջանը։ Անկէ ետք իսկական դպրոց այլեւս չեմ տեսած։ Իմ դպրոցս եղած է մայր բնութիւնը, որուն գիրկը ես մեծցած եմ»։
1926-ին տեղափոխուած է Երեւան, աշխատած է «Մաճկալ» (1930-1931 թուականներ), «Սոցիալիստական գիւղատնտեսութիւն» (1931-1935 թուականներ) թերթերու խմբագրութիւններուն մէջ։ Եղած է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը (1935 թ.)։ Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի երկու եւ «Պատուոյ նշան» շքանշաններով։ Անանեան մանկական ու պատանեկան ստեղծագործութիւններու համար արժանացած է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։
ԽՄԿԿ անդամ՝ 1928 թուականէն։
1941-ին ան մասնակցած է Երկրորդ աշխարհամարտին։ 1945-ին պատերազմէն վերադառնալով՝ գրողը շարունակած է իր ստեղծագործական աշխատանքը։
Վախթանգ Անանեան մահացած է 1980-ին, Երեւանի մէջ։
Ստեղծագործական աշխատանք[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վ. Անանեան, հայ գրականութեան մէջ ըլլալով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժէքներ։ «Սեւանի ափին» եւ «Յովազաձորի գերիները» վէպերուն մէջ բնանկարիչ գրողը ընթերցողին առջեւ կը բանայ կախարդանքներու նոր աշխարհ մը, հրաշքներու նոր գանձարան մը, որով կը գերէ մանուկ ու չափահաս ընթերցողները։ Այս ստեղծագործութիւնները հեղինակին մեծ ճանաչում բերին։
Առաջին ստեղծագործութիւնը՝ «Չոլախ Թաքոն», հրատարակուեցաւ «Պիոներ» ամսագրին մէջ, 1927 թուականին։ Առաջին վիպակը («Կրակէ օղակի մէջ») լոյս տեսած է 1930-ին։
1934-ին հրատարակուեցաւ «Որս» պատմուածքներու ժողովածուն, որ ամբողջութեամբ նուիրուած է բնութեան. շուտով ընթերցողը զինք ճանչցաւ իբրեւ հայրենի բնութիւնը հետաքրքրական ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակ։
Ճանչցուած գործերէն է անոր «Սեւանի ափին» (1951 թուական) վիպակը, որուն արժանիքներէն են մարդասիրական ու հայրենասիրական շունչը, բնութեան նկարագրութիւնները, կերպարներու համոզչականութիւնը եւ գրելաձեւի ինքնատիպութիւնը։
1947-1966 թուականներուն հրատարակուած են Անանեանի որսորդական պատմուածքներու վեց պրակները։ Վ. Անանեանի «Որսորդական պատմուածքներ» ժողովածուն նոյնպէս նուիրուած է հայրենի բնութեան, սակայն հոս ի յայտ կու գայ բնութիւն-մարդ կապի գեղարուեստական մարմնաւորումը։ Պատմուածքներու հիմքին մէջ ինկած է մայրական սիրոյ զգացումը։ Մանկութենէն մայրը կորսնցուցած գրողը, որ բնութենէն ստացած է մօր կարօտն ու ջերմութիւնը, յաճախ խորհրդածելով կը գրէ. «Մօր սիրտը մէկ է. կ'ուզէ մարդ ըլլայ, կ'ուզէ կենդանի»։ Անանեան ոչ միայն բնութենէն կը քաղէ գեղեցիկը, այլեւ կ'արտայայտէ իր զգացումները՝ պատմուածքներուն մէջ քանի մը անգամ կրկնելով.
«Կը սիրեմ անձրեւը, կայծակը, որոտը, կախարդական սեւագորշ ամպերը…»։
Վ. Անանեանի «Որսորդական պատմուածքները» բոլոր տարիքի ընթերցողներու համար ամենաշատ կարդացուող գիրքերէն են։ Հայաստանի կենդանիներու մասին ընթերցողներուն բազմակողմանի տեղեկութիւններ կը փոխանցէ գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1–4, 1961-1967 թուականներ) աշխատութիւնը։
«Հին վրանի փոքրիկ բնակիչը» եւ «Ո՞ւր կը տանին կածանները» վէպերը որոշ իմաստով ինքնակենսագրական են. անոնց հիմքին մէջ ինկած են Անանեանի մանկութեան ու պատանեկութեան տարիներուն պատահած դէպքերը։
Մեր գրականութեան մէջ այսօր Վ. Անանեանի անունը կը դասուի ամենաժողովրդական գրողներու շարքին։ Գրական վիճակագրական տուեալներով՝ հայ գրողներու մէջ իր երկերու թարգմանութիւններով ան կը գրաւէ առաջին տեղերէն մէկը։ Անանեանի երկերը հրատարակուած են ռուսերէն, անգլերէն, գերմաներէն, չինարէն, ճափոներէն, չեխերէն, պուլկարերէն, պենկալերէն եւ հինտի լեզուներով։ Ասիկա կը վկայէ, որ Անանեան գրողը կրցած է նաեւ այլազգի ընթերցողներու հոգիին մէջ հետաքրքրութիւն արթնցնել բնութեան եւ կենդանական աշխարհի նկատմամբ։
Մանկական լաւագոյն գիրքի համամիութենական մրցանակաբաշխութեան ժամանակ՝ «Սեւանի ափին» եւ «Յովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակները արժանացած են մրցանակի։ Այս երկու վիպակներուն հիման վրայ գրուած սենարներով նկարահանուած են «Լեռնային լճի գաղտնիքը» եւ «Յովազաձորի գերիները» ժապաւէնները («Հայֆիլմ», 1954, 1957 թուականներ)։
Վկայութիւններ Անանեանի մասին[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Վ. Անանեանի «Սեւանի ափին» վիպակը նոր նուաճում մըն է թէ՛ հեղինակին եւ թէ՛ մեր գրականութեան համար։ … Ան կը գրէ հիւթեղ, պարզ ու հասկնալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքրական լեզուով։ Անոր լեզուամտածողութիւնը գերազանցապէս հայերէն է՝ զերծ օտարաբանութիւններէ»։ Պարոյր Սեւակ
«Անանեան ամէն մէկուն սրտին ըսելիք ունի։ Ինք շատ բան տեսած է, շատ բան գիտէ։ Հաւատարիմ մնալով հայ դասական գրականութեան աւանդութեան՝ ան կը գրէր ժողովուրդի լեզուով, ժողովուրդին մասին եւ ժողովուրդին համար»։ Սերօ Խանզադեան
«Անանեան այնպիսի գրող մըն է, որ երեխաները կը տոգորէ ազնուութեան, բարութեան եւ գեղեցիկի հանդէպ մեծ սիրոյ զգացումներով։ Իսկ մեծերը կը վերադարձնէ իրենց մանկութեան հովիտները՝ մանկութեան գոյները վերստին զգալու եւ բնութեան թրթիռներով ապրելու համար»։ Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
«Վ. Անանեանի ստեղծածը այնպիսի գրականութիւն է, որ հաւասարապէս կրնայ հմայել թէ՛ մեծերը եւ թէ՛ պզտիկները։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականաւոր գրողին՝ պատճառած բերկրանքին եւ հայոց լեռնաշխարհին մէջ այդքան հմայիչ հեռակայ ճամբորդութեան առաջնորդելուն համար»։ Եա Ետլիչքա (չեխ գրող)
Յիշատակ[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի մէջ կը գործէ նաեւ Վախթանգ Անանեանի անուան միջնակարգ դպրոց։
1982 թուականին Երեւանի Կեդրոն համայնքին մէջ՝ Պարոնեան փողոցի թիւ 1 բնակելի շէնքին առջեւ (այդ շէնքին մէջ 1953-1980 թուականներուն բնակած է Անանեան), զետեղուած է Վախթանգ Անանեանի կիսանդրին։
2006 թուականին, Անանեանի ծննդեան 100-ամեակին նուիրուած, «Վախթանգ Անանեան 1905-1980» նամականիշ մը տպագրուած է։
2023 թուականին, Երեւան քաղաքի աւագանիի որոշումով, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումեանի 16-րդ փողոցը անուանակոչուած է Վախթանգ Անանեանի անունով[9]։
Երկեր[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անանեան Վ., Կրակէ օղակի մէջ, Երեւան, 1930, 280 էջ։
- Անանեան Վ., Որս, Երեւան, 1934, 244 էջ։
- Անանեան Վ., Քարանձաւի բնակիչները, Երեւան, 1936, 376 էջ։
- Անանեան Վ., Դժոխքի դրան գաղտնիքը, Երեւան, 1945, 162 էջ։
- Անանեան Վ., Մարտի դաշտին վրայ, Երեւան, 1946, 180 էջ։
- Անանեան Վ., Պատերազմէն ետք, Երեւան, 1947, 212 էջ։
- Անանեան Վ., Ֆերմայի մարդիկ, Երեւան, 1951, 320 էջ։
- Անանեան Վ., Երկեր, 6 հատորով.
- Հատոր 1, Երեւան, Հայաստան, 1968, 560 էջ։
- Հատոր 2, Երեւան, Հայաստան, 1969, 572 էջ։
- Հատոր 3, Երեւան, Հայաստան, 1969, 592 էջ։
- Հատոր 4, Երեւան, Հայաստան, 1970, 626 էջ։
- Հատոր 5, Երեւան, Հայաստան, 1970, 476 էջ։
- Հատոր 6, Երեւան, Հայաստան, 1971, 576 էջ։
- Անանեան Վ., Անձրեւ, Երեւան, Հայպետհրատ, 1963, 52 էջ։
- Անանեան Վ., Լեռներ հայրենի, Երեւան, Հայպետհրատ, 1963, 707 էջ։
- Անանեան Վ., Որսորդական պատմուածքներ (պրակներ).
- Պրակ Ա., Երեւան, 1947, 328 էջ։
- Պրակ Բ., Երեւան, 1949, 478 էջ։
- Պրակ Գ., Երեւան, 1953, 274 էջ։
- Պրակ Դ., Երեւան, 1958, 368 էջ։
- Պրակ Ե., Երեւան, 1959, 408 էջ։
- Պրակ Զ., Երեւան, 1966, 332 էջ։
- Պրակ Է., Երեւան, 1974, 486 էջ։
- Պրակ Ը., Երեւան, 1977, 476 էջ։
- Անանեան Վ., Սեւանի ափին.
- Երեւան, 1951, 538 էջ։
- Երեւան, 1953, 526 էջ։
- Երեւան, Հայպետհրատ, 1961, 517 էջ։
- Գահիրէ, 1961, 490 էջ։ (Արեւիկ, 1987, 504 էջ)։
- Անանեան Վ., Յովազաձորի գերիները.
- Պէյրութ, 1955, 296 էջ։
- Երեւան, 1956, 532 էջ։
- Գահիրէ, 1959, 568 էջ։
- Անթիլիաս, 1989, 624 էջ։
- Երեւան, 2015, 574 էջ։
- Անանեան Վ., Հայաստանի կենդանական աշխարհը (Հնագոյն ժամանակներէն մինչեւ մեր օրերը).
- Հատոր 1. Կաթնասուններ, 1961, 436 էջ։
- Հատոր 2. Կաթնասուններ, 1962, 416 էջ։
- Հատոր 3. Թռչուններ, 1965, 483 էջ։
- Հատոր 4. Թռչուններ, 1967, 360 էջ։
- Հատոր 5. Ձկներ եւ սողուններ, 1975, 452 էջ։
- Անանեան Վ., Հին վրանի փոքրիկ բնակիչը, Երեւան, Սովետական գրող, 1978, 476 էջ։
- Անանեան Վ., Ո՞ւր կը տանին կածանները (Վէպ), Երեւան, 1980, 596 էջ։
- Անանեան Վ., Երկեր, 4 հատորով (1984 թուականին)։
- Անանեան Վ., Երկեր (Պատմուածքներ, յուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր), Երեւան, ՀԳՄ հրատ., 2005, 562 էջ։
- На березі Севану։ (Пригод. повість із життя юних натуралістів).- К.։ Молодь, 1955.- 377 с.։
- На берегу Севана։ Повесть из жизни юных натуралистов.- М.։ Дет. лит., 1976.- 320 с.
- Пленники Барсова ущелья։ Приключенч. повесть.- К.։ Рад. шк., 1986.- 382 с.։ ил.- (Библ. сер).
- Пташине серце։ Бувальщини гір та лісів։ Казки та легенди.- К.։ Веселка, 1992.- 68 с.։ іл.
Գրականութիւն Անանեանի մասին[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մանուկեան, «Վախթանգ Անանեանի կանաչ տիրոյթին մէջ», յօդուած «Ազգ» օրաթերթին մէջ, 2006:
- Նունէ Մկրտչեան, «Մարդ-բնութիւն փոխյարաբերութեան խնդիրը Վախթանգ Անանեանի որսորդական պատմուածքներուն մէջ», յօդուած «Գրականագիտական հանդէս»-ին մէջ:
- Աղաբաբեան Ս., «Հայրենի բնութեան անձրեւները» (Վ. Անանեանի ծննդեան 80-ամեակը), «Գրական թերթ», 7 Օգոստոս 1985:
- Արամեան Ա., «Աշուն էր» (ծննդեան 80-ամեակը), «Գրական թերթ», 7 Օգոստոս 1985:
- Կարապետեան Լ., «Վախթանգ Անանեանի «Կանաչ աշխարհը»» (գրախօսութիւն), «Սովետական դպրոց», 11 Յուլիս 1984:
- Գալստեան Վ., «Բնութեան մեծ երգիչը» (Վ. Անանեանի մասին), «Սովետական Հայաստան», 6 Օգոստոս 1987:
- Մուրատեան Ս., «Բնութեան հայրենաշունչ երգիչը» (Վ. Անանեանի մասին), «Սերունդներու հետ միշտ նորանալով» գիրքին մէջ, Երեւան, 1983, էջ 49-54:
- Вахтанг Степанович Ананян // Книги - детям.- М., 1974.- С. 108-109.
- Симонян К., Сколько привили дичков? // Дет. лит.- 1981.- N 9.- С. 24-25.
- Ханзадян С., Человек, который всюду дома // Ананян В. На берегу Севана.- М., 1976.- С. 3-5.
- Мелик-Адамян Г.У., Вклад армянского писателя Вахтанга Ананяна в палеозоологию млекопитающих Армении // Проблемы современной науки и образования, №34 (76), М., 2016․ С. 31-33.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 187.
- 1 2 3 4 ПроДетЛит — 2019.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ Երեւանի մէջ շարք մը փողոցներ անուանակոչուած են:
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
- ↑ (հայերեն) Վախթանգ Անանյան, 2026-03-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%AD%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3_%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10702590, վերցված է 2026-05-14
|