Սերոբ Պօղոսեան
| Սերոբ Պօղոսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 15 Հոկտեմբեր 1904 |
| Ծննդավայր | Վերին Հիւրուկ |
| Մահացած է | 5 Ապրիլ 1983 |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1] |
| Մասնագիտութիւն | Մանկավարժ, պատմաբան |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] և Հայաստանի պատմութեան թանգարան[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Սերոբ Պ․ Պօղոսեան (15 Հոկտեմբեր 1904[1], Հյուրուք Վերին[1] - 5 Ապրիլ 1983[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), պատմաբան եւ դասախօս։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սերոբ Պօղոսի Պօղոսեան, ծնած է Վերին Հիւրուկ (Բաղէշի նահանգի Սպարկերտ գաւառ), 1904-ի Հոկտեմբեր 15-ին։ Տարրական կրթութիւնը կը ստանայ ծննդավայրի ծխական դպրոցին մէջ։ Համաշխարհային Ա. պատերազմին, թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած սպանդի ու բռնագաղթի տարիներուն, ընտանիքի անդամներուն հետ ի վերջոյ ան ապաստան կը գտնէ Կոտայքի շրջանի Ելղովան (այժմ՝ Կոտայք) գիւղը, ուր իր ընդհատուած ուսումը կը շարունակէ գաղթականներու համար բացուած Թազագիւղի (այժմ՝ Կոտայք) դպրոցին մէջ։ 1921-1924 թուականներուն միջնակարգ իր ուսումը կ'ամբողջացնէ Երեւանի Ալ. Միասնիկեանի անուան երկրորդ աստիճանի դպրոցին մէջ։ 1926-ին մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարանի Մանկավարժական Բաժանմունքը, ապա՝ իր համալսարանական ուսումը կը շարունակէ Մանկավարժական Ինստիտուտի Պատմութեան Բաժանմունքին մէջ, որուն ընթացքը կ'աւարտէ 1931 թուականին:
1932-1935 թուականներուն՝ Երեւանի Պետական Համալսարանին մէջ պաշտօնի կը կոչուի իբրեւ Հայ Ժողովուրդի պատմութեան դասախօս:
1939-ին՝ «Եկեղեցական Հողատիրութիւնը Երեւանի Խանութիւնում 17-18 Դարերուն եւ Էջմիածինը Որպէս Կալուածատէր» խորագրով իր աւարտաճառը պաշտպանելէ ետք, կը ստանայ Պատմական Գիտութիւններու թեկնածւի աստիճանը:
1938-1941 թուականներուն ան կը վարէ համալսարանի Պատմութեան Բաժանմունքի դեկանի եւ Հայ Ժողովուրդի Պատմութեան Ամպիոնի վարիչի զոյգ պաշտօնները, միաժամանակ ստանձնելով Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանի տնօրէնութիւնը:
Համաշխարհային Բ. Պատերազմի տարիներուն կը մեկնի բանակ ու կը մասնակցի Կովկասի համար մղուող ճակատամարտերուն: Զօրացրուելէն ետք կը վերադառնայ համալսարան ու կը շարունակէ գիտա-մանկավարժական իր աշխատանքը:
1956 թուականին կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտորի աստիճանին, իսկ 1959 թուականին՝ Փրոֆէսօրի կոչումին:
1955-1960 եւ 1964-1968 թուականներուն Ս. Պօղոսեան կը վարէ համալսարանի Պատմութեան Բաժանմունքի դեկանի պաշտօնը: Մինչեւ իր վերջին տարիներուն հանգստեան կոչուիլը, Ս. Պօղոսեան կը շարունակէ դասախօսական իր պաշտօնին զուգահեռ վարել նաեւ վարչական պաշտօններ:
Ս. Պօղոսեան իր գիտական, մանկավարժական ու զինուորական ծառայութիւններուն համար կը պարգեւատրուի «Պատուոյ Նշան» շքանշանով, Հայկական ՍՍՀ Գերագոյն Խորհուրդի պատուոյ գիրով եւ մետալներով, իսկ 1965 թուականին՝ «Գիտութեան Վաստակաւոր Գործիչ» կոչումով:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ս. Պօղոսեանի պատմագրական աշխատութիւնները գլխաւորաբար կ'անդրադառնան Հայ Ժողովուրդի պատմութեան 9-18-րդ դարերու ժամանակաշրջանին: Առանձին հատորներով լոյս տեսած են անոր՝
- ԳԻՒՂԱՑԻՆԵՐԻ ՃՈՐՏԱխՈՒՄԲԸ ԵՒ ԳԻՒՂԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Թ-ԺԳ դարերուն (Երեւան, 1956),
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՖԷՈԴԱԼԻԶՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ Թ-ԺԳ դարերուն: Հայ ժողովրդի Պատմութիւն, Պրակ 4 (Երեւան, 1958), ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺԳ-ԺԷ դարերուն: Հայ Ժողովրդի Պատմութիւն, Պրակ 5 (Երեւան, 1960), ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Բ. ՀՏՐ., Թ-ԺԹ դարերուն (Երեւան, 1965), աշխատասիրութիւնները:
Առանձնապէս ուշագրաւ են նաեւ Ս. Պօղոսեանի՝
- ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀՈՂԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ԽԱՆՈՒԹԻՒՆՈՒՄ 17-18-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ ԵՒ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՈՐՊԷՍ ԿԱԼՈՒԱԾԱՏԷՐ («Գիտական Աշխատասիրութիւններ», ժողովածու, ԺԳ. Հտր., Երեւան, 1940),
- ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ 50 ՏԱՐՈՒՄ («Հայագիտութիւնը 50 Տարում», Ա. Պրակ, Երեւան, 1971, էջ 5-164), * ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԷՈԴԱԼԻԶՄԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ («Բանբեր Երեւանի Համալսարանի», 1967, Թիւ 3),
- ԳԱՂԱՓԱՐԱԽՕՈՍՈՒԹԻՒՆԸ «ՆՈՐ ՏԵՏՐԱԿ ՈՐ ԿՈՉԻ ՅՈՐԴՈՐԱԿ» ԳՐՔՈՒՄ (ԲԵՀ, 1972, Թիւ 2),
- ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԲԵՀ, 1974, Թիւ 1) ուսումնասիրութիւնները:
Անոր գրիչին կը պատկանի նաեւ «Հայկական Սովետական Հանրագիտարան»ի մէջ լոյս տեսած «ԿԻԼԻԿԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրուած ընդարձակ յօդուածը (Ե. Հտր., էջ 407-418) (Հեղինակից՝ Մ. Կատվալեան):
Ս. Պօղոսեան կը մահանայ 1983 թուականի Ապրիլ 5-ին, Երեւան:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս , Հատոր Ժ., Պէյրութ, 1984, էջ 374։