Յովսէփ Արղութեան
Յովսէփ Արղութեան | |
---|---|
| |
Ծնած է | 23 Մայիս 1743[1][2] |
Ծննդավայր | Սանահին[1][2] |
Մահացած է | 9 Մարտ 1801[3][1][2] (57 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] |
Քաղաքացիութիւն | Քարթլիի թագավորություն |
Մայրենի լեզու | հայերէն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր | Վաղարշապատի դպրոց? |
Մասնագիտութիւն | հոգեւորական |
Վարած պաշտօններ | արքեպիսկոպոս?[1][2] եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Յովսէփ Արղութեան (Երկայնաբազուկ) (23 Մայիս 1743, Սանահին – 9 Մարտ 1801, Թիֆլիս), արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Ծնած է Սանահին, սերած՝ Զաքարեաններու իշխանական տոհմէն։
Նախնական կրթութիւնը կը ստանայ հայրենի Սանահին վանքի դպրոցին մէջ, ապա Էջմիածինի Ժառանգաւորաց դպրոցին մէջ, ուր Սիմէոն Երեւանցի կաթողիկոսը կ'որդեգրէ անոր եւ սարկաւագ կը ձեռնադրէ։ 1765-ին ան վարդապետ կը ձեռնադրուի, իսկ 1771 Դեկտեմբեր 25-ին՝ եպիսկոպոս եւ իբրեւ նուիրակ Թուրքիա կ՛ուղարկուի Էջմիածնայ նոր շինութիւններուն համար ժողովարարութիւն ընելու։ Անկէ վեռադառնալով՝ 1773-ին արքեպիսկոպոսութիւն կը ստանայ եւ կ՛ուղարկուի Աստրախան, իբրեւ առաջնորդ համայն ռուսիաբնակ հայոց։ Արղութեան սատար կը կանգնի շուրջ 12600 ղրիմահայերու արտագաղթին (1778) Ռուսաստան, անոնց համար կը հիմնէ հինգ գիւղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի եւ Նովիթա) ու քաղաք մը (1780), կ՛օրհնէ քաղաքին ծնունդն ու կ՛անուանէ՝ Նոր Նախիջեւան եւ 126 յօդուածներէ բաղկացած կանոնագրութիւն մը կը կը գրէ՝ քաղաքական օրէնքներու յաւելուածով։
Իբրեւ հմուտ քաղաքագէտ Արղութեան իւրաքանչիւր պատեհ առիթով, ըստ արժանւոյն, կը ներկայանայ հայ ժողովրդին։ Ան գործունեայ ըլլալով՝ սկիզբէն ցոյց կու տայ իր ընդունակութիւնները, կ՛այցելէ իր թեմի ցրուած հայերը, կը բանայ ուսումնարաններ, կ՛ուսումնասիրէ իր հօտի դրութիւնն ու ծրագիրներ կը պատրաստէ անոնց վիճակը բարւոքելու համար։
Արղութեան եղած է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներէն, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Անոր ջանքերով ռուսահայ կեդրոններուն մէջ (Փեթերսպուրկ, Նոր Նախիջեւան, Աստրախան) հրատարակուած է աւելի քան քառասուն գիրք։ Արղութեան նամակագրական կապեր ունեցած է Ռուսաստանի հայկական գաղթավայրերու ներկայացուցիչներու, Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա․ Կարնեցիի, Վրաստանի եւ Հնդկաստանի հայ համայնքներու, ռուսական պետական գործիչներու, Վրաց Հերակլ II եւ Գէորգի XII թագաւորներուն, Արցախի մելիքներուն եւ բազմաթիւ այլ գործիչներու հետ։
Պահպանուած են անոր առաքած նամակներուն պատճէնները, որոնք կարեւոր սկզբնաղբիւրներ են XVIII դարու վերջի պատմութեան ուսումնասիրման համար։
Արղութեան կը վախճանի 9 Մարտ 1801-ին, Թիֆլիսի մէջ։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յիշատակարան, Վ. Գ. Զարդարեան, Ա. հատոր, Կ. Պոլիս 1911, էջ 49:
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 166.
- ↑ https://www.biografija.ru/biography/iosif-patriarkh-armyan.htm