Լուսինէ Զաքարեան
| Լուսինէ Զաքարեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Յունիս 1937[1] |
| Ծննդավայր | Ախալցխա, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][3] |
| Մահացած է | 31 Դեկտեմբեր 1992[3] (55 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[2] |
| Տեսակ | Զարգացած Միջնադարու Հայկական Երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգչուհի և օպերային երգչուհի |
| Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա?[2] |
| Ամուսին | Խորէն Պալեան |
Լուսինէ Զաքարեան (1 Յունիս 1937[1], Ախալցխա, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][3] - 31 Դեկտեմբեր 1992[3], Երեւան, Հայաստան), հայ երգչուհի, Կոմիտաս Վարդապետի, հայ հոգեւոր երգերու ու տաղերու մեկնաբան։ 1968 թ. ամուսնացեր է անուանի շարականագէտ, բանասեր, երգիչ Խորէն Պալեանի հետ: Ժողովուրդի կողմէ շատ սիրուած երգչուհիի աճիւնը կը գտնուի Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանէ եկեղեցւոյ բակի գերեզմանատան մէջ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսինէ հասակ առած է Ջաւախքի մէջ։ 1952 թուականին իր ընտանիքին հետ տեղափոխուած է Երեւան, ուսանած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանէն ներս։ 1957 թուականին ընդունուած է Երեւանի պետական երաժշտանոց։ Այդ տարիներուն անոր տաղանդն արդէն բացայայտ էր։
1970-1983 եղած է Հայաստանի Ազգային հեռուստաընկերութեան եւ ձայնասփիւռի սինֆոնիկ նուագախումբի մեներգչուհի։ Այդ ընթացքին երգած է նաեւ Էջմիածնայ Մայր տաճարի երգչախմբէն։ Գերազանց կատարած է ինչպէս արեւմտաեւրոպական ստեղծագործութիւններ, այնպէս ալ՝ հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտութիւն։ Տակաւին սովետական տարիներուն, երբ կ՛արգիլուէին բազմաթիւ երաժշտական ոճեր, ինչպէս նաեւ հոգեւոր երաժշտութիւնը, ան համարձակութիւն ունեցած է հայկական հոգեւոր երաժշտութիւնը բարձրացնել բեմ։
1972 թուականին արժանացած է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման[4]։
Բազմիցս համերգներով ելոյթներ ունեցած է արտասահմանի տարբեր երկիրներու մէջ, ուր փառքով ներկայացուցած է Կոմիտասի հայ ժողովրդական երգերը, տաղերն ու շարականները։ Պարբերաբար համերգներ տուած է հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչեանի հետ։ Լուսինէի համար երգահան Առնօ Բաբաջանեան գրած է իր «Վոկալիզը»։ Լուսինէ Զաքարեանին բանաստեղծութիւններ ձօնած է Սիլվա Կապուտիկեանը,Վահագն Դաւթեանը, Պարոյր Սեւակը, այլազգի բանաստեղծներ։ Շնորհիւ հոգեթով ձայնին, Լուսինէ Զաքարեանի ձայնագրութիւնները մտած են համաշխարհային երաժշտութեան ձայնադարան։

Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսինէ Զաքարեանը սերած էր երաժիշտներու գերդաստանէ։ Մօր կողմէ մեծ հայրը՝ Իոսիֆ Թոմաշեւիչը (ծագումով լեհահայ), եղեր է Սան Փեթրսպուրկի Կայսերական օփերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տուեալներով օժտուած պաս-փրոֆունտօ, որ իր ձայնը մշակեր էր Իտալիոյ մէջ։
Մեծ մայրը՝ Ելենա Թոմաշեւսքայան, դաշնակահարուհի էր։
Հայրը՝ Հաբէթ Զաքարեանը, սիմֆոնիք նուագախումբի կազմին մէջ կը նուագէր պաս փողային գործիք:
Մայրը՝ Վերոնիքա Տոմաշեւսքայան, նոյնպես օժտուած էր երաժշտական կարողութիւններով:
Եղբայրը՝ Դաւիթ Զաքարեանը, դաշնակահար եւ ձեռնադաշնակահար էր:
Ունի քոյր՝ Ելենան:
1968 թ. ամուսնացեր է անուանի շարականագէտ, բանասեր, երգիչ Խորէն Պալեանի հետ, որու օգնութեամբ աւելի խորացեր է հայ միջնադարեան երաժշտութեան եւ հոգեւոր երգեցողութեան մէջ:
Կատարողական Գործունէութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1959-1992 թուականներուն երգած է Էջմիածնի Մայր Տաճարի Երգչախումբին մէջ (խմբավարներ՝ Հրանդ Գէորգեան, Խորէն Մէյխանաճեան) որպէս մենակատար։
- 1965 թուականէն սկսեալ եղած է Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի։ 1970-1983 թթ. եղած է Հայաստանի Ազգային Հեռատեսիլի եւ Ռատիոյի Սիմֆոնիք նուագախումբի մեներգչուհի։
- Կատարած է արեւմտաեւրոպացի, ռուս եւ հայ կոմպոզիտորներու ստեղծագործութիւններ, ժողովրդական եւ հոգեւոր երաժշտութիւն։
- Դեռեւս խորհրդային տարիներուն, երբ արգիլուած էին բազմաթիւ երաժշտական ոճեր, ինչպէս նաեւ հոգեւոր երաժշտութիւնը, ան համարձակութիւն ունեցած է հայկական հոգեւոր երաժշտութիւնը բարձրացնել բեմ։
- Բազմիցս համերգներով եղած է արտերկիր, ուր ըստ արժանեաց ներկայացուցած է Կոմիտասը, հայ ժողովրդական երգերը, տաղերը եւ շարականները։
- Պարբերաբար համերգներ տուած է հայազգի նշանաւոր երգեհոնահարներ Վահագն Ստամպոլցեանի, Լեւոն Աբրահամեանի, Պերճ Ժամկոչեանի հետ։ Երկար տարիներ անոր նուագակցած է Մարիաննա Յարութիւնեանը։
- 1960-1970-ական թուականներուն որպէս մենակատար Հայաստանի Պետական Ակադեմիական Երգչախումբի հետ (գլխաւոր դիրիժոր Յովհաննէս Չեքիճեան) ելոյթներ ունեցած է Մոսկուայի, Լենինկրատի, Փարիզի, Մարսէյլի մէջ, կատարելով մեծածաւալ ստեղծագործութիւններ։
- 1960-ական թուականներուն որպէս մենակատար ելոյթներ ունեցած է Հայաստանի Կամերային նուագախումբին հետ (գլխաւոր դիրիժոր՝ Զարեհ Սահակեանց)։
- Երգած է շուրջ 15 լեզուներով, այդ թերթին՝ հայերէն, ռուսերէն, ուքրաներէն, անգլերէն, ֆրանսերէն, վրացերէն, լատիներէն, իտալերէն, սպաներէն, հունգարերէն, չեխերէն եւ այլն։
- Կոմպոզիտոր Առնօ Պապաճանեանը իր «Վոքալիզը» գրած է Լուսինէի համար։
Մահ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսինէ Զաքարեանը մահացած է 1992 թուականի Դեկտեմբեր 30-ին Երեւան-ի մէջ, երկարատեւ հիւանդութենէ ետք։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա-ի համաձայնութեամբ, համաժողովրդական սիրոյ արժանացած երգչուհիին մարմինը 1993 թուականի Յունուար 4-ին հողին յանձնուած է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայեանէ Եկեղեցիի բակին գերեզմանատան մէջ, քանի որ ՀՀ Կառավարութիւնը չէ թոյլատրած զայն յուղարկաւորել Կոմիտասի անուան զբօսայգիի պանթէոնին մէջ։
Մէջբերումներ Լուսինէ Զաքարեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Երբ Լուսինէն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմութեամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողութեան ու նրան ի վերուստ տրուած շնորհի համար։ - Կաթողիկոս Վազգէն Ա․ |
| Լուսինէն հայ երգարուեստի մէջ նոյն դերն ունի, ի՛նչ ճարտարապետութեան մէջ՝ Թորոս Թորամանեանը։ |
| Անզուգական երգչուհի, հոգեւորի փայլուն զգացողութեամբ, որը գերել ու «գրաւել» է ոչ միայն հայ, այլեւ այլազգիներու սրտերն ու փառքով ներկայացուցած Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը եւ շարականները։ - Փրոֆէսոր Դաւիթ Ղազարեան |
Պարգեւներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրքեր Լուսինէ Զաքարեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մինչեւ այժմ հրատարակուեր է մեծանուն երգչուհիի մասին պատմող երեք գիրք: Դեռ Լուսինէի ստեղծագործական գործունէութեան բուռն շրջանին գրականագէտ Կարլէն Դանիէլեանը կը գրէ եւ 1981 թուականին Երեւանի մէջ կը հրատարակէ «Լուսինէ Զաքարեան» աշխատութիւնը: Լուսինէի մահէն յետոյ անոր ամուսնոյն՝ Խորէն Պալեանի եւ բանասէր Լիտա Գէորգեանի կողմէն կազմուած 1999 թուականին Երեւանի մէջ կը հրատարակուի «Լուսինէ» ժողովածուն: Սակայն, տեսնելով ընթերցող հասարակութեան անտարբերութիւնը, Խորէն Պալեանը գներ է «Լուսինէ» գրքի բոլոր չվաճառուած օրինակները եւ տեղափոխեր իր բնակարան: 2015 թուականին հրատարակուեր է Լուսինէ Զաքարեանի մասին պատմող թիւ 3-րդ գիրքը՝ Սէրկէյ Մանուէլեանի աշխատասիրութեամբ հրատարակուած «Լուսինէ Զաքարեանը ժամանակակիցներու յուշերուն մէջ» ժողովածուն[8]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Lusine Zakaryan - Armenian National Music
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 395.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ (հայերեն) Լուսինե Զաքարյան, 2025-09-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A5_%D4%B6%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10449350, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Լուսինե Զաքարյան, 2025-09-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A5_%D4%B6%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10449350, վերցված է 2025-11-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «http://www.nyut.am/?p=93718&l=am»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||