Առանձար
Առանձար | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Միսաք Գույումճեան[1][2] |
Ծնած է | 8 Սեպտեմբեր 1877[1][2] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա[1][2] |
Մահացած է | 13 Սեպտեմբեր 1913[1][2] (36 տարեկանին) |
Մահուան վայր | Ատանա, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Սանասարեան Վարժարան[1] Զիւրիխի Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | երգիծաբան, վիպասան |
Առանձար (Միսաք Գույումճեան) (8 Սեպտեմբեր 1877, Թալաս (Կեսարիա) - 13 Սեպտեմբեր 1913, Ատանա), հայ գրող, երգիծաբան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կեսարիոյ մօտիկ Թալաս գիւղը, Քերովփէ Գույումճեանի ընտանեկան յարկին տակ։ Աւարտած է Կարնոյ Սանասարեան վարժարանը, իսկ բարձրագոյն ուսման համար մեկնած է Եւրոպա, ուր նախ ուսանած է Միւնիխի համալսարանին մէջ, ապա՝ անցած Զուիցերիա, ուր աւարտած է Զիւրիխի համալսարանի մանկավարժական ճիւղը։
Գրական Ազպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսանողական տարիներէն նուիրուած է գրական-ստեղծագործական կեանքին՝ երգիծական պատմուածքներով, ներկայացնելով Երկրի հայութեան կեանքը օսմանեան բռնատիրութեան տակ։ Ուսանողական տարիներու այդ պատմուածքներն ու վիպակները ի մի բերելով, 1905-ին, լոյս ընծայած է իր առաջին հատորը՝ Առանձար գրչանունով եւ «Վշտի ծիծաղներ» խօսուն խորագիրը կրող իր արձակ գործերու ժողովածուն, ուր նկարագրուած է հայ կեանքը, իր տառապանքով ու բարքերով, համեմուած հաճելի զուարթախոհութեամբ։
1907-ին հրաւիրուած է Աղեքսանդրիա, Եգիպտոս, ստանձնելու համար տեղւոյն Ազգային վարժարանին տնօրէնութիւնը՝ միաժամանակ ուսուցչութիւն կատարելու։ Նոյն տարին լոյս ընծայած է իր միակ թատերախաղը՝ «Փրկիչները»[3]։
Առանձար միայն մէկ տարի մնացած է Աղեքսանդրիա։ Օսմանեան Սահմանադրութեան հռչակումին հետ, 1908-ին, ան տեղափոխուած է Ատանա եւ ստանձնած՝ տեղւոյն Ազգային վարժարաններուն մէջ ուսուցչական պաշտօններ, ապա եւ նշանակուած՝ տնօրէն։
Ան ծանր տանելով Ատանայի կոտորածը, իր տառապանքին յուզիչ թարգմանը կը դառնան պարզ ու մատչելի արեւմտահայերէնով եւ իրապաշտ շունչով գրուած վիպակները՝ «Կախաղանէն... ամուսնութիւն», «Բուրդի վաճառականութիւն», «Մօրուքի սանտրը» եւ «երկու պատկեր» հանրածանօթ եւ սիրուած գործերը[3]։
Մինչեւ իր վաղաժամ մահը՝ 13 Սեպտեմբեր 1913-ին, Առանձար մնացած է դպրոցի տնօրէն եւ շարունակած է ստեղծագործել։
Մահացած է 1913 թուականի Սեպտեմբեր 13-ին, Ատանայի մէջ։
Գրչանուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ գրականութեան մէջ Միսաք Գույումճեան ստեղծած է իր անկիւնը՝ Առանձար գրչանունով, որ վերցուած էր հայոց պատմութենէն, Ամատունի նախարարական տոհմէն, Զարեւանդի ճակատամարտին հռչակուած Առանձար Ամատունիէն[3]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վշտի ծիծաղ, Թիֆլիս, 1905, 200 էջ:
- Փրկիչներ (թատերախաղ), Աղէքսանդրիա, 1907, 180 էջ:
- Վշտի ծիծաղ (պատմվածքներ), Երեւան, 1947, 164 էջ:
- Վշտի ծիծաղ (պատմվածքներ), Երեւան, 1961, 152 էջ:
- Առանձար, Թլկատինցի, Բաշալյան Լեւոն, Երկեր, Երեւան, 1982, էջ 478–604:
- Վշտի ծիծաղ (պատմուածքներ), Պէյրութ, 1988, 152 էջ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալեքսան Աթթարեան «Տիր», 1995, Հալէպ:
- Հայ գրականութեան պատմութին, երկրորդ գիրք, Երեւան, 1950, էջ 322:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 «Առանձար (Միսաք Գույումճեան, 1877-1913). Արեւմտահայ արձակի երգիծական ու իրապաշտ ձայն մը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-24-ին։ արտագրուած է՝ 2016-12-26