Վանուշ Խանամիրեան
Վանուշ Խանամիրեան | |
---|---|
Ծնած է | 5 Նոյեմբեր 1927[1][2] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Մահացած է | 5 Հոկտեմբեր 2011 (83 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց? Երևանի պարարվեստի պետական քոլեջ?[1] |
Մասնագիտութիւն | բեմաբար պարող, բալետմայստեր |
Աշխատավայր |
Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն Հայաստանի Պարի Պետական Համոյթը |
Վանուշ Խանամիրեան (5 Նոյեմբեր 1927[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 5 Հոկտեմբեր 2011, Երեւան, Հայաստան[3]), Հայաստանի ժողովրդական արուեստագէտ, պարի պետական անսամպլի մենակատար, երկարամեայ գեղարուեստական ղեկավար։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1927-ին։ Հայրը գնդակահարուած է ստալինեան մաքրագործումներու տարիներուն։ Աւարտած է Ստեփան Շահումեանի անուան միջնակարգ դպրոցը, իսկ 1941-ին՝ Երեւանի պարարուեստի ուսումնարանը։ Նոյն տարին, մտած է Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի թատրոնին մէջ, ուր մենապարող եղած է մինչեւ 1971։
Առաջին գլխաւոր դերը կատարած է «Վալպուրգեան գիշեր» բեմադրութեան մէջ։ Պարած է Արամ Խաչատուրեանի «Գայիանէ» եւ «Սպարտակ», Ալեքսանդր Սպենդիարեանի «Խանդութ» եւ «Ալմաստ», Էդգար Յովհաննիսեանի «Մարմար» պալէներուն, Արմէն Տիգրանեանի «Անուշ» օփերային մէջ, եւ այլն։
1941-1969 թուականներուն թատրոնի օփերային գրեթէ բոլոր բեմադրութիւններու պարային հատուածներուն կա՛մ գլխաւոր մենակատարը եւ կա՛մ բեմադրիչը եղած է։
1953-ին., երբ Երուանդ Քոչար կը քանդակէր «Սասունցի Դաւիթ» արձանը, տեսնելով «Խանդութ» պալէի մէջ Վանուշ Խանամիրեանի՝ Դաւիթի կերպարի փայլուն մարմնաւորումը, որոշած է արձանի դէմքը անոր պատկերով քանդակել։
1963-ին Խանամիրեան արժանացած է Հայաստանի ժողովրդական արուեստագէտի տիտղոսին։ 1968-1992 թուականներուն Հայաստանի պարի պետական համոյթի գեղարուեստական ղեկավարը եղած է։ Դասական պարէն դէպի ժողովրդական պարարուեստ անցումը փայլուն արդիւնք ունեցած է։
Ան ժողովրդական պարի գեղագիտութիւնը բեմ բերելով, աշխարհին ներկայացուցած է հայկական պարը։
1962-էն ետք, հիւրախաղեր ունեցած է աշխարհի տարբեր երկիրներու մէջ։ Բեմադրած է տասնեակներով ներկայացումներ՝ «Գայիանէ», «Բախչիսարայի շատրուանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տօնական սուիթ», «Կարաւան», «Անմահութիւն», Կոմիտաս վարդապետի «Վաղարշապատի պար», Արամ Խաչատուրեանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերու շարք, եւ այլն։
Սփիւռքի տարբեր համայնքներու մէջ, աշխատած է իր աշակերտներուն եւ հետեւորդներուն հետ՝ հայկական պարը զարգացնելու համար։
1998-ին մեծարուած է «Մովսէս Խորենացի» պետական մետալով։ 2000ին հիմնած ու մինչեւ մահ ղեկավարած է Հայաստանի Պարարուեստի Գործիչներու Միութիւնը, որ 2009-ին իր անունը կը կրէ։
2004-ին ստեղծած է վեթերան պարուսոյցներու «Վանուշ» պարախումբը, իսկ 2010-ին՝ «Բարդիներ» պարախումբը[4][5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 490.
- ↑ «Վանուշ Խանամիրեանը ոչ եւս է»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-10-11
- ↑ «ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - Բարդիների նման վեհ ու սլացիկ - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ alikonline.ir։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-11-ին։ արտագրուած է՝ 2022-10-11
- ↑ armprelacy (2020-11-05)։ «ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐԵԱՆ (ծնունդ՝ 5 Նոյեմբեր, 1927)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-11