Ժողովրդական Արուեստի Թանգարան (Դիլիջան)
Ժողովրդական Արուեստի Թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան եւ մշակութային արժէք |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրութիւն | Դիլիջան[1] |
Հասցէ | Կալինինի փող. 5[1] |
Հիմնադրուած է | 1979 |
Դիլիջանի ժողովրդական արուեստի թանգարան, Հայաստանի ժողովրդական արուեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճիւղ: Հիմնուած է 1979-ին` բանահաւաք եւ գեղանկարիչ Յովհաննէս Շարամբէեանի անմիջական նախաձեռնութեամբ ու մասնակցութեամբ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի Դիլիջան քաղաքի կեդրոնը, Աղստեւ գետի հարեւանութեամբ: Տան վերջին բնակիչը եղած է Յովհաննէս Շարամբէեանը, որու նախաձեռնութեամբ ալ շէնքը վերածուած է ժողովրդական արուեստի թանգարանի: 1979-ին Յովհաննէս Շարամբէեանը իր հաւաքածոն նուիրած է Դիլիջանի ժողովրդական արուեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնտը: Շրջելով Հայաստանի տարբեր վայրերը՝ Շարամբէեանն ստեղծած է պղնձեայ կենցաղային իրերու մեծ հաւաքածոյ[2]:
Հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ ներկայացուած են հայ ժամանակակից ժողովրդական վարպետներու եւ ստեղծագործողներու աշխատանքներ, ազգագրական արժէք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ: Թանգարանը ունի 9 սրահ, պատշգամբ, որ նոյնպէս կը ծառայէ ցուցադրութեան համար։ Թանգարանի ֆոնտը կը կազմէ 847 ցուցանմուշ, որմէ ցուցադրութեան ներկայացուած է 547-ը: Թանգարանի ֆոնտը ձեւաւորուած է նաեւ նուիրատուութիւններէ ձեռք բերուած բազմազան կիրառական արուեստի ցուցանմուշներով[3][4]:
Թանգարանի շէնքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19-րդ դարու վերջը (1896) կառուցուած թանգարանի շէնքը Դիլիջանի ամենահին շինութիւններէ է: Տունը կառուցած է Սամսոն Բեկ-Յարութիւնեանը: Այն եղած է իշխանուհի Մարիամ Թումանեանի ամառանոցը, որ բնակած է Թիֆլիսի մէջ, իսկ ամրան ամիսները կ՚անցնէր այդ շէնքին մէջ: Մարիամ Թումանեանը 1913-1915-ականներուն Դիլիջանի մէջ հիմնած է մանկական ակումբ, 1919-1920-ականներուն՝ հիմնած է գորգագործարան, որբանոց: Սամսոն Յարութիւնեանը եւ Մարիամ Թումանեանը խորհրդային իշխանութեան տարիներուն Դիլիջանի մէջ գտնուող ամառանոցը նուերած են Հայաստանին:
Երկյարկանի, փայտէ նախշազարդ պատշգամբով այս տան մէջ հիւընկալուած են հայ մշակոյթի եւ գրականութեան բազմաթիւ յայտնի գործիչներ՝ Յովհաննէս Թումանեան, դերասանուհի Ազնիւ Հրաչեայ, Սիրանոյշ, Եղիշէ Չարէնց, Ֆրիտէոֆ Նանսէն, բանասէր Սերգէյ Վարդանեան:
Ընդգրկուած է Դիլիջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ (յուշարձան՝ 10.3/5)[5]:
Համագործակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը համագործակցի Յովհաննէս Շարամբէեանի անուան գեղարուեստի դպրոցի հետ, Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճիւղի դեկորատիւ կիրառական արուեստի ֆակուլտետի ուսանողներու հետ: Կը կազմակերպուին ինքնուս եւ ժողովրդական վարպետներու, մասնագիտական գեղանկարիչներու ցուցահանդէսներ, որոնք կը ներկայացնեն տարբեր ժանրեր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Մշակութային Դիլիջան - Երեւանի ժողովրդական արուեստի պետական թանգարան Դիլիջանի մասնաճիւղ»։ www.culturaldilijan.am։ արտագրուած է՝ 2016-08-19[permanent dead link]
- ↑ Manukyan Arsen։ «Ժողովրդական արուեստի թանգարան - Dilijan»։ www.dilijan-travel.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-05-ին։ արտագրուած է՝ 2016-08-19
- ↑ LLC Red Media։ «Դիլիջանի ժողովրդական արուեստի թանգարանի 100-ամեայ շէնքի հիմնանորոգման խնդիրը լուծում կը ստանայ (ֆոտոշարք)»։ արտագրուած է՝ 2016-08-19
- ↑ «Մշակոյթի նախարարութիւնը կ՚աշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արուեստի թանգարանի յատակագծման խնդիրը»։ արտագրուած է՝ 2016-08-19