Աբրահամ Գ. Կրետացի
| Աբրահամ Գ. Կրետացի | |
|---|---|
| Ծնած է | 17-րդ դար |
| Ծննդավայր | Հերաքլիոն[1][2] |
| Մահացած է | 18 Ապրիլ 1737[1] |
| Մահուան վայր | Վաղարշապատ, Կարբիբասարի գավառ, Աֆշարեան կայսրութիւն, Իրան[2] |
| Մասնագիտութիւն | պատմաբան և Քրիստոնեայ հոգեւորական |
| Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[1][2] |
Աբրահամ Գ Կրետացի (17-րդ դար, Հերաքլիոն[1][2] - 18 Ապրիլ 1737[1], Վաղարշապատ, Կարբիբասարի գավառ, Աֆշարեան կայսրութիւն, Իրան[2]), պատմագիր, Կաթողիկոս Ամենայն Հայոց, հայ հօր եւ յոյն մօր որդի, երբեմնի առաջնորդ Թրաքիոյ կամ Թէքիրտաղի։
Կաթողիկոս ընտրուած է 24 Նոյեմբեր 1734 թուականին։ Այդ ժամանակ ան ուխտած է գալ Սուրբ Էջմիածին։ Ինչպէս յայտնի է, նոյն օրերուն Հայաստանը, Նատիր Շահի ասպատակութիւններուն ենթարկուած էր եւ Աբրահամն բարեկամացած էր շահին հետ։ Նատիր Շահի հրաւէրով Աբրահամ կ'երթայ Մուղանի դաշտը եւ օրհնելով Շահին սուրը, կը կապէ անոր մէջքին՝ ի նշան թագաւորութեան։ Շահը շատ կը մեծարէ Աբրահամը, ու որպէս սիրելի մարդ՝ իր մօտ կը պահէ։ Սոյն վարուելակերպով կաթողիկոսը կը շահի Նատիր Շահի վստահութիւնը, ապա մեղմելով անոր սիրտը՝ բազմաթիւ հայեր կը փրկէ գերութենէ ու աքսորէ։ Վերադառնալով Սուրբ Էջմիածին, կը մահուան 18 Ապրիլ 1737-ին եւ կը թաղուի Շողակաթ վանքին ձախակողմը։
Աբրահամ կաթողիկոս գրած է Նատիր Շահի աւերմանց պատմութիւնը, որ տպուած է Հնդկաստանի Կալկաթա քաղաքին մէջ 1796-ին, իսկ Սուրբ էջմիածին՝ 1870-ին։ Այս պատմագրութեան կցուած է հետաքրքիր յօդուած «Պատմութիւն Անի Քաղաքին»։
Կրետացիի օրօք Հարաւային Կովկասի քաղաքական դրութիւնն անկայուն էր։ Իրանի մէջ ասպարէզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նատիր շահը), պատերազմելով Թուրքիայի դէմ, վերանուաճած է Իրանի կորսնցուցած հողերը, այդ կարգին՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքայ Նատիր շահի վստահութիւնը, վերականգնած է Էջմիածինի կաթողիկոսական աթոռի կալուածատիրական իրաւունքները եւ գերութենէն ու աքսորէն փրկած՝ բազմաթիւ հայեր։ Կրետացիի միջնորդութեամբ խանը թոյլատրած է Մելիք Յակոբջանին Երեւանի մէջ հիմնել դրամատուն եւ հատել արծաթէ ու պղինձէ դրամներ։
Գրած է «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր Շահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլուխէ), ուր կը նկարագրուի Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասի եւ Մուղանի դաշտին մէջ 1736 թուականի Մարտ 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողութիւնը։
Կրետացիի «Պատմագրութիւնը» առաջին անգամ հրատարակուած է 1796 թ. Կալկաթայի եւ 1870 թուականին՝ Վաղարշապատի մէջ։ Անիկա ֆրանսերէնի թարգմանած է ֆրանսացի պատմաբան, հայագէտ Մարի-Ֆելիսիթէ Պրոսէն եւ հրատարակած՝ «Collection d'historiens armeniens» ժողովածուին մէջ (հ. 2, 1876)։
Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացիին կը յաջորդէ Ղազար Ա. Ջահկեցին[3]։
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ (հայերեն) Աբրահամ Գ Կրետացի, 2025-04-16, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D4%B3_%D4%BF%D6%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB&oldid=10283458, վերցված է 2025-11-16