Վատուց
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Վատուց | |||||
| գերմաներէն՝ Vaduz | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Քաղաքապետ | Petra Miescher? | ||||
| Հիմնադրուած է՝ | 1150 | ||||
| Տարածութիւն | 17,3 քմ² | ||||
| ԲԾՄ | 455±1 մեթր | ||||
| Պաշտօնական լեզու | գերմաներէն | ||||
| Բնակչութիւն | 5668 մարդ (30 Յունիս 2019)[2] | ||||
| Կը գտնուի ափին | Ռայն գետ | ||||
| Փոստային ցուցանիշ | 9490 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | FL | ||||
| Պաշտօնական կայքէջ |
www | ||||
Վատուզ (գերմաներէն՝ Vaduz, [faˈduːts] կամ [faˈdʊts]) Լիխթընշթայնի մայրաքաղաքն է։ Վատուզն յատկապէս յայտնի է, որպէս միջազգային ֆինանսական կեդրոն։ Բնակչութիւնը՝ 5668 մարդ (30 Յունիս 2019)[2]։ Վատուզի ամէնանշանաւոր տեսարժան վայրը Վատուզի Ամրոցն է, որ բազմած է քաղաքին վրայ հսկող զառիվեր բլուրի մը գագաթին։ Անիկա Լիխթընշթայնի գահակալ իշխանին եւ իշխանական ընտանիքին բնակավայրն է։ Քաղաքին ինքնատիպ ճարտարապետութիւնը կ'արտացոլայ նաեւ այնպիսի կոթողներու մէջ, ինչպիսիք են՝ Սուրբ Փլորինի Մայր Եկեղեցին, Կառավարական Տունը, Քաղաքապետարանը, Ազգային Գեղարուեստի Պատկերասրահը, ինչպէս նաեւ Ազգային Թանգարանը։ Թէեւ Վատուզը միջազգային գետնի վրայ իշխանութեան ամէնաճանչցուած քաղաքն է, սակայն անիկա ամէնամեծը չէ․ դրացի Շան քաղաքը ունի աւելի մեծ բնակչութիւն[3]։
Ստուգաբանութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Վատուզ» (Vaduz) անունը առաջին անգամ արձանագրուած է որպէս de Faduzes։ Բնակավայրին անունը, յանգոյն Յռենոսի հովիտի տարածաշրջանի միւս քաղաքներուն մեծամասնութեան, ռոմանական ծագում ունի։ Անունը կը յառաջանայ հին ռետո-ռոմանական auadutg արմատէն, որ կը նշանակէ «ջրուղի»․ սա իր հերթին զարգացած է լատիներէն aquaeductus բառէն։
Պատմութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատուզը Faduzes անունով կը յիշատակուի 12-րդ դարու պատմական ձեռագիրներուն մէջ։ 1322 թուականին առաջին անգամ կը յիշուի ամրոցը, որ 1499-ին՝ Շուապական պատերազմի ընթացքին, կողոպտուեցաւ զուիցերիացիներուն կողմէ։ Ամբողջ գիւղը նոյնպէս կործանեցաւ։
17-րդ դարուն Լիխթընշթայն ընտանիքը տեղ կը փնտռէր Կայսերական Ռայխսթակի (Reichstag) մէջ։ Քանի որ անոնք չունէին որեւէ տարածք, որ անմիջականօրէն ենթակայ ըլլար կայսերական գահին, չէին կրնար համապատասխանել այս առաջնային պահանջին։
Ընտանիքը կը բաղձար այն յաւելեալ ազդեցութեան, զոր կրնար բերել կայսերական կառավարութեան մէջ ունեցած աթոռը, եւ հետեւաբար կը ձգտէր ձեռք բերել այնպիսի հողեր, որոնք կ'ըլլային reichsunmittelbar, այսինքն՝ անմիջականօրէն ենթակայ Սրբազան Հռոմէական Կայսրին՝ առանց որեւէ միջանկեալ աւատապետական հովանաւորութեան։ Որոշ ժամանակ անց, ընտանիքը յաջողեցաւ կազմակերպել Հոհենեմսներէն փոքրիկ Շելլենպերկի տիրոյթի եւ Վատուզի կոմսութեան գնումը (յաջորդաբար՝ 1699-ին եւ 1712-ին)։ Փոքրիկ Շելլենպերկն ու Վատուզը ունէին ճիշդ անհրաժեշտ քաղաքական կարգավիճակը․ անոնք Կայսրէն զատ ուրիշ աւատատէր տիրակալ չունէին։
Այսպիսով, գնումները պատշաճ կերպով կատարուելէ ետք, 23 Յունուար 1719-ին, Սրբազան Հռոմէական Կայսր Կառլոս Զ․-ը հրամանագիրով միացուց Վատուզն ու Շելլենպերկը եւ զանոնք բարձրացուց Իշխանութեան կարգավիճակի՝ անուանելով «Լիխթընշթայն»՝ ի պատիւ «[իր] հաւատարիմ ծառայ Անթոն Ֆլորիան Լիխթընշթայնցիին»։ Յատկապէս այս թուականին է, որ Լիխթընշթայնը դարձաւ Սրբազան Հռոմէական Կայսրութեան ինքնիշխան անդամ պետութիւն։ Իբրեւ վկայութիւն այն իրողութեան, որ այս գնումները զուտ քաղաքական նպատակայարմարութիւն կը հետապնդէին, Լիխթընշթայնի իշխանները աւելի քան 120 տարի ոտք չդրին իրենց նորաստեղծ իշխանութեան տարածքին մէջ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Բնակչութիւն | Երկրի բնակչութեան տոկոս |
|---|---|---|
| 1930 | 1632 | 16,4 |
| 1941 | 2007 | 18,1 |
| 1950 | 2735 | 19,9 |
| 1960 | 3398 | 20,4 |
| 1970 | 3921 | 18,4 |
| 1980 | 4606 | 18,3 |
| 1990 | 4897 | 16,9 |
| 2000 | 4927 | 15,0 |
Քաղաքականութիւն[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատուզը կը գտնուի Օպերլանտի ընտրական շրջանին մէջ, որ Լիխթընշթայնի խորհրդարանին մէջ ունի տասնհինգ աթոռ։ 1864 թուականին Լիխթընշթայնի համայնքային օրէնքի ներդրումէն ի վեր, Վատուզը տեղական մակարդակով կը կառավարուի քաղաքապետի մը եւ համայնքային խորհուրդի մը կողմէ։ Մինչեւ 1941 թուական, այս խորհուրդը կազմուած էր քաղաքապետէն, համայնքային գանձապահէն եւ եօթը այլ խորհրդականներէ։
1974-ին համայնքային օրէնքը վերանայուեցաւ, որուն արդիւնքով քաղաքապետի եւ խորհուրդի պաշտօնավարութեան շրջանը երկարաձգուեցաւ մինչեւ չորս տարի, իսկ Վատուզի համայնքային խորհուրդի աթոռներուն թիւը բարձրացաւ տասներկուքի։ Համայնքային խորհուրդի ընտրութեան համակարգը փոխուեցաւ՝ որդեգրելով բաց ցուցակով համամասնական ընտրակարգը։ 1976-ին Վատուզի մէջ տղամարդոց համընդհանուր ընտրական իրաւունքը փոխարինուեցաւ համընդհանուր քուէարկութեան իրաւունքով (ներառեալ կիներուն)։ Լիխթընշթայնի մէջ համազգային մակարդակով համընդհանուր ընտրական իրաւունքը ներդրուեցաւ միայն 1984 թուականին։
Ներկայիս պաշտօնավարող քաղաքապետն է Ֆլորիան Մայերը, որ ընտրուեցաւ 2024 թուականին կայացած Վատուզի քաղաքապետական արտահերթ ընտրութիւններուն։
Քոյր-քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Вадуц // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 572.
- 1 2 https://www.llv.li/files/as/bevolkerungsstatistik-30-juni-2019-tabellen.xls
- ↑ (անգլերեն) Vaduz, 2026-06-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vaduz&oldid=1358282025, վերցված է 2026-07-10
- ↑ (անգլերեն) Vaduz, 2026-06-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vaduz&oldid=1358282025, վերցված է 2026-07-10
- ↑ (անգլերեն) Vaduz, 2026-06-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vaduz&oldid=1358282025, վերցված է 2026-07-10
- ↑ (անգլերեն) Vaduz, 2026-06-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vaduz&oldid=1358282025, վերցված է 2026-07-10