Թառ

Jump to navigation Jump to search
Թառ
Painting tar.jpg
Որակաւորում Աղելարային կսմիթային նվագարան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 321.321-5

Թառ (պարս․՝ تار — «լար», «թել» բառերէն), լարաւոր-կնտնտոցային նուագարան։ Տարածուած է Հայաստան, Ատրպէյճան [1], Անդրկովկասի երկիրներ, Իրան, Թուրքիա, Աֆղանիստան, Միջին Արեւելքի երկիրներուն մէջ։

«Թառ» բառարմատն ինկած է շարք մը այլ նուագարաններու անուան հիմքին, ինչպէս օրինակ «կիթառ», «սիթառ», «դութառ» (բառացի՝ երկու լար) և այլն:

Թէպէտեւ թառը շատոնց տարածաշրջանային նուագարան է, սակայն 2012 թուականի 5 Դեկտեմբեր-ին ԵՈՒՆԵՍՔՕ-ն այն ճանչցած է ատրպէյճանական ոչ նիւթական մշակութային արժէք[2]:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դժուար է յստակօրէն ըսել, թէ թառը յատկապէս որ երկիրին մէջ ստեղծուեր է, որ ժողովուրդի ներկայացուցիչները առաջին անգամ այն նուագեր են, քանի որ թառը, ուրիշ շատ նուագարաններու նման, հին ժամանակներէն տարածուած է եղեր նոյն տարածաշրջանի տարբեր ժողովուրդներու մօտ:

Թառը մեծ դերակատարութիւն ունեցեր է Իրանի, Հայաստանի և կովկասեան երկիրներու դասական երաժշտութեան զարգացման գործին մէջ։ Նուագարանը այսօր ալ, ինչպէս Հայաստանի մէջ, այնպէս ալ Իրանի մէջ մեծ ժողովրդականութիւն կը վայելէ: Իրանի մէջ յատուկ կարեւորութիւն կը տրուի թառ նուագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառի նուագածութիւնը պարտադիր է Իրանի ժողովուրդի ազգային տօներու ու հանդիսութիւններու արարողութիւններու ընթացքին:

Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թառը ժողովրդական լարային կսմիթային երաժշտական նուագարան է։

Թառ

Ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկիուն գլխիկ։ Թառի երկգաւաթ իրանը փորուած է թթենու ամբողջական կտորէն՝ ծածկուած կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանութիւն ունի կիթառի հետ: Երկարաւուն կոթը ականջակիր գլխամասը պատրաստուած է ընկուզէնիէն։ Կոթի վրայ 22 աղիքէ փարդաններ են (լադ), որոնց միջեւ եղած միաժամանակ կամ յաջորդաբար միմիանցից յետոյ հանած հնչիւններու բարձրութեան եւ տարբերութեան միջոցները կիսաթոնէն ալ ցածր են: Լարերն այսօր մետաղեայ են, իսկ հին ժամանակ պատրաստուած են կենդանիի աղիքէն։

Նուագած ժամանակ գործիքը կը սեղմեն կուրծքին և կը պահեն հորիզոնական դիրքով։ Թառը կը հնչէ հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բութի եւ ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։

Թառի երկու հիմնական տեսակ կայ՝ իրանեան վեցլարանի, որ նուագարանի հնագոյն տարբերակն է, և տասնմեկլարանի, որ ստեղծուեր է 19-րդ դարուն ներկայիս Ատրպէյճանի տարածքին:

Թառ պատրաստելու եղանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թառ պատրաստելու համար նախընտրելի է թթենիի փայտը։ Թթենի փայտի կոճղը թառի արձագանքարանի գծագիրով կը սղոցեն, թաց վիճակի մէջ յատուկ մուրճ կամ ուրագի և այլ գործիքներու օգնութեամբ կը փորեն, որմէ ետք 15-20 օր չորցնելու նպատակով կը պահեն փայտէ թեփի մէջ։ Արտաքին և ներքին մակերեսը մշակելէն յետոյ ընկուզէնիի փայտեայ եռանկիւնաձև կտրուածքով վզիկը արձագանքարանի կենտրոնացոյց գծիկի ուղղութեամբ կենդանական սոսինձով կը միացնեն։ Ապա վզիկի ծայրամասին բացուած եզրային հարթակներուն կը սոսնձեն ընկուզենիի փայտեայ գլխիկը, որու վրայ հագցուած են լարելու համար նախատեսուած 6 մեծ և 3 փոքր ձգաններ։ Վզիկի եզրային նեղ ակօսներու մէջ պահպանակ տեղադրելէն յետոյ նայլընէ կամ համադրական մետաքս բարակ լարերու հինգանդամ խումբը յատուկ հիւսուածքով հանգուցելով կ'ամրացնեն 22 հնչիւնամիջնորմերը։ Թառի գլխիկն ու ձգանները փայլեցնելէն յետոյ խոշոր եղջերաւոր անասուններու սրտի թաղանթով երեսը կը պատեն արձագանքարանի խոռոչները։

Թառի 11 մետաղեայ լարերը կը բաժնուին հետեւեալ խումբերու․

  1. սպիտակ (պողպատեայ) - I, III լարի զոյգը V, VI լարեր,
  2. դեղին (արուրէ) - II լար,
  3. պարուրուած (պողպատալար միջուկով) - III լարի զոյգը և IV լարը

Լարերը ձգաններուն ու ամրակներուն ամրացնելէն յետոյ արձագանքարանի մեծ խոռոչի կեդրոնը կը տեղադրեն լարերու ճնշումը դիմակայող եռաթոնի մեծ հենակը։ կը կարգաւորեն թառի լարուածքն ու հնչիւնաշարը, իսկ հնչողական որակական բարձր յատկանիշներով օժտուած նուագարանները սովորութեան համաձայն կը զարդարեն սատափով։

Պայմանական նշաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

n - հարուած դԷպի վար
v - հարուած դէպի վեր
nn - միակողմանի հարուած դէպի վար
vv - միակողմանի հարուած դէպի վեր
nvn - երկկողմանի հարուած
1, 2, 3 - մատները I լարի վրայ
(1), (2), (3) - մատները II լարի վրայ
1., 2., 3. - մատները III լարի վրա

Թառը Հայաստանի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարդան Բունիի (Բունիաթեանց) ստեղծած արևելեան հնագոյն նուագարաններու (աշուղական) համոյթը: Ձախէն աջ` մենակատար Լ. Կարախան (քամանչա), Գրիգորեան (թավ-քամանչա-բամբիռ), Վ. Բունի (թառը ձեռքին), Բազեան, Եսայեան:

Հազարամեակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական աւանդոյթների հետ մէկտեղ, պահպաներ է նաեւ հնագոյն նուագարանները և զարգացնելով հասցուցած կատարելութեան: Ք.Ա. 6-րդ դարէն հայերը, տարածուելով Հայկական լեռնաշխարհէն դուրս, բնակութիւն հաստատեր են նաև Հիւսիսային Միջագետքի և Անատոլիայի տարածքը և նշանակալի հետք թողած շարք մը նուագարաններու ստեղծման և պահպանման գործին մէջ:

Հայաստանի մէջ թառի պատկերներ պահպանուեր են հին տապանաքարերու վրայ կատարուած հարթաքանդակներուն, ուր նուագարանը ներկայացուած է երաժիշտի ձեռքին: Բացի տապանաքարերէն, թառի պատկերներ կը հանդիպին նաև հայկական մանրանկարներուն՝ սկսած 13-րդ դարէն: Այնտեղ թառահարները ներկայացուած են թէ՛ որպէս մենակատարներ, թէ՛ որպես համոյթի անդամներէն մէկը՝ լարային-կսմիթային, աղեղնաւոր, փողային և հարուածային գործիքներ նուագող երաժիշտներու շարքին: Ըստ հայկական մանրանկարներու՝ թառ նուագեր են ինչպէս տղամարդիկ, այնպէս ալ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովիւէն մինչև ազնուականներ[3]: Սակայն նուագարանը աւելի շատ տարածուած է եղեր քաղաքային աշուղական երաժշտական միջավայրի մէջ։ Թառահարներու հիմնական նուագացանկը եղեր է Միջին Արեւելքի ժողովուրդներու շրջանին տարածուած մուղամը, որ տարածաշրջանային երաժշտական ժանր է:

Արուեստագիտական լայն հնարաւորութիւններու և հարուստ հնչողութեան համադրութինը նուագախումբի տպաւոութիւն կը ձգէ, որու շնորհիւ ալ թառը հիմնական մենանուագային գործիքներէն մէկն է հայկական երաժշտարուեստին մէջ։ Հայ անուանի աշուղներէն թառ նուագեր են Շերամը, Իգիթը եւ ուրիշներ:

Հայաստանի մէջ թառը կը համարուի ժողովրդամասնագիտական նուագարան, բացի մենակատարումէն։ Հայ երաժիշտ կատարողները մեծ աւանդ ունին թառի կատարողական արուեստի զարգացման ասպարէզին մէջ։ Թառի հնչիւնները հրապուրած են այդ ասպարէզներու ներկայացուցիչներուն` Մակար Եկմալեան, Ալեքսանդր Ալեքսանդրեան, Արամ Մերանգուլեան, երաժիշտներ` Վարդան Բունի, Կառլեն Միրզոյեան և այլք:

1920-ական թուականներուն Վարդան Բունին ստեղծեր է չորս տարբեր մեծութեան թառերի ընտանիք և գործածեր իր «Արեւելեան վերակառուցման սիմֆոնիք նվագախումբին մէջ», փիքոլո (8 - 9 լար), փրիմա (8 լար), պարիթոն (6 լար) և քոնթրապաս (9 լար)` նուագախումբի պասային կամ թաւ հնչողութիւնը ուժեղացնելու համար։ Թառի կատարողական արուեստի զարգացման գործին մէջ ներդրում ունին հայ երաժիշտներ Բալա Մելիքեանը, Ա․ Մելիք Աղամալեանը, Սողոմոն Սեյրանեանը և ուրիշներ[4]։

Թառի հնչողութիւնը գրաւեր է հայ երգահաններու ուշադրութիւնը. թառի համար սոնաթներ, համերգներ և այլ փիեսներ գրած են Գուրգէն Միրզոյեանը, Խաչատուր Աւետիսեանը, Ստեփան Ջրբաշեանը, Արզաս Ոսկանեանը, Գեղունի Չթչեանը, Անդրանիկ Ներսիսեանը, Արտեմ Խաչատուրը եւ ուրիշներ։

Երաժշտական գործիքներու շարքում թառն այն եզակիներէն է, որուն համար տարբեր երգահաններ պարտիտուր այսինքն՝ բազմաձայն երաժշտական ստեղծագործութեան նոթաներու գիրք գրած են սիմֆոնիք նուագախումբի հետ հանդէս գալու համար: Հայ երգահաններ են Աւետ Տէրտէրեանը իր սիմֆոնիաներուն ժողովրդական նուագարաններ՝ տուտուկ, զուռնա և թառ օգտագործած է:

Թառը հնչեր է շարք մը հայկական ֆիլմերու երաժշտական ձևաւորման մէջ։ Թառի համար գրուած են մեթոտական ձեռնարկներ, ժողովածուներ, ներկայացուցած են թառի ուսուցման իրենց դիտարկումները, օրինակ՝ Ա․Մերանգուլեան՝ «Թառի ուսուցման դպրոց», Հ․Դարբինեան՝ «Թառի նուագներ», «Թառի ձեռնարկ», «Թառի ուսուցարան» և այլն[5]։ Նախաձեռնութեամբ հանդես եկեր է նաև մեր օրերու լաւագոյն թառահարներէն Հովիկ Սահակեանը։

Երևանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ ուսուցումը կը տրուի ժողովրդական նվագարաններու տիրապետման վարպետութիւն, որոնց շարքին է նաեւ թառը:

Թառ պատրաստող հայ վարպետներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թառ պատրաստող վարպետներու փորձը սերնդեսերունդ փոխանցուելու աւանդոյթը կը շարունակուի մինչեւ մեր օրերը։ Անոնցմէ են 1920-ականներուն Երևանի մէջ գործած Վասիլը և Երուանդ Բարսեղեանը։ Անոնց պատրաստած նուագարանները կարելի է նոյնիսկ հանդիպիլ հին երևանցիներու բնակարաններուն մէջ։

19-րդ դարի վերջին թառի արուեստագիտական և երաժշտական հնարաւորութիւնները բացայայտելու համար թառահար Բալա Մելիքեանը նուագարանին աւելցուց եւս 5 լար։ Թառի արձագանքարանի պատրաստման մեծ վարպետ էր Եփրեմ Խաչատրեանը։ Այդ արուեստը սորված է Աղամիր Ասրեանէն եւ կատարելագործեր: Անոր պատրաստած արձագանքարաններու համբաւը տարածուեր է Կովկասի և Միջին Ասիոյ մէջ։ Պաքուեցի յայտնի վարպետ Պահատուր Պողոսեանը իր պատրաստած նուագարաններով տասնամեակներ շարունակ նպաստեր է գործիքի զարգացմանը։

Կեանքի նոր պայմաններուն համընթաց կը վերաստուգէին նախկին չափանիշները: Այդ փոփոխութիււններու ներկայացուցիչը եղաւ տաղանդաւոր վարպետ, ինժեներ և թառահար Ալբերթ Զաքարեանը։ Ան նաև կատարած է կառուցուածքային փոփոխութիւններ՝ թառի վզիկի չափերը փոխելու միջոցով ընդլայնելով ատոր հնչիւնածաւալը։ Զաքարեանը նաև ծայրագոյն նրբութեան հասցուց թառը սատափով զարդարելու արուեստը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Тураев Б. А. Набла // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Четыре новых элемента внесены в Репрезентативный список нематериального культурного наследия человечества
  3. Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Սահակեան Հ․ Թառ։ Ուսումնական ձեռնարկ/Փոխադրումներ, մշակումներ եւ բնագիր ստեղծագործութիւններ թառի համար․-Եր․։ Վան Արեան, 2016․ 100 էջ

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Российская академия наук, Национальная академия наук республики Армения, Армяне, Москва, 2012 г. http://armscoop.com/wp-content/uploads/2014/08/Armenians_12.pdf
  • Betty Blair. «Sing Tar, Sing. Like Father, Like Son? Passing on the Tradition», AI, Winter 1999 (7.4), pp. 74–76