Աշոտ Սուքիասեան
Աշոտ Սուքիասեան | |
---|---|
Ծնած է | 18 Օգոստոս 1922 |
Ծննդավայր | Թիֆլիս, Անդրկովկասի ԽՖՍՀ |
Մահացած է | 15 Յունուար 2007 (84 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկ |
Մասնագիտութիւն | լեզուաբան, ուսուցիչ |
Աշխատավայր |
Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկ Երեւանի Պետական Համալսարան |
Աշոտ Սուքիասեան (18 Օգոստոս 1922, Թիֆլիս, Անդրկովկասի ԽՖՍՀ - 15 Յունուար 2007, Երեւան, Հայաստան), լեզուաբան ու բառարանագիր, բանասիրական գիտութիւններու դոկտոր (1972), փրոֆէսոր (1974), ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1980)։։ Գլխաւորաբար յայտնի է իր մեծածաւալ հոմանիշներու բառարանով։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ 1940-ին աւարտած է Թիֆլիսի հայկական միջնակարգ դպրոցը, ընդունուելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ճիւղի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը։
1941-1942-ին մասնակցած է Բ. Աշխարհամարտի կովկասեան ռազմաճակատի մարտերուն, եւ Փետրուար 1942-ին ծանրօրէն վիրաւորուելով, բանակէն ազատ արձակուած է իբրեւ հաշմանդամ։ 1945-ին համալսարանական ուսումը շարունակած է, աւարտելով 1948-ին։
Յունիս 14, 1949-ին, Աշոտ Սուքիասեանի ընտանիքը, հազարաւոր հայերու շարքին, աքսորուած է Ալթայի երկրամասի (Կեդրոնական Ասիա) խորերը։ Անոր դիմում-բողոքներուն շնորհիւ, յաջողած է ընտանիքը աքսորէն վերադարձնել քանի մը ամիս ետք։
1950-ին, Սուքիասեան ընդունուած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի լեզուի հիմնարկը իբրեւ հայցորդ (դոկտորականի ուսանող) «Հայ բառարանագրութիւն» մասնագիտութեամբ, աշակերտելով մեծանուն լեզուաբան Հրաչեայ Աճառեանին։
1954-ին, պաշտպանած է թեկնածուական (առաջին դոկտորական) աւարտաճառը՝ «Խորհրդահայ բառարանագրութիւը» նիւթով, իսկ նոյն տարին աշխատանքի անցած է լեզուի հիմնարկին մէջ, ուր աւագ գիտաշխատող եղած է 1954-1966-ին։
1966-ին, դասախօսի պաշտօն ստանձնած է Երեւանի պետական համալսարանին մէջ, ուր 1976-1991ին ժամանակակից հայոց լեզուի ամպիոնի վարիչ եղած է։ «Հոմանիշները ժամանակակից հայերէնում» մեծածաւալ մենագրութեան հիմամբ (Երեւան, 1971), 1972-ին ստացած է բանասիրական գիտութիւններու դոկտորի տիտղոսը։
1974-ին դարձած է փրոֆէսոր, իսկ 1980-ին Հայաստան գիտութեան վաստակաւոր գործիչի տիտղոսին արժանացած է։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ա. Սուքիասեանի աշխատութիւնները հիմնականին նուիրուած են բառագիտութեան։ 1967-ին հրատարակած է «Հայոց լեզուի հոմանիշների բառարան»ը, որ կ՚ընդգրկէ շուրջ 83.000 բառ ու դարձուածք։ Երկրորդ, վերամշակուած հրատարակութիւնը լոյս տեսած է 2003ին (վերատպուած՝ 2009-ին), իսկ յաջորդ տարին արժանացած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակին[1]։
Սերգէյ Գալստեանի հեղինակակցութեամբ, կազմած է «Արդի հայերէնի դարձուածաբանական բառարանը» (1975)։ Սուքիասեանի «Ժամանակակից հայոց լեզու (հնչիւնաբանութիւն, բառագիտութիւն, բառակազմութիւն») աշխատութիւնը ունեցած է երեք հրատարակութիւն (1982, 1987 եւ 1989)։
Կազմած է հոմանիշներու բառարան մը դպրոցականներու համար (2000)[2]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայոց լեզուի հոմանիշների բառարան, Երեւան, 1967։
- Հոմանիշները ժամանակակից հայերենում, Երեւան, 1971։
- Հայոց լեզուի դարձուածաբանական բառարան, Երեւան, 1975 (հեղինակակից Սերգէյ Գալստեան)։
- Ժամանակակից հայոց լեզու (հնչիւնաբանութիւն, բառագիտութիւն, բառակազմութիւն, 1982, 1987, 1999), Ե.։
- Հայոց լեզուի հոմանիշների դպրոցական-ուսումնական բառարան, Երեւան, 2000։
- Հայոց լեզուի հոմանիշների բացատրական բառարան, 2003։
- Հայոց լեզուի հոմանիշների բացատրական բառարան, Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 2009։ (Բ. հրատարակութիւն)[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Աշոտ Սուքիասեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-10-ին։ արտագրուած է՝ 2022-10-10
- ↑ armprelacy (2022-08-18)։ «ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ (ծնունդ՝ 18 Օգոստոս, 1922)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-10
- ↑ ՓՐՈՖԷՍՈՐ ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ