Անտրէ Պրեթոն
| Անտրէ Պրեթոն ֆրանսերէն՝ André Breton | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ André Robert Breton |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Breton, André[1] |
| Ծնած է | 19 Փետրուար 1896[2][3][4][…] |
| Ծննդավայր | Tinchebray[1] |
| Մահացած է | 28 Սեպտեմբեր 1966[5][2][6][…] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[5][1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Շապտալ? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Գերիրապաշտութեան հռչակագիր, Գերիրապաշտ դպրոցի մասին գիրք՝ Անտրէ Պրեթոնի հեղինակութեամբ և Գերիրապաշտութեան մասին երկրորդ հռչակագիր՝ Անտրէ Պրեթոնի հեղինակութեամբ: |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, վիպասան, ակնարկագիր, գծագրիչ, լուսանկարիչ և արվեստի տեսաբան |
| Կուսակցութիւն | Ֆրանսայի Համայնավար Կուսակցութիւն |
| Ամուսին | Ժագլին Լամպա[8], Էլիզա Պրեթոն և Simone Collinet?[9] |
| Երեխաներ | Ֆրանսացի արուեստագիտուհի՝ Օպ Էլէուէ |
|
Ստորագրութիւն | |
Անտրէ Պրեթոն (ֆրանսերէն՝ André Breton 19 Փետրուար 1896[2][3][4][…], Tinchebray[1] - 28 Սեպտեմբեր 1966[5][2][6][…], Փարիզ[5][1]), ֆրանսացի գրող, բանաստեղծ, գերիրապաշտ շարժումին հիմնադիրը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրեթոն ծնած է 19 Փետրուար 1896-ին Նորմանտիի Տենշեպրէ քաղաքը, ազնուական ընտանիքի մը մէջ: Ան ընտանիքին միակ զաւակն էր, հետեւաբար ծնողները ջանք չեն խնայեր անոր բարձր կրթութիւն տալու համար: Պրեթոն կ'աւարտէ կրօնական դպրոց մը, ապա ուսումը կը շարունակէ փարիզեան քոլէճներէն մէկուն, յետոյ Սորպոնի մէջ: Սորպոնի մէջ Պրեթոն կը դառնայ բժշկութեան ուսանող:
1915-ին երիտասարդ բժիշկը կը զինուորագրուի: Ճակատը գտնուած միջոցին, կը ծանօթանայ նշանաւոր բանաստեղծ Կիյոմ Աբոլիներու հետ (Giom apollinaire): Այս հանդիպումը ճակատագրական կը դառնայ սկսնակ հոգեբան Պրեթոնի համար: Աբոլիներ Պրեթոնը կը ներկայացնէ ֆրանսացի բանաստեղծ Ֆիլիփ Սուպոյի, որ հետագային կը դառնայ Անտրէի մտերիմ համախոհը: Լուի Արակոն` Պրեթոնի միւս ընկերը, անոր կը բացայայտէ ֆրանսացի բանաստեղծ Լոտրեամոնի արուեստը:
1919-ին գրական ամսագիրներէն մէկուն մէջ կը հրատարակուի Անտրէ Պրեթոնի եւ Ֆիլիփ Սուպոյի «Մագնիսական դաշտեր» աշխատանքը, որ գրուած էր ստեղծագործական նոր ձեւի` ինքնեկ գրութեան եղանակով: Այդ աշխատանքը կը դառնայ գերիրապաշտութեան հռչակագիրը: Գեղարուեստական ուղղութեան շատ տարրեր ի յայտ կու գան 1919-ին:
Պրեթոնի շուրջ կը համախմբուին տաղանդաւոր ստեղծագործողներու խմբակ մը, որոնցմէ նշանաւոր են՝ Լուի Արակոն, Փոլ Էլուար եւ Թրիսթան Ծարա: 1920-ին` անոնք կը սկսին ներկայացնել իրենց աշխատանքները եւ կանոնաւոր ձեւով խռովութիւններ ստեղծել խնճոյքներու ընթացքին: Ազնուական դասը չի հանդուրժեր երիտասարդ բանաստեղծներուն արկածները:
Պրեթոն կը գիտակցի, թէ յարատեւ խռովարարութիւնները չեն կրնար գեղարուեստական նոր ուղղութեան հիմնաքարը դառնալ: Գերիրապաշտութեան առաջին հռչակագիրին հրապարակումէն ետք, 1924-ին, գերիրապաշտներու շարժումը յստակ ծրագիր եւ առաջնորդ մը կ'ունենայ, յանձինս՝ Անտրէ Պրեթոնի:
Պրեթոնի՝ Ֆոնթեն փողոցին մէջ գտնուող տան մէջ կը բացուի գերիրապաշտութեան հետազօտութիւններու գրասենեակը, ուր կը սկսին հրատարակուիլ գերիրապաշտ բազմաթիւ ամսագիրեր: Շարժման գաղափարները կը դառնան միջազգային. համանման խմբակներ կը բացուին եւրոպական այլ մայրաքաղաքներու մէջ եւս:
Պրեթոն կը մասնակցի քաղաքական կեանքին: 1920-ականներուն կոչ կ'ուղղէ գերիրապաշտներուն անցնելու Ֆրանսական կոմունիստական կուսակցութեան շարքերը (որու անդամ էր ինք՝ 1927-էն, մինչեւ 1933, երբ կը վտարուի անոր շարքերէն):
1935-ին Գրողներու միջազգային քոնկրեսին մէջ Իլիա Էրենպըրկի հետ բախում կ'ունենայ:
Պրեթոն աշխարհի տարբեր անկիւններուն մէջ կը կազմակերպէ գերիրապաշտ արուեստի ցուցահանդէսներ, որոնք ԱՄՆ-ի մէջ առանձնակի յաջողութիւն կը գտնեն:
Բ. համաշխարհային պատերազմին Պրեթոն կ'ապրի ԱՄՆ ուր կը շարունակէ գրական գործունէութիւնը: Ան Ֆրանքոյի իշխող ռեժիմին հետ բանավէճ մը կ'ունենայ, երբ Սալվատոր Տալի կը յայտարարէ. «Գերիրապաշտութիւնը ես եմ»:
1946-ին Պրեթոն Ֆրանսայի մէջ իր գործերէն կը հրապարակէ բազմաթիւ գործեր եւ կը կազմակերպէ ցուցահանդէսներ: Յետագայ բոլոր տարիներուն ան կը պայքարէր արտաքին ու ներքին աղբիւրներէն շարժման անկախութեան համար՝ պատերազմէն յետոյ միաժամանակ համախոհներու հետ մասնակցելով ձախարմատականներու շարժման եւ համագործակցելով թրոցկիստական, անարխոսինդիկալիստական եւ բլաթֆորմիստական խումբերու հետ։ Ան կը հրաժարէր անոնցմէ որեւէ մէկուն յարելէ։ Պրեթոնը դէմ էր գաղութացման քաղաքականութեան՝ Հնդկաչինի ու Ալճերիոյ մէջ ընթացող պատերազմներուն։ Ան մասնաւորապէս ստորագրած է Մանիֆեսթ 121-ը, ուր ֆրանսացի նշանաւոր մտաւորականները կը քննադատէին Ալճերիոյ մէջ տեղի ունեցող ազատագրական շարժման ճնշումը՝ Ֆրանսայի կողմէ[10]։

Կը մահանայ 28 Սեպտեմբեր 1966-ին: Կը թաղուի Փարիզ:
Նշանաւոր գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մագնիսական դաշտեր», Ֆիլիփ Սուպոյի հետ գործակցութեամբ, 1919
- «Գերիրապաշտութեան հրովարտակ, Հալող ձուկ», 1924
- «Նատիա, Կին մը, որ կը վերակերպարանափոխուի գիրքին մէջ», 1928-1963
- «Գերիրապաշտութեան երկրորդ հրովարտակ», 1929
- «Հաղորդող երակներ», 1932
- Ակնարկներու ժողովածու, «Լուսաբաց», 1934
- «Անմիտ սէր», 1937
- «Ֆատա Մորկան» բանաստեղծութիւն, 1940 (Ֆրանսայի մէջ գրուած եւ արգիլուած՝ Վիշիի կառավարութեան կողմէ)
- «Գերիրապաշտութեան երկրորդ հրովարտակ կամ Ոչ», 1942
- «Արկան 17», 1945
- «Լամբը ժամացոյցներուն մէջ», 1948
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- André Breton: Surrealism and Painting — edited and with an introduction by Mark Polizzotti.
- Manifestoes of Surrealism by André Breton, translated by Richard Seaver and Helen R. Lane. ISBN 0-472-06182-8
- Mauriac C., André Breton, P., [1949];
- A. Breton (1896—1966) et le mouvement surréaliste, «La Nouvelle revue francaise», 1967, avr., No 172;
- Carrouges М., A. Breton et les données fondamentales du surréalisme, [P., 1967].
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας: Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, Όροι — Αθήνα: 2007. — է. 331. — ISBN 978-960-16-2237-8
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 datos.bne.es: El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 3 4 Бретон Андре — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 André (1896-1966) Breton
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2024/07/08/david-hare/
- ↑ Collection - Saint Louis Art Museum
- ↑ (հայերեն) Անդրե Բրետոն, 2025-06-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A5_%D4%B2%D6%80%D5%A5%D5%BF%D5%B8%D5%B6&oldid=10348410, վերցված է 2025-11-19