Ֆաթմա Նեսլիշահ
Ֆաթմա Նեսլիշահ | |
---|---|
| |
Ծնած է | 4 Փետրուար 1921 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 2 Ապրիլ 2012[1] (91 տարեկանին) |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թրքերէն |
Մասնագիտութիւն | ազնուական |
Ամուսին | Prince Muhammad Abdel Moneim? |
Ծնողներ | հայր՝ Օմար Ֆարուք Օսմանօղլու, մայր՝ Սապիհա Սուլթան |
Երեխաներ | Արքայազուն Ապպաս Հիլմի |
Ֆաթմա Նեսլիշահ Սուլթան, յայտնի է նաեւ որպէս Նեսլիշահ Օսմանօղլու (թուրք.՝ Fatma Neslişah Osmanoğlu, 4 Փետրուար 1921, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 2 Ապրիլ 2012[1], Պոլիս, Թուրքիա[2][3]), մայրական գծով օսմանեան վերջին սուլթան Մուհամմէտ Ե. Վահիտետինի, իսկ հայրական գծով Օսմաններու արքայատոհմի վերջին խալիֆ Ապտուլ Մեճիտ Բ.-ի թոռնուհի, եգիպտական փոխարքայ Մուհամմատ Ապտըլ Մոնիմի կինը:
Արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է, որ ծնած է մինչեւ սուլթանութեան տապալումը եւ վերջին մարդը, որ գրանցուած է «Օսմանեան արքայատոհմի գիրքին մէջ»[4]:
Ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆաթմա Նեսլիշահը ծնած է ծնողներու Նիշանտթաշիի պալատին մէջ 4 Փետրուար 1921-ին: Անոր հայրը շեհզատէ Օմեր Ֆարուքն էր՝ Օսմաններու արքայատոհմի վերջին խալիֆ Ապտուլ Մեճիտ Բ.-ի միակ որդին եւ աւագ երեխան, մայրը՝ Ռուքիյէ Սապիհա Սուլթանը՝ Օսմանեան վերջին սուլթան Մուհամմէտ Ե.-ի կրտսեր աղջիկը: Ծննդեան պահէն Ֆաթմա Նեսլիշահն ստացած է Նորին կայսերական մեծութիւն՝ «Նեսլիշահ Սուլթան Հազրեթլերի» («Devletlû İsmetlû Neslişah Sultan Aliyyetuş'şan Hazretleri») տիտղոսը[3]: Անոր ծնունդը տօնած են թնդանօթի 121 համազարկով եւ ոսկի բաժնելով[4]: Նեսլիշահ ընտանիքի աւագ երեխան էր, ան ունէր երկու քոյր՝ Հանզատէ Օսմանօղլուն (ծնած է 1923-ին Սթամպուլի մէջ) եւ Նեճլա Հիպեթտուլլահ Սուլթանը (ծնած է Նիցցա, 1926-ին): Արտաքսումէն առաջ ընտանիքը կ'ապրէր Տոլմապահչէի պալատը:
Արտաքսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համաձայն 3 Մարտ 1924-ի № 431 օրէնքի՝ Նեսլիշահը, անոր ծնողքն ու քոյրը ներառուած են հարկադիր տեղահանութեան ցուցակին մէջ։ Ընտանիքը տեղափոխուած է Նիցցա, ուր Նեսլիշահը քոյրերուն հետ կրթութիւն ստացած է: Անոր մանկութիւնն ու պատանեկութիւնը անցած է Ֆրանսայի մէջ, որմէ ետք մեկնած է Եգիպտոս: Նեսլիշահը սորված է 4 լեզու՝ ֆրանսերէն, գերմաներէն, անգլերէն եւ արաբերէն:
Եգիպտական արքայադուստր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1940-ին Ֆաթմա Նեսլիշահը ամուսնացած է Եգիպտոսի վերջին խետիվ Ապպաս Հիլմիի որդու՝ արքայազն Մուհամմատ Ապտըլ Մոնիմ Պէյ Էֆենտիի հետ՝ այդպիսով դառնալով Եգիպտոսի արքայադուստր-կոնսորտ[5][6][7]: Անկէ 2 տարի առաջ 50 միլիոն ամերիկեան տոլար կարողութեան ժառանգորդ Մուհամմատը իր բարեկամէն՝ Եգիպտոսի թագաւոր Ֆարուքէն, թոյլտուութիւն ստացած էր ամուսնանալու Ալպանիոյ թագաւոր Ահմէտ Զոգուի քրոջ հետ[8], բայց ամուսնութիւնը այդպէս ալ չէ կայացած:
Երբ Յուլիսեան յեղափոխութեան ընթացքին Ազատ սպաներու շարժումը տապալած է Ֆարուք թագաւորին, Մուհամմատը նշանակուած է մանկահասակ թագաւոր Ֆուատի խնամակալներու խորհուրդի նախագահ: 7 Սեպտեմբեր 1952-ին խորհուրդը լուծարուած է, եւ Մուհամմէտը դարձած է միանձնեայ խնամակալ արքայազն: Թագուհի-կոնսորի բացակայութեան պայմաններուն անոր պարտականութիւնները կատարած է Նեսլիշահը՝ որպէս խնամակալ արքայազնի կին: Նեսլիշահը զբաղած է բարեգործութեամբ եւ ներկայացուցչական գործունէութեամբ (ներկայ եղած է մարզական խոշոր մրցաշարերու եւ այլն)[9]:
Մուհամմատի խնամակալութիւնը տեւած է 10 ամիս: 18 Յունիս 1953-ին Եգիպտոսի յեղափոխական հրամանատարութեան խորհուրդը վեացուցած է միապետութիւնը: Չորս տարի ետք Մուհամմատն ու Նեսլիշահը ձերբակալուած են նախագահ Նասերի դէմ դաւադրութեան մասնակցելու մեղադրանքով: Նեսլիշահը ամուսինին հետ բանտէն ազատ արձակուած է միայն Թուրքիոյ նախագահի միջամտութենէն ետք: Նեսլիշահը արտաքսուած է երկրորդ անգամ: Ան ընտանիքի հետ բնակութիւն հաստատած է Ֆրանսայի մէջ, ուր մնացած է մինչեւ 1963-ը:
Վերադարձ հայրենիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1952-ին Թուրքիոյ մէջ Օսմանեան արքայատոհմի արքայադստեր համար համաներում կը յայտարարուի: 1963-ին Նեսլիշահը ընտանիքի հետ վերադարձած է Թուրքիա[3], ուր ստացած է քաղաքացիութիւն եւ Օսմանօղլու ազգանունը (բառացի՝ Օսմաններու որդի, ժառանգ): Մուհամմատ արքայազնը մահացած է 1979-ին Սթամպուլի մէջ, Ֆաթմա Նեսլիշահն մնացած է չամուսնացած աղջկայ՝ Իքպալի հետ[9]:
Իր մահուան պահուն Նեսլիշահը Օսմանեան արքայատոհմի ամենածեր ներկայացուցիչն էր[10]: Պուրհանետտին Ճեմի եւ Էրթուղրուլ Օսմանի մահէն ետք Նեսլիշահը արքայատոհմի վերջին կենդանի անդամն էր, որ ծնած էր Օսմանեան կայսրութեան մէջ:
Երեխաներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նեսլիշահը ու Մուհամմատը ունեցած են երկու երեխայ.
- Արքայազն Ապպաս Հիլմի – ծնած է 16 Հոկտեմբեր 1941-ին Գահիրէի մէջ։ Ամուսնացած է Մետիհա Մոմտազի հետ, ունի 2 երեխայ.
- Արքայադուստր Սապիհա Ֆաթիմա Հիլմի Հանըմ – ծնած է 28 Սեպտեմբեր 1974-ին Լոնտոնի մէջ:
- Արքայազն Տաւուտ Ապտըլմունիմ Հիլմի Պէյ – ծնած է 23 Յուլիս 1979-ին Լոնտոնի մէջ:
- Արքայադուստր Իքպալ Հիլմի Ապտուլմոնիմ հանըմ սուլթան – ծնած է 22 Դեկտեմբեր 1944-ին:
Ծագումնաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Twice-exiled former Ottoman princess dies
- ↑ «Twice-exiled former Ottoman princess dies - NewsTimes»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-28-ին
- ↑ 3,0 3,1 3,2 ««Mehmet Ali Hanedanı tanıtım sayfası»»
- ↑ 4,0 4,1 sitesi milliyet.com.tr Türkiye'nin lider haber։ «Prenseslik zor meslek | İlber Ortaylı | Milliyet.com.tr»։ MİLLİYET HABER - TÜRKİYE'NİN HABER SİTESİ
- ↑ «'I belong to this land': Twice-exiled princess who was oldest surviving member of Ottoman dynasty dies in Turkey, aged 91»
- ↑ Montgomery-Massingberd Hugh (1977)։ Burke's Royal Families of the World։ Burke's Peerage։ ISBN 9780850110296
- ↑ Montgomery-Massingberd Hugh (1977)։ Burke's Royal Families of the World։ Burke's Peerage
- ↑ «TO WED KING ZOG'S SISTER; Prince Abdul Moneim Receives Egyptian Ruler's Permission»
- ↑ 9,0 9,1 ««Egypt's First Ladies»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-09-06-ին
- ↑ «Ottomanfamily.com»
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Montgomery-Massingberd, Hugh Burke's Royal Families of the World. Volume II: Africa & the Middle East. — London: Burke's Peerage, 1980. — ISBN 978-0-85011-029-6. OCLC 18496936