Չաք Ֆինի
| Չաք Ֆինի անգլերէն՝ Chuck Feeney | |
|---|---|
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Charles Francis Feeney |
| Ծնած է | 23 Ապրիլ 1931 |
| Ծննդավայր | Էլիզաբեթ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 9 Հոկտեմբեր 2023[1] (92 տարեկանին) |
| Մահուան վայր | Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ուսումնավայր | Քոռնելի Համալսարան, Cornell University School of Hotel Administration? և St. Mary of the Assumption High School? |
| Մասնագիտութիւն | գործարար, բարեգործ և առեւտրական |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Չաք Ֆինի (անգլերէն՝ Chuck Feeney, 23 Ապրիլ 1931, Էլիզաբեթ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 9 Հոկտեմբեր 2023[1], Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), իռլանտական ծագումով ամերիկացի մեծահարուստ, բարեգործ։ «Աթլանթիք Ֆիլանտրոֆիս» հիմնադրամի հիմնադիր (1982)։ 38 տարիներու ընթացքին միլիառներ շահած Ֆինի նուիրատուութիւններ ըրած է բարեգործական հաստատութիւններու եւ աշխարհի համալսարաններուն` նպատակ ունենալով «ձգտիլ զերոյի… տալ այդ ամբողջը»: 4 Սեպտեմբեր 2020-ին, ան հասաւ իր հարստութիւնը նուիրելու նպատակին[2][3]:
Անձնական Կեանք[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չաք Ֆինին, որ Իռլանտայի եւ Ամերիկայի քաղաքացի է, ծնած է Նիւ Ճըրզիի մէջ՝ Մեծ Ճգնաժամի ընթացքին։
Մասնակցած է քորէական պատերազմին, որպէս Միացեալ Նահանգներու ռազմաօդային ուժերու ռատիոյի օփերաթոր։
Իր կարիերան սկսած է 1950-ականներուն՝ վաճառելով անմաքս լիքյոր Միջերկրականի նաւահանգիստներու ռազմածովային ուժերուն։
Աւարտած է Քորնելլի Համալսարանը, որ նախատեսուած էր հիւրանոցի կառավարման քատրերու պատրաստման։
2012 թուականին Իռլանտայի հիւսիսի եւ հարաւի բոլոր համալսարանները համատեղ շնորհած են Ֆինիին Պատուաւոր Դոկտորի կոչում։ Տարուան ընթացքին ան նաեւ արժանացած է Իռլանտայի նախագահական «Վաստակաւոր Ծառայութեան» մրցանակին։
Չաքը ունի չորս աղջիկ եւ մէկ տղայ։ Ան ամուսնացած է երկու անգամ։ Իր առաջին կինը՝ Տանիէլլան, ֆրանսուհի էր։ Իր երկրորդ կնոջ անունը Հելկա է։
Ան յայտնի էր իր խնայողութիւններով։ Միլիառդատէր էր, սակայն կը թռչէր էքոնոմ դասով, չունէր տուն եւ ինքնաշարժ։ Կը կրէր 15 տոլար արժողութեամբ ժամացոյց։
Փիլիսոփայութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ես կարծիք մը ունիմ, որը երբեք չեմ փոխեր։ Անիկա այն է, որ հարստութեամբ դուն պէտք է օգնես մարդոց։ Ես կը փորձեմ ապրիլ պարզ կեանքով, նոյնը ինչպէս մեծցայ։ Ես կը փորձեմ յամառօրէն աշխատիլ, ոչ թէ հարուստ ըլլալ»։
Անոր կարգախօսն է՝ «Տո՛ւր, քանի դեռ կ'ապրիս»։
Գիրքեր Եւ Յօդուածներ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 1997 թուականը, ոչ ոք գիտէր Ֆինիի բարեգործութիւններուն մասին։ Այդ տարի՝ Նիւ Եորք Թայմզի յօդուածին մէջ Ֆինին որոշեց վերջ դնել իր անանունութեան, երբ պարզ դարձաւ, որ իր նախկին գործընկերոջ հետ վէճի պատճառով ան ստիպուած էր բացայայտուելու։
«Միլիառտէր Առանց Միլիառդի» գիրքի հեղինակը՝ Քոնոր Օ'Քլիրին, Ֆինիին յայտնի դարձուց ոչ միայն Իռլանտայի մէջ, այլ նաեւ արտասահմանի մէջ։
Ֆինիի մասին նաեւ վաւերագրական ֆիլմ մը նկարահանուած է «Գաղտնի Միլիառդատէր. Չաք Ֆինիի Պատմութիւնը» անունով։
Կազմակերպութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆինին հիմնադրած է Ատլանտեան Ֆիլանթրոփները (Atlantic Philanthropies) 1982 թուականին։
Ֆինիի բարեգործական կազմակերպութիւնը ներդրումներ կատարած է 6.2 միլիառդ տոլարի տարբեր ոլորտներու մէջ՝ առողջապահութիւն, կրթութիւն, գիտութիւն եւ այլն։
Չաք Ֆինիի խօսքերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Եթէ ես կրնամ 15 տոլարով ձեռք բերել ժամացոյց, որ ցոյց կու տայ ճշգրիտ ժամանակը, ապա ի՞նչ կ՛ընեմ «Ռոլեքս»-ի հետ շփոթելով: |
| Կը կարծեմ, որ ես երջանիկ եմ, երբ կ՛ընեմ այն, որ կ՛օգնէ մարդոց, եւ դժբախտ եմ, երբ կ՛ընեմ այն, որ չ՛օգներ մարդոց: |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Chuck Feeney, Irish American billionaire who gave his fortune away, passes — IrishCentral, 2023.
- ↑ Bertoni Steven։ «Exclusive: The Billionaire Who Wanted To Die Broke . . . Is Now Officially Broke»։ Forbes (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-02-09
- ↑ «Մեծահարուստը, Որ Աղքատներուն Նուիրեց Իր Ամբողջ Հարստութիւնը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-10-01։ արտագրուած է՝ 2022-02-09
- ↑ (հայերեն) Չակ Ֆինի, 2025-10-17, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%A1%D5%AF_%D5%96%D5%AB%D5%B6%D5%AB&oldid=10473184, վերցված է 2025-11-22
- ↑ (հայերեն) Չակ Ֆինի, 2025-10-17, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%A1%D5%AF_%D5%96%D5%AB%D5%B6%D5%AB&oldid=10473184, վերցված է 2025-11-22
- ↑ (հայերեն) Չակ Ֆինի, 2025-10-17, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%A1%D5%AF_%D5%96%D5%AB%D5%B6%D5%AB&oldid=10473184, վերցված է 2025-11-22
- ↑ (հայերեն) Չակ Ֆինի, 2025-10-17, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%A1%D5%AF_%D5%96%D5%AB%D5%B6%D5%AB&oldid=10473184, վերցված է 2025-11-22