Մենելայոն, Սփարթի
Յունաստանի հնաբանական վայր | |
---|---|
Մենելայոն, Սփարթի | |
Μενελάειον Σπάρτης | |
Մենելայոն | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Պելոպոնես]] |
Այլ անուանումներ | Թերափնի |
Անուանուած է | Մենելայոս թագաւորին անունէն |
Պաշտօնական կայքէջ | odysseus.culture.gr/h/3/… |
Մենելայոն․ հնաբանական վայր, Սփարթի (կամ Սպարտա), Պելոպոնես, Յունաստան։ Կը գտնուի Սփարթի քաղաքէն 5 քլ․ հարաւ-արեւելք։ Բլուրներու համալիր մըն է (Հիւսիսային բլուր, Մենելայօ, Փրոֆիթիս Իլիաս եւ Այթոս)։ Հին անունը Թերափնի (Θεράπνη) եղած է։
Դիրքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ցած բլուրներով բերուկ հովիտը եւ մեղմ կլիման կը պահպանեն շրջանը, ուր կը գտնուի Միկինեան քաղաքակրթութեան ընթացքին զարգացած Մենելայոն բնակավայրը։
Ընդհանուր տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անունը առած է Միկինեան քաղաքակրթութեան Մենելաոս թագաւորէն։ Ք․Ա․ 8-րդ դարուն եղած է սրբավայր, ուր կը պաշտուէին Մենելաոս եւ կինը՝ Էլենի։ Ք․Ա․ 7-րդ դարավերջին եւ 6-րդ դարասկիզբին նոյն վայրին մէջ կը կառուցուի տաճար մը։
1833-ին Լուտվիհ Ռոս հնաբանը Մենելայոն կը ճանչնայ որպէս «Իրոօն»* (Ηρώον)։ Ան ԺԹ․ դարասկիզբին պեղումներ կը կատարէ եւ կը յայտնաբերէ լաքոնական (սպարտական) տիպի կապարէ ուխտանուէրի պատկերիկներ։
«Իրոօն» (Ηρώον․ հին յունարէն՝ ἡρῷον, ἡρῷα իրոա-հերոս բառին յոգնակին)․ սրբավայր, ձօնուած հին յոյն կամ հռոմէացի հերոսի մը, անոր յիշատակումին եւ կամ պաշտամունքին համար։ Ընհանրապէս կը կառուցուէր անոր դամբանին կամ սնադամբանին վրայ։
Կարգաւ հնաբանական պեղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1909-ին Աթէնքի Բրիտանական Դպրոցը կանոնաւոր հետազօտական պեղումներ կը կատարէ վայրին մէջ։ Հնաբանական պեղումները կը գլխաւորեն Ճոն Փերսիվալ Տրուփ, Մ․Ս․Թոմսոն եւ Ալան Ուէյս։ Իսկ 1910-ին՝ Ռիչարտ Մաքկիլիվրէյ Տոուքինս։ 60 տարի ետք, Բրիտանական Դպրոցը գլխաւորութեամբ դպրոցին տնօրէն Հեքթոր Քաթլինկի կրկին պեղումներ կը կատարէ։ 1980-ին պեղումները կը շարունակէ Ռիչարտ Քաթլինկ։
Յայտնաբերումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կարգաւ հնաբանական պեղումները կը յայտնաբերեն․-
- «Մեղարոն 1» (մեղարօ=մեծ դահլիճ)․ Գլխաւոր երկյարկանի շէնք մը հարաւային ուղղութեամբ եւ երեք օժանդակ կառոյցներ։ Կառուցուած է մօտաւորապէս Ք․Ա․1450-ին եւ կործանուած է հաւանաբար երկրաշարժի պատճառով։
- «Մեղարոն 2»․ կառուցուած էր երկյարկանի գլխաւոր շէնքէն (Մեղարոն 1-էն) 10 մեթր անդին։
- Մենելայոնի շրջակայ բլուրներուն Պղինձադարին պատկանող հնաբանական նիւթեր։
- Արոյրէ արօրադարձ արձանագրութիւն մը․- «ΔΕΙΝΙΣ ΑΝΕΘEΚΕ [ΕΛΕΝΗΙ, ΣΥΖΥΓΟΝ] ΜΕΝΕΛΑΪ» (Ձօնուած բացառիկ Էլենիին, Մենելաոսին կնոջ)։ Արձանագրութիւնը կը հաստատէ Լուտվիհ Ռոս հնաբանին կարծիքը, թէ կառոյցը Իրոօն մըն է եւ ձօնուած է Մենելաոսին եւ Էլենիին։ Նոյն հնաբանական փոսին մէջ կը յայտնաբերուի Էլենիին ձօնուած ուրիշ ուխտանուէր մը (Ք․Ա․ 570) «ΕΛΕΝΗΙ» արձանագրութեամբ։
- Աւազանի մը յատակը Մենելաոսին ձօնուած ուխտանուէր մը։
- Ք․Ա․5-րդ դարու կրաքարէ կոթող մը, ուր կը գտնուէր արոյրէ պատկերիկ մը հետեւեալ արձանագրութեամբ «ΕΥΘΥΚΡEΝEΣ ΕΘEΚΕΝ ΜΕNΕΛΑΪ» (ուղիղ դատումով Մենելաոս)։
- Մենելայոն բլուրին հարաւային լանջին Ք․Ա․13-րդ եւ 12-րդ դարերու պատկանող շինութեան մը պատերը եւ յատակը։
Խաւագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մենելայոն որպէս «Իրոօն» կը ներկայացնէ խաւագրական եւ ճարտարապետական տարբեր փուլեր․ Ք․Ա․ 8-րդ դար, Ք․Ա․ 6-րդ դար եւ դասական փուլ՝ Ք․Ա․ 5-րդ դար։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Յունաստանի Մշակոյթի Նախարարութիւն - Օտիսեւս․ Մենելայոն հնաբանական վայր, 16-3-2016(յունարէն)
- ↑ Միկինեան բնակավայր Մենելայոն, Տոուքինս, 1909-10(անգլերէն)
- ↑ Նախահայրերու հնաբանութիւն - Դամբաններու եւ հերոսներու պաշտամունք, Քարլա Մարիա Անթոնաչիօ, 1995, Պատմութիւն(անգլերէն)
- ↑ Sparta : Menelaion I․ պղինձէ դար, հատոր Ա․ Հ․Քաթլինկ, 2009-ի տպ․(անգլերէն)
- ↑ Օքսֆորտ դասական բառարան, Մենելայոն․ James Whitley(անգլերէն)
- ↑ «Աթէնքի Բրիտանական դպրոցին պարբերաթերթ, թիւ 16 (1909-10), 4-11 (անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-11-12-ին։ արտագրուած է՝ 2022-11-12
- ↑ Մենելայոն, Սփարթի, պեղումներ, 1973-1976, հնաբանական տեղեկատուութիւն, H. W. Catling, Լակոնիքէ Սփուտէ 2, 258–269 (260)(անգլերէն)
- ↑ Պղինձէ երկու արձանագրութիւններ, Մենելայոն, Սփարթի, HECTOR W. CATLING — HELEN CAVANAGH, Քատմոս (15), 145-157(անգլերէն)
- ↑ BLOGROLL / ΑΡΧΑΙΟΛΟΓΙΑ / ΙΣΤΟΡΙΑ / ΠΟΛΙΤΙΣΜΟΣ Հնաբանութիւն, Պատմութիւն, Մշակոյթ․ Լեռներ - ապառաժներ․ Մենելայոն - պեղումներ, 31-3-2016(յունարէն)