Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1210 |
| Մահացած է | 1270 |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Քաղաքացիութիւն | Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
| Մասնագիտութնիւն | մանրանկարիչ |
| Ժանր | դիմապատկեր և մանրանկարչութիւն |
| Թեմաներ | Ձեռագիր մատեաններու նկարազարդում |
| Մեկենասներ | Կոնստանդին Ա Բարձրաբերդցի? |
| Toros Roslin Ուիքիպահեստում | |
Թորոս Ռոսլին (1210 - 1270), 13-րդ դարու 2-րդ կիսուն հայ կիլիկեան դպրոցի մանրանկարիչ եւ գրող: Ստեղծագործած է Հռոմկլայի մէջ եւ արուեստագէտներու կողմէ անուանուած է «վերածնութեան Նախակարապետ», «զարդանկարի գեղագէտ»:
Թորոս Ռոսլինի գործունէութիւնը եւ կենսագրութիւնը[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոսլինի ստեղծագործական ամբողջ գործունէութիւնը ընթացած է Հռոմկլայի մէջ, ուր այդ ատեն կը գտնուէր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայի մէջ պաշտօնավարած կաթողիկոսները մեծ ուշադրութիւն կը յատկացնէին ձեռագրական մշակոյթին, գրչութեան եւ մատենական նկարչութեան զարգացման։ Կաթողիկոսական ձեռագրատան մէջ ձեւաւորուած մանրանկարչութեան դպրոցը գլխաւորն էր միւս դպրոցներուն մէջ ու վճռական ազդեցութիւն ունեցաւ Կիլիկեան եւ ո՛չ միայն Կիլիկեան գրքարուեստի յետագայ զարգացման վրայ։ Հռոմկլան իր ծաղկման բարձրակէտին հասաւ Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի (1221–1267 թթ.) օրօք, որուն հովուապետութեամբ ալ կը ծաւալէր Թորոս Ռոսլինի գործունէութիւնը։
Նկարիչը բարձր համբաւ ունէր իր կենդանութեան օրօք. ան կ'աշխատէր արքայական ընտանիքի, իշխաններու եւ բարձրաստիճան հոգեւորականներու պատուէրով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպիր ժամանակակից հայկական աղբիւրներուն մէջ, բացի իր գրած յիշատակարաններէն։ Ասոր պատճառներէն մէկը նկարիչներու անունները չտալու միջնադարեան տարեգիրներու սովորութիւնն էր․
Անոնք չեն սիրեր հաղորդել նոյնիսկ խոշոր փաստի մանրամասնութիւնները, եւ այն, ինչ մենք հետաքրքրական կը համարենք հատկապէս ականատեսի պատմածին մէջ, անոնք կը համարեն աւելորդաբանութիւն՝ անարժան լուրջ գրողի գրչին։ Անոնց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողին թեթեւամիտ հետաքրքրասիրութիւնը յագեցնել, զայն զբաղեցնել աշխարհիկ իրադարձութիւններու փաստի մանրամասնութիւններով՝ ցած է անոնց արժանապատուութենէն[3]։
Ռոսլինի ժամանակակից Յովհաննէս Երզնկացին կը հաղորդէ, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի Կիլիկիոյ թագաւորները) սովորութիւն ունէին պատուիրելու իրենց նկարները տարբեր տարիքներու մէջ.
Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն[4]։
Է՛լ աւելի որոշակի է դիմանկարին մէջ նմանութիւնը պահպանելու պահանջը Ներսէս Լամբրոնացիի «Ատենաբանութեան» մէջ.
Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին[5]։
Կաթողիկոսական նստավայրին աւերումը 1292 թուականին, ուր անցած էր Ռոսլինի կեանքը, եւ 1375 թուականին Կիլիկեան թագաւորութեան դիւանին կործանումը մայրաքաղաքի գրաւման ատեն զրկեցին նոր ժամանակներու պատմաբանները, այդ կարգին՝ արուեստի պատմաբանները, ոչ միայն քաղաքական բնոյթի մեծարժէք նիւթերէ, այլեւ մշակոյթի գործիչներու հետ կապուած վաւերագիրներէ։
Ռոսլինի կենսագրութեան միակ աղբիւրը դարձան անոր ձեռագիրներուն յիշատակարանները։ Նկարիչին ստորագրութեամբ այսօր յայտնի եօթը աշխատանքները եղած են 13 տարուան մէջ` 1256-1268 ժամանակամիջոցին։ Այդ ձեռագիրներու յիշատակարաններուն մէջ ան ինքզինք կ'անուանէ Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», կը խնդրէ յիշել իր մտերիմներն ու ուսուցիչները։
Ռոսլինի ստեղծագործական ամբողջ գործունէութիւնն անցած է Հռոմկլայի մէջ եւ, անշուշտ, հոն ալ կրթութիւն ստացած է։ Յիշատակարաններուն մէջ նկարիչը երախտագիտութեամբ կը յիշէ իր ուսուցիչները, որոնք պէտք է ըլլային Հռոմկլայի 1240-1250-ական թուականներու խոշորագոյն վարպետները՝ Յովհաննէսն ու Կիրակոսը[6]։
Սիրարփի Տէր-Ներսէսեան Թորոս Ռոսլինը կը համարէ Հռոմկլայի ձեռագրատան ղեկավարը[7]։
Ան մահացած է 1270 թուականին՝ 60 տարեկանին։
Թորոս Ռոսլին միջնադարեան հայկական ձեռագրութեան ամէնէն ուշագրաւ դէմքերէն է: Հիմնուելով արեւմտաեւրոպական արուեստի իր իմացութեան վրայ` Ռոսլին մատուցած է լայն տարողութեամբ զրուցական պատմագրութիւն` շարունակելով հանդերձ նախորդներուն աւանդութիւնները[8]։ Ռոսլինի ստեղծագործութիւնը Կիլիկիոյ մանրանկարչութեան դպրոցի բարձրագոյն արտայայտութիւններէն է:
Մականուն[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրեթէ բոլոր յիշատակարաններուն մէջ Թորոս իր անուան կը վերագրէ «Ռոսլին» մականունը[10], իսկ 1256 թուականի Աւետարանին մէջ նկարիչը կ'աւելցնէ՝ «մականուն Ռաւսլին ըստ նախնեաց»։ Այդ մականունը, որուն վրայ ուշադրութիւն հրաւիրած է Թորոս Ռոսլինի ստեղծագործութեան առաջին ուսումնասիրողը՝ Մ. Տէր-Մովսէսեան[11], 20-րդ դարու 70–90-ական թուականներուն դարձած է շարք մը հեղինակներու ուշադրութեան առարկան, եւ անոնցմէ ոմանք սկսած են բազմապիսի ենթադրութիւններ ընել, թէ ուրկէ կրնար ըլլալ նման արտասովոր մականուն մը, ու փորձած են զանազան ենթադրութիւններու հիման վրայ հիմնաւորել Թորոսի ոչ-հայկական ծագումը. ոմանք անոր վերագրած են գերմանական, ոմանք՝ ֆրանսական, իսկ ուրիշներ ալ՝ նոյնիսկ սկովտիական ծագում։
Աշխատութիւններ[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոսլինի ձեւաւորած հնագոյն ձեռագիրը, որը հասած է մեզի, «Զէյթունի Աւետարանն» է, ուր առաջին անգամ կը հանդիպինք անոր անուան, ինչպէս ինք կը գրէ յիշատակարանին մէջ՝ «Թորոսի մականուն Ռօսլինի կոչեցելոյ»: Ասիկա, վաղ շրջանի կիլիկեան ձեռագիրներու նման, ճոխ զարդարուած է խորաններով, լուսանցքազարդերով եւ չորս աւետարանիչներու պատկերներով:
Ռոսլինի մօտաւոր տարիքը կարելի է որոշել հետեւեալ ձեւով[13]. ընդունելով, որ «Զէյթունի Աւետարան»ի մանրանկարներու կատարողական վարպետութեան տաղանդաւոր մարդ մը կրնայ հասնիլ մօտաւորապէս 20-25 տարեկանին, եւ հաշուի առնելով, որ 1260 թուականին Ռոսլին արդէն որդի ունէր, որուն մասին Երուսաղէմի մէջ պահպանուող 1260 թուականի ձեռագիրին յիշատակարանին մէջ կը գրէ ու կը խնդրէ «յիշել ողորմութեամբ զիս և զծնօղս իմ, զեղբայրս և զքորս և զորդիս», ապա կարելի է ենթադրել, որ ԺԳ. (XIII) դարու 50-60-ական թուականներուն ան առնուազն 30 տարեկան էր:
ԺԲ. (XII) դարու վերջերէն եւ ԺԳ. (XIII) դարու ընթացքին Կիլիկիոյ մէջ կը ստեղծուին նպաստաւոր պայմաններ հայ մշակոյթի զարգացման համար:
«Զէյթունի Աւետարան»ը տէրունական-թեմաթիք պատկերներ չունի: Ձեռագիրին ամբողջ ձեւաւորումը կը սահմանափակուի ճոխ ծաղկազարդուած խորաններով եւ չորս աւետարանիչներու պատկերներով: Շարունակելով Հռոմկլայի գրչատան մէջ աշխատող աւագ ժամանակակիցներու աւանդոյթները՝ Ռոսլին զարդապատկերային առանձին դրուագներու ներդաշնակ կապակցութեան միջոցով կը ստեղծէ դիւրութեամբ ընկալուող յօրինուածքներ:
Կիլիկեան մանրանկարիչները աստուածաշնչական հերոսները կը պատկերեն մետալիոններու մէջ ամփոփուած, խորաններու կողքին, էջերու լուսանցքներուն մէջ եւ այլն: Ուշագրաւ է 1260 թուականի Ռոսլինի պատկերազարդած ձեռագիրին ուղերձը, որ զարդարուած է իբրեւ խորան: Հոն, փոքրիկ շրջանակներու մէջ պատկերուած են Յիսուս Քրիստոսի, Աստուածամօր, Յովհաննէս Մկրտիչի կիսանդրի պատկերները՝ ներկայացնելով որմնանկարչութեան բնորոշ «դէիսոս»ի (խնդրարկուի) պատկերագրական յօրինուածքը:
1266 թուականին «Մաշտոց»ին մէջ Ռոսլինի վարպետութիւնը կը հասնի բարձրակէտին: Պարզ, թեթեւօրէն զարդարուած շրջանակներով ամփոփուած մանրանկարները աչքի կը զարնեն Ռոսլինին բնորոշ համառօտաբանութեամբ: «Երեք մանուկները հրեայ հնոցին մէջ» պատկերող մանրանկարին մէջ նոյնպէս Ռոսլին կը խուսափի աւելորդութիւններէ եւ կը հասնի մեծ արտայայտչականութեան:
Թորոս Ռոսլինի ստեղծագործութիւնը տրամաբանական շարունակութիւնն է ԺԲ. (XII) դարու կիլիկեան մանրանկարչութեան: Ռոսլինի անմիջական նախորդներն էին մանրանկարիչներ Վարդանը, Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, որոնք ԺԲ. (XII) դարու վերջին քառորդին կ'աշխատէին Հռոմկլայի եւ Սկեւռայի մէջ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- մարկոսի աւետարանի սկզբնաթերթը, Զեյթունի Աւետարան, 1256 թ (MS No. 10450)
- Յովհաննէս Մկրտիչ, Մալաթիայի Աւետարան, 1268 (MS No. 10675)
- Անցում Կարմիր ծովով, Մաշտոց, 1266 (MS No. 2027)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ (հայերեն) Թորոս Ռոսլին, 2026-08-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033, վերցված է 2026-08-07
- ↑ История монголов по армянским источникам. СПб.: Пред. К. П. Патканова ко второму выпуску. 1874. էջեր IV.
- ↑ Խաչիկյան, Լևոն (1981). Հայ արվեստի պատմության կարևոր սկզբնաղբյուրները, հատոր 4. Երևան: Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում. էջ 42.
- ↑ Սրբո Հօրն մերոյ Ներսէսի Լամբրոնացւոյ արհիեպիսկոսի Տարսոնի կիլիկեցւոյ Ատենաբանութիւն. յամի Տեառն 1737, Վենետիկ, էջ 51։
- ↑ Իր հիշատակարաններից մեկում Ռոսլինը նշում է նրանցից մեկի անունը` «չքնաղագեղ գրիչն Կիւրակոս», տե՛ս Երուսաղեմ, ձեռ. -1956, թ. 342ա («Կեռան թագուհու Ավետարան», 1265 թ.)
- ↑ Der-Nersessian, Sirarpi. Armenian Manuscripts in the Walters Art Gallery. էջ 51.
- ↑ Հայեացք Մը Հայ Մշակոյթի Ինքնութեան Վրայ
- ↑ (հայերեն) Թորոս Ռոսլին, 2026-08-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033, վերցված է 2026-08-07
- ↑ Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա. Երևան. 1979. էջ 586.
- ↑ Տեր-Մովսիսյան, Մ․ (1913). Հայկական մանրանկարներ. Կիլիկյան հայոց թագավորների և Կոստանդին Ա կաթողիկոսի համար գրված ձեռագրեր, գիրք ԻԴ. «Ազգագրական հանդես». էջ 79.
- ↑ (հայերեն) Թորոս Ռոսլին, 2026-08-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033, վերցված է 2026-08-07
- ↑ Աղայան, Բ (1976). Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր. Երևան. էջեր 322–329.
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Дурново Л.А. Древнеармянская миниатюра. Альбом. Ер., 1952.
- Իրինայ Դրամբեան. Թորոս Ռոսլին. Կեանքը ու արուեստը: Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Дрампян И.Р. Художественные особенности искусства Тороса Рослина // Древнерусское искусство. Рукописная книга. Сб. 3. М., 1983.
- Sirarpie Der Nersessian, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington D.C.: Dumbarton Oaks Studies, 1993.
- Լեւոն Չուգասզեան, Թորոս Ռոսլին:
- Дрампян Ирина, Торос Рослин, Ереван, 2000, 285 стр.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«սեբաստիայի Աւետարանը» (1262, ձեռ. թիւ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)
Այլ էջեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թորոս Ռոսլին/Toros Roslin. Archived 2006-08-24 at the Wayback Machine.
- Toros Roslin.
- Թորոս Ռոսլին (ShoghakatTVcompany):