Արեւշատ Աւագեան
| Արեւշատ Աւագեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Յուլիս 1940 (85 տարեկան) |
| Ծննդավայր | Աշտարակ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ, Խմբագիր, բանաստեղծ և գեղանկարիչ |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Արեւշատ Աւագեան (24 Յուլիս 1940, Աշտարակ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), բանաստեղծ, թարգմանիչ եւ նկարիչ։ Ծնած է Աշտարակ։ Աւարտած է համալսարանի բանասիրական ճիւղը։ Խմբագրական պաշտօններ վարած է զանազան թերթերու եւ «Գարուն» ամսագրին մէջ։ Կ'ապրի եւ կը ստեղծագործէ Երեւանի մէջ։ Գրած է քնարական բանաստեղծութիւններ եւ վիպերգներ՝ «Ակունքներ», «Երկնային Պատուհաններ», «Սիրոյ Տաղարան», եւայլն, ինչպէս նաեւ «Անթառամներ» պատմուածքներու ժողովածուն։
Կենսագրութիւն[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1940թ.-ի Յուլիս 24-ին, ՀՀ Աշտարակ քաղաքին մէջ։ Ուսանած է Աշտարակի Պերճ Պռոշեանի անուան միջնակարգ դպրոցին մէջ։ 1957 թուականին ղեկավարածլ է Աշտարակի պիոներներու պալատի նկարչական խմբակը։ Դեռ ուսանողական տարիներէն աշխատանքի անցած է «Աւանգարդ» թերթի խմբագրութեան մէջ՝ որպէս գրականութեան բաժնի վարիչ։ 1966 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիքայի բաժինը։ Յետագային իրեն շնորհուած է ԵՊՀ ժուռնալիստիքայի ֆակուլտետի «Պատուաւոր շրջանաւարտ» տիտղոսը։ 1969 թ․-ին մասնակցած է Մոսկուայի մէջ կայացած երիտասարդ գրողներու համամիութենական հաւաքին։ 1973 թ․-ին աշխատանքի անցած է «Գարուն» ամսագրի խմբագրութեան մէջ՝ որպէս գրականութեան բաժնի վարիչ, իսկ 1971-1973 թուականներուն՝ հայկական հեռուստատեսութեան ստուդիային մէջ՝ որպէս աւագ խմբագիր։ 1973-1975 թուականներուն աշխատած է «Գարուն» ամսագրի խմբագրութեան մէջ՝ որպէս արձակի եւ պոեզիայի բաժնի վարիչ։ 1976-1983 թուականներուն եղած է «Գարուն» ամսագրի գլխաւոր խմբագրի տեղակալ։ 1986 թ․-ին հիմնադրած է ազգային հեռուստատեսութեամբ եթեր տրուող «Նաւասարդ» մշակութային հանդէսը։ 1986 թ․-ին հրատարակած է «Լոյսի արմատներ» ժողովածուն, որու համար արժանած է ՀԳՄ Աւետիք Իսահակեանի անուան մրցանակին։ 1984-1986 թուականներուն եղած է ՀԳՄ Արարատեան գրական միաւորման պատասխանատու քարտուղարը։ 1986 թուականի Փետրուարէն եղած է ՀԽՍՀ հեռուստատեսութեան եւ ռադիոհաղորդումներու պետական կոմիտէի գրական-գեղարուեստական հաղորդումներու գլխաւոր խմբագրութեան գլխաւոր խմբագիրը։
Ա. Աւագեանի կատարած թարգմանութիւնները (ռուսերէնէ)[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թադէուշ Ռուժեւիչ, Սաթէ թռչունը, Երեւան, «Հայաստան», 1970, 60 էջ։
- Վահէ Կոտել, Յատուկ նշաններ (բանաստեղծութիւններ, որոնց մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Հայաստան», 1975, 62 էջ։
- Մարիս Չակլայս, Նուագիր, ծղրիթ (բանաստեղծութիւններ, որոնց մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Սովետական գրող», 1976, 51 էջ։
- Գրիգոլ Աբաշիձէ, Ծովը եւ ծիծեռնակը (բանաստեղծութիւններ, որոնց մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Սովետական գրող», 1978, 168 էջ։
- Բաուլօ Դիչինա, Բանաստեղծութիւններ (մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Ծիածան։ Բանաստեղծութիւններու ժողովածուն կ'ամփոփէ 15 հանրապետութիւններու մանկագիրներու լաւագոյն գործերը (մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
- Քնար եղբայրութեան։ Ուքրանիայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, ՀՍՍՀ Գրքասէրներու միութիւն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։
- Տայանա Տէր-Յովհաննիսեան, Սեւ աչքեր կանաչ աչքերի խորքում (բանաստեղծութիւններ, որոնց մէկ մասը թարգմանած է Ա. Աւագեանը), Երեւան, «Սովետական գրող», 1985, 112 էջ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալեքսան Աթթարեան «Տիր», 1995, Հալեպ
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ), 2024-05-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D6%87%D5%B7%D5%A1%D5%BF_%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE,_%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9)&oldid=9929829, վերցված է 2025-11-10
- ↑ (հայերեն) Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ), 2024-05-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D6%87%D5%B7%D5%A1%D5%BF_%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE,_%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9)&oldid=9929829, վերցված է 2025-11-14