Վասպուրականի տարազ

Jump to navigation Jump to search

Վասպուրականի տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերէն է, որ աշխարհագրական առումով կ'ընդգրկէ Շատախը, Վանայ լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը։ Այս տարազախումբի մէջ իշխող գոյնը կարմիրն էր։ Վասպուրականի տարազը հայկական բոլոր նահանգներու տարազային համալիրներուն մէջ թերևս ձեռարուեստով ամէնէն հարուստ տեսակներէն մէկն է։ Այստեղ ասեղնագործուած են ոչ միայն կանացի այլև տղամարդկանց հագուստները։ Վասպուրականի հանդերձի ոչ միայն գոգնոց-մեզարներն են առատօրէն պատուած կարպետանախշ ասեղնագործութեամբ, այլև զգեստի փէշերը ու յատկապես թեւերու եզրերը։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գաւաշի հայկական տարազ

Մեծ Եղեռնի և հետագայ տարիներուն հայ ժողովուրդին վիճակուած փորձութիւններու հետևանքով ոչնչացան հայ մշակոյթի համար բացառիկ արժէք ունեցող անթիւ մասունքներ, այդ թիւին մէջ՝ հայկական տարազի բազմատեսակ նմոյշներ։ Օսմանեան Թուրքիայի բարբարոսութան հետևանքով Արևմտեան Հայաստանի բոլոր նահանգներէն տեղահանուած ու գաղթած հայութեան կեդրոնը դարձաւ Սուրբ Էջմիածինը։ Եւ այստեղ ալ հայ մեծանուն նկարիչներ Վարդգէս Սուրենեանցը, Արշակ Ֆեթուաճեանը և Սարգիս Խաչատրեանը, որոնք կը շրջէին եւ կ'օգնէին թշուառ գաղթականութեանը, ձեռնամուխ եղան նաև անոնց պատկերմանը։ Այս կերպ պահպանուեցան արևմտահայ տարբեր գաւառները ներկայացնող տարազային համալիրները, որոնք հետագային խթան հանդիսացան տարազի պատմութեան ուսումնասիրման համար[1]։

Վասպուրականի և յարակից շրջաններու տարազներու մէջ սերունդէ սերունդ պահպանուեր են ազգային գոյներն ու ձևերը։ Վան-վասպուրականը որպէս ասեղնագործութեան կեդրոն կ'առանձնանար զարդաձևերու, գոյներու համադրութեան և ամբողջ յօրինուածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։

Վանայ լճի աւազանի գաւառներուն մէջ կը նկատուէր կանացի զգեստներու երկու համալիր։ Առաջինը աւանդականն էր, որուն տարատեսակները տարածուած էին Տուրուբերանի, Աղձնիքի և Փոքր Հայքի որոշ գաւառներու մէջ։ Սակայն 1915 թուականի կոտորածներու հետևանքով վերացան։ Վասպուրականի կանացի տարազի երկրորդ համալիրը, որ առաջինին կատարելագործումն էր, մշակուեր էր 19-րդ դարու վերջերին Վան քաղաքի մէջ։ Այս համալիրը նոյնպէս վերացաւ 1920-ական թուականներու վերջերը։

Շատախի հայկական տարազ

Կանացի զգեստներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կանանց տարազի մեջ իշխող ձևը երկար շրջազգեստներն էին` գոգնոցի զուգակցութեամբ։ Բնորոշը բոլոր շրջազգեստներու քղանցքներու շրջագիծերը ցուցադրելու սովորութիւնն էր։ Իւրաքանչիւր զգեստ ներքեւէն վերև մէկը միւսէն 5-6 սմ բարձր էր. կ'երեւէին կարմիր ոտաշորի ծայրերը, ասոր վրայ հագնուող շապիկի զարդարուն փէշերը, վերջինիս վրայ հագնուող պճնաւոր զբուն և կոլոտիկ – բաճկոնը։ Տօն օրերուն կանայք կը հագնէին 2-5 զբուն, որոնց տարբեր գոյները պէտք է երեւէին։ Կար նաև հագնելու մէկ այլ ձև, որ վերջին շրջազգեստը կը ծածկէր տակի զգեստները` բացառութեամբ շապիկի քղանցքին։ Բոլոր շրջազգեստները կրծքաբաց էին. լանջը կը ծածկուէր ասեղնագործուած կրծքակալով։ Կոլոտիկ – բաճկոնի վրայ կը փաթաթուէր 2 – 4 մ երկարութեամբ կարմիր կտաւէն մէջկապը[2]։ Մանուսա գծաւոր կտորէն կարուած երկարաթև բաճկոնակի վրայէն կը հագնէին նուրբ շալ կարմիր կտորէն կարուած զպուն - վերնազգեստը։ Նոյն կտորէն էր նաև փէշը, որ երկար էր և կ'երեւէր վերնազգեստի տակէն։ Գօտին գծաւոր բուրդ կտորէն էր և կ'ունենար շուրջ 4 մեթր երկարութիւն։ Այն կը փաթաթէին մէջքին։ Անոր ծայրերէն կը կախուէին փնջիկներ։ Գոգնոցը բացառիկ էր իր տեսակի մէջ, կը պատրաստուէր բրդեայ թելերէն և կը զարդարուէր կոճակներով՝ օրոճկներով (խխունջներ) կարմիր մարջաններով, կապոյտ աչքի հուլունքներով և փունջերով[3]։

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասը կը կազմէր։ Կին թէ տղամարդ կը հագնէին կաշիէ սրածայր ոտնաման՝ տրեխ։ Տարազի կարևոր բաղադրիչ էր նաև զարդը։

Կանանց և աղջիկներու գլխու յարդարանքը կը տարբերուէր։ Աղջիկներու ֆեսի նման գլխարկները զարդարուած էին բազմաթիւ զարդերով։ Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարուած էին քանի մը շարք արծաթէ վզնոցներով և ապարանջաններով։ Կանանց գլխուն յարդարանքը հետևեալն է. երկու՝ իրարմէ անջատ գլաններ և 3-5 գլխաշոր[2]։

Թիմարի (Վասպուրական) հայկական գիւղական տարազ։

Տղամարդկանց զգեստներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արևմտահայ տղամարդու տարազը կը տարբերուի արևելահայ տղամարդու տարազէն։ վերջինիս վրայ առաւել ազդեցութիւն ձգած է կովկասեան տարազային ոճը։ Վասպուրականի տղամարդու տարազը կազմուած էր ասեղնագործ տարրերով տաբատէն, կարճ անթև զգեստէն, վերնաշապիկէն, կարճ վերնազգեստէն։ Շապիկի թևքերը յարդարուած էին ասեղնագործութիւններով։ Մէջքին կը կապուէր բուրդէ գօտի ու կը կրէր սպիտակ, կոնի ձևով գլխարկներ։

Պատանիները գլխուն կը կրէին ասեղնագործ արախչի (գլխարկ) նեղ ու լայնակի գծանախշերով[4]։ Ուսերն ի վար կ'երկարէին ձեռագործ թեզանիք-ջալահիկները, որոնցմէ կախուած էին երկար փնջազարդ ծոպեր։ Տաբատը երիզուած էր երկրաչափական զարդատարրերով։ Նախշազարդ գործուածքի (շալի) արտադրութիւնը տարածուած էր յատկապէս Շատախի մէջ, ուրկից և վաճառքի կը հանուէր հարևան գաւառներ։ Աղձնիքի մէջ կը տարածուած էր նաև, այսպէս կոչուած, մատանի շալվարը, որը զարդարուած էր ասեղնագործութեամբ։ Այս օրինակ ասեղնագործ տաբատի և թեզանիքներու կիրառութիւնը լայն տարածում ունէր թէ Աղձնիքի, թէ Տուրուբերանի մէջ[4]։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1967.

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]