Jump to content

Մեծ Բրիտանիոյ Հայկական Մամուլ

Մեծ Բրիտանիոյ մէջ մինչեւ այսօր կը տպագրուին շուրջ 20 անուն հայկական պարբերականներ։ Առաջինը քաղաքական, գրական, գիտական, կրօնական, առեւտրական «Երկրագունդ» (1863-1864) լրագիրն է։ Այդ տեղին անդրանիկ հրատարակներն են Հայկական հայրենասիրաց ընկերութեան «Հայաստան» (1888-1892) հանդէսը (հայերէն, Ֆրանսերէն), քաղաքական, գրական «Լ'արմենի» (1889-1898,1898-1906 թուականներուն՝ Փարիզի մէջ, խմբ.՝ Մինաս Չերազ), հնչակեան կուսակցութեան կեդրոնական պաշտօնաթերթ «Հնչակ» (1894-1904, 1887 թուականին՝ ժնեւ, Աթէնք, Փարիզ), երգիծ-քաղաքական «Ապտակ» (1895-1897, 1894 թուականին՝ Աթէնք), Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան «Մարտ» (1897-1901), ազգային, գրական «Վաղուան ձայնը» (1898) ամսաթերթերը, «Պատանի» (1902-1907) պատկերազարդ հանդէսը (բոլորը՝ Լոնտոն) և այլն։

Մեծ Բրիտանիոյ հայկական մամուլը որոշ զարթօնք ապրած է 1960-ական թուականներուն։ Լոյս կը տեսնեն հասարակական, գրական «Արեգակ» (1964-1968, Լոնտոն) ամսաթերթը, Լոնտոնի հայ երիտասարդ միութեան «Սարտարապատ» (1971-1973, հայերէն, անգլերէն) ամսագիրը, «Արեգակի» շարունակութիւնը համարուող «Լոնտոն» (1974-1976) ամսաթերթը, ազգային, հասարակական, մշակութային «Երերունի» (1979-1994, Լոնտոն) երկշաբաթաթերթը եւայլն։ Այժմ, լոյս կը տեսնէ հասարակական, քաղաքական «Նոր սերունղի ձայն» (1998-ին, Լոնտոն) ամսաթերթը։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայ Սփյուռք» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։