Ծաղկաձոր
Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչեւ 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզին մէջ, (Կեչառիս, մինչեւ 1947-ը՝ Թեղէնիսի արեւելեան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը կը գտնուի ծովի մակերեւոյթէն 1841 մ. բարձրութեան վրայ, մարզկեդրոնէն 6 քմ հիւսիս-արեւմուտք։ Նախապէս գիւղը ամառանոցավայր էր, ապա՝ աւան, 1958-էն՝ քաղաքատիպ աւան։
ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի 16 Փետրուար 1984-ի հրամանագիրով Ծաղկաձորը դասուած է քաղաքներու կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ կը գտնուին մարզական կայան , քաղաքէն Թեղէնիսի գագաթը տանող 6 քմ երկարութեամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստեան տուները եւ զբօսաշրջութեան կեդրոնները։ Քաղաքի մէջ կը գտնուի Կեչառիս վանական համալիրը (10-15-րդ դարեր) իր Կաթողիկէ (15-րդ դար), Սուրբ Նշան եկեղեցի (11-րդ դար) եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրէն 200 մ. արեւմուտք՝ Սուրբ Յարութիւն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկայ)։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին ժամանակներուն կը կոչուէր Ծաղկոցաձոր, յետագային՝ Ծաղկունեաց ձոր։ Միջնադարուն յայտնի էր նաեւ Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպէս կոչուած է 11֊13-րդ դարերուն կառուցուած Կեչառիս վանքի անունով։
15-րդ դարուն վերանուանուած է Դարաչիչակ, որ Ծաղկունեաց ձոր անուան թուրքական թարգմանութիւնն է։ 1947-ին բնակավայրին վերադարձուած է իր պատմական անուանումը[1]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծաղկաձորի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1989 | 1991 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 169 | 345 | 618 | 654 | 1029 | 2000 | 3350 | 2900 | 1618 | 1600 | 1200 |
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծաղկաձորի մէջ սկսած են բնակութիւն հաստատել դեռեւս 3-5րդ դարերուն։ Վաղ միջնադարուն (4-5-րդ դարեր) այս հողերը պատկանած են հայոց թագաւորի կալուածները տնօրինող Վարաժնունի տոհմին։ 6-րդ դարուն հովիտն կ՛անցնի հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետութեան տակ, որ կը սեռէր Իրանի 7 մեծագոյն տներէն մէկուն՝ Կարին-Պահլեւիտներէն։ Կամսարական տոհմի հետնորդ, Պահլաւունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033-ին հրամայեց Ծաղկաձորի մէջ եկեղեցի կառուցել, որ կոչեցին Գրիգոր Լուսաւորիչի անունով։ Այսպէս հիմնուեցաւ Կեչառիս վանական համալիրը։
17-րդ դարու սկիզբը քոչուորական ցեղերը, գրաւելով «Ծաղիկների ձոր»-ը, տեղանքը կոչեցին Դարաչիչակ, որ Ծաղկունեաց ձորանուան թրքերէն թարգմանութիւնն է։ Քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանուանուեցաւ 1947-ին։ Իսկ երբ Արեւելեան Հայաստանը միացաւ ռուսական կայսրութեանը (1828 թ.), Ծաղկաձորը մտաւ Էրիւան նահանգի մէջ։ Այդ տարիներունն Ծաղկաձորի մէջ բնակութիւն հաստատեցին հազարաւոր հայ գաղթականներ Արեւմտեան Հայաստանէն եւ Պարսկաստանէն։
Քաղաքը պահպանեց իր յայտնի հանգստավայրի կարգավիճակը նաեւ խորհրդային իշխանութեան օրօք։ Ծաղկաձորի մէջ կը հանգստանային ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ այստեղ կու գային ԽՍՀՄ ամբողջ տարածքէն։ Հովիտին մէջ կը գործէին երկու տասնեակ ճամբարներ, հանգստեան տօներ։ Ծաղկաձորը Մեքսիքօ քաղաքին հետ նոյն բարձրութեան վրայ կը գտնուի։ Ուստի Մեքսիքայի մայրաքաղաքին մէջ կայանալիք՝ 1968-ի Ամառնային Օլիմպիական խաղերու նախաշեմին Ծաղկաձորի մէջ եւս կը կառուցուի ԽՍՀՄ գլխաւոր մարզական համալիրը։ Այստեղ ողիմպիական խաղերու մարզիկներ եւ աշխարհի ախոյեաններ, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր երկիրներու հաւաքականները պատրաստուած են։ Իսկ երբ 1972-ին Թեղէնիս լերան լանջերուն կառուցուեցաւ ճոպանուղին, Ծաղկաձորը յայտնի դարձաւ նաեւ, իբրեւ լեռնադահուկային հանգստավայր։
Աւանդութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ՛ըսեն, թէ օտար բռնակալ մը աւերելով ու աւարելով իր շուրջը, կու գայ կը հասնի Մաքրավանք եւ Կեչառիս գիւղերուն։ «Ի՜նչ լաւ վանքեր ունին,» կ՛ըսէ ան, երբ կը տեսնէ այս գիւղերու գեղեցիկ վանքերը։ «Ես լսած եմ, որ այս վանքերուն տեղացիք քոյր ու եղբայր կը համարեն», կ՛ըսէ անոր զօրավարներէն մէկը։ «Հա'», կը մռնչէ բռնակալը եւ կը շարունակէ՝ « ... Եթէ այդպէս է, կը հրամայեմ քարէ շղթաներ պատրաստել եւ կապել իրար քրոջն ու եղբօրը, որպէսզի անոնք բանտարկուած ըլլան եւ հայերը չկարողանան մօտենալ եւ միայն հեռուէն նային անոնց ու մղկտան»։ Այդպէս ալ կ՛ընէ։ Քարէ շղթայի ծայրը մէկ վանքէն կը բերէ, կը միացնէ միւսին։ Ատկէ ետք, Կեչառիս գիւղը կը կոչուի Ժնջրլու շղթայուած կամ շղթայակիր, մինչեւ որ հայերը կը հանեն քարէ շղթաները եւ ծաղկաշատ բնակավայրը Ծաղկաձորկ՛անուանեն [3][4][5][6]։
Աւանդութիւն ըստ հայոց պատմութեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ աւանդութեան՝ Պահլաւունեաց տոհմի օրիորդներէն մէկու կամքով ձորահովիտներէն մէկուն վրայ ամրոց կը կառուցեն եւ անոր կողքին՝ շքեղ ծաղկանոց մը, ուր կ՛աճեցնեն աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։ Բայց օր մը կատաղի քամին կ՛աւերէ ծաղկանոցը ու ծաղիկները կը ցրուէ ձորով մէկ։ Աղջիկը կը խնդրէ հօրը կառուցել տալ վանք մը, ուր վանահայրերը աղոթեն ու վերադարձնեն ցրուած ծաղիկները։ Վանքը կը կոչեն Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Թեղենիս լեռը
-
Տեսարան ճոպանուղիէն
-
Օրփելեան եղբայրներ հրապարակը իրիկուան
-
23-7-2019 Ծաղկաձորին եղեւիները
-
Ծաղկաձոր 21-7-2019 Կեչարիս վանքը իրիկուան
-
Ծաղկաձոր լեռ 22-7-2019 Ճոպանուղիով վայրէջք ու դիմացը խորին Սեւանայ լիճը.
-
Կեչառիս եկեղեցի․ 22-7-2019
-
Կեչառիս․ 22-7-2019
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լոյս» Jump up↑
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերի բառարան, էջ 99»
- ↑ Արամ Ղանալանեան (1969)։ Աւանդապատում։ Երեւան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտ
- ↑ Մովսէս Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղեան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսէս Խորենացու Հայոց պատմութեան մէջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва