Jump to content

Քանատայի Թեմ

Քանատայի հայոց թեմ[1] Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ՝ Հիւսիսային Ամերիկայի տարածքին մէջ գտնուող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերէն (ԱՄՆ-ի հայոց արեւելեան եւ ԱՄՆ-ի հայոց արեւմտեան թեմերուն հետ միասին) մէկը, որ կը ներկայացնէ Քանատայի մէջ բնակող առաքելական հայութեան մէկ մասին հոգեւոր կեանքը։ Միւս մասը կը ներկայացնէ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատկանող Քանատայի թեմը[2]։

Առաջնորդանիստը՝ Մոնրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Աբգար եպիսկոպոս Յովակիմեանը (2014 թուականէն)։

Թեմը կազմաւորուած է 1984 թուականին՝ Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ, Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Վազգէն Ա.ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Մոնրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին է։ Թեմի կազմաւորումէն առաջ՝ Քանատայի հայ համայնքի հոգեւոր կարիքները հոգացած է՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան թեմի առաջնորդարանը։ Սկզբնական շրջանին կրօնական արարողութիւնները կատարած են այցելու հովիւները բնակարաններու կամ վարձուած տաճարներու մէջ։ Առաջին ազգային հոգաբարձութիւնը կազմուած է 1918 թուականին, Սենթ Քեթրինզի մէջ։

Սուրբ Երրորդութիւն եկեղեցի, Թորոնթօ

1930 թուականին, կառուցուած է Քանատայի առաջին հայկական եկեղեցին՝ Գրիգոր Լուսաւորիչը (Ս. Կաթրինզի մէջ)։ Մոնրէալի հայ համայնքի եկեղեցական կեանքը պաշտօնապէս կազմակերպուած է՝ 1948 թուականին, երբ ԱՄՆ-ի Արեւելեան թեմի առաջնորդի՝ Տիրան եպիսկոպոս Ներսոեանի ներկայութեամբ կազմուած է եկեղեցական յանձնախումբ (6 հոգիէ բաղկացած)։ Այդ ժամանակաշրջանին, եկեղեցական արարողութիւնները կատարուած են՝ Ս. Յովհաննէս Մկրտիչ Անգլիկան եկեղեցիին մէջ։ 1957 թուականին՝ Քանատայի իշխանութիւնները ստորագրած են երկրին մէջ՝ Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ պաշտօնական ճանաչման դիմումը։ 1967 թուականին, ԱՄՆ-ի Արեւելեան թեմի առաջնորդ՝ Թորգոմ Արք. եպս. Մանուկեանի եւ թեմական խորհուրդի որոշմամբ՝ ստեղծուած է Քանատայի Հայ եկեղեցւոյ փոխանորդութիւն։

Առաջնորդական փոխանորդ նշանակուած է Վաչէ եպիսկոպոս Յովսէփեանը։ 1970-ին, ծխական խորհուրդի որոշմամբ գնուած է եկեղեցի, որ նոյն թուականին Կ. Պոլսոյ պատրիարքը՝ Շնորհք Գալուստեանը օծած է իբրեւ առաջնորդանիստ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ անունով։ Առաջնորդարանի ենթակայութեամբ կը գործեն 10 ծուխ եւ 5 ծխական վիճակներ։ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կից՝ կը գործեն շաբաթօրեայ դպրոց (1957 թուականէն), մշակութական միութիւններ, տարեցներու, տիկնանց, երիտասարդական կազմակերպութիւններ։ 1964 թուականէն, եկեղեցւոյ նախաձեռնութեամբ կը հրատարակուի «Բուրաստան» երկամսեայ հանդէսը։

Թորոնթոյի հայ համայնքը սկսած է կազմաւորուիլ 1920-ական թուականներէն, առաջին եկեղեցական հոգաբարձութիւնը ստեղծուած է 1948 թուականին։ Կրօնական արարողութիւնները կատարուած են Ս. Ստեփանոս, 1930-1953 թուականներուն, Ս. Երրորդութիւն Անգլիկան եկեղեցիներուն մէջ։ 1953 թուականին, կատարուած է Թորոնթոյի հայկական առաջին՝ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ օծումը։ Եկեղեցւոյ կից՝ 1956 թուականէն, կը գործէ Ս. Սահակ-Ս. Մեսրոպ դպրոցը, 1978 թուականէն՝ Ս. Խաչ ամենօրեայ ազգական վարժարանը, մշակութային յանձնախումբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպութիւններ։

1987 թուականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Վազգէն Ա. Պալճեանը, օծած է հայկական ճարտարապետական ոճով կառուցուած (ճարտարապետ Թագւոր Յակոբեան) Ս. Երրորդութիւն եկեղեցին, որուն կից՝ կը գործեն ամենօրեայ վարժարան, մշակութային յանձնախումբեր («Կամար», կը գործէ 1992 թուականէն), տիկնանց, երիտասարդական կազմակերպութիւններ։ 1987 թուականէն, եկեղեցւոյ վարչութիւնը կը հրատարկէ «Նոր Սերունդ» պարբերաթերթը։ Առաջնորդարանի ենթակայութեամբ կը գործեն նաեւՎանգւըրի մէջ՝ Ս. Վարդան (կառուցուած է 1964 թուականին), Համիլթընի մէջ՝ Ս. Աստուածածին (1976), Օտտավայի մէջ՝ Ս. Մեսրոպ (1979), Միսիսոկայի մէջ՝ Ս. Վարդան (1990), Լաւալի Ս. Խաչ (1993) եկեղեցիները։ Վանգւըրի, Ս.Կաթրինզի, Համիլթընի, Լաւալի եկեղեցիները ունին մշտական հովիւներ։ Միւս եկեղեցիները, թէեւ օժտուած են ծխական մարմիններով, սակայն ունին միայն այցելու հովիւ։ Վերջին շրջանին, կազմուած են Նովա Սկոչիայի, Վիննիպեկի, Քինկսթընի, Էտմոնտընի եւ Քալկարիի ծխական վիճակները։ Այդ քաղաքներուն մէջ բնակող սակաւաթիւ հայ ընտանիքներու հոգւոր կարիքները կը հոգան այցելու հովիւները։ Կ. Թ. կը ներկայացնէ Հայ եկեղեցին՝ Եկեղեցիներու քանատական խորհուրդին մէջ (խորհուրդի փոխնախագահ՝ Յովնան արք. Տէրտէրեան)։ Քանատայի Հայոց Թեմի առաջնորդն է Յովնան արք. Տէրտէրեանը (1990 թուականէն)։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում)։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)»։ arlis.am
  2. «Համայնքի մասին»։ canada.mfa.am։ ԿանադայումՀայաստանի Հանրապետության դեսպանություն
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։