Jump to content

Հրաչյա Թովմասյան

Հրաչյա Թովմասյան
Ծննդավայր Արտաշատ, ՀԽՍՀ,
Ամուսին Արմինէ Գաբրիէլեան
Ծնողներ Սուրեն Թովմասեան, Հայկուհի Գասպարեան
Երեխաներ Անի եւ Հրաչուհի Թովմասեաններ

Թովմասեան Հրաչեայ Սուրէնի, ազատամարտիկ։

Ծնուել է 1964 թուականի դեկտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում։ 1972-1982 թթ սովորել է Արարատ Գոլեցեանի (նախկինում՝ Կրուպսկայայի) անուան միջնակարգ դպրոցում։

1982 թ. ընդունուել է Երեւանի գիւղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետի հեռակայ բաժին, որը, սակայն չի աւարտել[1]. այգեգործի խաղաղ աշխատանքը նրա համար չէր[2]...

1982-1983 թթ.. սովորել է Արտաշատի թիւ 54 ուսումնարանում։ 1984-1985 թթ.. ծառայել է Խորհրդային բանակում՝ Թբիլիսիում, ապա՝ Բաթումում։

1986 թ. ծառայութեան է անցել Արտաշատի ՆԳ արտագերատեսչական բաժնում, ապա՝ 1988 թ.՝ քրէական հետախուզութեան բաժանմունքում՝ որպէս օպեր-լիազօր[3]։ Եօթ տարի աշխատել է որպէս շարքային ոստիկան, որից յետոյ ստացել է աւագ լէյտենանտի աստիճան[4]։ Ամուսնացած էր, ունի երկու երեխայ. կինը՝ Արմինէն, դուստրերը՝ Անին եւ Հրաչուհին[5]։

Մարտական ուղին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1992 թ. կամաւոր մեկնել է պատերազմի։ Մասնակցել է Երասխի, Վարդենիսի, Լաչինի մարտերին։

Դեկտեմբերի 3-ին[6] թեժ մարտեր էին մղւում Լաչինի Ղոչազ սարի կրակակէտերը լռեցնելու եւ բարձունքը ազատագրելու համար։ Բարձունքն ունէր ռազմավարական կարեւորութիւն, եւ զայն հետախուզելու համար առանձնացուել էր քսան հոգուց բաղկացած խումբ, որի կազմում էին արտաշատցի ընկերներ Հրաչեան եւ Արթուրը[7]։ Տղայոց խումբը, սակայն, շրջապատուեց թուրքերի կողմից, եւ սկսուեց անհաւասար մարտը։ Հրաչեան նախ վիրաւորուեց ոտքից, ապա կրծքից. պատուհասած երրորդ գնդակը ընդհատեց քաջի պայքարը[8]։ Օգնութեան հասած Արթուրը վէրք ստացաւ երիկամներին, սակայն, կարողացաւ, կրակն իր վրայ վերցնելով, ընկերոջ դին հասցնել մերձակայ ձորը[9]։ Հրաչեայի դին գտնուեց մահից միայն չորս ամիս անց՝ ապրիլին, եւ հողին յանձնուեց ամսոյս 10-ին Արտաշատի Ոստան գիւղում[8]։

Ոստիկանութեան Արտաշատի բաժնի շէնքի մուտքին դրուած է հերոսի յուշաքարը, նրա անունով է վերանուանուել փողոց Արտաշատ քաղաքում։

Կերպարը արուեստի մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարտական ընկերներ Հրաչեայ Թովմասեանին եւ Արթուր Ներսիսեանին են նուիրուած արտաշատցի գուսան Ռազմիկի «Յաւերժ մնաց» բանաստեղծութիւնը[10], հերոսի մահուան կապակցութեամբ եղբայրը՝ Գագիկը, հեղինակել է «Եղբօրս» վերտառութեամբ տապանագիրը[11]։

  1. Ռուբէն Սարգսեան, Արծուի յուշը մեր սրտերում, «Նաւասարդ», 8 յունիս 1994:
  2. Վարդգէս Բաբայեան, Նահատակուեցին վասն հայրենեաց, «Նոյ», 24 ապրիլ 1993:
  3. Ռուբէն Սարգսեան, Նշեալ արք.:
  4. Վարդգէս Բաբայեան, Նշեալ արք.:
  5. Արեւիկ Ֆահրադեան, Բարեւ, Հրաչ, «Նոյ», 7 յուլիս 1994:
  6. Սխալ է Ղոչազ լեռան կռիւը թուագրել դեկտեմբերի 2-ով (Իւրա Պետրոսեան, Մեր քարեղէն ոգին, Յուշամատեան արցախեան հերոսամարտում նահատակուած արտաշատցի ազատամարտիկների 1988-1995, Երեւան, 1996, էջ 118)։ Կռիւը սկսուել է դեկտեմբերի 3-ի վաղ առաւօտեան, հետեւապէս կռւում զոհուածների մահուան օրը պէտք է համարել դեկտեմբերի 3-ը։ (տե՛ս Այուազեան Յովհաննէս, Ղարաբաղեան ազատագրական պատերազմ 1988-1994: Հանրագիտարան 1 հատորով. Երեւան, Հայկական հանրագիտարան, էջք 767; 827, հմմտ. Յասմիկ Դանիէլեան, «Ուզում եմ մի կաթիլ լինել այդ մեծ ծովում...», «Նաւասարդ», 21 ապրիլ 1993, Իւրա Պետրոսեան, Նշեալ աշխ., էջ 124)։
  7. ՆԵՐՍԻՍԵԱՆ Արթուր Համլետի – ազատամարտիկ։ Ծնուել է 1969 թ. օգոստոսի 1-ին Արտաշատում։ Զոհուել է Հրաչեայի հետ նոյն օրը՝ 1992 թ. դեկտեմբերի 2-ին։ Դին գտնուել է 1993 թ. ապրիլին եւ ամփոփուել Արտաշատ քաղաքի գերեզմանատանը։ (տե՛ս Նելլի Բեգլարեան, «Կրակը վերցնում եմ ինձ վրայ...», «Նաւասարդ», 21 ապրիլ 1993)
  8. 8,0 8,1 Յասմիկ Դանիէլեան, Նշեալ արք.:
  9. Նելլի Բեգլարեան, Նշեալ արք.:
  10. Իւրա Պետրոսեան, Նշեալ աշխ., էջ 122:
  11. Գագիկ Թովմասեան, Եղբօրս, «Նաւասարդ», 1 յունուար 1994:

Ներքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]