Jump to content

Արատէսի Վանք

Արատէսի Վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Վայոց ձորի մարզին մէջ, Եղեգիս գետի Արատէս վտակի ափին, բլուրի գագաթին[1]։

ԺԳ. (13-րդ) դարու վերջաւորութեան, Ստեփանոս Արք. Օրբելեան Արատէսի վանքը իր կալուածներով յանձնած է Նորավանքին՝ իբրեւ ամառանոց, իսկ 1301 թուականին վանքին նուիրած է Գեղարքունիք գաւառի ութը գիւղերը։

1303-ին, վանքին մէջ, Խաչատուր Երզնկացի գրիչը՝ Ստեփանոս Արք. Օրբելեանի պատուէրով, ընդօրինակած է Գրիգոր Նիւսացիի «Մեկնութիւն Ժողովողին» աշխատութիւնը։ Վանքի տարածքին կան Ժ.-ԺԷ. (10-17-րդ) դարերու խաչքարեր եւ տապանաքարեր։

Տակաւին թէեւ մասամբ կանգուն են վանքի եկեղեցիները, սակայն ամայի, օրէ օր քայքայման եւ կործանման տխուր վիճակի մէջ։ Այս եկեղեցիներէն գլխաւորը կառուցուած է չորս որմափակ սիւներու վրայ, ունի երկու աւանդատուն եւ մատուռներ աջ եւ ձախ կողմերը, որոնց մէջ կան պատարագի սեղաններ: Ունի նաեւ ժամատուն՝ կոփածոյ քարերով շինուած, վեց որմափակ սիւներով:

Ճարտարապետութիւն եւ Նուիրատուութիւններ[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արատէսի վանքի Սբ. Սիոն միանաւ թաղածածկ եկեղեցին (Ժ. դար) ունի երեք աւանդատուն՝ խորանի երկու կողմերուն եւ հիւսիսային պատին կից։ Անկէ դէպի հարաւ կը գտնուի Սբ. Աստուածածին եկեղեցին (ԺԱ. դար), որ մէկ զոյգ որմնամոյթերով գմբէթաւոր դահլիճ մըն է։ Այս երկու եկեղեցիներուն միջեւ ԺԳ. դարուն կառուցուած է քառակուսի յատակագիծով գաւիթ մը, որուն արեւելեան կողմը զոյգ աւանդատուներ կան։

Սբ. Աստուածածին եկեղեցւոյ արեւմտեան ճակատին կից, 1270 թուականին, Հայրապետ աբեղան գաւիթ մը կառուցած է (ճարտարապետ՝ Սիրանէս)։ Անոր ծածկը իրականացուած է փոխհատուող կամարներու կիրառմամբ, որուն կեդրոնը կը գտնուէր շթաքարային (ստալակտիտային) մշակումով եւ երդիկով գմբէթը (քանդուած է 1970-ական թուականներուն)։

1073 թուականին, Արտաւազդ անունով անձ մը վանքին նուիրած է Եղեգիսի այգին եւ կալուածներ։ Իսկ 1220-ին, Վասակ Խաղբակեան իշխանը Արատէսի վանքի պատին վրայ արձանագրած է Վայոց Ձորի ամրոցներու ազատագրման փաստը[4]։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. (հայերեն) Արատեսի վանք, 2025-12-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10631999, վերցված է 2026-04-08
  2. (հայերեն) Արատեսի վանք, 2025-12-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10631999, վերցված է 2026-04-08
  3. (հայերեն) Արատեսի վանք, 2025-12-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10631999, վերցված է 2026-04-08
  4. Հասրաթյան, Մուրադ (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. էջ 138.
  5. (հայերեն) Արատեսի վանք, 2025-12-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10631999, վերցված է 2026-04-08