Jump to content

Տեղերի վանք

Տեղերի վանք

Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Տեղեր գիւղին մէջ[1]։ Հիմնադրուած է 13-րդ դարուն[1]։ Ընդգրկուած է Տեղերի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ[1]։ Գործող եկեղեցի է եւ կը ղեկավարուի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմին կողմէ։[2]

Անուան վերաբերեալ գիտական մեկնաբանութիւն չկայ, յայտնի է 18-րդ դարուն գրառուած հրաշապատում-աւանդազրոյցն այն մասին, թէ իբր Գրիգոր Լուսաւորչին երեւացեր է Աստուածածինը բազում հրեշտակներով եւ իսկոյն չքացեր է։ գիւղի բնակիչներն ալ իբր վկաները եղած են այդ ժամանակ եւ մատնացոյց ըրած են ինչ որ տեղ։ Վանքի պատերուն պահպանուած են 13-րդ դարու վիմագրեր, ուր կը յիշատակուի Տեղեր, Տեղերավանք անուանումը։ Աւելի ուշ շրջանին՝ 17-րդ դարէն վանքը կոչուած է Լրջակապոյտ Ս. Նշան, նաեւ՝ Դըղր կամ Դղեր։

Ըստ աւանդազրոյցներու՝ Տեղեր գիւղը հին ժամանակ հռչակուած եղած է իր շրջակայքին մէջ աճող դեղաբոյսերով եւ անուանուած էր Դեղեր։ Վանքի պատերուն մօտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինութիւնը։

Ի տարբերութիւն միջնադարեան այլ յայտնի վանքերու, որոնց մասին կան մատենագիտական աղբիւրներ, Տեղերի վանքի մասին տեղեկութիւններ կը քաղենք0 միայն վանքի որմերուն պահպանուած վիմագրերէն։ Համաձայն գաւիթի մուտքի ճակատակալ քարի արձանագրութեան՝ այն կառուցած է Արարատեան կողմնակալութեան կողմնակալ իշխանաց-իշխան Վաչէ Ա Վաչուտեանի կինը՝ Մամախաթունը 1232 թուականին։ Կ'ենթադրուի, որ կառուցման ընթացքին վանքի որմերուն մեջ դրուած են աւելի վաղ թուագրուող վիմագիր քարեր։ Խաչիկ վարդապետ Դադեանը կը յիշատակէ, որ Տեղերի վանքը հիմնադրուած է 1231 թուականին Մամախաթունի կողմէ իբրեւ շիրիմ կամ դամբարան[5]։ Գարեգին Յովսէփեանը վանքի կառուցումը կը հասցնէ 1213 թուական, իսկ ճարտարապետ Աղբայրիկ վարդապետը կը յիշատակէ, որ կառուցումը սկսած է 1232 թուականէն։ Ակնյայտ կը դառնայ, որ տաճարն ու ժամատունը կառուցուած են իրար ետեւէ։ Վերջին տարիներու ուսումնասիրութիւններու արդիւնքով վանքի կառուցումը կը թուագրուի 1213 թուականով, որու մասին կը վկայեն չորս վիմագրերը։ Հիմնական վիմագրերը կը թուագրուին 13-րդ դարով, աւելի հազուագիւտ են 15-րդ եւ յետագայ դարերու յիշատակութիւնները։ 18-րդ դարուն վանքը կը յիշատակուի Երեւանի խանին հարկատու եկեղեցիներու շարքին։ 1766 թուականին վանք կ'այցելէ ամենայն հայոց Սիմէոն Երեւանցի կաթողիկոսը, որ տեսնելով վանքի անմխիթար վիճակը կը փորձէ որոշ բարեկարգումներ կատարել վանքին մէջ։ 1830 թուականին վանքը թէեւ կանգուն էր, սակայն կիսաւեր վիճակի մէջ էր։ 1911 թուականին տեղերցի Իսրայէլ Գրիգորեանի նուիրատուութեան շնորհիւ կը բարելաւուի վանքի տնտեսական դրութիւնը։ 1948 թուականի երկրաշարժէն յետոյ կը շարունակուէր վանքի քայքայումը։ 1950-1953 թուականներուն կը սկսի վանքի վերանորոգման աշխատանքները՝ ճարտարապետ Յ. Յակոբեանի նախագիծով։ 1975 թուականէն սկսաւ վանքի վերանորգման երկրորդ փուլը՝ ճարտարապետ Ա. Աւետիսեանի նախագիծով։ Այսօր վանքը կանգուն է, թէեւ որոշ հատուածներու մէջ խախտուած են ծածկասալերը։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստուածածին եկեղեցիէն, գաւիթէն, պաշտպանական պարիսպէն։

Վիմական արձանագրութիւններու ուսումնասիրումը սկսած է 1830-ական թուականներէն։ 1922 թուականին այստեղ մեծ աշխատանքներ տարած Ե. Տէր Մինասեանը եւ Գարեգին Յովսէփեանը, որոնք գրի առած են շուրջ 35 վիմագիր։ Ընդհանուր առմամբ վանքի որմերէն գրառուած է 57 վիմագիր, որոնցմէ ամէնավաղը 1213 թուականով թուագրուած է, իսկ ամէնաուշը՝ 1494 թուականով[6]։

Ճարտարապետութիւն[7]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սուրբ Աստուածածին եկեղեցի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տեղերի վանքի ճարտարապետութիւնն առանձնայատուկ է ողջ պատմական Հայաստանի տարածքին պահպանուած կեդրոնագմբէթ եկեղեցիներու շարքին մէջ: Սուրբ Աստուածածին եկեղեցին ըստ գմբէթի թմբուկի հարաւային կողին վրայ պահպանուած արձանագրութեան, կառուցուած է 1213 թուականին։ Կը պատկանի գմբէթաւոր սրահատիպ եկեղեցիներու տիպին։ Ունի ներքուստ խաչաձեւ, չորս անկիւններուն երկյարկ աւանդատուներով, արտաքուստ ուղղանկիւն յօրինուածք։ Եկեղեցին կ'առանձնանայ ճարտարապետական զուսպ ոճով։ Համալիրը կառուցուած է ոչ մեծ բլուրի վրայ, մուգ մոխրագոյն պազալթէ։

Իշխան Վաչէ Վաչուտեանի կինը՝ Մամախաթունը մասնակիցն ու մեկենասն է Տեղերի վանքի կառուցման։ Միայն գաւիթի շինարարութիւնը տեւած է 11 տարի եւ աւարտած է 1232 թուականին։ Գաւիթը իր չափերով կը գերազանցէ եկեղեցին։ Պաշտպանական նկատառումներէ ելլելով՝ վանքը պարսպապատուած է։ 1468 թ. Սարգիս Բիւրականցիի կողմէ վերակառուցուած է, XVIII դ. վերջը վերանորոգուած է։

1948 թուականին Տեղերի Վանքի համալիրը երկրաշարժէն զգալի կերպով վնասուած է։ (1950-1952) թուականներուն նորոգուած են եկեղեցիին եւ մատուռներու գմբէթները, (1975-1976) թուականներուն ամրացուած են քիւերը, նորոգուած՝ եկեղեցիի եւ գաւիթի պատերու վերի շարքերը[8]։

Տեղերի Վանքը այսօր գործող եկեղեցի է։ Մօտակայ գիւղերու բնակիչներուն համար վանքը իւրօրինակ ուխտատեղի է։ Սկզբունքային նորութիւն եւ բացառիկ երեւոյթ են գաւիթի ծածկին վրայ հիւսիսարեւմտեան եւ հարաւարեւմտեան անկիւնները առկայ գմբէթաւոր մատուռները (մուտքերը կը բացուին գաւիթի ծածկին վրայ), որոնք խիստ իւրօրինակ ուրուագիծ կը հաղորդեն կառոյցին։ Երկրորդ յարկի այդ մատուռներն անմիջականօրէն կ'առնչուին գաւիթին մէջ թաղուած ննջեցեալներու յիշատակի յավերժացման հետ եւ զուգահեռներ ունին այդ դարաշրջանին զգալի տարածում գտած երկյարկ դամբարան-եկեղեցիներու ընդհանուր յօրինուածքին հետ։

Պատմական խաչքարեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եկեղեցիին եւ վանական համալիրին յարակից տարածքին մէջ առկայ են խաչքարեր, որոնք կը թուագրուին 11-16-րդ դարերով[9]։

  • Հարութիւնեան Վ., Հայկական ճարտարապետութեան պատմութիւն, Ե., 1992։
  • Բարխուդարեան Ս., Միջնադարեան հայ ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ, Ե., 1963։
  • Պետրոսեանց Տիգրան, Վաչուտեաններ, Ե., 2001:
  • Պետրոսեանց Տիգրան, Վաչուտեաններ, Ե., 2023:

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 մայիսի 2002 թվականի N 628 քաղ. Երևան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, վավերացված 29 մայիսի 2002 թվականին (էլեկտրոնային տարբերակը)
  2. (հայերեն) Տեղերի վանք, 2024-12-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10159040, վերցված է 2025-10-16 
  3. (հայերեն) Տեղերի վանք, 2024-12-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10159040, վերցված է 2025-10-16 
  4. (հայերեն) Տեղերի վանք, 2024-12-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10159040, վերցված է 2025-10-16 
  5. Սամվել Կարապետյան (2013, 10, 7)։ «Տեղերի վանքը»։ Վարձք 
  6. Սամվել Կարապետյան (2013, 10, 1-31)։ «Տեղերի վանքը»։ Վարձք 
  7. (հայերեն) Տեղերի վանք, 2024-12-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10159040, վերցված է 2025-10-16 
  8. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Տեղերի վանական համալիր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ օգոստոսի 14-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ նոյեմբերի 3 
  9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 մայիսի 2002 թվականի N 628 քաղ. Երևան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, վավերացված 29 մայիսի 2002 թվականին (էլեկտրոնային տարբերակը)
  10. (հայերեն) Տեղերի վանք, 2024-12-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=10159040, վերցված է 2025-10-16