«Յակոբ Պարոնեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Չ 45 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
(Տարբերութիւն չկայ)

17:17, 7 Ապրիլ 2019-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Յակոբ Պարոնեան (19 Նոյեմբեր 1843, Ատրիանուպոլիս (Էտիրնէ) - 27 Մայիս 1891, Կ. Պոլիս), հայ երգիծաբան, խմբագիր եւ գրող։

Կենսագրութիւն

Յակոբ Պարոնեան ծնած է Էտիրնէ 1843ին, աղքատ ծնողքէ։ Նախնական կրթութիւնն ստացած է տեղւոյն Արշակունեաց վարժարանին մէջ։ 1857-ին, մէկ տարի կը յաճախէ քաղաքի յունական վարժարանը։ Ապրուստ հոգալու համար դեղագործի մը քով կ'աշխատի երկու տարի։ Ապա կը պաշտօնավարէ ծխախոտի ընկերութեան մը մէջ իբրեւ հաշուապահ։ Ինքնաշխատութեամբ եւ անյագ ընթերցումով ձեռք բերած է լայն զարգացում եւ գրական հմտութիւն։

1863-ին կ'անցնի Պոլիս եւ կը դասաւանդէ Սկիւտարի ճեմարանը, աշակերտ ունենալով Պետրոս Դուրեանը։ 1871-ին կը ստանձնէ «Եփրատ»ի խնբագրապետի պաշտօնը, բայց շուտով կ'անցնի Յարութիւն Սվաճեանի հիմնած «Մեղու» թերթի խմբագրութեան, զայն վերածելով յայտնի երգիծաթերթի։ Երբ 1874-ին «Մեղու»ն կը դադրի, Սվաճեան արտօնատէրի իրաւունքը կը փոխանցէ Պարոնեանին, զոր զայն կը վերահրատարակէ որպէս «Թատրոն»։ Իբր արտօնատէր կաշկանդումէ զերծ գտնուելով, Պարոնեան թռիչք կու տայ իր խարազանող բայց դաստիարակիչ սրամտութեան, հեգնելով շրջապատի յոռի բարքերը։ Տնտեսական դժուարութիւններու պատճառաւ, «Թատրոն»ը կը դադրի 1877-ին։

Պարոնեան կ'ամուսնանայ Սաթենիկ Էթմէքճեանի հետ 1879-ին։ Կ'ունենան երկու զաւակ. աղջիկ մը՝ Զապէլ, եւ մանչ մը՝ Աշոտ։

1879-ին կը սկսի աշխատակցիլ Մինաս Գափամաճեանի «Լոյս» թերթին, որպէս զաւեշտական բաժնի պատասխանատու։ Իր գրութիւնները լայն հետաքրքրութիւն կը ստեղծեն, սակայն Գափամաճեան նիւթապէս չի վարձատրեր զինք եւ հետեւաբար Պարոնեան կը ստիպուի «Լոյս»ի իր աշխատակցութիւնը դադրեցնել։

1884-ին «Խիկար» ամսագիրը կը սկսի, եւ հակառակ նիւթական խոչընդոտներուն ու կարճ ընդհատումներուն, զայն կը հրատարակէ մինչեւ 1888-ը։ Այս ամսագրին մէջ լոյս կը տեսնեն իր երգիծաբանական շատ մը կարեւոր գործերը։ 1888-էն 1890՝ ապրուստ ապահովելու համար Ղալաթիոյ Կեդրոնական վարժարանին մէջ տոմարակալութիւն կ'ուսուցանէ։ Հոն իրեն կ'աշակերտէ յայտնի լեզուաբան Հրաչեայ Աճառեանը։ Կը տառապի հիւծախտէ եւ կը մահանայ 1891-ին, թշուառութեան մէջ ձգելով այրին ու անչափահաս զաւակները։

Իր ժամանակակից գրագէտ Մատթէոս Մամուրեան այսպէս կը գրէր իր մահուան առթիւ. «Մեռա՞ւ Պարոնեան, բայց ի՞նչպէս. գրեթէ անոք, անօգնական։ Քանի՞ կրթասէրք ու ազգասէրք պատասխանեցին այն հրաւէրին զոր նորա հիւանդութեան միջոցին գրեցին հայ թերթերը...: Եւ արդարեւ ի՞նչ ըրինք խեղճին, ի՞նչ ըրաւ ազգն հաւաքաբար իւր արի զաւկին համար. թաղման հանդէսը կատարեց եւ որոշեց միայն նպաստ հաւաքել նորա որբոց համար... չգտնուեցաւ պաշտօնական մարմին մը, անհատ մը, որ պսակ դնէր անմահ Պարոնեանի վրայ, թէեւ նորա գործերն են իւր անթառամ պսակներն»։[1]

Պարոնեան ունեցաւ ազգային յուղարկաւորութիւն մը, հոծ բազմութեան մը մասնակցութեամբ՝ ուսուցիչներու, մտաւորականներու, գործաւոր դասակարգի, ինչպէս նաեւ կարգ մը ամիրաներու ու ջոջերու ներկայութեամբ։ Դամբանականը կարդացած է Խորէն արք. Նարպէյը, որ «Ազգային Ջոջեր»ուն մէջ Պարոնեանի սուր երգիծանքին թիրախ դարձած էր։ Մարմինը կ'ամփոփուի Օրթագիւղի գերեզմանատունը, «մեռելոց այդ հանդարտիկ բնակարանին մէկ անկիւնը, տխուր ու մենաւոր»[2]:

Տապանաքար մը չկանգնեցաւ անոր շիրիմին վրայ եւ շուտով մոռցուեցաւ անոր ճշգրիտ վայրը։ 1976-ին, մտաւորական եւ գրող Վահրամ Մավեան կոչ մը ստորագրեց հայ մամուլին մէջ, դիտել տալով թէ՝ «...ինչպէս 85 տարի անցած է վրայէն եւ սերունդներ ամբողջ - թաղական, հոգեւորական, մտաւորական, թատերասէր - եկած ու անցած են առանց հողակոյտին վրայ տապանաքար մը դնելու մասին մտածելու՝ անըմբռնելի է պարզապէս։ Հիմա արդէն անտէր կորսուած է հողակոյտն ալ»[3]:

Գրական գործունէութիւնը

Պարոնեան եղաւ բեղուն ստեղծագործ մը։ Տասնեակ հազարէ աւելի էջեր արտադրեց կարճ ճամանակամիջոցի մը մէջ, յատկապէս 1871-1888 տարիներուն։ Իր բոլոր գրութիւնները մամուլի համար գրուեցան եւ լոյս տեսան լրագիրներու մէջ։ Թէեւ իր գործերէն ոմանք իր իսկ կողմէ հրատարակուեցան առանձին հատորով, Պարոնեանի երկերու մեծամասնութիւնը գիրքերու մէջ ամփոփուեցան միայն իր մահէն ետք։ իր գործերը կը կազմեն՝ «Մեծապատիւ Մուրացկանները» վէպը, «Քաղաքավարութեան Վնասները» պատմուածքներու շարքը, «Պտոյտ մը Պոլսոյ Թաղերուն Մէջ» եւ «Ազգային Ջոջեր» նկարագրական էջերը,«Մեղու», «Թատրոն» եւ «Խիկար» թերթերու մէջ ցրուած բազմաթիւ քրոնիկները, ինչպէս նաեւ ՝ «Ատամնաբոյժն Արեւելեան» եւ «Պաղտասար Աղբար» կատակերգութիւնները։

Գրական ոճը

Պարոնեան ամէն բանէ առաջ իր ժամանակին ու միջավայրին մարդն է։[4] Պոլսահայ կեանքը իր զանազան երևոյթներով կ'արտացոլայ իր էջերէն։ Ան հաւասարապէս կը խարազանէ փառասէր աղաներն ու փոքրոգի թաղականները, խաբեբայ վաճառականներն ու կեղծաւոր կղերականները, վարձկան լրագրողներն ու մուրացկան բանաստեղծները, վերի խաւի եւրոպական բարքերը ընդօրինակելու մոլութիւնն ու վարի խաւի խաւարամտութիւնը։ Անոր գործը կը խնդացնէ, բայց խորքը շատ տխուր է։ Կը զուարճացնէ՝ առանց զուարճանալու։

Պարոնեանի գրականութիւնը կը ձգտի դաստիարակիչ ըլլալ եւ նպաստել ընկերութեան վատ բարքերը վերացնելու։ Իր հեգնանքին նպատակը խնդացնելն ու նուրբ արուեստ մը ստեղծել չէ. եւ որովհետեւ իր ընթերցողը պարզ ժողովուրդն էր՝ գրեթէ տգէտ եւ գեղարուեստէ շատ հեռու, իր ոճը եղաւ անկեղծ եւ իր լեզուն պարզ։ Գործածելով գրաբարէ մաքրուած սահուն արեւմտահայերէն, ան ստեղծեց իրապաշտ արձակ մը՝ բնական, անզարդ, առոյգ, լի աշխոյժ բեմականութեամբ։ Վարպետօրէն նկարագրեց իրաւ կերպարներ եւ իրավիճակներ, սեղմ տողերով եւ կենսունակ երկխօսութիւններով։

Ստեղծագործութիւնները

Վէպ/արձակ գրութիւններ

Թատերական գործեր

Երկերի մատենագիտութիւն

  • Ատամնաբոյժն Արեւելեան, Կ. Պոլիս, 1868, 128 էջ:
  • Ազգային ջոջեր, մաս Ա, Կ. Պոլիս, 1879, էջ 1–160:
  • Ազգային ջոջեր, մաս Բ, Կ. Պոլիս, 1880, էջ 161–320:
  • Ազգային ջոջեր, մաս Գ, Կ. Պոլիս, 1880, 48 էջ:
  • Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Կ. Պոլիս, 1880, 224 էջ:
  • Ծիծաղ, Կ. Պոլիս, 1883, 480 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1887, 148 էջ:
  • Ազգային ջոջեր, Թիֆլիս, 1891, 384 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1891, 164 էջ:
  • Հոսհոսի ձեռատետրը: Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ: Խիկարի գուշակութիւնք, Թիֆլիս, 1892, 440 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1895, 164 էջ:
  • Ազգային ջոջեր, Թիֆլիս, 1896, 404 էջ:
  • Արեւելեան ատամնաբոյժ, Թիֆլիս, 1899, 160 էջ:
  • Երկասիրութիւններ, հատ. Ա. Ծիծաղ, Թիֆլիս, 1899, 480 էջ:
  • Երկասիրութիւններ, հատ. Բ. Ատամնաբոյժն արեւելեան, Թիֆլիս, 1899, 160 էջ:
  • Երկասիրութիւններ, հատ. Գ. Քաղաքաւարութեան վնասները, Թիֆլիս, 1900, 224 էջ:
  • Հոսհոսի ձեռատետրը: Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ: Խիկարի գուշակութիւնք, Թիֆլիս, 1900, 440 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Թիֆլիս, 1900, 164 էջ:
  • Քաղաքավարութեան վնասները, Թիֆլիս, 1901:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1909, 103 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Կ. Պոլիս, 1910:
  • Ամբողջական երկեր, հատ. Ա. Մեծապատիւ մուրացկան-ները, Կսմիթներ, Կ. Պոլիս, 1910, 176 էջ:
  • Ամբողջական երկեր, հատ. Բ. Պաղտասար աղբար, Պռոյգ, Կ. Պոլիս, 1910, 112 էջ:
  • Ամբողջական երկեր, հատ. Գ. Ատամնաբոյժն արեւելեան, Կ. Պոլիս, 1910, 208 էջ:
  • Ամբողջական երկեր, հատ. Դ. Ազգային ջոջեր, Կ. Պոլիս, 1912, 348 էջ:
  • Շողոքորթը, Կ. Պոլիս, 1920, 56 էջ:
  • Ամբողջական երկեր, հատ. Ա. Ազգային ջոջեր, Կ. Պոլիս, 1924, 276 էջ:
  • Ընտիր յերկեր, պրակ 1, Մոսկուա, 1927:
  • Ընտիր յերկեր, պրակ 2. Ատամնաբույժն արևելյան, Պաղտասար աղբար, Քաղաքավարության վնասները, Մոսկուա, 1927:
  • Ընտիր յերկեր, պրակ 3. Ազգային ջոջեր, Հոսհոսի ձեռատետրը, Ծիծաղ, Մոսկուա, 1927:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1928, 144 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. I. Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Խիկարի գուշակությունք, Յերևան, 1931, 272 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. II. Պաղտասար Աղբար, Ատամնաբույժն արևելյան, Շողոքորթ, Պռույգ, Յերկու տիրոջ ծառա մը, Յերևան, 1932, 288 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. III. Ազգային ջոջեր, Յերևան, 1932, 268 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Սօֆիա, 1933, 115 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. IV. Կսմիթներ, Հոսհոսի ձեռատետրը, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Յերևան, 1934, 292 էջ:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1934, 152 էջ:
  • Քաղաքավարության վնասները, Յերևան, 1934, 192 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. V. Ծիծաղ, Յերևան, 1935, 280 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VI. Առտնին տեսարաններ, Յերևան, 1935, 328 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VII. Մանր յերկեր, Յերևան, 1936, 328 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. VIII. Կսմիթներ, Յերևան, 1936, 464 էջ:
  • Հոսհոսի ձեռատետրը եւ Խիկարի գուշակութիւնք, Գահիրէ, 1936, 160 էջ:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Յերևան, 1936, 88 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. IX. Խայթվածք, Յերևան, 1938, 400 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. X. Խիկարին հետ, Երևան, 1947, 400 էջ:
  • Խնդալով, Պոսթըն, 1947, 215 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. XI. Ասկե-անկե, Երևան, 1948, 278 էջ:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1950, 88 էջ:
  • Ազգային ջոջեր, Պէյրութ, 1951, 296 էջ:
  • Հոսհոսի ձեռատետրը, Պէյրութ, 1952, 136 էջ:
  • Ընտիր երկեր, հատ. 1. Մեղու, Թատրոն, Կսմիթներ, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Հոսհոսի ձեռատետրը, Երևան, 1954, 576 էջ:
  • Շողոքորթը, Իսթանպուլ, 1954, 56 էջ:
  • Քաղաքավարութեան վնասները, Գահիրէ, 1954, 160 էջ:
  • Ընտիր երկեր, հատ. 2. Ծիծաղ, Քաղաքավարության վնասները, Առտնին տեսարաններ, Խիկար, Օրագրությունք Խիկարի, Նետ, Դիտողությունք Խիկարի, Քանի մը խոսք առ տիկին պատմություն, Գրպանի տետրս, Խոսակցություն մեռելոց, Պաղտասար Աղբար, Երևան, 1955, 644 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1955, 120 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Վենետիկ, 1955, 108 էջ:
  • Քաղաքաւարութեան վնասները, Պէյրութ, 1955, 97 էջ:
  • Երկեր. Կսմիթներ, Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Պաղտասար Աղբար, Երևան, 1958, 500 էջ:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1958, 88 էջ:
  • Քաղաքավարության վնասները, Երևան, 1959, 72 էջ:
  • Մեծապատիվ մուրացկաններ, Երևան, 1961, 88 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ: Քաղաքաւարութեան վնասները: Առտնին տեսարաններ: Պաղտասար Աղբար, Իսթանպուլ, 1961, 416 էջ:
  • Ազգային ջոջեր: Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Իսթանպուլ, 1962, 388 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Գահիրէ, 1962, 144 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Երկու տերով ծառա մը, Ատամնաբույժն արևելյան, Շողոքորթն, Պաղտասար աղբար, Պռույգ, Երևան, 1962, 464 էջ:
  • Անհայտ էջեր և աֆորիզմներ, Երևան, 1964, 220 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Ազգային ջոջեր, Երևան, 1964, 408 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Մեծապատիվ մուրացկաններ, Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ, Քաղաքավարության վնասները, Երևան, 1964, 424 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1964, 120 էջ:
  • Քաղաքաւարութեան վնասները, Պէյրութ, 1964, 154 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Քաղաքական, Կսմիթներ, Խտղտում, Հոսհոսի ձեռատետրը, Լուսարարի նամակները, Երևան, 1965, 576 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Ծիծաղ, Այլաբանական այլ երկեր, Երևան, 1965, 400 էջ:
  • Պաղտասար Աղբար, Պէյրութ, 1965, 92 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Կենցաղային երգիծանք, Երևան, 1968, 440 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 7. Մանր երկեր, Խայթվածք, Փոխառություն, Երևան, 1969, 474 էջ:
  • Երկեր. Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Ատամնաբույժն  Արևելյան, Պաղտասար Աղբար, Երևան, 1969, 784 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 8. Մեղու, Երևան, 1972, 552 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 9. Թատրոն, Երևան, 1975, 392 էջ:
  • Երկեր. Մեծապատիվ մուրացկաններ, Ազգային ջոջեր, Կսմիթներ, Հոսհոսի ձեռատետրը, Երևան, 1976, 192 էջ:
  • Քաղաքավարության վնասները, Երևան, 1976, 132 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Պէյրութ, 1977, 96 էջ:
  • Մժղուկ: Թմբուկ, Երևան, 1977, 88 էջ:
  • Լեռը մարգարէին քով չ՛երթայ նէ՛ մարգարէն լեռան քով կ՛երթայ: Ալաֆրանկա, Պէյրութ, 1978, 96 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 10, Երևան, 1979, 780 էջ:
  • Երկեր. Ազգային ջոջեր, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Ատամնաբույժն  Արևելյան, Պաղտասար աղբար, Երևան, 1979, 668 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Վենետիկ, 1981, 108 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ: Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Պէյրութ, 1981, 141 էջ:
  • Պաղտասար Աղբար, Երևան, 1985:
  • Երկեր, Երևան, 1987, 360 էջ:
  • Հոսհոսի ձեռատետրը, Անթիլիաս, 1989, 124 էջ:
  • Յեղափոխականը, Լոս Անճելըս, 1990, 104 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Անթիլիաս, 1991, 101 էջ:
  • Քաղաքավարութեան վնասները, Հալէպ, 1992, 176 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Լոս Անջելես, ա. թ., 112 էջ:
  • Երկեր, հատ. Ա. Անժամանցելի երգիծանք, Ազգային ջոջեր, Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ, Հոսհոսի ձեռատետրը, Անթիլիաս, 1995, 416 էջ:
  • Երկեր, հատ. Բ. Մեծապատիւ մուրացկաններ, Պաղտասար աղբար, Քաղաքավարութեան վնասները, Առտնին տեսարաններ, Անթիլիաս, 1995, 344 էջ:
  • Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ, Հալէպ, 2002, 200 էջ:
  • Մեծապատիւ մուրացկաններ, Անթիլիաս, 2003, 101 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 208 էջ:

Նշումներ

  1. Օրջանեան, Արամ (խմբ.). Յակոբ Պարոնեան Համայնագիտարան , Ա. Հատոր։ Լոս Անճելըս, 1991, էջ 102:
  2. «Արեւելք» օրաթերթ, Պոլիս, 10 Յունիս 1891:
  3. Օրջանեան, Արամ (խմբ.). Յակոբ Պարոնեան Համայնագիտարան , Ա. Հատոր։ Լոս Անճելըս, 1991, էջ 112:
  4. Սիմոնեան, Գրիգոր. Հ.Բ.Ը.Մ. Արտաւազդ Թատերախումբի «Քաղաքավարութեան Վնասները» ներկայացման ծրագիր-գրքոյկ, Փասատինա 2009, էջ 6-7:

Աղբիւր

  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 65:


Կատեգորիա:1843 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:1891 մահեր (արւմտ․) Կատեգորիա:Ատրիանուպոլիս ծնածներ Կատեգորիա:19 Նոյեմբերի ծնածներ Կատեգորիա:27 Մայիսի մահացածներ Կատեգորիա:Կոստանդնուպոլիս մահացածներ Կատեգորիա:Հայ արձակագիրներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ երգիծաբաններ (արւմտ․) Կատեգորիա:Հայ թատերագիրներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ լրագրողներ (արւմտ․)