Ֆրունզէ Դովլաթեան
| Ֆրունզէ Դովլաթեան | |
|---|---|
| Ծնած է | 26 Մայիս 1927[1][2][3] |
| Ծննդավայր | Գաւառ[2][3] |
| Մահացած է | 30 Օգոստոս 1997[1][3] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2][3] |
| Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
| Տեսակ | սոցիալիստական ռեալիզմ? |
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, դերասան և հեղինակ |
| Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[2], Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա?, Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա?, Մոսֆիլմ?, Հայֆիլմ, Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և Հայաստանի կինոգործիչների միություն? |
| Անդամութիւն | ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
| Երեխաներ | Միքայել Դովլաթյան? |
Ֆրունզէ Դովլաթեան (26 Մայիս 1927[1][2][3], Գաւառ[2][3] - 30 Օգոստոս 1997[1][3], Երեւան, Հայաստան[3]), շարժանկարի բեմադրիչ, բեմագրող եւ դերասան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նոր Բայազետ (Կամօ, այժմ` Գաւառ): Հայրը եւ հօրաքոյրը սիրողական ներկայացումներ բեմադրող արուեստագէտներ եղած են գաւառական թատրոնին մէջ: Մանուկ տարիքէն սէրը` դէպի թատրոնն ու բեմական արուեստը, շեշտուած է Ֆրունզէի մօտ. թատրոնի եւ բեմական արուեստի պաշտամունքը ընտանեկան ջերմ մթնոլորտ եղած է եւ կազմաւորման միջավայր եղած է յետագայ մեծ արուեստագէտին համար:
Դովլաթեաններուն ընտանիքը 30-ականներուն տեղափոխուած է Երեւան, ուր Ֆրունզէ ուսանած է Գորկիի անուան դպրոցին մէջ` աշխոյժ մասնակիցը դառնալով աշակերտական մշտապէս գործող թատերական խմբակին:
Տակաւին 15 տարեկան պատանի` ան նկարահանուած է «Դաւիթ Բէկ» շարժանկարին մէջ` Մանսուր իշխանի դերով. ապա` «Անահիտ»-ի մէջ (արքայազն Վաչագան):
1942-ին ընդունուած է Սունդուկեանի անուան թատրոնը՝ միանալով մայր թատրոնի դերասանական արուեստանոցին, որուն ղեկավարն էր Արմէն Գուլակեանը: Նոյն շրջանին նկարահանուած է շարք մը ուշագրաւ շարժանկարներու մէջ, որոնց շարքին` «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1958), «Բարե՛ւ, ես եմ» (1965): Այս վերջինի մէջ իր դերակատարութեան համար Ֆրունզէ Դովլաթեան յետագային, 1967-ին, արժանացած ՝ ՀԽՍՀ պետական մրցանակին:
1942-1953 գործած է Երեւանի Գ. Սունդուկեանի անուան տրամաթիքական թատրոնին մէջ` իբրեւ դերասան:
1947-ին աւարտած է թատերական արուեստանոցը եւ նուիրուած է դերասանութեան:
1950-ին, «Այս աստղերը մերն են» թատերախաղին գլխաւոր դերերէն մէկուն` Հրայրի դերակատարման համար երիտասարդ դերասանը, քանի մը խաղընկերներու հետ, արժանացաւծ է ստալինեան մրցանակի, որ անոր առջեւ բացած է բարձրագոյն մասնագիտացման հետեւելու մեծ դուռը:
Անցած է Մոսկուա եւ 1959-ին աւարտած է Մոսկուայի Կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բեմադրական բաժանմունքը` աշակերտելով Սերգէյ Կերասիմովին: Այդ շրջանին մասնակցած է քանի մը վաւերագրական ժապաւէններու նկարահանման: Մոսկուայի մէջ իր նկարահանած «Մեր քաղաքի առաւօտը» շարժանկարը Վիեննայի փառատօնին արժանացած է առաջին մրցանակի:
1959-1964 Ֆրունզէ աշխատած է Մոսկուայի Գորկիի անուան կինոսթիւտիային մէջ, ուր համաբեմադրութեամբ կեանքի կոչած է` «Ո՞վ է մեղաւոր» (1958), «Մեր քաղաքի առաւօտը» (1959), «Տիմա Կորինի քարիերան» (1961) եւ «Առաւօտեան գնացքներ» (1963) շարժանկարները:
1962-1964 Դովլաթեան եղած է խորհրդային մեծազդեցիկ «Մոսֆիլմ» կինոսթիւտիայի բեմադրիչ:
1964-ին ան վերջնականապէս վերադարձած է Երեւան, ուր մինչեւ վերջին շունչ իբրեւ բեմադրիչ, գործած է «Հայֆիլմ»-ի մէջ` աւելի քան 30 տարի ստեղծագործելով եւ հայկական շարժանկարը նոր բարձունքի առաջնորդելով:
Ֆրունզէ Դովլաթեան յատկապէս հռչակուած է «Սարոյեան եղբայրներ» շարժանկարի գեղարուեստական ղեկավարի իր հանգամանքով ու ստանձնած գլխաւոր դերակատարութեամբ` մարմնաւորելով կրտսեր եղբօր, յեղափոխական Հայկի դերը: Շարժանկարը օրին Քիեւի մէջ արժանացած է խորհրդային համամիութենական բարձր մրցանակի, իսկ գլխաւոր դերակատարները` Հայաստանի պետական մրցանակի:
Շարժանկարի քննադատներուն վկայութեամբ, 1966-ին Ֆրունզէ Դովլաթեանի նկարահանած «Բարե՛ւ, ես եմ» շարժանկարը շրջադարձային կէտ հանդիսացած է հայկական շարժանկարի պատմութեան մէջ` իբրեւ «արդիական թեմատիկայի իւրացման նոր քայլ»: Շարժանկարին ցուցադրութիւնները մեծ յաջողութեան արժանացած են ամբողջ Խորհրդային Միութեան տարածքին, ինչպէս եւ Քաննի միջազգային փառատօնին:
1969-էն մինչեւ 1986 Ֆրունզէ Դովլաթեան եղած է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միութեան վարչութեան առաջին քարտուղար, իսկ այնուհետեւ` «Հայֆիլմ» կինոսթիւտիայի գեղարուեստական ղեկավար: 1994-ին ընտրուած է նորաստեղծ Հայաստանի Թեքէեան մշակութային միութեան նախագահ:
Մահացած է 1997-ի եւ թաղուած է Երեւանի Թոխմախի գերեզմանատան մէջ:
Յետմահու պարգեւատրուած է հայ մշակոյթի պետական բարձրագոյն` «Մ. Խորենացի» շքանշանով[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ «Ֆրունզէ Դովլաթեան (1927-1997). Հայկական Բեմարուեստի Մեծատաղանդ Վարպետը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-08-31։ արտագրուած է՝ 2026-02-21