Քլարընս Աշըր
| Քլարընս Աշըր | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Clarence Douglas Ussher |
| Ծնած է | 9 Սեպտեմբեր 1870[1] |
| Ծննդավայր | Օրորա, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 20 Սեպտեմբեր 1955[1] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Reformed Episcopal Seminary? |
| Մասնագիտութիւն | միսիոնարուհի, բժիշկ և գրագէտ |
| Աշխատավայր | Արտասահմանյան առաքելությունների ամերիկյան հանձնակատարների խորհուրդ? և Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե? |
| Ամուսին | Էլիզապէթ Աշըր |
Քլարընս Աշըր (անգլերէն՝ Clarence Ussher, 9 Սեպտեմբեր 1870[1], Օրորա, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 20 Սեպտեմբեր 1955[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի բժիշկ եւ միսիոնար: Հայոց Ցեղասպանութուեան ականտես։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Օրորայի մէջ (Իլինոյ)։ Հայրը՝ Աշըր եպիսկոպոս, ստանձնելով Մոնթրէալի եպիսկոպոսական առաջնորդի պաշտօնը, ընտանիքով փոխադրուած է Քանատա։ Հոն Քլարընս ստացած է սկզբնական կրթութիւնը եւ շարունակած է ուսումը Ուեսթ Ֆիլատելֆիայի (Փէնսիլվանիա) եպիսկոպոսական դպրեվանքին մէջ։
Միսիոնարական գործ կատարելէ ետք Ուայոմինկ նահանգին մէջ, բժշկական ուսման հետեւած է Քանզաս Սիթիի բժշկական համալսարանին մէջ։
Մինչեւ 1898 Քանզաս Սիթի մնալէ ետք, որոշած է միանալ միսիոնարական համաշխարհային շարժումին։ Ուղարկուած է Խարբերդ եւ, տարի մը ետք, Վան։ Աշխատած է որբանոցներու մէջ։
1900-ին ամուսնացած է ամերիկացի միսիոնարուհի Էլիզապէթ Աշըրի հետ (1873-1915), եւ ունեցած՝ երեք որդի եւ դուստր մը։
1915-ին, Աշըր կ՚աշխատէր Վանի ամերիկեան հիւանդանոցին մէջ, երբ Ճեւտէթ պէյ՝ պատերազմական նախարար Էնվէր փաշայի քեռայրը, նահանգապետ նշանակուած է։ Աշըր, իբրեւ ականատես, միջազգային հանրութեան հաղորդած է այնտեղ կատարուող ջարդերու մասին․ 19 Ապրիլին, Ճեւտէթ հայերու բնաջնջման գաղտնի հրամանագիր մը արձակած է, իսկ յաջորդ օրը, թրքական զօրքերը նահանգի տարբեր հայկական գիւղերու վրայ յարձակած են։ Աշըրի գնահատումով, շուրջ 55.000 հայեր սպաննուած են։ 20 Ապրիլին, շրջակայ տուները այրելէ ետք, թուրքերը պաշարած են Վան քաղաքը[2][3]։
Յունիսին, բծաւոր տիֆի համաճարակի մը հետեւանքով, Աշըր եւ իր կինը հիւանդացած են։ Էլիզապէթ Աշըր մահացած է 14 Յուլիսին։ Աշըր երկար շաբաթներ հիւանդ եղած է, որուն ընթացքին ռուսական զօրքերը պարտութիւններ կրած ու ստիպուած են նահանջել, Վանը լքելով։
1917-ին, Աշըր հրատարակած է Վանի իր փորձառութիւնը նկարագրող հատոր մը՝ «Ամերիկացի բժիշկ մը Թուրքիոյ մէջ» խորագրով[4]։
Պատերազմէն ետք, Քլարընս Աշըր Միացեալ Նահանգներ ճամբորդած է, իսկ 1919-1923 թուականներուն ծառայած է Երեւանի մէջ իբրեւ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի ղեկավար։
Ի վերջոյ, հաստատուած է Սանթա Մոնիքա (Քալիֆորնիա), ուր մահացած է 85 տարեկանին։
Աշըրի կերպարը կարեւոր դեր խաղացած է Աթոմ Էկոյեանի «Արարատ» շարժանկարին մէջ (2003)[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Rubenstein Richard L. (2010)։ Jihad and Genocide (անգլերէն)։ Bloomsbury Publishing PLC։ ISBN 978-0-7425-6202-8
- ↑ L. Jacobs Steven (Jun 30, 2009)։ Confronting Genocide: Judaism, Christianity, Islam (անգլերէն)։ էջ 130։ ISBN 9780739135907
- ↑ Ussher Clarence D. (2025-06-24)։ An American physician in Turkey: A narrative of adventures in peace and in war (անգլերէն)։ Bonhopai Books։ ISBN 978-1-77979-207-5
- ↑ «ՔԼԱՐԸՆՍ ԱՇԸՐ (ծնունդ՝ 9 Սեպտեմբեր, 1870)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2026-02-20