Քլարա Աբգար
Քլարա Աբգար | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 1922 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մահացած է | 1 Մարտ 1996 |
| Մահուան վայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | նկարչուհի |
Քլարա Աբգար (պարս.՝ کلارا آبکار, Քլարա Աբգարեան, 1922, Թեհրան, Իրան - 1 Մարտ 1996, Թեհրան, Իրան), իրանահայ նկարչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քլարա Աբգարը ծնած է 1922 թուականին Թեհրան` սպահանցի արուեստագէտներու ընտանիքի մէջ։ Մանուկ հասակէն հետաքրքրութիւն ցուցաբերած է լուսանկարչութեան հանդէպ։ Ուսանած է Արուեստի օրիորդաց դպրոցին մէջ, այնուհետեւ` Գեղանկարչութեան բարձրագոյն ուսումնարանին մէջ։ Աշակերտած է Թահեր Ճաուատզէնին (մանրանկարչութիւն), Հատեյխանի Թաջուիտին (մանրանկարչութիւն), Ալի Տորուտին (ոսկերչութիւն), Մողիմին (մանրանկարչութիւն), Նասրոլլահ Եուսուֆին (ոսկերչութիւն եւ գորգի նախշագործութիւն), Ապտուլլահ Պաղերին (ոսկերչութիւն) եւ Հուսէյն Քաշիթարաշին։
Բարձրագոյն ուսումնարանը աւարտելէ յետոյ աշխատած է Իրանի արուեստի ու մշակոյթի նախարարութեան տարբեր բաժիններու մէջ[1]։
Քլարա Աբգարը ստեղծած է մանրանկարներ[2], թազհիբի (նկարներու ներշրջանակային ձեւաւորում) նմուշներ, հագուստի, կտորի եւ զարդերու ուրուագիծեր։ Անոր կտաւներու առանձնայատկութիւններէն են սահուն գիծերն ու երաժշտականութիւնը։ Աբգարի մանրանկարներուն մէջ առանձնակի տեղ կը գրաւեն հեծեալներու, ծաղիկներու, Խայամի, Աթթարի, Շէյխ Ահմատի դամբարաններու, Քաշանի Ֆիրուզաբադ եւ Ալիապատ աշտարակներու պատկերներն ու տեսարանները, նատիւրմօրտները։ Քլարա Աբգարի ստեղծագործութիւններէն են` «Անուշիրուան եւ Պոզորկմեհրը», «Բահրամի որսը», «Եուսէֆն ու Զոլեյխան», «Պառաւն ու սուլթան Սանճարը», «Փեյմանի թագը» (փորագրութիւն արծաթի վրայ)։
Քլարա Աբգարի աշխատանքները կը գտնուին Թեհրանի Քլարա Աբգար թանգարանին, Իրանի մարդաբանական թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ[3]։ Քլարա Աբգարի «Տասը դէմք» նկարը Հայաստանի ազգային պատկերասրահին նուիրած է Ժանէթ Լազարեանը։[1]
1991 թուականին Քլարա Աբգարը իր ունեցուածքն ու բոլոր գործերը նուիրած է Իրանի մշակութային ժառանգութեան կառոյցին։ 1993 թուականին Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութիւնը Թեհրանի Սաատապատ համալիրի թանգարաններէն մէկը կոչած է Քլարա Աբգարի անունով։
Քլարա Աբգարի բնակարանը, իր ցանկութեամբ, մահէն յետոյ վերածուած է նկարչական արուեստի դպրոցի։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քլարա Աբգարը մահացած է 1996 թուականին։ Թաղուած է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան մէջ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- فرخزاد، پوران. کارنمای زنان کارای ایران (از دیروز تا امروز). تهران: نشر قطره، ۱۳۸۱. ص. ۱۸. ISBN 964-341-116-8.
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տիգրանուհի Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ «اولین زن مینیاتوریست ایران چه کسی بود؟»։ ایسنا (fa-IR)։ 2015 թ․ մարտի 21։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 28
- ↑ «Աբգարյան Կլարա - Կլարա Աբգար | Տասը դեմք - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-04-21-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 28
