Տիանա Ադամեան
| Տիանա Ադամեան |
|---|
Տիանա Յակոբի Ադամեան (7 Մարտ 2000, Երեւան, Հայաստան), հայ ջութակահարուհի, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2018), «Նոր անուններ» ծրագրի անդամ[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիանա Ադամեանը ծնած է 2000 թուականին Երեւանի մէջ եւ մեծցած է երաժիշտներու ընտանիքի մը մէջ։ Իր երաժշտական կրթութիւնը ստացած է Երեւանի Չայկովսկու անուան երաժշտական դպրոցին մէջ՝ Պետրոս Հայկազեանի դասարանին, ապա ուսումը շարունակած է Կոմիտասի անուան պետական քոնսերվաթորիային մէջ՝ Էդուարդ Թադեւոսեանի դասարանին[2]։
2014 թուականին, Պինկաս Ցուկերմանի հրաւէրով, մասնակցած է Օթթաուայի Ազգային Արուեստի Կեդրոնի (NAC) ամառնային վարպետութեան դասընթացներուն։ 2015 թուականին, «Երեւանեան հեռանկարներ» միջազգային փառատօնի ծիրին մէջ եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած ձեռնարկներու ընթացքին, Պինկաս Ցուկերմանի եւ Royal Philharmonic Orchestra-ի հետ ներկայացուցած է Բախի «Երկու ջութակներու քոնչերթոն» Լոնտոնի Cadogan Hall սրահին մէջ։
2016-2017 թուականներուն պարբերաբար մասնակցած է Լէոնիդաս Կաւաքոսի վարպետութեան դասընթացներուն[3]։ 2016 թուականէն սկսեալ, Լիխթենշթայնի Միջազգային Երաժշտական Ակադեմիոյ մէջ մասնակցած է փրոֆեսէօր Անա Չումաչենքոյի մէկշաբաթեայ մասնագիտական դասընթացներուն։
Տիանա Ադամեանը իր ուսումը շարունակած է Միւնխենի Երաժշտութեան եւ Թատրոնի Բարձրագոյն Դպրոցին մէջ (Hochschule für Musik und Theater München), փրոֆեսէօր Անա Չումաչենքոյի դասարանին մէջ։ [Ադամեանը Կամերային երաժշտութեան ազգային կեդրոնին մէջ՝ մենահամերգէն յետոյ, 2021]
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2007 — «Սպենդիարեանի անուան ազգային մրցոյթ-փառատօն»ի դափնեկիր[2]։
- 2010 — «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցոյթ-փառատօնին արժանացած է առաջին մրցանակին[4]։
- 2012 — Մոսկուայի 13-րդ միջազգային «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցոյթին ստացած է «Արծաթէ Շչելկունչիկ» մրցանակը։
- 2014 — Երեւանի մէջ կայացած, Հրաչեայ Բոգդանեանի 100-ամեակին նուիրուած միջազգային մրցոյթ-փառատօնին արժանացած է առաջին մրցանակին։
- 2015 — Նովոսիպիրսքի մէջ կայացած Չայկովսկու անուան 9-րդ միջազգային պատանեկան մրցոյթին ստացած է երկրորդ մրցանակը։
- 2018 — Ժընեւի մէջ կայացած Յեհուդի Մենուհինի անուան պատանի ջութակահարներու միջազգային մրցոյթին արժանացած է առաջին մրցանակին։
- 2018 — արժանացած է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի երիտասարդական մրցանակին։
- 2020 — Արամ Խաչատրեանի անուան 16-րդ միջազգային մրցոյթին մէջ շահած է առաջին մրցանակը[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Դիանա Ադամյան»։ www.presidentprize.am (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022 թ․ հուլիսի 16-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ հունիսի 13
- 1 2 «Diana Adamyan»։ www.musikakademie.li։ արտագրուած է՝ 2020 թ․ հունիսի 13
- ↑ «Ջութակահարուհի Դիանա Ադամյանը ելույթ կունենա «Երիտասարդ արտիստների համերգաշար»-ում»։ Ռադիո Հայ Ցանց (en-GB)։ արտագրուած է՝ 2020 թ․ հունիսի 13
- ↑ «Adamyan Diana»։ Menuhin (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-08-13-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ հունիսի 13
- ↑ «Armenian National Music»։ anmmedia.am։ արտագրուած է՝ 2020 թ․ հունիսի 17
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||