Ստեփանոս Վահկացի
Արտաքին տեսք
| Ստեփանոս Վահկացի | |
|---|---|
| Մահացած է | 13-րդ դար |
| Քաղաքացիութիւն | Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
| Տեսակ | մանրանկարչութիւն |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Ստեփանոս Վահկացի (- 13-րդ դար), ԺԳ․ դարու երկրորդ կիսուն Կիլիկիոյ մէջ ապրող նշանաւոր գրիչ-նկարիչներէն մին՝ ձեռնասուն աշակերտ Յովհաննէս Արքայեղբօր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գրչագրական աշխատութիւններէն ծանօթ են աւելի քան մէկ երկոտասնեակ երկեր՝ պտուղ երեք տասնեակ տարիներու (1263--1293):
Ան ընդհանրապէս ապրած եւ գործած է Կիլիկիոյ մայրաքաղաքին՝ Սիսի մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակագրական կարգի համաձայն իր նկարազարդած երկերն են.
- Աւետարան, 1274-ին նկարազարդած է Սիսի Ս. Նշան Վանքին մէջ, Օշին մարաջախտի համար. - Ձեռագիր ի Նիւ Եորք (նախապէս Տրդատ Եպս. Պալեանի),
- Ժամագիրք, օրինակած եւ նկարազարդած է 1274-ին, Սիսի մէջ, Լեւոն Բ. թագաւորին համար. - Ձեռ. երբեմն Պր. Ժան Լէվիի, ապա Պր՝ Գ. Գէորգեանի:
- Աւետարան, օրինակած է Կոստանդին քահանայ Աւըղցի, 1274-5ին, Գռների մէջ: Ստեփանոս Վահկացի խորանները ուրուագծած է միայն առանց գունաւորելու: Ստացող Դաւիթ քահանայ (Ձեռ. Երեւանի, թիւ 7534):
- Նոր Կտակարան, մասնակի, օրինակուած Գռների մէջ, Աւըղցի Կոստանդին գրիչի ձեռքով, 1284-ին, Յովհաննէս Արքայեղբօր համար: Ստեփանոս Վահկացի Եւ Գրիզոր Պիծակ կատարած են ծաղկումը (Ձեռ, Երեւանի, թիւ 196):
- Աւետարան մը օրինակած եւ նկարազարդած է 1286-ին, «ի ծեր հասակի» Յովհաննէս Արքայեղբօր պատուէրով:
Ստեփանոս Վահկացի՝ Յովհաննէս Արքայեղբօր դպրոցին պատկանող արուեստագէտներու կարգին կը գրաւէր առաջնակարգ տեղ մը՝ իր նրբագեղ ծաղկումներով:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Նկարողներ (ԺԱ․-ԺԷ․ Դար), Նորայր արք․ Ծովական, Երուսաղէմ, տպարան Սրպոց Յակոբեանց,1989, էջ 31-33։
- Հասկ Հայագիտական, Բ., էջ 59