Սէյրան Խաթլամաճեան
| Սէյրան Խաթլամաճեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Ապրիլ 1937 |
| Ծննդավայր | Չալթր, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 14 Սեպտեմբեր 1994 (57 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռոստովի գեղարվեստի ուսումնարան?, Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ և Հայաստանի Գեղարուեստի Պետական Ակադեմիա |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ, գծանկարիչ և հանրային գործիչ |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Սէյրան Խաթլամաճեան (20 Ապրիլ 1937, Չալթր, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 14 Սեպտեմբեր 1994, Երեւան, Հայաստան), հայ գեղանկարիչ, գծանկարիչ, հասարակական գործիչ, կը նկատուի Հայաստանի վերացական արուեստի հիմնադիրներէն մէկը
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Չալթր գիւղը, Դոնի Ռոստովի մօտերը։ Մանկութենէն յափշտակուած է գծագրութեամբ եւ 14 տարեկանին սկսած է ուսանիլ Դոնի Ռոստովի մանկական արուեստի դպրոցին մէջ։
1954-1959-ին ուսանած է Ռոստովի գեղարուեստի ուսումնարանին մէջ։ Աւարտելէ ետք, նոյն տարին տեղափոխուած է Հայաստան եւ ընդունուած՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի (այժմ՝ Գեղարուեստի Ակադեմիա) կերպարուեստի բաժինը, զոր աւարտած է 1964-ին[1]։
1965-ին մասնակցած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի կողմէ Հայաստանի բոլոր մարզերուն մէջ կազմակերպուած բազմաթիւ ազգագրական արշաւներու։ 1967-ին անդամակցած է Հայաստանի Նկարիչներու Միութեան։
Ստեղծագործական ուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շարունակելով գեղանկարչութեան ազգային աւանդութիւնը, մասնաւորաբար՝ Մարտիրոս Սարեանի, Սէյրան Խաթլամաճեան ստեղծած է հայրենի բնութեան տիպական գիծերը ընդհանրացնող խորհրդանշական բնոյթի բնապատկերներ եւ հոգեբանական նրբերանգներ բացայայտող դիմանկարներ։
Վերացական արուեստին մէջ անոր ոգեշնչման աղբիւրներն էին Վասիլի Գանտինսկին եւ Արշիլ Կորքին։ Ան միաժամանակ մօտ եղած է Սարեանի արուեստին, որուն հետ, հակառակ տարիքային մեծ տարբերութեան, երկար տարիներ կապուած է խոր, հոգեւոր մտերմութեամբ։
Երիտասարդ տարիքէն, Խաթլամաճեան ստեղծած էր իր սեփական գեղարուեստական լեզուն, որ յատկանշուած է գոյներու զօրաւոր զգացողութեամբ։
1950-ականներէն մինչեւ 1990-ական թուականներուն ստեղծած վերացական կտաւներուն մէջ, Խաթլամաճեան ինքզինք վերակերտած է արտայայտելով իր մտքի գաղափարական զարգացումը թէ՛ իբրեւ գեղանկարիչ եւ թէ՛ իբրեւ մտաւորական։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անձնական ու հաւաքական ցուցահանդէսներ տուած է Հայաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի, Ֆրանսայի, Փորթուկալի եւ Միացեալ Նահանգներու մէջ։
Խաթլամաճեանի նախաձեռնութեամբ եւ անոր կողմէ ձեւափոխուած մանրամասնութիւններու հիմամբ, Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս ընդունած է Հայաստանի առաջին Հանրապետութեան զինանշանը 1992-ին։
Անոր գործերը կը գտնուին Հայաստանի, Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգներու տարբեր պատկերասրահներու եւ թանգարաններու, ինչպէս եւ մասնաւոր հաւաքածոներու մէջ[2]։
Ցուցահանդէսներ[3]
- 1964 թուականէն սկսեալ Հայաստանի Նկարիչներու միութեան կողմէ կազմակերպուած ամէնամեայ ցուցահանդէսներու մնայուն մասնակից։
- 1978 «Հայաստանի գոյները» եւ «Ութ հայ նկարիչ» ցուցահանդէսներ, «Drouant» պատկերասրահ, Փարիզ։ Նոյն ցուցահանդէսները՝ AGBU պատկերասրահ, Նիւ Եորք։
- 1979 Հայ գեղանկարչութեան ցուցահանդէս Կիւլպէնկեանի հիմնադրամին մէջ, Լիսապոն։
- 1992 «Չորս հայ ապստրաքցիոնիստ նկարիչ», Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան, Երեւան։
- 1994 Հայկական մշակոյթ եւ արուեստ, Պոխում, Գերմանիա։
- «Ապստրաքթ արուեստը Հայաստանէն», Հայաստանի նկարիչներու միութիւն, Երեւան։
- 1998 «Ապստրաքցիաներ. հայեացք ներսէն», Չարլի Խաչատրեանի պատկերասրահ, Երեւան։
Անհատական Ցուցահանդէսներ[4]
- 1966 Հայաստանի Ճարտարապետներու միութիւն, Երեւան։
- 1967 «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Սպիտակ դահլիճ, Մոսկուա։
- 191967-1972 թթ. ցուցահանդէսներ Հայաստանի տարբեր քաղաքներուն մէջ։
- 1975 Քինեմաթոկրաֆիստներու միութիւն, Երեւան։
- 1982 Հայաստանի Նկարիչներու միութիւն, Երեւան։
- 1983 Էջմիածին, Հայաստան։
- 1987 «Պունքթ» պատկերասրահ, Կտանսք, Լեհաստան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սէյրան Խաթլամաճեան։ «Գարուն», 1967, № 4, էջ 57։
- ↑ «ՍԷՅՐԱՆ ԽԱԹԼԱՄԱՃԵԱՆ (ծնունդ՝ 20 Ապրիլ, 1937)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-14
- ↑ (հայերեն) Սեյրան Խաթլամաջյան, 2024-01-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6_%D4%BD%D5%A1%D5%A9%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9036402, վերցված է 2025-11-22
- ↑ (հայերեն) Սեյրան Խաթլամաջյան, 2024-01-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6_%D4%BD%D5%A1%D5%A9%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9036402, վերցված է 2025-11-22