Սեդրակ Բարխուդարեան
| Սեդրակ Բարխուդարեան | |
|---|---|
| Ծնած է | 21 Մարտ 1898[1][2] |
| Ծննդավայր | Հաֆթվան[1][2] |
| Մահացած է | 8 Մայիս 1970[1][2] (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1] |
| Մասնագիտութիւն | հնաբան, պատմաբան և վիմագրագետ |
| Աշխատավայր | Հայաստանի պատմութեան թանգարան[1] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ[1] |
Սեդրակ Բարխուդարեան (21 Մարտ 1898[1][2], Հաֆթվան[1][2] - 8 Մայիս 1970[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ հնագէտ, պատմաբան, վիմագրագէտ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սալմաստ գաւառի Հաֆթուան գիւղը (Իրան)։ 1928 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի պատմագրական ճիւղը։
1932-1937 թուականներուն հնագիտական գիտարշաւներ ղեկավարած է՝ իբրեւ Հայաստանի պատմութեան պետական թանգարանի գիտաշխատող։
1933-ին հրատարակած է «Վելիքուխի երկիրը» արժէքաւոր աշխատութիւնը, որ նուիրուած էր Ուրարտուի արեւելեան շրջանին (ներկայիս՝ Գեղարքունիք, Սեւանայ լիճի շրջակայքը), իսկ 1935-ին՝ «Սովետական Հայաստանի հնութիւնների տեսակներն ու նրանց պահպանման անհրաժեշտութիւնը», որ իր տեսակին մէջ առաջին աշխատութիւնն էր։
Բարխուդարեանի գիտական գործունէութիւնը ընդհատուած է ստալինեան բռնաճնշումներուն պատճառով։
1937-1948-ին աքսորուած է Սիպերիա, իսկ Երեւան վերադարձէն ետք առաջարկուած է հեռանալ Հայաստանէն։ Հաստատուած է Աբխազիա, ուր գրած է իր աքսորի շրջանի պատմութիւնները, որոնք մնացած են անտիպ։
1954-ին Ս. Բարխուդարեան սկսած է աշխատիլ Գիտութիւններու Ակադեմիայի պատմութեան հիմնարկին մէջ, իսկ 1957-ին պաշտպանած է թեկնածուական (առաջին դոկտորական) աւարտաճառը։
1960-ին հիմնադրած է Գիտութիւններու Ակադեմիայի հնագիտութեան հիմնարկի վիմագրութեան բաժինը, իսկ 1963-ին լոյս ընծայած է «Միջնադարեան հայ ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ» մենագրութիւնը։
Կազմած է «Դիւան հայ վիմագրութեան» հայատառ վիմական արձանագրութիւններու ժողովածուի 2րդ-5րդ պրակները (1960-1973)։
Խմբագրած է Յովսէփ Օրբելիի հեղինակած առաջին պրակը՝ Անիի մասին (1966), երկրորդ եւ երրորդ պրակները լոյս տեսած են 1960-ին (Սիւնիք) եւ 1967-ին (Վայոց ձոր), իսկ վերջին երկուքը՝ յետմահու (1973 եւ 1982)։
1973-ի պրակը նուիրուած էր Գեղարքունիքի, Վարդենիսի, Մարտունիի եւ Կամոյի (Գաւառ) յուշարձաններուն, իսկ 1982-ի պրակը՝ Արցախին։
Բարխուդարեան հրատարակած է ընդամէնը 3.852 արձանագրութիւն։
Սեդրակ Բարխուդարեան մեծ վաստակ ունի հայ վիմագրագիտութեան զարգացման գործին մէջ։ Ան առաջակած է վիմագրական ժողովածուներու կազմութեան համար օգտուիլ վանքերուն եւ Մատենադարանին մէջ պահուող մատեաններէն, որոնց մէջ կան նախապէս ընդօրինակուած բազմաթիւ արձանագրութիւններ, որոնք այժմ գոյութիւն չունին կամ մեզի հասած են քայքայուած կամ եղծուած վիճակի մէջ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐԵԱՆ (մահ՝ 8 Մայիս, 1970)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-09-01